Միգրացիայի մեկ հաջողված պատմությունը հաճախ դառնում է ծուղակ նրանց համար, ովքեր օրենքը շրջանցելով փորձում են նոր հնարավորություններ գտնել արտերկրում։ Մասնագետները շեշտում են՝ Հայաստանից դեպի Եվրոպական միության երկրներ անօրինական միգրացիայի պատճառները բազմաշերտ են՝ սոցիալականից մինչեւ անվտանգային։ Որոշումները հաճախ կայացվում են հույզերով առաջնորդված, առանց բավարար տեղեկացվածության։ Մարդիկ չեն պատկերացնում իրենց որոշման իրավական ու հումանիտար հետեւանքները։ Եվրոպական շատ երկրներ Հայաստանը դասում են անվտանգ երկրների շարքում, մեր այն հայրենակիցները, ովքեր տարբեր պատճառներով ապաստան են հայցում, հաճախ մերժվում են հիմնավորումների բացակայության պատճառով։ Նման իրավիճակից հետո ոմանք համագործակցում են միգրացիոն մարմինների հետ ու կամավոր վերադառնում հայրենիք, իսկ մյուսները շարունակում են անորոշ ուղին, որը հաճախ ավարտվում է հարկադիր ու կոշտ արտաքսմամբ։
Անօրինական միգրացիայի, ձախողման պատմությունների, հայրենիք վերադարձողների վերաինտեգրման գործընթացների ու միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդման մասին Մեդիամաքսին պատմել են ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ու «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (People in Need) հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը։
Անօրինական միգրացիայի պատճառների եռյակը
Նելլի Դավթյան, ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ
Անկախությունից ի վեր Հայաստանը համարվել է «արտագաղթի երկիր»։ 2018-ից հետո միգրացիոն միտումներում զգալի դրական փոփոխություններ են նկատվել, այդ տարում առաջին անգամ 12 տարվա ընթացքում մուտքերի եւ ելքերի դրական տարբերություն է գրանցվել՝ շուրջ 15 313 մարդ։ ՀՀ քաղաքացիների մասով միայն կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ենք ունեցել ավելի շատ մուտքեր, քան ելքեր։

Լուսանկարը` Մեդիամաքս
Վիզաների ազատականացման համատեքստում Հայաստանը պետք է մշակի գործողությունների ծրագիր՝ ԵՄ երկրներ ապօրինի միգրացիայի կանխարգելման նպատակով։ Մենք ուշադրությամբ հետեւում ենք ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ երկրներում ապաստան հայցելու ցուցանիշներին, որոնց համար հիմք են ծառայում Եվրոպական վիճակագրական վարչության (Եվրոստատ) հրապարակած տվյալները, սակայն դրանք միշտ չէ, որ ամբողջական են։ 2024թ․ վերջնական տվյալները դեռ չկան, առկա ցուցանիշները նախնական են եւ կարող են փոփոխվել։ Դեպի ԵՄ երկրներ ամենաբարձր ցուցանիշն ունեցել ենք 2017 թվականին, թիվը մոտ էր 8000-ի։ 2024 թվականին, նախնական գնահատականներով, ունենք 5000-ը գերազանցող ցուցանիշ։ Թվերը մոտավոր են, ընդհանրացված, որովհետեւ առաջին անգամ ապաստան հայցողների թվերը ուրիշ կերպ են հաշվարկվում, անօրինական մեկ տարով, մեկ տարուց ավելի ժամկետով գտնվողներինը՝ այլ կերպ։ Ճշգրիտ տվյալների եւ միգրացիայի պատճառները դուրս բերելու համար անհրաժեշտ է իրականացնել մեծ ընտրանքով քանակական հետազոտություն՝ թիրախային հարցերով մշակված հարցարան, ստացված արդյունքների խորը վերլուծություն ՝ նոր մեթոդաբանությամբ՝ նախորդիվ իրականացված նմանօրինակ հետազոտությունների համեմատությամբ։
Զանցանքն ու պատասխանատվությունը
Անօրինական ելքերի համար հիմնական երկու պատճառ կա՝ առողջական եւ տնտեսական։ 2020 թվականից ի վեր անվտանգային հարցը եկել է լրացնելու թոփ եռյակը, բայց այս տվյալը 2021-ին արված հետազոտության արդյունք է, որից հետո իրողություններ են փոխվել։ Միգրացիայի պատճառները հասկանալու համար ուսումնասիրել ենք նաեւ սոցիալական մեդիայի հարթակներում տարածված շատ տարբեր նյութեր, արձագանքներ, մեկնաբանություններ, որոնք հանրային ընկալումների պատկերի արտացոլումն են։ Դիտարկված նյութերից մեկն ուղիղ լուսաբանում էր չարտերային մի թռիչք, որով մեր հայրենակիցները հարկադիր ձեւով վերադարձվել էին Գերմանիայից։ Հենց նոր օդանավից հույզերով իջած մարդկանց առաջին խոսքն այն մասին էր, որ «դե, պահեք մեզ՝ ոնց հետ բերեցիք», «Փաշինյանը պաշտոնական այցով գնաց Գերմանիա, որից հետո տեղի ունեցան զանգվածային վերադարձի դեպքեր», «գնացել էի վիրահատվելու», «գնացել էի ընտանիքի վերամիավորման» եւ այլն։ Այդ մարդկանց մոտ չկար ընկալում, որ, եթե ոչ հանցանք, ապա՝ զանցանք են գործել, շրջանցել են միգրացիոն ընթացակարգերը, խախտել օրենքը եւ դրա համար պատասխանատվություն են կրում։ Նրանց թվում էր, թե վերադարձը պայմանավորված է քաղաքական համաձայնագրերով, ոչ թե իրենց կողմից օրենքի խախտմամբ։ Այս ընկալումն է պետք կոտրել եւ ունենալ մի իրավիճակ, որ միջին վիճակագրական քաղաքացին գիտակցի՝ ինչ գործընթացի միջով է անցնելու, եթե ընտրի անօրինական միգրացիայի ուղին։

Լուսանկարը` Մեդիամաքս
Առայժմ, առանց հետազոտության, մեր փորձառության հիման վրա եւ մասնագիտական ինտուիցիայով գնահատում ենք, որ միգրացիոն վարքագիծը գիտակցված չէ, շղթայական էֆեկտով է աշխատում։ Մարդիկ մեկնում են, բայց չգիտեն, որ ապաստան հայցել նշանակում է ապացուցել՝ քո երկրում քո կյանքին վտանգ է սպառնում, այն էլ՝ ոչ թե միջանձնային հարաբերությունների, այլ պետության հետ հարաբերությունների բերումով։ Կարեւոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի՝ երբ, օրինակ, փորձում է ապացուցել, թե մահմեդական է եւ կրոնական պատկանելության պատճառով Հայաստանում իրեն հալածում են՝ այդ հայտարարությունը վերաբերում է պետության հեղինակությանը։ Սա ապացուցելն էլ նշանակում է՝ ընդունող պետությունն արձանագրեց, որ Հայաստանն այսպիսի խնդիրներ ունի։ ԵՄ անդամ պետությունների մեծ մասը Հայաստանը դասել է ապահով երկրների շարքը եւ արձանագրել, որ մարդու իրավունքների համատարած խախտումներ, կյանքի վտանգ, հալածանք ու հետապնդում չկա ապաստանի համար նախատեսված հինգ հիմքերով։ Այս պատկերն ունենալու համար մենք բավական երկար ժամանակ ջանք ենք գործադրել։
Ապաստանի կամ փախստականի կարգավիճակը հավերժ չէ
Շատերը սխալմամբ կարծում են, թե փախստականի կարգավիճակը միանգամայն ապահովագրված ու հավերժ կարգավիճակ է։ Քաղաքական հայացքների հիմքով տրամադրված որոշ ապաստանի կարգավիճակներ հետ են վերցվել ՀՀ-ում 2018-ի հեղափոխությունից հետո։ Մեր հայրենակիցների շրջանում պոպուլյար եվրոպական երկրներն ասում են՝ ձեր երկրում փոխվել է իրավիճակը, եթե որպես ընդդիմադիր գործիչ, լրագրող հալածվել եք, այլեւս անվտանգ կլինեք, վերադարձեք ձեր երկիր։

Լուսանկարը` Մեդիամաքս
Արտաքսման տրագիկ դեպքեր են եղել, երբ որեւէ երկրում բուժում ստացող անձը վիրահատությունից մեկ օր առաջ, բժշկի տրամադրած տեղեկանքով, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, վերադարձվել է հայրենիք եւ անհրաժեշտություն է եղել Առողջապահության նախարարությունում որեւէ տարբերակով համագործակցել։ Դրվագային խստացված միգրացիոն քաղաքականության ականատեսն ենք եղել, երբ մարդը տուն է վաճառել՝ արտագաղթելու հույսով, վիզա ստացել, սակայն ընդամենը 15 օր անց մերժում է ստացել եւ վերադարձվել է Հայաստան։
Ունենք իրավիճակ, երբ մարդը՝ խուսափելով հարկադիր վերադարձված լինելուց, երկիր է փոխել, երեխա է ունեցել՝ ավելի ու ավելի բարդացնելով իր վիճակը։ Վերջում պարզվել է, որ ինքն առանց այդ էլ կեղծ տվյալներով էր ապաստան հայցել, երեխայի տվյալները որեւէ պետության բազայում չկան եւ նրան հնարավոր չէ փաստաթղթավորել։
Վերաինտեգրման բարդությունները եւ աջակցության հնարավորությունները
Հարկադիր կամ կամավոր վերադարձի խնդրի առաջ կանգնած մարդիկ պետք է սերտ համագործակցեն միգրացիոն իշխանությունների հետ, ոչ թե սպասեն հարկադիր արտաքսման։ Կամավոր վերադարձը խթանող ծրագրեր կան ինչպես եվրոպական պետություններում, այնպես էլ՝ Հայաստանում, դրանք նախատեսում են բնակվարձի սուբսիդիա, խորհրդատվական ծառայություններ, աջակցման այլ բաղադրիչներ։ ՀՀ-ում վերաինտեգրման գործառույթը տրված է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։ Պետական ծրագիրը սահմանափակ է, նախատեսում է մի քանի տասնյակ շահառուի բնակվարձի սուբսիդիա եւ ուղղորդիչ խորհրդատվական բնույթի ծառայություններ։ Այդ ծրագրի շրջանակում նաեւ փորձում ենք միջնորդի դեր ստանձնել վերադարձված անձի եւ պետական ապարատի այլ գերատեսչությունների միջեւ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Վերաինտեգրումը բարդ հարց է, փաստորեն, պետությունն օգնում է նրանց, ովքեր փորձել են հեռանալ՝ վտանգելով երկրի հեղինակությունը։ Քինախնդրության բաղադրիչ, բնականաբար, չի կարող լինել, սեղանին մարդու խոցելիությունն է դրված, բայց, մյուս կողմից, պետք է բավարար նրբանկատություն ունենալ նաեւ հասարակության այն շերտերի նկատմամբ, ովքեր չեն գնացել այս ճանապարհով եւ չեն ստանում նմանօրինակ որեւէ աջակցություն։ Սա է պատճառը, որ պետական վերաինտեգրման ծրագիրը սահմանափակ է։
Բացի պետական ծրագրերից՝ Հայաստանում կարճաժամկետ ծրագրեր են իրականացնում նաեւ հասարակական կազմակերպությունները՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, «Հայկական Կարիտասը»։ Աջակցության ծրագրեր ունեն նաեւ ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությունը, Միգրացիոն քաղաքականությունների մշակման միջազգային կենտրոնը, ԵՄ ֆոնդերը, Ֆրանսիայի, Գերմանիայի ու այլ երկրների դեսպանությունները։
Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը
Վարդուհի Դադունց, People in Need հայաստանյան ներկայացուցչության ղեկավար
«Մարդը կարիքի մեջ» (People in Need) ՀԿ-ն տարիներ շարունակ Հայաստան կամավոր վերադարձողներին օգնում է ինտեգրման հարցում։ Մեր ծրագրերը թույլ են տալիս սոցիալական արագ արձագանքման աջակցություն տալ տվյալ պահին կամ ավելի երկար ժամանակահատվածում աջակցել մասնագիտական հմտություններ, կարողություններ զարգացնելու, փոքր ընտանեկան դրամաշնորհներով բիզնես սկսելու հարցում։ Վերջին տարիներին ինտեգրման նպատակով 100 եւ ավելի փոքր բիզնես ենք ֆինանսավորել, 1000-ին մոտ մասնագիտական վերապատրաստում ապահովել։

Լուսանկարը` Մեդիամաքս
Շահառուների հետ շփումից հասկացել ենք, որ անօրինական միգրացիայի պատճառը նաեւ ոչ լիարժեք իրազեկվածությունն է, մեկ մարդու հաջողված փորձը։ Մարդիկ հաճախ լռում են ձախողումների մասին, կիսվում՝ միայն հաջողություններով։ Կարեւոր է պատմել ռիսկերի, խոչընդոտների մասին, որ կարող են լինել անօրինական ճանապարհով օտար երկրում հայտնվելու դեպքում։ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն աշխատում է ոչ միայն միգրանտների, այլ նաեւ փախստականների, տեղահանվածների հետ։ Մեր գործունեությունը միտված է տարբեր խմբերի ինտեգրացիոն ծրագրերին։ Այժմ մեր կազմակերպությունն իրականացնում է «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը ՀՀ-ում» ծրագիրը։ Այն համաֆինանսավորվում է ԵՄ Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։ Ծրագրի շրջանակում համագործակցում ենք ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի, մարզային եւ տեղական կառույցների, քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Ծրագիրը միտված է միգրացիոն քաղաքականության ամրապնդմանը, համապարփակ զարգացմանը՝ միաժամանակ աջակցելով թե՛ պետական մարմինների գործունեությանը, եւ թե անմիջականորեն միգրանտ խմբերին։ Ծրագրի շրջանակում մշակվել է ձեռնարկ, որը ներառում է տերմինաբանության պարզաբանումներ, պրակտիկ վարժություններ ու առաջադրանքներ՝ միգրացիայի ոլորտում ներգրավված սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման համար։ Այժմ անցկացվում են վերապատրաստումներ ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետների եւ փորձագետների մասնակցությամբ։ Այս դասընթացները նպատակ ունեն խորացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները՝ նպաստելով միգրացիոն կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ծրագրի կարեւոր բաղադրիչներից մեկով աջակցում ենք պետությանը միգրացիայի կառավարման քաղաքականության մշակման հարցում՝ ներառյալ ռազմավարությունները, օրենքները եւ այլ իրավական ակտերը։ Քանի որ ոլորտում արդեն գործ ունեինք գործընկերների հետ, որոնք զբաղվում էին օրենսդրությամբ, որոշեցինք ստեղծել մի հարթակ, որի պակասը նկատել էինք նախնական դիտարկումների ժամանակ։ Կային առանձին գործող պլատֆորմներ՝ վերաինտեգրման քաղաքականության, օտարերկրյա միգրացիայի հոսքերի կառավարման կամ ապաստանի հարցերով, սակայն բաց էր միասնական դաշտի անհրաժեշտությունը, որտեղ բոլոր շահակիցները պարբերաբար կհանդիպեն՝ փոխանակվելու տեղեկատվությամբ ու հասկանալու, թե ոլորտում ինչ է տեղի ունենում։ Այսպես` ստեղծվեց «Միգրացիոն քաղաքականությունների երկխոսության հարթակը»։ Մինչ այժմ անցկացվել է երեք հանդիպում, որոնց մասնակցել են նախարարությունների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Քննարկում ենք քաղաքականությունների մշակման ընթացքը, իսկ հարթակն ապահովում է թափանցիկություն, հաշվետվողականություն եւ օգնում խուսափել կրկնություններից։ Հանդիպումների ժամանակ անդրադառնում ենք նաեւ հանրային իրազեկման ու ոլորտին վերաբերող նոր հետազոտություններին։
Միգրացիայի հետ հատվող խնդիրներն ու թաքնված ձախողումները
Միգրացիան բազմադիսցիպլինար եւ բարդ երեւույթ է՝ միաժամանակ առնչվում է տնտեսության, սոցիալական ոլորտի, առողջապահության եւ մարդու իրավունքների հետ։ Այստեղ միախառնվում են տարբեր խնդիրներ։ Մենք աշխատել ենք հայրենիք վերադարձած հազարավոր շահառուների հետ՝ գնահատելով նրանց՝ ապօրինի ճանապարհով երկրից մեկնելու շարժառիթները, բարդությունները եւ ներկա իրավիճակը։ Դեպքերի մեծ մասում միգրացիայի հիմնական դրդապատճառը եղել են առողջական խնդիրները կամ դրանցով պայմանավորված՝ տեղափոխումը դեպի եվրոպական երկրներ։ Շատերի համար ապագայի հանդեպ ակնկալիքները եղել են պայծառ, սակայն իրականությունը՝ ծանր եւ հիասթափեցնող։ Այս ամենը հաշվի առնելով՝ փորձում ենք իրականացնել իրազեկման արշավներ՝ պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ։ Մարդիկ հաճախ չեն ցանկանում պատմել իրենց միգրացիոն ձախողումների մասին, հատկապես, երբ դրա դիմաց մեծ գին են վճարել՝ տնտեսական կորուստ, աշխատանք, կարիերա։ Բայց պետք է գիտակցեն, որ իրենց լռությունը կարող է խորտակել ուրիշների ճակատագրերը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ունենք նաեւ հաջողված պատմություններ, որոնք վկայում են, որ նույնիսկ չնչին աջակցությունը կարող է նպաստել մարդկանց՝ Հայաստանում մնալու եւ կյանքի որակի բարելավմանը։ Մեր շահառուներից մեկը, որը վերադարձել էր հայրենիք ապօրինի միգրացիայի փորձից հետո, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ավելի քանի 10 տարի առաջ տրամադրած բիզնես աջակցության շնորհիվ բացել է փայտամշակման արհեստանոց։ Դրանից հետո նրա ընտանիքի անդամներն էլ վերադարձել են Հայաստան, մինչեւ այժմ ունեն հաջողված բիզնես եւ որակյալ արտադրանք։ Նման պատմությունները կարող են օրինակ լինել մյուսների համար։
Միգրացիան՝ նաեւ օրինական
ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյան
Հանրային ընկալումների հետ աշխատելիս եւ գրագետ միգրացիոն վարքագիծ ձեւավորելու ճանապարհին կարեւոր է լուսաբանել նաեւ օրինական միգրացիայի հնարավոր ուղիները։ «Միգրանտ» բառի նկատմամբ հասարակությունում հաճախ երկակի վերաբերմունք կա։ Անգամ բժիշկը, ում հրավերով ներգրավել են որեւէ նախագծում կամ խորհրդատվական առաքելությամբ գտնվում է եվրոպական որեւէ երկրում, իրեն միգրանտ չի անվանում՝ բառի շուրջ եղած բացասական կոնտեքստի պատճառով։ Դա մասամբ պայմանավորված է նաեւ նրանով, որ մեր լեզվամտածողությունում «գաղթ» բառը նույնացվում է հարկադիր տեղափոխման հետ։
Մեր օրերում, գլոբալիզացիայի պայմաններում, միգրացիոն շարժերն արդեն բնական երեւույթ են եւ դրանց դեմ պայքարելը որեւէ պետության համար անշնորհակալ գործ է։ Եթե անվտանգության սպառնալիքներ չկան, պետությունը չպետք է խոչընդոտի իր քաղաքացու դուրս գալը երկրի սահմաններից։ Այս տրամաբանությամբ ՀՀ-ն հրաժարվեց անձնագրում ելքի կնիք դնելու պրակտիկայից։ Այսօր գործում է սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգ, եթե քաղաքացին չունի խնդիրներ՝ զինապարտության, հարկադիր կատարման մարմնի կամ հետախուզման հետ կապված, նրա ելքն ազատ է։ Անձը պետք է իրազեկված լինի՝ ի՞նչ մուտքի պայմաններ ունի ընդունող երկիրը, վիզա պահանջվո՞ւմ է, որքա՞ն է օրինական գտնվելու ժամկետը եւ այլն։
Օրինական միգրացիայի ուղիների՝ ուսման, աշխատանքի հնարավորությունների ակտիվ լուսաբանումը կնպաստի իրավագիտակցության բարձրացմանը եւ կօգնի մարդկանց կայացնել տեղեկացված եւ ճիշտ որոշումներ՝ հասկանալով ոչ միայն այն, ինչ չի կարելի անել, այլեւ այն, ինչ կարելի է։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: