5 փաստ Սամանթա Փաուերի մասին. Ցեղասպանության վավերագրից՝ ականատես - Mediamax.am

exclusive
10454 դիտում

5 փաստ Սամանթա Փաուերի մասին. Ցեղասպանության վավերագրից՝ ականատես


Սամանթա Փաուերը Հայոց ցեղասպանության թանգարանում
Սամանթա Փաուերը Հայոց ցեղասպանության թանգարանում

Լուսանկարը` Ավրորա

Սամանթա Փաուերը Հայոց ցեղասպանության թանգարանում
Սամանթա Փաուերը Հայոց ցեղասպանության թանգարանում

Լուսանկարը` Ավրորա

Սամանթա Փաուերը Կոռնիձորում
Սամանթա Փաուերը Կոռնիձորում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սամանթա Փաուերը եւ Վիտալի Չուրկինը 2014թ. մարտին
Սամանթա Փաուերը եւ Վիտալի Չուրկինը 2014թ. մարտին

Լուսանկարը` REUTERS

Սամանթա Փաուերը
Սամանթա Փաուերը

Լուսանկարը` Ավրորա

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


2023թ. սեպտեմբերի 25-ից 27-ը Հայաստանում էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը: Կոռնիձորում նա հանդիպել էր Ադրբեջանի էթնիկ զտման հետեւանքով Արցախից տեղահանված հայերի հետ: Այս ցեղասպանական գործողությունից 21 տարի առաջ լույս էր տեսել Սամանթա Փաուերի «Խնդիր դժոխքից. Ամերիկան եւ ցեղասպանության դարաշրջանը» գիրքը, որի առաջին գլխում նա անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը եւ միջազգային արձագանքին։

Սամանթա Փաուերի պետական պաշտոնները

Սամանթա Փաուերը ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանն էր 2013-ից 2017 թվականները:

Սամանթա Փաուերը Սամանթա Փաուերը

Լուսանկարը` Ավրորա


Նախքան ՄԱԿ-ում աշխատելը Սամանթա Փաուերը ծառայել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ օգնական եւ բազմակողմանի հարաբերությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի գլխավոր տնօրեն:

2021 թվականի հունվարին ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը հայտնել էր, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնում կառաջադրի ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերին:
Սամանթա Փաուերը Կոռնիձորում Սամանթա Փաուերը Կոռնիձորում

Լուսանկարը` Ֆոտոլուր


Բայդենի թիմի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ «ճգնաժամերի փորձություններ անցած դեսպան Փաուերը առաջնորդ է եղել ձգձգված հակամարտությունների կարգավորման, մարդասիրական աղետներին արձագանքելու, մարդկային արժանապատվությունը պաշտպանելու, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում»:
 
Փաուերն ու Չուրկինը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի ժամանակ Սամանթա Փաուերը հաճախ էր բանավիճում եւ վիճում իր ռուս պաշտոնակից Վիտալի Չուրկինի հետ:
Սամանթա Փաուերը եւ Վիտալի Չուրկինը 2014թ. մարտին Սամանթա Փաուերը եւ Վիտալի Չուրկինը 2014թ. մարտին

Լուսանկարը` REUTERS


Շատերը նրանց թշնամի էին համարում, սակայն երբ 2017 թվականի փետրվարին Չուրկինը հանկարծամահ եղավ, Սամանթա Փաուերը The New York Times թերթում հրապարակեց «Իմ ընկերը, Ռուսաստանի դեսպանը» հոդվածը, որում մասնավորապես, գրել էր.

«Մահացել է Վիտալի Չուրկինը՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը վերջին տասնամյակում եւ աշխարհի ամենաարդյունավետ դիվանագետներից մեկը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ես, հավանաբար, դեսպան Չուրկինի ամենաակնառու ախոյանն էի: Նա հավատարմորեն պաշտպանում էր նախագահ Վլադիմիր Պուտինի մահաբեր գործողությունները Ուկրաինայում եւ Սիրիայում: Միեւնույն ժամանակ, Վիտալին պատմությունների վարպետ էր՝ հումորի հսկայական զգացումով, լավ ընկեր եւ համատեղ աշխատելու լավագույն հույսերից մեկը, որն ունեին Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը: Նրա մահը կոտրել է սիրտս»։

«Խնդիր դժոխքից» գիրքը եւ Օբամայի առաջարկը

2002-ին լույս տեսավ Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի պրոֆեսոր Սամանթա Փաուերի «Խնդիր դժոխքից. Ամերիկան եւ ցեղասպանության դարաշրջանը» ("A Problem from Hell": America and the Age of Genocide) գիրքը:


Գրքում հեղինակն անդրադարձել էր ԱՄՆ անգործությանը XX դարում տեղի ունեցած ցեղասպանությունների ժամանակ: Գրքի առաջին գլուխը նա նվիրել էր Հայոց ցեղասպանությանը եւ միջազգային արձագանքին։

Գրքի համար Սամանթա Փաուերն արժանացել է Պուլիտցերյան մրցանակին, Ռոբերտ Քենեդիի արդարադատության եւ մարդու իրավունքների կենտրոնի «Տարվա գիրք» մրցանակին, Ցեղասպանությունների ուսումնասիրման կենտրոնի Ռաֆայել Լեմկինի մրցանակին:

Գիրքը կարդալուց հետո ԱՄՆ ապագա նախագահ Բարաք Օբաման զանգահարել էր Սամանթա Փաուերին՝ առաջարկելով միանալ իր թիմին:

Սամանթա Փաուերը եւ Հայոց ցեղասպանությունը

2015 թվականի մայիսի 7-ին Վաշինգտոնի ազգային մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթք էր տեղի ունեցել, որին հետեւել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:

Արարողության ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին ուղեկցում էր ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


2016 թվականի նոյեմբերին՝ հանդիսանալով ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան, Սամանթա Փաուերը խոսել էր Հայոց ցեղասպանության ժխտման մասին:

Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարանում Էլի Վիզելի հիշատակին նվիրված ելույթում, դիվանագետն ասել էր.

«Աշխարհում դեռ շատ անարդարություն կար: Հայերի դեմ գործված ցեղասպանության մերժումը, Վիզելի կյանքի ընթացքում տեղի ունեցած սարսափները՝ Պոլ Պոտի ռեժիմը, Բոսնիան, Ռուանդան, Դարֆուրը, Սիրիան»:

2018 թվականի հունիսին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցառումների շրջանակում Երեւան ժամանած Սամանթա Փաուերն ասել էր, որ շատերի համար ցավալի է, որ Բարաք Օբաման չկատարեց իր խոստումն ու չճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Սամանթա Փաուերը Հայոց ցեղասպանության թանգարանում Սամանթա Փաուերը Հայոց ցեղասպանության թանգարանում

Լուսանկարը` Ավրորա


2019 թվականի հոկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Այդ առիթով Սամանթա Փաուերը The New York Times թերթում հրապարակել էր «Ցեղասպանության ուշացած ճանաչումը Ներկայացուցիչների պալատի կողմից», որում, մասնավորապես, գրել էր.

«Այս բանաձեւը շատ կարեւոր է ամերիկահայերի համար: Բայց այն նաեւ հիշեցնում է, թե որքան կարեւոր է ճշմարտախոս լինելը ԱՄՆ արտաքին քաղաքականության համար եւ որ Թուրքիայի կամ որեւէ այլ երկրի ճնշումներին տեղի տալը դատապարտված է անհաջողության»:

Սամանթա Փաուերն իր հոդվածն ավարտում էր այսպես.

«Սենատը եւ նախագահ Թրամփը պետք է հետեւեն Ներկայացուցիչների պալատի օրինակին: Սա են պահանջում մեկ դար առաջ կատարվածի մասին վկայող փաստերը»:

Սամանթա Փաուերն ու «Ավրորա» մրցանակը

2017 թվականի Սամանթա Փաուերը միացել էր «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմին:
Սամանթա Փաուերը Հայոց ցեղասպանության թանգարանում Սամանթա Փաուերը Հայոց ցեղասպանության թանգարանում

Լուսանկարը` Ավրորա


«Նախաձեռնությանն իմ միանալու հարցի պատասխանն ակնհայտ է: Այս մարդիկ՝ «Ավրորա»-ի համահիմնադիրներ Ռուբենը, Նուբարը, Վարդանը… եթե նրանք պատասխանատու լինեին Սիրական ճգնաժամի լուծման կամ Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման համար, ապա այդ խնդիրներն այսօր չէինք ունենա: Այնպիսի ժամանակներում, երբ խավարը շատ յուրահատուկ է մարդկանց, երբ զարգացած երկրներում մարդիկ տառապում են, հանդիպել այնպիսի անհատների, ինչպիսիք «Ավրորա»-ի հերոսներն են, ովքեր իրենց անձնական փորձառությունն օգտագործում են տարբեր իրավիճակների զոհերին աջակցելու եւ պաշտպանելու համար, հրաշալի է: Շատ գեղեցիկ հնարավորություն է մեզ համար աջակցել նրանց այդ պայքարում», - ասել էր Սամանթա Փաուերը:


2018 թվականի հունիսին Սամանտա Փաուերը ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու «Ավրորայի» միջոցառումներին: Նա եղել էր Հայոց Ցեղասպանության թանգարանում, մասնակցել էր «Փոխել, երբ փոփոխությունը բարդ է» հանդիպմանը:

Արա Թադեւոսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին