«Դեռ արժանի չեմ հայրենասեր համարվելու, բայց ձգտում եմ» - Mediamax.am

exclusive
4339 դիտում

«Դեռ արժանի չեմ հայրենասեր համարվելու, բայց ձգտում եմ»


Տարոնը
Տարոնը

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս


2018թ. հունիսի 1-ից Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարելու է ավագ դպրոցի 10-րդ դասարանի սաների 2018-2019 թթ. ուսումնական տարվա ընդունելություն: Տեղեկանալով այդ մասին` ապրիլին դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ խնդրեցինք հնարավորություն տալ մեր լրագրողին՝ մեկ շաբաթ անցկացնել վարժարանում՝ սաների հետ, եւ օրագիր վարել: 

 

***

 

Օրագրի առաջին մասը կարդացեք այս հղումով:


Օրագրի երկրորդ մասը կարդացեք այս հղումով:


Օրագրի երրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Ամբողջ գիշեր անկողնում պտտվում եմ. ներքին դող կա, զգում եմ՝ ինչպես է ջերմությունս բարձրանում: Առավոտյան տղաներից ճշտում եմ բուժկետի տեղն ու շտապում այնտեղ:

 

Բուժկետում աշխատող կինը, ում առաջին անգամ եմ տեսնում, ժպտերես է ու շատ բարյացակամ: Ջերմաչափ է առաջարկում, անունս գրանցում է հաստ օրագրում ու ջերմիջեցնող տալիս: 

 

Ժամեր անց ինձ արդեն համեմատաբար ավելի լավ եմ զգում, որոշում գնալ դասի: Մի պահ այնպիսի տպավորություն է, որ կրկին վերադարձել եմ զինվորական կյանքին: Օրն նախորդի ճիշտ կրկնությունն է. տարբերություններ գրեթե չկան: Ժամանակը սկսում է ավելի դանդաղ անցնել, ու սկսում ես ոչ թե օրերը կամ ժամերը, այլ րոպեները հաշվել:

 

 

Դասամիջոցին ինձ է մոտենում Տարոնն ու կոնֆետ առաջարկում.

 

«Եթե մրսած ես, սա կօգնի: Վարժարանում որքան արձակուրդի օրերը մոտենում են, այնքան պահեստավորած կոնֆետները քչանում են, ես դեռ էլի ունեմ, եթե կուզենաս, արի 119 սենյակ»: 

 

Տարոնն ընտանիքի միակ տղա զավակն է: Չորս քույրերի հետ է մեծացել: Հորեղբայրը՝ Յուրա Պողոսյանը, մասնակցել է Արցախի ազատագրմանը: Ասում է՝ մեր Ազգային հերոսի անվանակիցն է եղել ու նրա պես քաջ է կռվել: 

 

Տարոնը վարժարանի ուրախությունն է: Ցանկացած լարված իրավիճակ մի վայրկյանում կարող է հարթել հումորով: Հարցնում եմ՝ իրեն հայրենասեր համարո՞ւմ է.

 

Տարոնը Տարոնը

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

«Ե՛վ այո, ե՛ւ ոչ: Ես հայրենասեր եմ, որովհետեւ սիրում եմ իմ հայրենիքը, բայց ինձ հայրենասեր չեմ համարում, որովհետեւ դեռ հայրենիքիս հանդեպ սերը ոչ մի գործով չեմ ապացուցել, հայրենիքիս ոչնչով դեռ պետք չեմ եկել, ոչ մի բան չեմ արել հանուն իմ հայրենիքի: Ես արժանի չեմ դեռ հայրենասեր համարվելու, բայց ձգտում եմ»:

 

Հաջորդ դասը հատուկ սենյակում է: Ինֆորմատիկա առարկան այստեղ «Թումո» կենտրոնի մասնագետներն են դասավանդում: Տեխնիկային տիրապետելն ապագա սպաների համար կարեւոր է: Ծրագրավորումից մինչեւ ծրագրային ապահովում ու ռոբոտաշինություն. սաները շաբաթը մեկ անգամ երկու ժամ տեւողությամբ համակարգչային դասեր են ստանում:

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

Այսօր սկսելու են ծանոթությունը գրաֆիկական դիզայնին եւ ինֆոգրաֆիկաներին: Դասընթացը Ռոստոմն է վարում: Նա հատուկ հյուր է: Եկել է մեկ ամսով՝ ութ դասերի ընթացքում պատրաստվում է ապագա սպաներին գրաֆիկական դիզայն սովորեցնել.

 

«Կարող եք մտածել, որ այս ամենը բանակում դժվար թե պետք գա: Իրականում ժամանակակից զինվորը պետք է յուրաքանչյուր ոլորտում բավարար գիտելիքներ ունենա: Այս ոլորտը ապագան է: Նույն գրաֆիկական պատկերների միջոցով անգամ ինֆորմացիայի փոխանակումը շատ ավելի հեշտ է ստացվում եւ արդյունավետ»:

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

Ճաշից հետո սաները սկսեցում են պատմել վարժարանում գործող արգելքների մասին: Տնօրինությունը խիստ է. լավ չսովորողները եւ կարգը խախտողները վարժարանում տեղ չունեն: Ամենախիստը ծխելու արգելքն է: Առաջին նախազգուշացումից հետո սանը, միանգամից, հեռացվում է: 

Մինչեւ ընթրիքը ժամանակս փորձում եմ «սպանել» գրադարանում: Ընկեր Քրիստինեն գրադարանավարուհին է: Բոլորի պես բարեհամբույր է, անգամ սուրճ է առաջարկում ու միասին սկսում ենք փորփրել գրքերը: Երբ Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպը չենք գտնում գրադարակներում, նա անկեղծանում.

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

«Արդեն գրեթե մեկ տարի եմ այստեղ, բայց գրքերի տեսակավորումը դեռ չեմ հասցրել ավարտել: 8 000 կտոր գիրք ունենք, բայց այստեղ միայն մի մասն եմ կարողացել տեղավորել: Տարածքը փոքր է՝ 24 քառակուսի մետր, ու բացի այդ էլ նաեւ գրադարակների պակաս ունենք: Հիմնական խնդիրը ծրագրային գրականությունն է: Երեխաները ծրագրային բոլոր գրքերը չէ, որ կարողանում են այստեղ գտնել:

 

Վարժարանում շատ լավ սաներ ունեմ, երբեմն գիրքը վերադարձնելիս իրենք են առաջարկում պատռված էջը կպցնել: Տղաներից մեկն էլ շաբաթը մեկ գալիս ու հարցնում է՝ արդյո՞ք, հոգեբանական մասնագիտական գիրք գտել եմ իր համար, թե՞ ոչ»:

 

 

Գրադարանը, սակայն, սաների գիրք կարդալու միակ աղբյուրը չէ: Նրանցից յուրաքանչյուրը վարժարան ընդունվելիս ստանում է Kindle էլեկտրոնային գիրք՝ բեռնված հարյուրավոր գրքերով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Ցանկության դեպքում տղաները կարող են նոր գրքեր բեռնել սարքի մեջ:

 

Երբ գրադարանից վերադառնում եմ, միջանցքում տղաները հին սպիտակեղենն են դասավորում, շաբաթվա վերջ է, այսօր նորն են ստանալու: 

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

Ամեն շաբաթ սրբիչներն ու սպիտակեղենը ուղարկում են լվացքատուն: Հագուստը հազվադեպ են վարժարանում լվանում, ավելի հաճախ տուն են տանում ու մաքուր վերադառնում: Ամեն սանի պահարանում եւս մի համազգեստ կա, պատրաստ, որ եթե հանկարծ հագինը կեղտոտվի, կարողանան փոխել: Ավարտական կուրսն էլ մաքուր համազգեստն ու նոր զինվորական կոշիկները պահում է տուն գնալու համար:

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

Միջանցքով քիչ այն կողմ մի խումբ տղաներ են հավաքված: Երբ մոտենում եմ, ցրվում են, բայց հասցնում եմ նկատել, որ բազկամարտի են բռնվել: Ընկերական է: 

 

Ամենաուժեղին չեն որոշում, այլ ուղակի ժամանակ են անցկացնում: Ընթրիքին դեռ կես ժամ կա:

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

Առաջին անգամ վարժարանում ընթրիքից հետո ուսուցիչների եմ տեսնում: Պարզվում է՝ այստեղ ամենամոդայիկ սպորտային հետաքրքրությունը մինիֆուտբոլն է: Մարզադաշտում ուսուցիչը երեկոյան վերածվում է թիմակցի: Լարված պայքարից հետո, ուսուցիչները հեռանում են իրենց յոթհարկանի շենքը, իսկ սաները պատրաստվում են շարահրապարակում անվանականչին:

 

 

Կեսօրն անց դուրս եմ գալիս վարժարանից: Քանի որ բոլորին միասին չեմ կարողանում տեսնել, որ հրաժեշտ տամ, դա անում եմ օրագրում.

 

Տղաներ ջան, ամուր եղեք, կոփվեք ու միշտ պատրաստ եղեք բոլոր տեսակի փորձություններին: Դպրոցում սկզբում դասն են սերտում, հետո փորձեր անում, կյանքում հակառակն է՝ սկզբում փորձություններ, հետո պետք է դասեր քաղել: Թեկուզ դեռ սովորում եք, բայց ճիշտ ուղի եք ընտրել… Բարի՜ ծառայություն:

 

Օրագրի առաջին մասը կարդացեք այս հղումով:


Օրագրի երկրորդ մասը կարդացեք այս հղումով:


Օրագրի երրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 2018-2019 թթ. ուսումնական տարվա ընդունելության պայմաններին ծանոթացեք այս հղումով:


Սպարտակ Գրիշյան՝ հատուկ Մեդիամաքսի համար


Լուսանկարները՝ հեղինակի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին