Անցնող շաբաթը Արմեն Մարտիրոսյանի հետ - Mediamax.am

exclusive
2864 դիտում

Անցնող շաբաթը Արմեն Մարտիրոսյանի հետ


Արմեն Մարտիրոսյանը
Արմեն Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը սկսում է նոր նախագիծ` «Անցնող շաբաթը»: Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ մեր խնդրանքով մեկնաբանելու են անցնող շաբաթվա իրադարձությունները Հայաստանում, աշխարհում, ինչպես նաեւ իրենց կյանքում:

Անցնող շաբաթը մեկնաբանում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը

Հռոմի Պապի՝ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագն ու Եվրախորհրդարանի` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը

Ամբողջ շաբաթվա ընթացքում լրատվամիջոցները կարեւորել են այս երկու իրադարձությունը: Իսկ ես վտանգ եմ տեսնում այստեղ, եթե, իհարկե, միավոր չդառնանք: 1913-14 թթ. եվրոպացիները, ամերիկացիները, ռուսները կրկին ճնշում էին Թուրքիային: Լինում են չէ՞ դեպքեր, երբ աշխատանքի վայրում տղամարդուն նեղացնում են, նա էլ գալիս է տուն ու կնոջն է ծեծում: Մեր դեպքում էլ այդպես եղավ՝ ամբողջ աշխարհը նեղացրեց Թուրքիային, նա էլ ցեղասպանեց մեզ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ասաց, որ Վատիկանում տեղի ունեցածը իրենց ձեռքբերումն է, եկեղեցին էլ իր ձեռքբերումը համարեց: Դաշնակներն էլ ասացին, թե հենց իրենց ձեռքբերումն է:

Եկեք հարցին այլ կողմից նայենք՝ Հռոմի պապը Հայաստանի արտաքին գործերի նախարարի ձեռքբերման համար որեւէ ելույթ կունենա՞ր, եվրոպական այդ մեծ կառույցը բանաձեւ կընդունե՞ր: Գուցե սա նրա՞նց խաղն է, թուրքերին նեղելու շահն է: Օր օրի Թուրքիան դառնում է ավելի ինքնուրույն միավոր ու մեծացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում: Գուցե մեծերը փորձում են փոքրացնել այդ ազդեցությունը, մենք էլ ուրիշի խաղում խաղալիք ենք դառնում: Համենայն դեպս, այս ամենից ինչ-որ հոտ է գալիս, բայց դեռեւս անհասկանալի հոտ: Ցավում եմ, որ այս տեսանկյունից դիտարկում որեւէ լրատվամիջոցում չտեսա:

Երեւանի արտաքին գովազդի վահանակներին հայտնվել են Ցեղասպանությունն ու Հոլոքոստը «մարմնավորող» պաստառներ

Նախ՝ ուզում եմ հասկանալ. ինչո՞ւ թուրքական գլխարկներ, ինչո՞ւ եք տարածում ուրիշի մշակույթը, ի՞նչ եք ուզում դրանով ասել: Մեկ այլ հարց էլ ունեմ՝ ինչո՞ւ եք համադրել այն Հիտլերին խորհրդանշող պատկերի հետ: Ի՞նչ է արել Հիտլերը մեզ՝ Հայաստանին: Դուք կասեք՝ «բա այդքան զոհեր են եղել»: Բայց չէ՞ որ այդ զոհերի պատճառը Ստալինն էր, այդ դեպքում ինչո՞ւ այդ պաստառի վրա հենց Ստալինի նկարը չեք տեղադրել: Կամ էլ Լենինի նկարը, ում պատճառով մենք չունենք մեր պետության մի քանի անգամ ավելին: Ինչո՞ւ հենց Հիտլերը, ուզում էիք միջազգայնացնե՞լ խնդիրը կամ համեմատվե՞լ հրեաների հետ: Այս ի՞նչ եք անում, ձեր մեջ մտածողներ կա՞ն: Այնպիսի տպավորություն է, որ պետությունից գումար ստանալով` ով ինչ հասցնում, անում է: Նույնն էլ 1914թ. են արել՝ այստեղից-այնտեղից գումար հայթայթելով` ասում էին` եկեք այս կամ այն բանաձեւը ընդունենք: Սեւրի պայմանագիր ունենք, կարծում եմ մեր պատմության ընթացքում դրանից մեծ դիվանագիտական արդյունք չունենք: Բայց ու՞ր է այն՝ թղթի վրա: Ժողովուրդ, մեր բոլոր պայմանագրերը մնալու են թղթի վրա, իսկ այն մեծ թղթի վրա, որ քարտեզ է կոչվում, մեր տարածքը չեն էլ գտնի: Եկեք սթափվենք ու հարսանիքից հետո հարսանիք փչացնելու քաղաքականություն չվարենք:

Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր վերացում

Այս տարվա փետրվարին առաջին անգամ այցելեցի Իրան: Շշմած էի` տարեթիվը, ամիսը, օրը, ժամը, թվանշանները, լեզուն՝ ամեն ինչով տարբերվում ենք, բայց միեւնույն ժամանակ այնքան նման ենք, այնքան հարազատ: Հենց որ մենք պետականություն ունեցանք, նրանց վարած քաղաքականությունն ավելի հայամետ դարձավ, քան մեր սեփականը: Նրանք գազատար կառուցեցին, որ անկախության գործոն էր, մենք տվեցինք ռուսներին, նրանք ամեն ինչ անում են, որ օտար ուժերը չգան Ղարաբաղ, մենք սխալներ ենք գործում, նրանք ամեն ինչ անում են, որ մեզ մոտ կայուն վիճակ լինի, մենք «խաղեր ենք տալիս»: Կարծես Իրանի փոքրիկ չարաճճի եղբայրը լինենք: Սանկցիաների մասին խոսակցություններից հետո տարբեր պետություններ Իրանի հետ սկսեցին նոր հարաբերություններ կառուցել: Համոզված եմ` որքան Իրանը հզորանա, ավելի շատ ժամանակ կունենա ուշադրություն հատկացնելու ու սխալ քայլերից մեզ զերծ պահելու համար:

Լոնդոնի միջազգային գրքի տոնավաճառում հայկական տաղավարի բացում

Պայմանագիր ունենք «Առաջին գրական գործակալության հետ», նրանք ներկայացրել են «Անտարես»-ի գրքերից: Մենք ճգնաժամային վիճակում ենք, դրա համար էլ ինքներս չենք մասնակցում փառատոնին: Կարեւորում եմ, որ հայ գրականության ներխուժում լինի արտասահմանում՝ օտարերկրյա ընթերցողին հասանելի լեզվով: Բայց այնքան էլ ճիշտ չեմ համարում, երբ ինտելեկտուալ կարեւորություն ունեցող վայրում մենք խոսում ենք միայն Հայոց ցեղասպանությունից: Եթե այնտեղ եկած ինտելեկտուալների հետ խոսենք Շեքսպիրից, մեր պետությունը կարող է ավելի շատ շահել, քան էգոիստի նման միայն մեր ցավից խոսելով: Բավականին հոգնեցնող է, երբ հարեւանը միայն իր ընտանիքի ցավից է խոսում: Որպես պետություն` մենք այդպիսին լինելու իրավունք չունենք:

Երեկ մեզ մոտ շատ կարեւոր գիրք է լույս տեսել՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայոց ցեղասպանությունը»: Խանութներում այն դեռ չկա ու ցավում եմ, որ գիրքը փառատոնին ներկայացված չէ:

Անձնական բնույթի նորություն

Երկուշաբթի օրվանից Երեւանում էին Իտալիայից ժամանած մեր գործընկերները: Նրանցից պարբերաբար սարքավորումներ ենք գնում: Շատ ուրախ եմ, որ այստեղ արտադրություն հիմնելու նպատակով էին եկել: Համոզված եմ, որ մոտ երեք տարվա ընթացքում Հայաստանում իտալական նախագծմամբ գիրք սարքող հաստոցներ կարտադրվեն  ու աշխարհի տարբեր ծայրերում կվաճառվեն «Արտադրված է Հայաստանում» գրությամբ: Ինձ համար անընդունելի է խորովածի, անգամ կոնյակի Հայաստանը: Համոզված եմ ու հպարտ եմ, որ ունենք ներուժ լինելու տիեզերքի, ինստիտուտի, աստղադիտարանի, գիտելիքահեն գործարանների, զարգացում ապահովող Հայաստան: Մոսկվայի համալսարանում նանոտեխնոլոգիաներ եմ ուսումնասիրում, որովհետեւ համոզված եմ՝ Հայաստանի տնտեսական ապագայի մի մասը նաեւ նանոտիրույթինն է: Մի քանի ժամից էլ մեկնում եմ Մինսկ՝ գովազդային փառատոնում ժյուրիի անդամ եմ, նաեւ կունենամ վարպետության դաս, որ նվիրված է մեր իրականացրած «Լրացված իրականություն» նախագծին:

Գրի առավ Լենա Գեւորգյանը
Լուսանկարները` Մարիամ Լորեցյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին