Եվրոպական միության (ԵՄ) հետ վիզաների ազատականացման հարցը վերջին ամիսներին ակտիվ քննարկումների թեմա է։ Շատ քաղաքացիներ դրան սպասում են մեծ հետաքրքրությամբ՝ ակնկալելով, որ այն էապես կհեշտացնի եվրոպական ուղղությամբ ճամփորդելը։ Ազատ տեղաշարժի հնարավորությունից օգտվելու համար Հայաստանը պետք է հաղթահարի մի շարք համակարգային խնդիրներ՝ անօրինական միգրացիան, ապաստանի համակարգի չարաշահումները, փաստաթղթերի հետ կապված բացերը եւ այլն։ Մինչ հանրությունը սպասում է առանց վիզայի ԵՄ երկրներ ճամփորդելու հնարավորություններին, Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ընթանում են վիզաների ազատականացման բանակցություններ։
Մեդիամաքսը զրուցել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության եւ ՀՀ Ներքին գործերի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Հայկանուշ Չոբանյանի հետ՝ բանակցությունների ընթացքի, մարտահրավերների եւ Հայաստանի անելիքների մասին։
ՀՀ-ԵՄ բանակցությունների փուլը
ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման շուրջ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին Երեւանում պաշտոնապես մեկնարկած երկխոսությանը հաջորդել է տեխնիկական առաքելություն, որով ազդարարվել է երկխոսության գործառնական փուլի մեկնարկը, երկու կողմերում նշանակվել են բարձրաստիճան պաշտոնյաներ։
«2025 թվականի փետրվարին եւ ապրիլին Երեւանում անցկացվել են երկու փորձագիտական գնահատման առաքելություններ՝ Եվրոպական միության ինստիտուտների եւ անդամ պետությունների փորձագետների մասնակցությամբ՝ առկա իրավիճակի եւ բացերի վերլուծություն իրականացնելու նպատակով։ Այս առաքելությունների արդյունքները կօգնեն սահմանել այն պայմանների ցանկը, որոնք անհրաժեշտ են ՀՀ քաղաքացիների համար ԵՄ առանց վիզայի ճամփորդության երկարաժամկետ նպատակի իրագործման համար (Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր)։ Գործընթացը արժանիքահենք է եւ կընթանա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի»,- հայտնել են ԵՄ պատվիրակությունից։
Նաեւ շեշտվել է՝ անօրինական միգրացիան այն ոլորտներից է, որը մանրազնին ուսումնասիրվել է փորձագիտական առաքելությունների շրջանակում։ Դիտարկման առարկա են դարձել նաեւ փաստաթղթերի անվտանգության, սահմանների եւ միգրացիայի կառավարման, ապաստանի քաղաքականության, կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, անձնական տվյալների պաշտպանության, քրեական գործերով դատական համագործակցության, արտաքին հարաբերությունների եւ հիմնարար իրավունքների ոլորտները։
«Անօրինական միգրացիային եւ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում ներառված մյուս ոլորտներին առնչվող համապատասխան հենանիշների գնահատումը եւ սահմանումը ներկայումս նախապատրաստվում է եւ մանրամասն շարադրված կլինի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում»,- նշել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից։
Ազատականացման ճանապարհը
ՀՀ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Հայկանուշ Չոբանյանը, ով հայկական կողմից համակարգում է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը, ասել է, որ այս պահին այն գտնվում է նախապատրաստական աշխատանքների փուլում եւ ավարտի ժամկետների վերաբերյալ կանխատեսումներ անել հնարավոր չէ։ Վրաստանի դեպքում, օրինակ, տեւել է հինգ, Մոլդովայի՝ չորս, Ուկրաինայի դեպքում՝ ինը տարի։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Գործողությունների ծրագիրն ընդգրկում է չորս բաղադրիչ։ Առաջին երկուսը վերաբերում են փաստաթղթերի անվտանգությանը, սահմանների եւ միգրացիայի կառավարմանը, ապաստանի քաղաքականությանը։ Երրորդը ներքին անվտանգության հարցերն են՝ կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, կոռուպցիայի դեմ պայքար։ Չորրորդ ուղղությունը վերաբերում է մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, արտաքին հարաբերությունների եւ հիմնարար փաստաթղթերի վավերացմանը։ Եվրամիության երկու առաքելությունների արդյունքում, կարծես թե, արդեն բավարար տեղեկատվություն կա, որպեսզի դրանց հիման վրա մշակվի գործողությունների ծրագիր։ Պատվիրակությունների այցերից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, հավաքագրված ամբողջ տեղեկատվությունն ամփոփվում է զեկույցներում։ Դրանք ուղարկվում են մեզ՝ նկատառումներ ներկայացնելու համար։ Մենք չենք կարող զեկույցում բովանդակային փոփոխություններ առաջարկել, քանի որ այն արդեն Եվրամիության կողմից մշակված փաստաթուղթ է։ Առաջին զեկույցն արդեն ստացել ենք եւ ներկայացրել ենք մեր դիտարկումները։ Երկրորդ առաքելության արդյունքում կազմված զեկույցը դեռ չենք ստացել։ Այս զեկույցների հիման վրա ԵՄ կողմը մշակում է առաջարկներ, ուղարկում Եվրոպական հանձնաժողով, հանձնաժողովը կազմում է գործողությունների ծրագիրը, ապա սահմանվում են կատարողականներ»,- պատմել է վարչության պետի տեղակալը։
Հայկանուշ Չոբանյանը նշել է, որ բանակցությունների ընթացքում նաեւ կարեւորվում են ենթակառուցվածքները, տեխնիկական հագեցվածությունը, կենսաչափական անձնագրերի առկայությունը, անձնական տվյալների պաշտպանությունը եւ այլ հարցեր։ Այս փաստաթուղթը ԵՄ պատվիրակության կողմից բանակցվող չէ, պահանջները պարտադիր են եւ միայն դրանց կատարման դեպքում կարող է «կանաչ լույս» տրվել։
Հայկական կողմն այս պահին գործողությունների ծրագիր չունի, պատրաստ լինելու դեպքում պետությունը կկիսվի հասարակության հետ, որպեսզի բոլորն իմանան, թե ինչ պահանջներ կան, որոնք պարտավոր ենք բավարարել։
«ԵՄ գործընկերների հետ շփումներում ընդգծում ենք, որ չափանիշները պետք է իրատեսական լինեն՝ ոչ այնպես, որ դրանց իրագործման համար պահանջվեն երկար տարիներ, բայց ոչ էլ այնքան խիստ ու սեղմ ժամկետներում, որ չհասցնենք իրականացնել։ Այժմ շատ ակտիվ աշխատում ենք ԵՄ գործընկերների հետ տարբեր ձեւաչափերով, որպեսզի իրենք համապարփակ պատկերացնեն իրավիճակը՝ մեր առաջնահերթությունները, կարիքները, արդեն իրականացրած ոլորտային բարեփոխումները։ Փորձում ենք իրատեսական լինել, չենք ասում, որ ամեն ինչ արվել է ու խնդիրներ չկան, սակայն վստահ ենք, որ հնարավոր կլինի մի քանի տարվա ընթացքում իրականացնել»,- վստահ է Հայկանուշ Չոբանյանը։
Խնդիրները կարող են ազդել ԵՄ-ի որոշումների վրա
Վիզաների ազատականացմանը պետք է պատրաստ լինի ոչ միայն պետությունը, այլեւ՝ հասարակությունը։ Եթե ազատականացումից հետո Հայաստանից մեծ հոսք լինի դեպի ԵՄ երկրներ, ՀՀ քաղաքացիները կհայտնվեն ապաստանի համակարգը չարաշահելու առաջին եռյակում։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Երկրի համար խնդրահարույց կլինի նաեւ անկանոն միգրացիոն հոսքերի, վերադարձի որոշումների աճը։ Այս հարցերը կարող են ազդել ԵՄ-ի որոշումների վրա։ Վրաստանի պարագայում հաճախ լսում ենք, որ վիզաների ռեժիմը կարող է կասեցվել։ Մեր հասարակությունը պետք է պատրաստ լինի, որ արդյունքը հեշտ չի տրվում, այն պետք է պահել ու գնահատել»,- նշել է Հայկանուշ Չոբանյանը։
«Եվրոստատի» վիճակագրության համաձայն՝ 2018 թվականին Եվրամիությունում անօրինական միգրանտների թիվը կազմել է մոտ 1 միլիոն։ Նրանցից 0.4%-ը կամ 2310 անձ եղել է ՀՀ քաղաքացի։ 2019 թվականին այդ թիվը նվազել էր եւ կազմել 0.3%, ապա նվազումը շարունակվել է, եւ հիմա այդ թիվը կազմում է 0.2%։ Ինչ վերաբերում է ապաստանի թվերին, ապա 2019 թվականին ՀՀ քաղաքացիները ԵՄ պետություններ 3730 ապաստանի հայց են ներկայացրել, իսկ 2021-ին՝ 2100։ 2022-2023թթ․ թիվը մի փոքր աճել է եւ 2023-ին հասել 5175-ի։ 2024-ին այն նորից նվազել է՝ դառնալով 4310։
«Կարեւոր է նաեւ, թե քանի անձ է ստացել փախստականի կարգավիճակ։ 2022 թվականին այդ թիվը կազմել է 3.8%, իսկ 2019-ին՝ 9.8%։ Այսօր այդ թիվը նվազել է՝ հասնելով 3%-ի։ Սա լավ միտում է. Հայաստանը ճանաչվում է որպես ապահով երկիր եւ ՀՀ քաղաքացիների՝ փախստականի կարգավիճակ ստանալու դիմումների մեծ մասի հիմքերը չեն հաստատվում։ Միեւնույն ժամանակ, վերջին տարիներին ԵՄ երկրներում զգալիորեն խստացվել է միգրացիոն քաղաքականությունը, ինչն իր հերթին նվազեցնում է փախստականի կարգավիճակ ստանալու հնարավորությունները: Վիզաների ազատականացման դեպքում վիճակագրության մշտադիտարկումը շարունակվելու է, կարեւոր է, որ կտրուկ աճ չունենանք»,- ասել է ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալը։
Անօրինական միգրացիայի կանխարգելման առանցքային կետերը
ԵՄ տարածքում գոյություն ունեն հստակ գործիքակազմեր, որոնք կիրառվելու են այն պարագայում, երբ անձը փորձի ԵՄ տարածք մուտք գործել կեղծ փաստաթղթերով կամ հայտնվի այնտեղ անկանոն կարգավիճակում եւ չցանկանա վերադառնալ։ ԵՄ երկրներ անօրինական մուտքերի համար կանխարգելիչ դեր են ունենալու նաեւ կենսաչափական անձնագրերը։ Սահմանահատման պահին անձը կենսաչափական տվյալներով նույնականացվելու է եւ եթե հետագայում հայտնվի անօրինական միգրանտի կարգավիճակում, չարաշահի ապաստանի համակարգը կամ զբաղվի անօրինական գործունեությամբ, նրան կնույնականացնեն եւ կվերադարձնեն իր երկիր։
«Անօրինական միգրացիան վիզաների ազատականացման ռիսկերից է։ Մեր բոլոր գործողություններն արվում են նրա համար, որ մարդիկ չգնան այդ ճանապարհով, չծանրաբեռնեն որեւէ երկրի ապաստանի համակարգը, որովհետեւ այն, նախեւառաջ, իսկապես դրա կարիքն ունեցողների համար է։ Մեզ մտահոգում են դեպքերը, երբ անձինք փորձում են լուծել անձնական հարցեր՝ օրինակ` օգտագործելով առողջական խնդիրները։ Ապաստանի գործընթացում անձի կարգավիճակը համարվում է օրինական՝ մինչեւ դիմումի վերջնական քննարկումը։ Սա է պատճառը, որ որոշ անձինք առողջական խնդիրների պատճառաբանությամբ ապաստանի դիմում են ներկայացնում եւ մինչեւ որոշում կայացնելը ծանրաբեռնում համակարգը, քանի որ անհրաժեշտ է լինում ուսումնասիրել դիմումը, տրամադրել աջակցության միջոցներ՝ սնունդ, հագուստ, երեխաների կրթություն։ Այս ամենը հավելյալ բեռ է ընդունող երկրի սոցիալական ծառայությունների համար»,- ասել է նա։
Մտահոգիչ են նաեւ այն դեպքերը, երբ ապաստանի հայցի մերժում ստացող անձինք խուսափում են կամավոր վերադարձից եւ գնում են չարաշահումների ճանապարհով։ Կրկին դիմում են՝ փորձելով օրինականացնել իրենց կարգավիճակը եւ երկարացնել կացության ժամկետը։ Սա շարունակվում է մինչեւ այն պահը, երբ բոլոր հնարավոր տարբերակները սպառվում են եւ սկսվում է արտաքսման փուլը։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Այստեղ կարեւոր դեր է խաղում ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագիրը, որի շրջանակում ԵՄ տարածքում ապօրինի կարգավիճակով գտնվող, ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք վերադարձվում են Հայաստան, եւ մեր երկիրը պարտավոր է լինում նրանց հետ ընդունել»,- ասել է Հայկանուշ Չոբանյանը։
Քաղաքականության խստացումը
2019-ին ԵՄ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ կայացվել է 3755 վերադարձի որոշում, 2023-ին՝ 2860 որոշում, բայց միայն 23.6%-ն է կատարվել։ Մյուսները կամ մեկ այլ երկիր են տեղափոխվել, կամ շարունակել ապրել անօրինական կարգավիճակով։
«Այս վարքագիծը հատուկ է ոչ միայն ՀՀ քաղաքացիներին։ Նկատելով այս իրավիճակը՝ Եվրամիությունը վերջերս մշակել է «Վերադարձի համար Եվրամիության համընդհանուր համակարգի ներդրում եւ մոտեցումների փոփոխություն» փաստաթուղթը։ Նոր մոտեցումը ենթադրում է, որ եթե մի երկիր անձի համար վերադարձի որոշում է ընդունում, ապա այն ընդունվում է նաեւ մյուս երկրներում։ Այսինքն, եթե Գերմանիան որոշում է, որ անձը պետք է վերադարձվի, այդ որոշումը վավեր է համարվում ԵՄ բոլոր երկրներում։ Սա բարելավում է ապաստանի համակարգը, քանի որ նոր երկրում չեն ընդունում դիմումը, այն քննելու համար ժամանակ չեն վատնում»,- նշել է Հայկանուշ Չոբանյանը։
Փոփոխությունը տեղի է ունեցել 2025-ի մարտին, նախատեսվում է նաեւ ապաստանի համակարգերի խստացում։ Օրինակ, եթե անձը ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրի քաղաքացի է եւ դիմում է ապաստանի համար, նրա դեպքում կիրառվում է արագացված ընթացակարգ։ Դիմումը կարող է քննվել մի քանի ժամից մինչեւ 15 օրվա ընթացքում։

Լուսանկարը` REUTERS
«Շատ երկրների օդանավակայաններում գործում են հատուկ կենտրոններ, որտեղ անձը կարող է դիմում ներկայացնել եւ պատասխանի սպասել՝ առանց մուտք գործելու երկրի տարածք։ Մերժման դեպքում առաջարկվում է կամավոր վերադարձ՝ երբեմն աջակցությամբ, օրինակ՝ գրպանի գումարով կամ վերաինտեգրման ծրագրով, որը հնարավորություն է տալիս սեփական բիզնես սկսել։ Սա նաեւ անձին թույլ է տալիս արժանապատիվ կերպով վերադառնալ՝ առանց հարկադրանքի։ Եթե անձը հրաժարվում է վերադառնալ, կարող է իրականացվել հարկադիր վերադարձ՝ մուտքի արգելքով, եթե նա կրկին մերժվել է եւ այլ իրավական հիմքեր չկան մնալու»,- ասել է նա։
ԵՄ-ում փոփոխվում է նաեւ սահմանների կառավարման համակարգը՝ ներդրվում է ETIAS համակարգ, որը ներառում է նաեւ վերադարձի մասին տեղեկատվություն։ Եթե անձն արդեն արտաքսվել է կամ ունի մուտքի արգելք, այդ մասին տեղեկությունը պահպանվում է համակարգում։ Այս փոփոխության նպատակը մուտքի արգելքների կեղծումները կանխելն ու տվյալների ավելի խիստ վերահսկողություն սահմանելն է։
Համատեղ պատասխանատվությունը
«ԵՄ-ում միգրացիայի եւ ապաստանի քաղաքականության ու օրենսդրության փոփոխություններին հետեւելը շատ կարեւոր է, քանի որ դրանք ազդում են մեր շարժունակության վրա։ Կարեւոր է նաեւ հանրությանը ճիշտ տեղեկատվություն փոխանցելը։ Տարիներ շարունակ շեշտում ենք անօրինական միգրացիայի ռիսկերը, որպեսզի չտարածվեն ապատեղեկատվություն եւ միֆեր։ Երբ մարդն այլ ելք չունի, հաճախ ընտրում է անօրինական ճանապարհը, որը լի է կորուստներով։ Որոշ խմբեր շահարկում են մարդկանց անտեղյակությունը՝ իրենց շահերի համար։ Սա բացասաբար է ազդում ոչ միայն մարդկանց, այլեւ Հայաստանի միջազգային հեղինակության վրա։ Բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել՝ զսպելու ապաստանի չարաշահումները, բայց անիրազեկությունը հաճախ բերում է անելանելի որոշումների եւ դառը հետեւանքների»,-ասել է Հայկանուշ Չոբանյանը։

Լուսանկարը` REUTERS
Նա նաեւ շեշտել է՝ ոչ վիզային ռեժիմը չի նշանակում, որ կարելի է առանց սահմանափակումների մեկնել արտերկիր։ Անհրաժեշտ են լինելու համապատասխան փաստաթղթեր՝ կենսաչափական անձնագիր, վերադարձի տոմս, հյուրանոցային ամրագրում, բանկային տեղեկանք, որոնք ստուգվելու են սահմանային անցակետում։ Այս առումով Հայաստանն ուսումնասիրել է Վրաստանի փորձը։ Պարզվել է, որ նոր կանոնակարգերի ուժի մեջ մտնելուց հետո այդ երկրի քաղաքացիները հաճախ օդանավակայանից վերադարձվել են անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով։
«Մեր գործողությունների ծրագրում նախատեսվում են քայլեր նաեւ սահմանապահների կարողությունները զարգացնելու եւ նրանց աշխատանքը արդյունավետ դարձնելու համար։ ԵՄ երկրները ներդնում են նաեւ eGates համակարգեր, որոնք ստուգում են կենսաչափական տվյալները։ Մենք էլ նախատեսում ենք նման համակարգերի ներդրում, որը, սակայն, պահանջում է, որ մարդիկ կենսաչափական անձնագրեր ունենան»,- նկատել է Հայկանուշ Չոբանյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Նա շեշտում է, որ անկանոն միգրացիայի մասին խոսելուն զուգահեռ պետք է խրախուսել օրինական ուղիները։
«Եվրոպայում ծերացող բնակչության պայմաններում կա ինչպես բարձր, այնպես էլ՝ ցածր որակավորում ունեցող աշխատողների պահանջարկ։ Այս հնարավորությունները պետք է օգտագործել օրինական կերպով՝ առանց ապաստանի համակարգը չարաշահելու։ Օրինական ուղիները՝ աշխատանքային վիզաներ, կրթության նպատակով վիզաներ, ընտանիքի վերամիավորում, ամուսնություն եւ այլն, պետք է դիտարկել որպես կայուն լուծումներ»,- բացատրում է նա։
Արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորությունը
Հայկանուշ Չոբանյանի խոսքով, վիզաների ազատականացումը չի նշանակում մշտական բնակության մեկնելու հնարավորությունների ավելացում, չի նշանակում աշխատելու հնարավորությունների ավելացում, չի նշանակում անվճար առողջապահություն, այլ միայն ճամփորդելու ընթացակարգերն են դյուրացում։

Լուսանկարը` Մեդիամաքս
«ԵՄ-ն գիտի, որ ռեադմիսիոն (հետընդունման) համակարգը գործում է, որ մեր պետությունն իրականում կարողանում է ճիշտ օգտագործել այդ գործիքակազմը, նույնականացնել անկանոն կարգավիճակում հայտնված միգրանտներին եւ նրանց հետ ընդունել։ Որոշ առումով նաեւ ինտեգրման համար ջանքեր ու ռեսուրսներ են ներդրվում։ Սա հնարավորություն է տալիս նաեւ շարունակելու բանակցությունները՝ երկրի շահերն առաջ տանելու համար, որ մեր քաղաքացիները արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորություն ունենան»,- նշում է Հայկանուշ Չոբանյանի։
Ամփոփելով՝ նա ասում է, որ վիզաների ազատականացման գործընթացը աշխատանք է, որը կառավարության եւ հասարակության համատեղ ներգրավվածություն է պահանջում: Այս գործընթացում Հայաստանի համար անհնարին հարցեր չկան, սակայն պետք է հետեւողական աշխատանք տանել։
Հոդվածը պատրաստվել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում: Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում եւ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: