Քիմիայի դաս UWC Dilijan-ում, այնուհետեւ՝ «Տագնապ» - Mediamax.am

exclusive
11607 դիտում

Քիմիայի դաս UWC Dilijan-ում, այնուհետեւ՝ «Տագնապ»


Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս


2018թ. հունիսի 1-ից Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարելու է ավագ դպրոցի 10-րդ դասարանի սաների 2018-2019 թթ. ուսումնական տարվա ընդունելություն: Տեղեկանալով այդ մասին` ապրիլին դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ խնդրեցինք հնարավորություն տալ մեր լրագրողին՝ մեկ շաբաթ անցկացնել վարժարանում՝ սաների հետ, եւ օրագիր վարել: 

 

***

 

Օրագրի առաջին մասը կարդացեք այս հղումով:

 

Վարժարանում առաջին օրվանից հետո սաները սկսում են ինձ ավելի շատ վստահել, կիսվում են անգամ անձնական խնդիրներով, խորհուրդներ հարցնում: Ես էլ արդեն գիտեմ՝ ով է չխոսկան, ով է կոլեկտիվի ոգին, ով գերազանցիկը: Երկրորդ օրվանից սպասելիքներն ավելի շատ են:

 

Վարժարանում օրը սկսվում է առավոտյան յոթին: Բոլոր սենյակներում բարձրախոսով հնչում է. «Վարժարա՜ն, վերկա՛ց»: Ոմանք ավելի վաղ են արթնանում, ցնցուղ ընդունում, հարդարվում: Հրահանգից հետո բոլոր սաները հավաքվում են շարահրապարակում: Նախավարժանքը տեւում է 40 րոպե, սկզբում մի քանի պտույտ վարժարանի շուրջը՝ վազքով, իսկ հետո վարժություններ: Բոլորը մասնակցում են, սա այն բացառիկ պահերից մեկն է, երբ ողջ վարժարանը՝ բոլոր կուրսերի 180 սանով, հավաքվում է մի տեղում:

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

Նախաճաշը սովորականի պես է: Սկզբում ճաշարան են մտնում ավագ կուրսընկերները՝ տասներկուսները, հետո՝ ավելի կրտսերները: Սեղանին ձու է, կաթ, եգիպտացորենի փաթիլներ: Ոչ մեկը սեղանից չի հեռանում, քանի չի կշտացել. ավելացնում են բոլոր ցանկացողներին: Վերջում ափսեները հավաքում են սաները. այդպես է ընդունված:

 

Նախաճաշից հետո սկսվում է առաջին դասը: Վարժարանում ուսուցումը ավագ դպրոցի ծրագրով է: 6 դասաժամ, յուրաքանչյուրը՝ 45 րոպե տեւողությամբ: Բոլոր դասամիջոցները հինգ րոպեանոց են, բացի երկարից՝ 10 րոպե: Դասերը, ի տարբերություն դպրոցի, այստեղ զանգով չեն սկսում ու ավարտվում: Սա միայն երկրորդ օրը նկատեցի: Բոլոր սաները հեռախոս ու ժամացույց ունեն, պարտաճանաչ գալիս են դասի, ուսուցիչներին զգուշացնում ընդմիջումների մասին: 

 

Կարգապահության ու կրթական մակարդակի հետ վարժարանը խնդիր չունի: Վատ առաջադիմություն ունեցողներին այստեղ շաբաթ կիրակի օրերին տուն չեն թողնում, դրա համար էլ բոլորը աշխատում են դասերին պատրաստ ներկայանալ: Ցածր առաջադիմության համար կարող են նաեւ հեռացնել:

 

 

Երկրորդ կուրսի առաջին դասակի մոտ քիմիայի ժամ է. նյութի տրոհում, ջերմային ռեակցիա: Առարկան միայն տեսական են սովորում: Պարզվում է, վարժարանում լաբորատորիա չկա, բայց ընկեր Մաիլյանը խնդիրը լուծել է. լավագույն աշակերտների համար այցեր է կազմակերպում UWC Dilijan քոլեջ: Դասի վերջում ուսուցչուհին հայտարարում է.

