Հարություն Ծատրյան. “Խաբում ենք ինքներս մեզ, բայց…” - Mediamax.am

2068 դիտում

Հարություն Ծատրյան. “Խաբում ենք ինքներս մեզ, բայց…”


Հարություն Ծատրյան
Հարություն Ծատրյան

Աշխատանքային ժամերը նրա համար ավարտվում էին այն պահին, երբ կարողանում էր online դառնալ Facebook-ում, իսկ դա հաճախ էր պատահում 21-ամյա աղջկա հետ, ում վերջերս շարունակաբար մի բան էր տանջում. «Եթե նրանք այս անգամ էլ գրեն, ապա անպատասխան չեմ թողնի: Գոնե մի բան կգրեմ, այլապես էլ չեմ դիմանում սիրված ու ինչ-որ մեկին սիրած լինելու գայթակղությանը: Գո՞ւցե բախտս այսկերպ կբացվի: Ընկերուհիներս վաղուց արդեն ազատորեն խոսում են տղաների հետ, իսկ ես… Ինչքա՞ն կարելի է: Վե՛րջ, ես որոշել եմ շփվել առաջին պատահած անծանոթի հետ»:

Առավել գաղտնի ու համարձակ լինելու համար նա որոշեց «փոխել գրանցումը». նոր էջ բացեց «հայրենական» Odnoklassniki-ում, որին հրաժեշտ էր տվել մեկուկես տարի առաջ, երբ այդ սոցիալական կայքի վարկը զգալիորեն ընկավ Հայաստանում: Նոր էջը գրանցելիս սխալ տվյալներ նշեց, նույնիսկ աղավաղեց սեփական անունը՝ Ալլան դարձնելով Լալա: Առաջին իսկ օրը սկսեց «թափառել»՝ պարբերաբար մտնելով ծանոթ-անծանոթ տղաների անձնական էջերը:

- Բարեւ, Լալա ջան: Կարո՞ղ ենք ծանոթանալ: Դուք, հաստատ, այնքան գեղեցիկ եք, որ մոռացել եք ներբեռնել Ձեր նկարը: Եթե դա Ձեզ համար դժվարություն է, ես կանեմ այդ գործողությունը Ձեր փոխարեն, սիրունի՛կս:

- Բարեւ: Ինչի՞ց իմացաք, որ սիրունիկ եմ: Իսկ գո՞ւցե դիտմամբ նկար չեմ դրել,- շփոթված պատասխանեց Ալլան:
 - Դե, եթե սիրուն չլինեիր, ես քեզ հետ չէի խոսի, կյա՛նք:

«Կյա՞նք: Առաջին անգամ մեկն ինձ «կյանք» է անվանում: Ախր, այնքան հաճելի է. երանի թե միշտ ինձ այդպես կոչեին: Իսկ մի՞թե չարժե մի փոքր սեթեւեթել: Ասում են, թե մի քիչ պետք է թանկացնել սեփական անձդ ուրիշների հետ շփվելիս»,- մինչ այսպես էր մտածում, Արմենը՝ մտերիմ կուրսընկերը, «հյուրընկալվեց» նրա նոր էջում. դա պատասխան «հյուրընկալում» էր:

- Բարեւ: Ուզում եմ ծանոթանալ քեզ հետ, կյա՛նք: Ախր նենց սիրուն անուն ունես, որ միանգամից գրավեց: Չէի կարող չգրել:

«Ախր, ինչո՞ւ է խաբում այս հիմարը: Օրեր առաջ խոստովանեց, որ իր սիրելի անունների շարքում երբեք չեն լինի Ալլա-ն, Ալվարդ-ը, Գյուլվարդ-ը, ու… Լալա-ն: Մի՞թե համացանցում բոլորն են խաբում»,- ինքնիրեն հարցրեց Ալլան՝ դողդոջուն ձեռքերով հավաքելով.

- Այո՛, ուզում եմ: Ու գիտե՞ս` էլ ինչ կուզեմ:
- Իհարկե, քո նման սիրունները միայն մի բան չեն ուզում: Իսկ ես միայն քեզ եմ ուզում, Լալա ջան: Գուցե մի փոքր սանձարձակ եմ, բայց հիմա այդպիսին եմ: Եթե կարող ես, ապա փորձիր սանձահարել ինձ:
- Ես չեմ ցանկանում փոխել քեզ: Ավելի լավ է, պատմիր քո մասին…

Արդեն իսկ շաբաթվա վերջում Լալա դարձած Ալլան հիասթափվեց Odnoklassniki-ից. «Տղաներ կան, որ ավելի լավն են իրական կյանքում, քան այստեղ՝ ստերի ու սին պատրանքների աշխարհում: Իսկ կա՞ն նաեւ այնպիսինները, ովքեր լավն են թե՛ այստեղ, թե՛ իրական կյանքում: Եթե կան էլ այդպիսիք, ապա նրանցից մեկը կլինի իմ ընտրյալը: Ես այստեղ եմ սեր փնտրելու… ու հաստատ կգտնեմ»,- մտքում հաստատորեն որոշեց Ալլան:

Ամբողջովին ճերմակած մազերով, դողդոջուն ու փոքրացած մարմնով 84-ամյա Ալլան շարունակում էր իր՝ անդրաշխարհ մեկնած ամուսնու հետ խոսել 21-րդ դարասկզբին հիմնված Skype ծրագրի գերժամանակակից՝ անդրշիրիմային տարբերակի միջոցով. ամուսնու պատկերն ամուսնական մատանուց լազերային ճառագայթների միջոցով հայտնվել էր իր դիմաց:

- Քեզ շատ եմ կարոտել:
- Կյա՛նքս, ես էլ քեզ: Սպասում եմ քեզ, կյա՛նքս: Գիտեմ՝ շատ երջանիկ ես, քանի որ ես քեզ հետ եմ ամենուր: Շնորհիվ 21-րդ դարի 50-ական թվականների տեխնոլոգիական հայտնագործությունների՝ ես միշտ քեզ հետ կլինեմ:
- Ա՜խ, եթե սա էլ չլիներ, ապա…

Ալլան երջանկացած գրկեց ու համբուրեց լազերային ուրվականին. կրկին խաբում էր ինքն իրեն:




Մեր ընտրանին