Վտանգավոր միֆերն ու անկանոն միգրացիայի հետեւում թաքնված վտանգները - Mediamax.am

exclusive
1885 դիտում

Վտանգավոր միֆերն ու անկանոն միգրացիայի հետեւում թաքնված վտանգները


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


«Եվրոպական երազանքից» մինչեւ իրավական փակուղի կարող է մեկ քայլ լինել, եթե երկիրը լքելու որոշման հիմքում թյուր պատկերացումներն են։ ՀՀ քաղաքացիներն ընտրում են անօրինական միգրացիայի ուղին՝ տնտեսական դժվարությունների, աշխատանքի բացակայության, առողջական, անձնական խնդիրների կամ Եվրոպայում ավելի լավ ապագայի ակնկալիքով։

Եվրոպական երկրներում հաստատվելը շատերի պատկերացումներում նույնացվում է ապահով կյանքի, սոցիալական աջակցության եւ օրինական կարգավիճակ ստանալու արագ հնարավորության հետ։ Շատերը չեն պատկերացնում, որ ներգաղթի օրենքների խախտումը կարող է հանգեցնել մի շարք իրավական ռիսկերի՝ արտաքսում, կալանք, տուգանքներ։

Ներկայացնում ենք անօրինական միգրացիայի կամ ապաստանի հայցման (ժողովրդական խոսքում տարածված՝ հանձնվելու) վերաբերյալ տարածված միֆերի հետեւում թաքնված իրական վտանգները։

Միֆ 1. Եվրոպան ընդունում է բոլորին

Եվրոպա հասնելը դեռ չի նշանակում, որ մարդը հասել է իր նպատակին կամ ունի բարեկեցիկ կյանք։ Անգամ ԵՄ տարածքում գտնվելով՝ կարգավիճակի որոշման գործընթացը կարող է տարիներ տեւել եւ ավարտվել մերժմամբ։ Այդ ընթացքում բնակության պայմանները, տեղաշարժման հնարավորությունները եւ աջակցությունը խիստ սահմանափակ են։ Եվրոպական միության երկրներն ընդունում են միայն նրանց, ովքեր ունեն հիմնավորված եւ ապացուցված հիմքեր՝ ապաստանի կամ փախստականի կարգավիճակ ստանալու համար։

Միֆ 2. ԵՄ-ում կարգավիճակ ստանալը հեշտ եւ արագ է

Անօրինական կարգավիճակում մարդիկ զրկվում են բազմաթիվ հիմնարար իրավունքներից՝ օրինական աշխատելու, բնակարան վարձելու, առողջապահական կամ կրթական համակարգերից օգտվելու հնարավորությունից։ Շատերը հայտնվում են ստվերային աշխատանքային հարաբերությունների մեջ, ապրում ծանրաբեռնված կացարաններում ու անկայուն պայմաններում՝ մշտապես լինելով արտաքսման վտանգի տակ։


Միֆ 3. Բոլոր միգրանտները ԵՄ-ում բարձր նպաստներ եւ աջակցություն են ստանում

Սոցիալական աջակցությունը հիմնականում նախատեսված է օրինական կարգավիճակ ունեցող անձանց համար։ Որոշ դեպքերում այն կարող է տրամադրվել նաեւ ապաստան հայցողներին, սակայն, սահմանափակ եւ ժամանակավոր։ Անօրինական կարգավիճակում գտնվող մարդիկ, որպես կանոն, դուրս են մնում այս համակարգից։

Միֆ 4. ԵՄ-ում կարելի է հեշտությամբ աշխատանք գտնել՝ անգամ առանց փաստաթղթերի եւ լեզվի իմացության

Լեզվի չիմացությունը, մասնագիտական հմտությունների եւ փաստաթղթերի բացակայությունը լուրջ խոչընդոտներ են ԵՄ-ում աշխատանքի որոնման ճանապարհին։ Առանց օրինական կարգավիճակի աշխատանք գտնելը ոչ միայն դժվար է, այլեւ լի է շահագործման ենթարկվելու եւ իրավունքների խախտման ռիսկերով։ Շատերը հայտնվում են ստվերային տնտեսությունում՝ ցածր վարձատրության ու պաշտպանության։

Միֆ 5. Եթե Եվրոպայում երեխա ունենաս՝ չես արտաքսվի

Երեխայի ծնունդը ԵՄ-ում չի դիտարկում օրինական կարգավիճակ ստանալու հիմք։ Եթե ծնողները գտնվում են ապօրինի կարգավիճակում, եւ ապաստան են հայցել կեղծված տվյալներով, ապա ծնված երեխայի տվյալները եւս կեղծիքով են գրանցվում, եւ ապաստանի հայցի մերժման պարագայում երեխային որեւէ տվյալների շտեմարանով նույնացնել հնարավոր չի լինում։

Լուսանկարը` REUTERS


Այս պարագայում ընդունող պետության իշխանությունները չեն կարող թույլ տալ վերադարձվող ընտանիքին իրենց հետ տանել չհաստատված քաղաքացիությամբ անձ, տվյալ դեպքում՝ երեխային։ Սկսվում է երկարատեւ եւ ծախսատար դատական գործընթաց։ Արդյունքում երեխայի ծնունդն ավելի է բարդացնում անօրինական միգրանտ ծնողների կարգավիճակը եւ անգամ անհնար է դարձնում նրանց միասնական վերադարձը՝ մշտական բնակության երկիր։

Միֆ 6. Եթե պատմեմ, որ ինձ հալածել են, հաստատ կարգավիճակ կտան

Փախստականի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է փաստացի ապացուցել հալածանքի առկայությունը՝ ազգության, կրոնի, քաղաքական հայացքների կամ սոցիալական պատկանելության հիմքով։ Պատմությունները մանրակրկիտ ստուգվում են՝ հարցազրույցների, փաստաթղթերի եւ այլ աղբյուրների միջոցով։ Եթե ներկայացված տեղեկությունները համոզիչ չեն կամ չունեն բավարար հիմնավորում, դիմումը մերժվում է։


Միֆ 7. Որքան երկար մնաս ԵՄ-ում, այնքան մեծ է օրինականացման հավանականությունը

ԵՄ երկրների մեծ մասում օրինականացման գործընթացը կախված չէ երկրում գտնվելու տեւողությունից, այլ՝ ներկայացված փաստարկված հիմքերից։ Կարեւոր են օրինական աշխատանքի, կրթության, ընտանիքի վերամիավորման, առողջական վիճակի կամ փախստականի կարգավիճակի հիման վրա ներկայացված դիմումները։ Երկար տարիներ առանց փաստաթղթերի ապրելը չի նշանակում, որ օրինականացման գործընթացն ավելի դյուրին է դառնում։ Եվրոպայում երկար ապրած ժամանակը չի ապահովում օրինական կարգավիճակ, անհրաժեշտ է ընտրել օրինական միգրացիայի ճանապարհը եւ հետեւել սահմանված ընթացակարգերին։

Կարդացեք նաեւ.

Դեպի ԵՄ «կանաչ լույսը», բանակցություններն ու միգրացիոն ռիսկերը

Անօրինական միգրացիա. Չգիտակցված որոշումներն ու պետության հեղինակությունը

Հոդվածը պատրաստվել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում: Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում եւ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին