Ապրիլյան պատերազմի գոտին եւ օդաչու դառնալու երազանքը - Mediamax.am

exclusive
5427 դիտում

Ապրիլյան պատերազմի գոտին եւ օդաչու դառնալու երազանքը


Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս


2018թ. հունիսի 1-ից Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարելու է ավագ դպրոցի 10-րդ դասարանի սաների 2018-2019 թթ. ուսումնական տարվա ընդունելություն: Տեղեկանալով այդ մասին` ապրիլին դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ խնդրեցինք հնարավորություն տալ մեր լրագրողին՝ մեկ շաբաթ անցկացնել վարժարանում՝ սաների հետ, եւ օրագիր վարել: 

 

***

 

Օրագրի առաջին մասը կարդացեք այս հղումով:


Օրագրի երկրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Առաջին դասը որոշում եմ անցկացնել առաջին կուրսի չորրորդ դասակի հետ: Երբ սենյակ մտնելուց հետո քայլում եմ դասարան, միջանցքում տեսնում եմ փոխտնօրենին: Նա զարմացած հարցնում է, թե ինչու մինչեւ հիմա ինչ-որ հարցով չեմ դիմել իրեն.

 

«Մեր տղաները խելացի են, բայց նաեւ չարաճճիներ ունենք, եթե հանկարծ նեղվես կամ ինչ-որ բանի կարիք ունենաս, անպայման տեղյակ պահիր»:

 

 

Տեղյակ եմ պահում, որ ողջ վարժարանը ինձ գրկաբաց է ընդունել, ու ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունեմ: Շարունակում եմ ճանապարհս: 

 

Դասամիջոցի ժամանակ սաներից մեկը գոռում է. «Ապրիլյանիս գոտին կտա՞ս…»:

 

Պարզվում է՝ վարժարանում ամենահայտնի գոտու տերը՝ Էմիլը, իրոք ապրիլյան պատերազմ անցած գոտի է կապում: Հոր գոտին է, որը կապել է պատերազմի ժամանակ. 

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

«Հայրս ապրիլյան խառը դեպքերի առաջին օրը կամավոր գրվեց ու գնաց առաջին գիծ: Մայրիկիս այդ մասին ոչինչ չէր ասել: Գիտեր, որ դեմ կլինի: Ի դեպ, ես էլ երբ վարժարան էի ընդունվում, մայրիկիցս գաղտնի եմ պահել: 

 

Հայրս 15 օր չի կարողացել կապվել մեզ հետ: Այդ օրերին Շիրազ անունով զոհ է եղել առաջին գծում: Գյուղում էլ արդեն սկսել էին շշուկներ տարածվել, որ հայրս է զոհվել, բայց 16-րդ օրը նա վերադարձավ: 

 

Այս գոտին ես եմ խնդրել հայրիկիցս: Նա էլ առանց մտածելու տվեց ու ասաց, որ հպարտությամբ այն կրեմ ու ժպիտով ավելացրեց՝ հորից շատ միայն հայրենիքդ սիրիր»:

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

Երկրորդ դասին չկարողացա մինչեւ վերջ նստել: Սաներից մեկն ասաց, որ փոխտնօրենը ինձ է փնտրում: Երբ դուրս եկա միջանցք, վարժարանում իսկական իրարանցում էր: Մոտ 80 դպրոցական Վայոց Ձորի տարբեր դպրոցներից եկել էին վարժարանին ծանոթանալու: 

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

Տնօրենի օգնականի հետ հյուրերը շրջում են վարժարանի ողջ տարածքում. սպորտային դահլիճ, «Թումո»-ի համակարգչային դասարան, խորհրդակցությունների սրահ, լողավազան: 

 

Տղաները շրջայցի ընթացքում հարցեր չեն տալիս: Օգնականը նեղվում է. առաջին խումբն է, որ պասիվ է: Մոտենում եմ նրանցից մեկին ու պարզում, որ հարցեր չունենալու պատճառը զարմանքն է: Պայմաններն այնքան լավն են, որ ապշած են մնացել. չէին սպասում, որ ռազմական վարժարանը կարող է այսքան լավը լինել:

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

Հյուրերին շրջայցի վերջում ուղեկցում են մեծ դահլիճ, ուր ուսումնական գծով փոխտնօրենը նրանց է ներկայացնում վարժարանի ընդունելության կարգը: 9-րդ դասարանն ավարտելուց հետո պետք է դիմել տարածքային զինկոմիսարիատ, հանձնել քննություն՝ մաթեմատիկա, հայոց լեզու եւ պատմություն առարկաներից: Լավագույններին հրավիրում են հարցազրույցի, բայց միայն խելացի եւ կրթված լինելը բավարար չէ: Ֆիզիկական կոփվածությունն ու թիմում աշխատելու ունակությունը ստուգում են եռօրյա հավաքի ընթացքում: 

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

Այսպես ամեն շաբաթ՝ մարզերից աշակերտներ են գալիս վարժարան՝ ծանոթանալու, միգուցե, իրենց ապագա կրթական հաստատությանը:

 

Խմբակային լուսանկարից հետո հյուրերը հեռանում են՝ իրենց հետ տանելով վարժարանին անսովոր ակտիվությունը: Կրկին սովորական լռություն է:

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

Ճաշից հետո փորձում եմ ճշտել՝ երբ են լինելու ձեռնամարտի պարապմունքները: Վերջին անգամ այստեղ եղել էի 2017թ. դեկտեմբերին՝ մի քանի ժամով: Այդ ժամանակ սաները Վին Չուն էին սովորում՝ ձեռնամարտի հատուկ տեսակ, որը նախատեսված է մոտակա մարտի համար, օրինակ՝ խրամատներում: Պարզվում է, որ պարապմունքները այլեւս չկան: Սաները տնօրինության հետ ժողովի ժամանակ դժգոհել են, եւ որոշվել է Վին Չունի պարպմունքները դադարեցնել:

 

Երկրորդ տարօրինակ փաստը վարժարանում միայն 3-րդ օրը նկատեցի՝ այստեղ ռազմագիտության դասասենյակ չկա: Պարզեցի նաեւ, որ տղաները սեպտեմբերից սկսած ձեռքը զենք չեն վերցրել. կրակային պարապմունքներ միայն մի քանի հոգի են անցել՝ մոտակա զորամասում: Տնօրինությունը, սակայն, խոստացել է նկուղային հարկում սենյակ կառուցել, որտեղ հնարավոր կլինի կրակային դասընթաց կազմակերպել: Շինարարությունն արդեն ընթանում է:

 

 

Անվանականչից հետո մտնում ենք սենյակ եւ պատրաստվում քնելուն: Լույսերն անջատելուց հետո, երբ արդեն պառկած ես, կարելի է շշուկով խոսել, այնպես, որ քնողներին չխանգարես: Հարեւանիս՝ Կարենին, խնդրում եմ պատմել իր մասին.

 

-Սկզբում ուզում էի ռազմական օդաչու դառնալ, բայց իմացա, որ այս տարվանից սկսած Ավիացիոն ինստիտուտում օդաչուական բաժին չի լինելու: Հիմա որոշել եմ «Ես եմ» ծրագրով զորակոչվել, վերջում էլ ստացած 5 մլն դրամ գումարով մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ օդաչու դառնալու երազանքիս հետեւից:

 

- Իսկ հետո վերադառնալո՞ւ ես Հայաստան:

- Իհարկե, վիրավորում ես: Ես հայրենիքից փախչողներից չեմ...

 

Լռեցինք, ու այսպես ավարտվեց վարժարանի բացահայտման հերթական օրը:

 

Շարունակելի:


Օրագրի առաջին մասը կարդացեք այս հղումով:


Օրագրի երկրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 2018-2019 թթ. ուսումնական տարվա ընդունելության պայմաններին ծանոթացեք այս հղումով:

 

Սպարտակ Գրիշյան՝ հատուկ Մեդիամաքսի համար


Լուսանկարները՝ հեղինակի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին