Նարինե Սիմոնյան. “Սերը և նորագույն տեխնոլոգիաները” - Mediamax.am

2266 դիտում

Նարինե Սիմոնյան. “Սերը և նորագույն տեխնոլոգիաները”


Նարինե Սիմոնյան
Նարինե Սիմոնյան

XXI դար. ընդունված է անվանել տեխնոլոգիաների դար: XIX դարից սկսած տեխնոլոգիաները` հեռախոսը, հեռուստացույցը, համակարգիչը, իրենց ուրույն տեղը գտան հասարակական կյանքում: Դե իսկ 21-րդ դարում դրանց զարգացումը հասավ գագաթնակետին: Այսօր ոչ ոք իր կյանքը չի պատկերացնում առանց տեխնոլոգիաների: Աստիճանաբար հասարակական կյանք ներխուժելով` դրանք սկսեցին իրենց ազդեցությունը թողնել ամեն ինչի վրա, այդ թվում` սիրո:

Սեր… Զգացմունք, որ պատրաստ է իր բնականոն հունից հանել կյանքդ ու տակնուվրա անել հոգիդ: Սեր, որ տրվում է քեզ այն ժամանակ, երբ դու ինքդ էլ չես սպասում: Անում ես ամեն հնարավոր ու անհնարին բան տեկուզ մեկ անգամ սիրածդ էակի հետ խոսելու կամ նրան տեսնելու համար: Հիմա ամեն ինչ այդքան էլ բարդ չէ. կարող ես գտնել նրան, ով  իր մի հայացքով սրտիդ թրթիռները արագացրեց: Իրոք, դա այսօր այնքան հեշտ է: Եթե մի քանի տարի առաջ իրարից հեռու գտնվող սիրահարների համար դժվար էր միմյանց տեսնելն ու լսելը, ապա այսօր հ հեռախոսը, համակարգիչը լուծել են այդ խնդիրը:

 Տեխնոլոգիաները մարդուն մոռացնել են տալիս տարածությունը` հասանելի դարձնելով գրեթե ամեն ինչ: Այսինքն` սիրո հարցում վերացնում են հեռավորություն կոչվող խոչընդոտը` դառնալով փոքրիկ կամուրջ: Ցանկացած ժամանակ կարող ես զանգել նրան կամ պարզապես գրել նամակ` ինտերնետով կամ հեռախոսով, և քո նամակը օրերի փոխարեն հաշված վայրկյաններում կհասնի հասցեատիրոջը:

Ինտերնետի շնորհիվ շատերը ծանոթանում են իրենց կյանքի կեսի հետ` լինելով նաև տարբեր երկրներում, և շատերին է օգնել և դեռ կշարունակի միացնել միայնակ սրտերին: Ընկերուհիս էլ գտավ իր կյանքի կեսին ինտերնետի միջոցով: Նա հիմա շատ երջանիկ է և պատրաստվում է ամուսնանալ: Եվ ամեն անգամ իր երջանկության մասին խոսելիս չի մոռանում շնորհակալություն հայտնել Սթիվ Ջոբսին iPad ստեղծելու համար:

Չնայած ես այնքան էլ կողմ չեմ վիրտուալ շփմանը, բայց համաձայն եմ, որ նորագույն տեխնոլոգիաները լրացնում են այն բացը, որ կար անցյալում: Համենայն դեպս, իմ նոր ընկեր ինտերնետը ինձ շատ է օգնում խեղդել այն կարոտը սիրած էակի նկատմամբ, որ հաճախ է գլուխ բարձրացնում իմ մեջ:

Այս ամենից էլ հետևություն, որ դրանք, հատկապես Սթիվ Ջոբսի շնորհիվ, մեր կյանքը դարձնում են ավելի դյուրին:




Մեր ընտրանին