Տաթև Դերզյան. “Իմ սերը եւ տեխնոլոգիան” - Mediamax.am

2722 դիտում

Տաթև Դերզյան. “Իմ սերը եւ տեխնոլոգիան”


Տաթև Դերզյան
Տաթև Դերզյան

Կյանքը հիասքանչ է իր բարդույթներով: Սակայն որքան էլ, որ դժվար լինի, մեծ է ապրելու, սիրելու և սիրված լինելու  ցանկությունը: Լինում են պահեր, որ քեզ դժբախտ ես համարում և չկա այն մեկը, ով կարող է քեզ փարատել ու հասկանալ: Ու այդ ժամ, մեր տեխնիկապես զարգացած դարում օգնության է հասնում համակարգիչը: Այս կյանքի անխոս օգնականը այսօր կապող օղակ է անծանոթ աշխարհի հետ:

Տեխնիկան ինձ ծանոթացրեց քեզ հետ: Ինձ տվեց քո էլեկտրոնային հասցեն, քո նկարը, դարձանք վիրտուալ ընկերներ: Բայց դա քիչ էր ինձ համար: Իմ առջև է միայն ստեղնաշարն ու էկրանը, որոնք թույլ են տալիս հաղորդակցվել քեզ հետ ու երազել…

... Մի օր քեզ կտեսնեմ հեռու-հեռվում և կհանգստանա խենթի պես տանջող իմ հոգին: Բայց այսօր քեզ տեսնում եմ միայն լուսավոր էկրանին: Աչքերս փայլում են հիացմունքից, ու եթե երկինքը գոռա, ես չեմ ափսոսի այն րոպեները, որոնք նվիրել եմ քեզ, այս սառը էկրանի միջոցով: Եթե լուսաբացները որոշեն այլևս չավետեն նոր օրվա ծնունդը, եթե Լուսինն ու Արևը որոշեն խախտել տիեզերական իրենց հաջորդականությունը, ես կաղոթեմ քեզ համար՝ մոռանալով սեփական եսս:

Դու հիմա համացանցում չես, էկրանիս չի երևում քո սրտի բաբախը: Ձեռքերդ դեռ չեն դիպել մանուշակագույն ծաղիկներիս, որոնք քեզ եմ ուղարկել էլեկտրոնային փոստով: Ոչինչ, ինչ արած, ես կսպասեմ…

Կանցնեն ժամեր: Օրեր կանցնեն… Իսկ համակարգչային ստվերները, որ արդեն հարազատ են, կշշնջան ականջիս. «Նա քոնը չէ, մի սպասի…» Բայց ո´չ, մայրամուտի կարմիր շողերի մեջ ես կշարունակեմ փնտրել քեզ:

… Ու հանկարծ  էկրանս դարձավ սև…

Անսիրտ համակարգիչս զգացմունքներս էր ստուգում, իսկ ես անհամբեր կոճակներն էի սեղմում, որ քեզ չկորցնեմ ու կրին տեսնեմ:

Այդ խենթացող մշուշում, որ ես երբեք չեմ մոռանա, քո պատկերն է աչքիս առաջ:

Ես հասկանում էի իրականությունը, բայց չէի ուզում ընդունել այն, ինձ գայթակղում էր վիրտուալ կյանքը, որ կատարում էր իմ բոլոր ցանկությունները:

Ես հրաշք էի սպասում, բայց խենթ համակարգիչս որոշեց իրողությունն ինձ փոխանցել ու խորհուրդ տվեց թեթև նայել իրականությանը, նայել այնպես` ինչպես վրա հասած հրաշքի: Եվ ես փորձեցի վերծանել անհոգի ապարատի խորհուրդը:

Այն անհասկանալի զգացմունքը, որը ես իմ միամտությամբ ինձ համոզել էի «սեր» կոչել, թույլ տվեց հասկանալ, որ կա մի մեծ աշխարհ, որի անունն է երջանկություն ուր ես գտնելու եմ իմ իսկական սերը: Սակայն այդ ժամ ինձ այլևս պետք չի գա իմ հավատարիմ համակարգիչը, որովհետև մարդն այնպիսի արարած է, որ կարիք ունի ոչ միայն հոգեկան շփման, այլ նաև  մարմնի ջերմության:  Եվ ինչ էլ որ լինի ես չեմ մոռանա իմ առաջին հրապուրանքը: Կհիշեմ դեռահասիս անուրջները, երազներն անսահման, արցունքներս` թափված ստեղնաշարի տառերին: Ես միշտ էլ կարող եմ քեզ այցելել վիրտուալ կյանքում, խոսել քեզ հետ, նայել աչքերիդ ու շնորհակալ լինել ճակատագրիս, որ կարողացա հասկանալ այս գաղտնի զգացմունքը: Ես ապրեցի քեզնով, շնչեցի քեզնով: Չհեռացա այս խելահեղ աշխարհից, որովհետև հասկացա, որ կյանքում կան վայրկյաններ, որոնք քաղցրություն են պարգևում և երբեք չեն մոռացվում:

Իմաստուն է նա, ով կարողանում է ապրել, որովհետև հանուն սիրո արժի այրվել ու խենթանալ, անէանալ ու վերադառնալ իրականություն: Եվ ինչ էլ որ լինի միշտ կհիշեմ, որ երազելը սահմաններ չունի, և, որ տեխնիկան աշխարհընկալման կապող գործիք է միայն…




Մեր ընտրանին