Վարժարանում լրագրող կա` սանի կարգավիճակով - Mediamax.am

exclusive
10921 դիտում

Վարժարանում լրագրող կա` սանի կարգավիճակով


Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Տարոնը
Տարոնը

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս


2018թ. հունիսի 1-ից Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարելու է ավագ դպրոցի 10-րդ դասարանի սաների 2018-2019 թթ. ուսումնական տարվա ընդունելություն: Տեղեկանալով այդ մասին` ապրիլին դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ խնդրեցինք հնարավորություն տալ մեր լրագրողին՝ մեկ շաբաթ անցկացնել վարժարանում՝ սաների հետ, եւ օրագիր վարել: Նախարարն անմիջապես դրական պատասխան տվեց ու մի քանի օր անց Դիլիջան գործուղեցինք Սպարտակ Գրիշյանին:

 

***

 

Երբ Մեդիամաքսից առաջարկ ստացա մի ամբողջ շաբաթ անցկացնել Մոնթե Մելքոնյանի անվան ռազական վարժարանում, ոչ մի վայրկյան չմտածեցի. համաձայն եմ: Տասը տարի էր անցել այն օրվանից, երբ վերջին անգամ համազգեստ էի հագել, բայց վստահ էի, որ ոչ մի խնդիր չի առաջանա, քանի որ սիրում եմ ռազմական գործն ու ամենն, ինչ կապված է զինվորական ծառայության հետ: 

 

Մոտ մեկ շաբաթ սպասումից հետո, վերջապես եկավ օրը: Մոնթեի վարժարանը Դիլիջանի բարձունքում է՝ շրջապատված անտառով: Հեռվից սպիտակ շենքը ավելի շատ շքեղ հյուրանոց է հիշեցնում, քան վարժարան: 

 

Անսպասելի էր ամեն ինչ. սկսած վարժարանի դարպասից, որը սովորական անվտանգության փոխարեն Ռազմական ոստիկանությունն է հսկում: Անկախ քեզնից սթափվում ես ու վարժարանին սկսում նայել որպես զինվորական կառույցի՝ չնայած ներքին հարդարումն էլ է շքեղ հյուրանոց հիշեցնում:

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

Տարօրինակությունների շարքում առաջին տեղում է մեծ ընդունարանը: Սովորաբար ռազմական կառույցներում երկար ու նեղ միջանցքներ են, այստեղ՝ լայն ու ընդարձակ, սովորաբար գույները մռայլ են, այստեղ՝ վառ ու լուսավոր: Վարժարանը հենց մուտքից սկսած փոխում է ռազմականի մասին պատկերացումները: Ճիշտ է, այստեղ բոլորը զինվորական համազգեստով են, բայց ազատության շունչ է զգացվում: 

 

Միջանցքներում կարելի է տեսնել սաների խմբեր, որոնք նստած գիրք են կարդում կամ ինչ-որ թեմա են քննարկում:

 

Ինձ ուղեկցում են տնօրենի սենյակ, ուր երկու տեղակալներն են՝ մեկը համազգեստով, մյուսը՝ ոչ: Երկուսն էլ Մինասյան՝ Ալիկն ու Վանիկը: Համազգեստովը ռազմամարզական գծով է, քաղաքացիականովը՝ ուսումնական: Ինձ ներկայացնելուց հետո տնօրեն Գեղամ Սարգսյանն ասում է, որ հրահանգավորելու է տեղավորել սպաների եւ ուսուցիչների համար նախատեսված շենքում՝ յոթհարկանիում՝ առանձին սենյակով: Հրաժարվում եմ. ավելի լավ է սաներին մոտ լինել, որ ամբողջովին զգամ նրանց առօրյան: Մինչեւ ճաշ ազատ ժամանակ են տալիս, որպեսզի ինքս ընտրեմ, թե որ դասերին եմ ուզում ներկա գտնվել:

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

Առաջին օրն ընտրում եմ ամենաակտիվ դասարանը՝ 10-ի Դ-ն, կամ ինչպես իրենք են ասում՝ առաջին կուրսի 4-րդ դասակը: Դասարանը երկու կողմից մեծ լուսամուտներ ունի՝ տարօրինակ առանձնահատկություն, անգամ, սովորական դպրոցի համար: Գրատախտակի մոտ մի երիտասարդ տղա է, ով արտաքնապես սաներից քիչ է տարբերվում՝ ընկեր Գրիգորյանը: Թույլտվություն ստանալուց հետո մտնում եմ դասարան եւ զարմանում՝ սաները նրան շատ լավ են ենթարկվում: 

 

Անգլերենի դաս է, հոգնակիի կազմությունն են սովորում: Դասարանի ուշադրությունը իմ կողմն է. ամեն օր չէ, որ լրագրողի հետ են դասի նստում: Բոլորն ակտիվ են, ամենաակտիվը կողակիցս է՝ Տարոնը, ով անընդհատ հարցեր է տալիս, կարծես, իմ ուշադրությունը գրավելու համար:

 

Դասի ավարտին մոտենում են ուսուցչին: Գեւորգ Գրիգորյանը 25 տարեկան է, Բրյուսովի անվան համալսարանի ուսանող է, եկել է Դիլիջան՝ իր դիմումի համաձայն: Համալսարանի տնօրինության հետ համաձայնեցրել է, որ շաբաթվա մեկ օրը Երեւանում դասավանդի, մյուս օրերը այստեղ: Ծնունդով Վարդենիսից է, համալսարան ընդունվելուց հետո Երեւանում մենակ է ապրել, այնպես որ վարժարան տեղափոխվելիս ոչ մի խնդիր չի ունեցել: Մոնթե Մելքոնյանի վարժարան եկել է փոփոխություններ մտցնելու համար.

 

«Երբ նոր պիտի ընդունվեի աշխատանքի, ինձ հարցրին՝ ինչ կանես վարժարանում ուսուցումը ավելի լավը դարձնելու համար: Ասացի, որ պատրաստվում եմ ուսուցումը լինգոֆոնային դարձնել: Այսինքն՝ աշակերտները անգլերեն խոսք լսեն ու հետո փորձեն վերարտադրել: Հիմա շաբաթական մեկ դասաժամ այդ մեթոդով եմ դասավանդում: Աշակերտները գոհ են: Արդյունքն էլ ինձ է գոհացնում»: 

 

Երկրորդ դասը աշխարհագրություն է: Մինչ սկսվելը ծանոթանում եմ աշակերտների հետ: Չնայած, որ որպես լրագրող ներկայացա, բայց բոլորը փորձում էին հասկանալ՝ ո՞վ եմ ես իրականում, ինչո՞ւ եմ եկել: Ուսուցչի հեռանալուց հետո, խմբով հավաքվեցին շուրջս, կրկին ներկայացա, իսկ հետո նրանց անուններն էի լսում: 

 

Վերջում նախապես ներողություն խնդրեցի, որ ոմանց անունները սկզբում խառնելու եմ. ես մենակ եմ՝ սաները մոտ 180-ը: Տղաներից մեկը քթի տակ ժպտաց ու բարձրաձայն ասաց՝ իմը հաստատ կհիշես: Երկրորդ դասին այդ տղան առաջինից ավելի ակտիվ էր մասնակցում, ուսուցիչն էլ՝ նկատողությունը նկատողության հետեւից.

 

«Ապրես Տարոն, ուրիշներին էլ թող պատասխանեն… Տարոն գիրքդ որտե՞ղ է…»:

 

Տարոնը Տարոնը

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

Երբ դասը վերջացավ Տարոնը նույն վստահ ժպիտով մոտեցավ ինձ.

 

«Հիմա հաստատ անունս հիշում ես, չէ՞»:

 

Իրականում ՝Տարոնը միակ սանն էր, ում անունը մինչեւ վերջ հիշեցի:

 

Երկուսին ճաշի ժամն է: Ճաշարանային պայմաններում՝ ռեստորանային որակ: Երեք տաք ուտեստ, մեկ առաջին, երեք աղցան, հյութ, թարմ հաց. մինչեւ վերջ էլ չհասկացա, թե ինչպես էին տղաները հայացքով բացատրում մենյուից իրենց ընտրությունը: Ճաշարանում լռություն է, բոլոր խոսակցությունները՝ շշուկով: 

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

Աշխատակցուհին սկզբում զարմացավ՝ անծանոթ դեմք տեսնելով: Հետո առաջարկեց մենյուն ու ինձ սպասարկեց բոլոր սաների պես: Պարզվում է, որ վարժարանի ճաշարանը մայրաքաղաքի ամենահայտնի կազմակերպություններից մեկն է սպասարկում: Աշխատակիցները Դիլիջանում տուն են վարձել, որ ամեն օր առավոտյան ժամը յոթին լինեն վարժարանում ու նախաճաշ պատրաստեն:

 

Ճաշից հետո տղաների ազատ ժամանակն է, իսկ ինձ մոտենում է պարոն մայորը եւ ուղեկցում 208 սենյակ, որտեղ էլ անցկացնելու եմ իմ մեկ շաբաթը: Մտնում եմ ներս ու սկսում իրերս դասավորել: Մի քանի րոպե անց ներս են մտնում երեք սան՝ Կարենը, Արթուրը եւ Կառլենը՝ իմ հարեւանները: Սկսվում է ծանոթությունը սենյակի հետ.

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

«Երկու երկհարկանի մահճակալներից կարող ես ընտրել, որը ցանկանաս, կարող ես անգամ առաջին հարկը ընտրել: Ցնցուղը ընդհանուր է, կարող ես լողանալ, երբ ցանկանաս՝ այսինքն, երբ ազատ ժամանակ ունես. դա նաեւ սաներին է վերաբերվում: Սենյակի դուռը մեզ մոտ երբեք չի փակվում, գողություն չկա, հանգիստ իրերդ կարող ես թողնել: Սա էլ պահարանն է՝ ամբողջ պատով մեկ՝ աջ հատվածը քեզ համար արդեն դատարկել ենք»:

 

Շարունակում եմ իրերս դասավորել, իսկ տղաները գնում են դասապատրաստման:

 

Լուսանկարը` Սպարտակ Գրիշյան/Մեդիամաքս

 

Երբ միացա տղաներին, դասապատրաստումն ավարտվել էր, անձրեւ էր սկսվել ու շարայինի փոխարեն հավաքվեցինք դասարանում: Սկսեցինք անկեղծ զրույցը՝ սահուն անցում կատարելով անեկդոտներին, որտեղ չեմպիոնը գյումրեցի Կյաժն էր: Պարզեցի, որ մականուններ վարժարանում գրեթե չկան եւ երկրորդ անունը կարող է հնչել միայն սանի համաձայնությամբ: 

 

Հետո տղաները սկսեցին անկեղծանալ: Շքեղ պատերի ներսում նաեւ կենցաղային խնդիրներ կան, դեպի բարձունք ճանապարհը քարքարոտ է լինում: 

 

Պարզվում է՝ բացումից մինչեւ հիմա սպասում են շաբաթական մեկ անգամ Երեւան-Վարժարան, թեկուզ վճարովի, տրանսպորտին: Իրենց համար չեն մտածում, այլ ծնողների: Գործող կարգով առանց ծնողի սանին վարժարանից դուրս չեն թողնում: Առաջարկում են՝ ծնողը գրավոր ամիսը կամ կիսամյակը մեկ թույլտվություն տա, որ ամեն շաբաթ գումար չծախսի երեխայի հետ գնալ-գալու վրա: 

 

- Վարժարա՛ն շարվի՛ր...

 

20:00-ն ընթրիքի ժամն է: Շարքուվ գնում ենք դեպի ճաշարան՝ ոչ թե դրսով, այլ ներսով. անձրեւ է: Ընթրիքից հետո շարվում ենք անվանականչի: Անձրեւը դեռ չի վերջացել: Սովորաբար անվանականչը դրսում է լինում, այս անգամ տղաները շարվեցին ներսում: Կողքի շարքից ձայն եմ լսում.

 

«Երնեկ վաղն էլ անձրեւ լինի, առավոտյան չենք վազի»:

 

Հանկարծ դասակի հրամանատարը նկատում է, որ սաներից մեկը չկա:

 

«Դասա՛կ, վազքով դեպի սենյակնե՛ր: Գտե՛ք Ձեր ընկերոջը, բերե՛ք»:

 

Քիչ անց, երբ դասակը կրկին շարվում է, բոլորն արդեն տեղում են:

 

22:00-ին բոլոր սաները պետք է քնած լինեն, իսկ ես պիտի աշխատեմ: Միջանցքում լույսերը անջատված են, փորձում եմ հարմար տեղ գտնել, որտեղ լույս կլինի եւ էլեկտրականություն: Մեջքիս հետեւից ձայն եմ լսում.

 

- Այդ ո՞ւր, ինչո՞ւ քնած չես…

 

Երբ կանգնում եմ, պարոն մայորը մոտենում է, ուղեկցում մոտակա դասարանն ու խորհուրդ տալիս երկար չմնալ. վերկացն առավոտյան յոթին է:

 

Շարունակելի:

 

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 2018-2019 թթ. ուսումնական տարվա ընդունելության պայմաններին ծանոթացեք այս հղումով:

 

Սպարտակ Գրիշյան՝ հատուկ Մեդիամաքսի համար


Լուսանկարները՝ հեղինակի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին