Քնար Հարությունյան. “Սերը եւ տեխնոլոգիաները” - Mediamax.am

2276 դիտում

Քնար Հարությունյան. “Սերը եւ տեխնոլոգիաները”


Քնար Հարությունյան
Քնար Հարությունյան

Այսօր` քսանմեկերորդ դարում, կյանքն ընթանում է չափազանց արագ, մեր շուրջը կատարվող իրադարձությունների և երևույթների զարգացումներն ու փոփոխություններն իրար են հաջորդում մոլեգին սլացքով, ամեն վայրկյանի ամբողջ աշխարհում ձևավորվում և կուտակվում է տեղեկատվության հսկայական զանգված, որի փոխանցումն ու տարածումը շատ կարևոր է մեր երկրագնդի ինչպես ցանկացած պետության, այնպես էլ անհատի համար:

Ժամանակակից մարդուն խիստ անհրաժեշտ է լինել տեղեկացված, որպեսզի ետ չմնա կյանքի ռիթմից, աշխատանքում և ընդհանրապես հասարակության մեջ պահպանի իր դիրքը, ընթանա դեպի իր նպատակը և ի վերջո լինի առաջինն իր ընտրած ուղում: Թերևս ճշմարտացիորեն կնկատեք, որ բոլոր դարաշրջաններում էլ տեղեկացված լինելը եղել է մարդու համար կարևորագույն և առաջնահերթ խնդիր, անգամ քարանձավաբնակ մեր նախնիների համար կարևոր էր իմանալ` որտեղ և երբ կարելի է գտնել լավ որս: Այո', դա ճիշտ է, սակայն այսօր փոխվել է տեղեկատվության ծավալը և այն ստանալու արագությունը: Մեզ անհրաժեշտ է իմանալ հենց այս րոպեին, թե ինչ է կատարվում այս պահին երկրագնդի հակադիր կետում: Այլևս չենք կարող սպասել, որ մեր գրած նամակը ամիսներ տևած ճանապարհորդությունից հետո հասնի մեզնից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող մեր սիրելիներին: Մենք ուզում ենք, որ տվյալ պահին գրվող մեր նամակը ստանան, կարդան և պատասխանեն անմիջապես: Չենք բավարարվում միայն հեռախոսով ձայն լսելով, ցանկանում ենք միաժամանակ տեսնել խոսակցին: Երևի քսաներորդ դարի սկզբում սա հնչեր զվարճալի կամ էլ խելագարություն թվար, սակայն այսօր` քսանմեկի սկզբում սա իրականություն է, մեր առօրյայի մի մասը: Մեր ցանկություններն իրականանում են շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների: Մարդն անզոր կլիներ քսանմեկերորդ դարի այս մրցավազքում, եթե որպես օգնականներ չստեղծեր և կյանքի նոր պայմաններին համապատասխան անընդհատ չկատարելագործեր նորագույն տեխնոլոգիաները: Ուստի պատահական չէ, որ համակարգիչն իր տարբեր ձևերով, չափերով, տեսակներով և անվանումներով, համացանցն իր սոցցանցերով և ամենազանազան կայքերով և մյուս տեխնոլոգիաները մեծ արագությամբ ներխուժեցին մեր կյանք` դառնալով դրա անբաժանելի և կարևոր մասը: Այս ամենն այնքան արագ եղավ և այնպես կարևորվեց, որ այսօր ուղղակի անհնար է կյանքը պատկերացնել առանց դրանց: Եւ սա չափազանցություն չէ: Ինչպես չդառնային անբաժանելի և կարևոր, եթե սրանք մեզ օգնում են ոչ միայն մեր աշխատավայրում, լսարանում և դասարանում, այլև մեր տանը և ամենուր, գլխավորը` մարդկային հարաբերությունների մեջ: Նորագույն տեխնոլոգիաները վերացրին մարդկանց միջև հազարավոր կիլոմետրերը, ծովերն ու օվկիանոսները, մոռացնել տվեցին ժամանակյին տարբերությունները և հնարավորություն ընձեռնեցին ամեն պահի շփվել մեր սիրելի և թանկ մարդկանց հետ: Նրանց շնորհիվ այսօր հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններում գտնում են իրենց սիրելիներին, իսկ սիրահար զույգերը նորագույն տեխնոլոգիաների ընձեռնած ամենաբազմազան և կատարելագործվող միջոցներով կարողանում են լինել միասին անգամ այն ժամանակ, երբ տարածությունը բաժանում է իրարից: Այստեղ արդեն նորագույն տեխնոլոգիաները դառնում են մարդկային սիրո փոխանցման միջոց, գործիք, որոնց շնորհիվ ամեն վայրկյան կարող ես լսել սիրելի էակիդ ձայնը, տեսնել նրան և գրել ու ստանալ հաղորդագրություններ: Եւ այդ ամենը նույն պահին` առանց վայրկյանի իսկ կորստի, որովհետև սիրո համար վայրկյանն էլ հավերժություն է:




Մեր ընտրանին