19-րդ դարի պահանջված մասնագետները՝ ոջլահանը, օձապանն ու քիսեչին - Mediamax.am

4269 դիտում

19-րդ դարի պահանջված մասնագետները՝ ոջլահանը, օձապանն ու քիսեչին


Լուսանկարը` Անթուան խան Սեւրուգին/Մատենադարան

Լուսանկարը` Անթուան խան Սեւրուգին/Մատենադարան

Լուսանկարը` Երմակով/Մատենադարան


2023-ի նոյեմբերին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվեց «Մատենադարան․լուսանկարչական գանձարանի հայտնությունը» ցուցահանդեսը։ Մատենադարանի ֆոնդերում պահվող լուսանկարչական հսկայական ժառանգությունը ներկայացվում էր առաջին անգամ։

Մատենադարանի ավագ գիտաշխատող, ցուցադրության համադրող եւ «Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուից» պատկերագրքի հեղինակ Իվեթ Թաջարյանը Մեդիամաքսի խնդրանքով առանձնացրել է մի քանի լուսանկար։ Դրանք անվանի հայ եւ ռուս լուսանկարիչների աշխատանքներ են, որ ներկայացնում են 19-րդ դարում տարածված, իսկ այսօր արդեն գոյություն չունեցող մասնագիտություններ։

«19-րդ դարում շատ երկրներ, հատկապես՝ Արեւելքում՝ Օսմանյան կայսրությունը, Ղաջարական Իրանը մոդեռնիզացվում էին, ձգտում էին նմանվել եվրոպական զարգացած երկրներին, որդեգրել նրանց կենցաղավարությունը։

Հայ լուսանկարիչները շատ հեռատես են եղել։ Հասկացել են, որ այս կամ այն մասնագիտությունը, կենցաղում տարածված արհեստը, արվեստը գուցե ժամանակի ընթացքում անհետանա, եւ սկսել են վավերացնել փողոցային կյանքը, անցուդարձը։

Լուսանկարը` Անթուան խան Սեւրուգին/Մատենադարան


Օրինակ, հայազգի լուսանկարիչ Անթուան խան Սեւրուգինը Իրանում լուսանկարել է ոջլահան կնոջը։ Ժամանակին սա եղել է շատ պահանջված մասնագիտություն։ Եթե այսօր առեւտրի մեծ կենտրոններում երեխաներին թողնում ենք խաղավարների մոտ, ապա այն ժամանակ մարդիկ բազար մտնելուց առաջ երեխաներին հանձնում էին ոջլահաններին։

Սեւրուգինի մեկ այլ լուսանկարում օձ վարժեցնողներն են։ Իրանում փողոցները լեփ-լեցուն էին օձապաններով, կապիկ վարժեցնողներով։ Մարդիկ դրանով գումար էին վաստակում։

Լուսանկարը` Անթուան խան Սեւրուգին/Մատենադարան


Առհասարակ, Իրանի Ղաջարական շրջանի պատմությանը, կենցաղին բոլորվին անտեղյակ մարդը կարող է Սեւրուգինի լուսանկարներով պատկերացում կազմել դրա մասին։ Նա եղել է թագավորի անձնական լուսանկարիչը եւ վավերագրել է կյանքի լավ կողմերը, բայց նկարել է նաեւ քոչվորներին, աղքատներին։

Իրանի հանրային բաղնիքում՝ «համմամ»-ում արված շատ հետաքրքիր շարք ունի ռուս հայտնի լուսանկարիչ, Կովկասը վավերագրող Դմիտրի Իվանովիչ Երմակովը։ Նա նկարել է քիսա անողներին՝ քիսեչիներին կամ քիսաքեշներին։ Այն ժամանակ տներում ջուր տաքացնելու համակարգ չկար, մարդիկ 20 օրը մեկ հանրային բաղնիք էին գնում։ Կային կանանց եւ տղամարդկանց առանձին բաղնիքներ, մարդիկ գնում, ամբողջ օրն այնտեղ էին անցկացնում։ Դա ծես էր, արարողակարգ. հավաքվում, բամբասում էին, ամուսնության խոստումներ տալիս՝ մեկի տղային մյուսի աղջկա համար։ Դա առօրյայից մի սովորական դրվագ է, բայց հիմա, կարծես, պատմական մի փուլի մասին է խոսում։

Լուսանկարը` Երմակով/Մատենադարան


Ի դեպ, Սեւրուգինը եղել է Երմակովի աշակերտը։ Նա որսացել է իր ուսուցչի դիտանկյունը, զգացել, որ անհետացող արհեստների եւ արվեստների վերաբերյալ նրա մոտեցումը ճիշտ է, ու շարունակել է այդ ուղղությունը։

Լուսանկարիչները, հատկապես՝ եթե նկարել են այլազգիների կամ ստեղծագործել նրանց տարածքում, պետք է լավ հոգեբան լինեին։ Պատկերացրեք՝ ռուսը կամ հայը լուսանկարում են մուսուլմանին։ Այն ժամանակ լուսանկարչությունը նորություն էր, հայտնագործություն, մարդիկ չէին պատկերացնում՝ ինչի համար է, կասկած, վախ կար։ Բացի այդ, մի դիմանկար անելու համար պետք էր 40 րոպե նախապատրաստվել։ Համբերություն էր պահանջվում, համոզիչ զրույց, որ դիմացինը քեզ վստահի, կարողանա բացվել»,- պատմում է Իվեթ Թաջարյանը։

Լուսինե Ղարիբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին