Լիլիթ Ավետիկյան. «Անհավանական բարի պատմությունը» - Mediamax.am

1614 դիտում

Լիլիթ Ավետիկյան. «Անհավանական բարի պատմությունը»



-Գրիր,- ասաց ներքին ձայնս, երբ կարդացի շարադրությունների մրցույթի մասին հայտարարությունը:
-Չեմ գրի:
-Ինչու՞:
-Որովհետև չեմ կարող մտաբերել մի այնպիսի պատմություն, որն այնքան ուժգին դիպչի ընթերցողի սրտին, որ գովասանքի արժանանամ:
-Բայց կարող ես գրել մի պատմություն, որ թեկուզ մի մարդու կվերադարձնի հույսը, մի մարդու, ով մոլորության մեջ կարծում է, թե աշխարհը չարիքի հիմքի վրա է կառուցված:
-Ես որևէ անհավանական բարի պատմություն չեմ հիշում իմ կյանքում:
-Համա թե անպիտան արարածն ես: Հայրդ փրկվեց ավտովթարից, մայրդ հաղթահարեց հիվանդությունը, եղբայրդ ժայռից ցած գլորվեց, բայց ողջ մնաց, գումար չունեիր ուսմանդ վարձը վճարելու և հաջողվեց անվճար համակարգ տեղափոխվել: Շարունակե՞մ:
-Կգրեմ:

Բարին դարձյալ հաղթեց չարին և միշտ էլ այդպես է, որովհետև բարին առավել զորեղ է: Ուղղակի պետք է կարողանալ գիշերվա մթության մեջ էլ զմայլվել աստղերով։ Ես իրատես եմ: Աստված լցրել է իմ կյանքը անհավանական բարի պատմություններով, վերոնշյալ դեպքերն իսկապես պատահել են ինձ: Բայց կա մի պատմություն, որն առավել անհավանական ու բարի է, պարզապես պատահել է մտերիմ ընկերուհուս:

Արդեն վաղուց հարազատ ու սրտակից բարեկամներ էինք: Մի անգամ Ալվարդն ինձ հրավիրեց իրենց տուն: Մայրը՝ խոնարհ, հաճելի մի կին, թեյ էր պատրաստում: Ես էլ հոր հետ էի զրուցում: Հանկարծ հայրը ձայն տվեց մորը.

-Ալվարդ, թեյն ի՞նչ եղավ:
-Ալվա՞րդ,- զարմացած հարցրի ես: - Դուք երևի շփոթեցիք ձեր կնոջ ու դստեր անունները:
-Նրանք նույն անունն են կրում:
-Ինչպե՞ս, մայր ու աղջի՞կ:
-Դա երկար պատմություն է:
-Եթե պատմեք, ես սիրով կլսեմ:

Մի փոքր երկմտելուց հետո համաձայնվեց:

-Երիտասարդ էի, երբ հանդիպեցի կնոջս: Ես չսիրահարվեցի նրան, այլ միանգամից սիրեցի՝ սիրեցի, ինչպես Չարենցն է ժամանակին սիրել Արփենիկին: Ամուսնացանք, մի տղա և երկու աղջիկ ունեցանք: Շատ էինք սիրում մեր տղային, բոլորն էին սիրում նրան: Այնքան համեստ էր, տաղանդավոր, բացսիրտ, կարեկից, օգնում էր բոլորին: Վերջապես նա դարձավ չափահաս և պետք է զորակոչվեր բանակ: Տարիներն այնքան լի էին սպասումով, հույսով, որ կգա ու նորից ուրախությամբ կլցնի մեր տունը: Վերադարձին սպասելիս, սակայն, դուռը բացեցինք ոչ թե տղայիս, այլ այդ սարսափելի բոթաբերի առջև… Զոհվել էր պատերազմում:

Ես զգում էի՝ ինչպես էր կամքը մուրճի նման փշրում աչքերում հավաքվող արցունքի հատիկները, որ հանկարծ դուրս չհորդեին մեկը մյուսի հետևից: Շարունակեց.

- Պատկերացնել միայն կարելի է, թե ինչպես աշխարհը փուլ եկավ մեր գլխին: Աղջիկներս ամուսնացել էին արտերկրում: Ես ու կինս իրար սփոփելով գլորում էինք չարաբաստիկ ժամանակը, որ այնքան տանջում էր ու ցավեցնում: Տարիներ անցան այսպես, միայնության մեջ ձգվող անդարձ տարիներ: Տարիների դառնությունը, սակայն, փոխվեց մի քաղցր ավետիսով՝ մենք երեխա էինք ունենալու: Սրտի թրթիռով էինք ես ու կինս սպասում մեր ծերության զավակի ծննդյանը: Նա կլիներ մեր հույսն ու լույսը: Աղջիկս ծնվեց: Բայց դարձյալ մի դառը հարված հասցրեց բժշկի խոսքը.

-Ձեր կինը շատ ծանր վիճակում է: Ցավում եմ, բայց նա բավականաչափ ուժ չունի ապրելու համար:
-Հուսահատ էի։ Ծայրահեղ դատարկության մեջ աղջկաս անվանակոչեցի Ալվարդ՝ սիրելի կնոջս անունով, որ ամեն անգամ նրա անունը հնչեցնելիս կնոջս՝ մեղմ ժպիտով բարության ծովում ծփացող հայացքը հայտնվի աչքերիս առաջ: Եվ որքան զարմացրեց Աստծո հրաշքը թե ինձ, թե բժիշկներին, երբ կինս անսպասելիորեն դուրս եկավ կոմայից: Նա ապրեց: Ահա թե ինչու մայր ու աղջիկ նույն անունն են կրում:

Ես բառեր չէի գտնում՝ արտահայտելու չգիտեմ հուզմունքս, զարմանքս, թե հիացմունքս: Միայն արտաբերեցի.

-Դա անհավանական է:
-Այո, անհավանական: Այդ անհավանական բարի պատմությունն իսկապես պատահել է ինձ:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին