Երվանդ Իսմաիլյան. “Տարիներ հետո” - Mediamax.am

2651 դիտում

Երվանդ Իսմաիլյան. “Տարիներ հետո”


Երվանդ Իսմաիլյան
Երվանդ Իսմաիլյան

Բռնեցի պառավիս թառամած ձեռքը , մոտեցրի շուրթերիս … բույրը մնացել էր նույնը: Առաջվա պես շուրթերս դողում էին նրա ձեռքին հպվելիս , ամեն անգամ մանկանում էի,  դառնում  16-ամյա պատանի : Հիշում եմ, նա առաջ չէր հավատում սիրուն, բայց մենք արդեն կես դար է սիրում էինք իրար , ամեն օր սիրահարվում ու կյանքը լցնում նոր սիրով: Դա նման է ամեն օր ծաղկամանը նոր ծաղիկներով լցնելուն, դա երջանկությունն էր:

Հիմա մենք քայլում ենք մի փողոցով, որի հետ հուշերի բազմաթիվ թելերով կապված էինք: Այստեղ եղել է տիկնոջս հորական տունը: Որքան եմ թափառել այս փողոցում, սիրելիիս տեսնելու անհատակ ցանկությամբ, հետո արդեն ուղեկցել եմ նրան մինչև հին դալանը , որտեղի էլ մի օր դուրս եկավ մեր հարսանյաց ավտոշարասյունը:

Հիմա մենք, մի պահ կտրվելով մեր երեխաներից, թոռներից, եկել ենք մեր հին անկյունը, որտեղ ես առաջին անգամ նրան համբուրեցի, ստացա իմ առաջին ապտակը ու անմիջապես հետո պատասխան համբույրը: Քաղաքի հետ կապված հիշողությունները շատ շատ էին, սակայն ամենասկիզբը, կապված էր մի ինտերներտային կայքի հետ: Շատերն էին ասում, որ համացանցում վատնած ժամանակս կյանքի անիմաստ կորուստ է միայն: Բայց կյանքի անիմաստ կորուստով էլ ես գտա մի գանգրահեր աղջկա, սիրահարվեցի նրան, սիրեցի,  նա դարձավ իմ կինը, մենք երեխաներ ունեցանք, գրկեցինք մեր թոռներին:

Հիշում եմ, երբ առաջին անգամ իմ երկչոտ մատները ուղարկեցին նրան առաջին հաղորդագրությունը, սրտիս լարվածությամբ սպասում էի պատասխանին, պատասխանը չուշացավ: Ախ , որքան սպասված էր հաղորդագրության փոքրիկ ձայնը, որը սիրո ավետիս էր դարձել: Որքան անքուն գիշերներ եմ անցկացրել նոթբուքը ծնկներիս: Որքան եմ զայրացել  անպատասխան նամակներից, ինտերնետի վատ որակից, հուզվել նրա նոր նկարներից, ապրել նրա էջին զուգնըթաց: Մատներս անզուսպ խաղում էին ստեղնաշարի վրա  ու ամեն անգամ ծնվում էր մի նոր բանաստեղծություն, որը սակայն ստեղծված էր լոկ “ստատուս” դառնալու համար, ու ոչ թե որ  հավաքի տասնյակ Like-եր , այլ որ այն կարդան ինձ շատ սիրելի զույգ աչքերը: Այդպիսին էին ժամանակները, այդպիսին էր կյանքը 21-րդ դարի սկզբին: Հետագայում տղաս առաջին անգամ հենց Ipad-ով ցույց տվեց իր ընտրյալին, իսկ փոքրիկ թոռնիկս արդեն սկսել է իր որոնումները սոցիալական ցանցերում: Զարգանում են ժամանակները, մարդիկ ցանկանում են առավելագույնը քաղել նոր տեխնոլոգիաներից: Ես ու տիկինս գոհ ենք, մենք կարողացանք դրանցից քաղել առավելագույնը ` իրար:




Մեր ընտրանին