 

«Չեք մոռացել, չէ՞: Նրանք, ում անունները կան ցուցակում, ուղիղ ժամը երեքին պետք է լինեն ընդունարանում՝ UWC Dilijan քոլեջ գնալու համար: Այսօր լաբորատորիայում կենսաբանության դաս է լինելու, մյուս շաբաթ՝ քիմիայի: Բոլորդ այնտեղ ձեզ ազատ կպահեք, հնարավորին շատ կշփվեք»:

 

Միջազգային դպրոց ուղեւորվող խմբում նաեւ Գեւորգն է՝ անգլերենի ուսուցիչ ընկեր Գրիգորյանը: Կատակով ասում են՝ որպես թարգմանիչ է եկել, որ այնտեղ աշակերտների հետ իրար հասկանանք: 

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

Տեղ հասնելուն պես՝ ուսուցիչները իրենց տեղը զիջում են՝ Միքայելին՝ UWC Dilijan քոլեջի փոխանակման ծրագրերի համակարգողին: Այցը սկսվում է ծանոթությամբ: Այստեղ աշխարհի 82 երկրներից սովորողներ կան: Քոլեջի ամեն հարկը իր նշանակությունն ունի, առաջին հարկում լեզուներ են սովորում, եւ գրադարանն է: Երկրորդում ճշգրիտ գիտություններն են՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաները եւ մաթեմատիկայի դասարանները: Երրորդ հարկում գրականությունն է ու արվեստը:

 

Մեզ ուղեկցում են երկրորդ հարկ, գունավոր միջանցքի անկյունում լայն ու ընթարձակ լաբորատորիան է, ուր արդեն սպասում են դպրոցի աշակերտները: Կլոր սեղանի շուջ 17 սաները տեղավորվում են ու ծանոթանում օրակարգին.

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

«Այսօր ծանոթանալու ենք մանրադիտակի կառուցվածքին եւ դրա հետ աշխատելու կարգին, փորձելու ենք բջիջներ տեսնել իսկ ավարտին յուրաքանչյուր սան հնարավորություն կունենա իր սլայդը պատրաստել եւ մանրադիտակի միջոցով այն խոշորացնել»:

 

Լաբորատոր աշխատանքը մոտ մեկ ժամ է տեւում: Հետո կրկին շրջայց: Արդեն շրջում ենք մասնաշենքերով: Այստեղ ֆուտբոլի դաշտը FIFA-ի ստանդարտներով է կառուցված, լողավազանը բաց է օրվա ցանկացած ժամի:

 

Խմբակային լուսանկարից հետո տեղավորվում ենք ավտոբուսում եւ ուղեւորվում հետ:

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

Վարժարան վերադառնում ենք ճիշտ շարային դասի սկզբին: Բոլորը շարքով ուղղություն են բռնում դեպի մեծ շարահրապարակ: Հրամանատարները սաներին շարում են ըստ հասակի, հետո բաժանում են յոթական կարճ շարքերի ու շարում իրար հետեւից: Սաները պարտավոր են հիշել իրենց կողքիններին, որ հաջորդ անգամ «Դասակ շարվի՛ր» հրահանգի ժամանակ նույն կարգով դասավորվեն: Այս կառուցվածքը մասնագիտական լեզվով «արկղ» է կոչվում: 

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

Սա սովորական շարային դաս չէ, քննություն է: Ընտրելու են լավագույն շարային քայլվածք ունեցողներին, որ նրանք մայիսի 28-ին ներկայացնեն Սարդարապատի հուշահամալիրում կազմակերպվելիք զորահանդեսի ժամանակ:

 

Շարայինից հետո ծանոթանում եմ ավագների հետ. երրորդ կուրսն է՝ 12-րդ դասարանը՝ 36 սան, 34 ապագա սպա: Միայն երկուսն են որոշել այլ մասնագիտություն ընտրել. մեկը՝ տնտեսագետ, մյուսը՝ հողագործ-շինարար:

 

Տղաները մեկը մյուսից լուրջ են, դեռ նոր են չափահաս դառնում, բայց արդեն կայացած են: Պատրաստվում են վերջին զանգին, չնայած վարժարանում զանգ չկա:

Արդեն սցենարի վրա են աշխատում, որ տնօրինության հետ քննարկեն: Երկու տարբերակ ունեն՝ մեծ շարահրապարակում կամ փոքրում անցկացնել, ուզում են ցուցադրական ելույթներ կազմակերպել, հրաձգությամբ եւ հակառակորդի զինտեխնիկայի ցուցադրական գրավմամբ: Դեռ ոչինչ վերջնական չեն որոշել, միայն օրն է հստակ՝ մայիսի 25-ը: 

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

Տղաները մտածում են՝ որը համարը որից հետո կազմակերպել, ինչպես անել, որ ամեն բան գեղեցիկ ստացվի. պատասխանատու օրը բոլորի ծնողներն են հրավիրված:

 

Ընթրիքից հետո ուսումնամարզական գծով փոխտնօրենը ամբողջ երկրորդ կուրսին հրավիրում է դահլիճ: Ոչ մեկ չգիտի՝ ինչո՞ւ: Երբ բոլորը հավաքվում են, գնդապետը սկսում է.

 

«Այսօր ուզում եմ խոսել մարտավարության կանոնների մասին: Ձեր մեծ մասը ուզում է սպա դառնալ, իսկ ճիշտ մարտավարությունը հակառակորդի դեմ առավելության հասնելու միակ ձեւն է: Որտե՞ղ է պետք դիրքավորվել, ինչպե՞ս, ինչո՞ւ: Այս հարցերի պատասխաններից է կախված հակամարտության ողջ ընթացքը: 

 

Հետախուզությունից ստացած տեղեկությունների հիման վրա կառուցվող մարտավարությունը երկու կարեւոր կետ ունի: Առաջինը տեղանքի առանձնահատկությունն է, երկրորդը՝ զինատեսակները, որոնցով զինված եք: 

 

Շուտով անակնկալ տագնապ է լինելու: Երբ՝ չեմ կարող ասել: Միայն իմացեք, որ մեր խնդիրը լինելու է վարժարանի պաշտպանության մարտավարության կառուցումը: Ուշադիր կլինեք ամեն մանրուքին, որովհետեւ վերջում հենց ձեր դիտարկումների հիման վրա պիտի քարտեզ կառուցենք»:

 

Դահլիճից բոլորը ոգեւորված են դուրս գալիս ու պատրաստվում վաղվան՝ ամեն րոպե սպասելով «Տագնապ» հրահանգին…

 

***

 

- Վերկա՛ց, տագնապ է…

- Վերկա՛ց… 

 

Մթության մեջ անծանոթ ձայն եմ լսում: Փաստորեն տագնապը բարձրախոսով չի հայտարարվում, որ ողջ վարժարանը չարթնանա, այլ միայն երկրորդ կուրսը, դրա համար էլ մտնում են սենյակ առ սենյակ ու արթնացնում: Բանակային ռեֆլեքսով՝ մոտ 2 րոպեից արդեն հագնված եմ: Տղաների հետ միասին իջնում ենք բակ ու անաղմուկ շարվում: Սովորական տագնապ չէ, այլ հետախուզական: Կարեւոր է նաեւ աննկատ գործել իմանալ: Մոտ երկու կիլոմետր արագ քայլով իջնում ենք սահմանված վայրը: Մարզիչների հրահանգով տղաները ցրվում են ու սկսում ուսումնասիրել վարժարանի տարածքը: 

 

Ուղիղ 3 րոպե անց հետախուզական առաքելությունը ավարտված է, կուրսը՝ շարված: Վերադարձի ճանապարհն ավելի ծանր է. վարժարանի ողջ տարածքը կամ վայրէջք է, կամ վերելք: Երկու կիլոմետր շարքով սար ենք բարձրանում: Ճանապարհին կանգ ենք առնում ու կրկին ուսումնասիրում տարածքը, որ ոչ մի կարեւոր օբյեկտ բաց չթողնենք:

 

Շարունակելի:


Օրագրի առաջին մասը կարդացեք այս հղումով:

 

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 2018-2019 թթ. ուսումնական տարվա ընդունելության պայմաններին ծանոթացեք այս հղումով:

 

Սպարտակ Գրիշյան՝ հատուկ Մեդիամաքսի համար


Լուսանկարները՝ հեղինակի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին