Մարի Թեւոսյան. Հացաշատ բարություն - Mediamax.am

1428 դիտում

Մարի Թեւոսյան. Հացաշատ բարություն



Հաց էր բերել, որ դադարեինք տառապել հոգևոր քաղցից...

Միթե՞ բարության մարմնավորումը չէ այն ծերուկը, ով հացի տեսքով հույս էր բերել մեզ, բայց հուսահատված հեռացավ հացաշատ ու սակավահույս այս երկրից...

Այսօրվա նման հիշում եմ. հայրս փոխում էր հետուստաալիքները՝ բոլոր ալիքներով նույն խոսուն աչքերով մարդն էր, ով պետք է կնքվեր հաց բերող անվամբ, իսկ իմ հիշողության մեջ մնար որպես թախծոտ աչքերով բարի ծերուկ... Հիշում եմ՝ ինչպես էր հանձնվում ոստիկաններին. անհույս, բայց հպարտ, կաղում էր մի ոտքից, բայց երկու ոտքով ամուր կանգնած էր հողագնդին ու վստահ էր իր քայլերում... Բերանիցս թռավ ու օդում կախվեց հարցս. «Պա, հիմա ի՞նչ է լինելու այս մարդու հետ»։ Հարցիս պատասխանը չստացա, հայրս օրորեց գլուխն ու անջատեց հեռուստացույցը... Սկսեցի լացել, հասկանում էի, որ նրա բարությունն ու սերը դեպի իր ժողովուրդը կործանարար ու ճակատագրական են լինելու...

Միթե՞ բարի լինելու համար մարդուն պետք է ձերբակալեն, իսկ ինչու են ծնողներս ինձ սովորեցրել բարի լինել. ես չէի ուզում ձերբակալվել...

Ժամանակի հետ հասկացա, որ բարությունը երբեք չի կորցնում իր արժեքն ու ուժը, ինչքան էլ տրորեն ցեխոտ ոտքերով, ինչքան էլ տանջեն մութ բանտերի ճնշող պատերի տակ, ինչքան էլ վախեցնեն մահով. հաց բերողը դա ինձնից շա՜տ շուտ էր հասկացել...

Լրատվամիջոցները տարածում էին նոր գույժը՝ հաց բերողը հացադուլ է հայտարարել. չարերը ձեռնոց էին նետել բարուն, իսկ ես վստահ էի, որ կհաղթի բարին... Երանի ամեն ինչ ավարտվեր հեքիաթների պես՝ բարին հաղթեր չարին ու ապրեր երկար տարիներ... Չապրեց... Թե՞ ապրեց, ապրում է... Ազգիս բաժին հասած երկրային բարությունը այլևս երկնքում է, բայց նա ապրում է մեր կողքին ու մեր սրտերում. չէ՞ որ մեզ բոլորիս էլ ժամանակին մեր ծնողներն ասել են, որ բարին կա, ապրում է մեր կողքին ու մեր մեջ...

Իսկ երբ հրաժեշտ էին տալիս բարության իմ կերպարին, ես հասկացա՝ նա միայն ինձ համար չէ բարության մարմնավորում, հազարավորների համար նա հեքիաթի բարի հերոսներից ավելի բարի է ու ուժեղ, հազարավորների համար նա բարության իրական դեսպանն էր երկրում, ում շիրիմին ծաղիկների կողքին հաց էր...

Նա գնաց ու պատգամ թողեց իր հաջորդներին, որ հերոս չեն ծնվում, որ բարությունը երբեք անհետևանք չի մնում, որ մարդիկ բացի մի բուռ բարությունից ուրիշ ոչինչ չեն կարող միմյանց տալ, որ բարին կարող է պարտվել միայն ճակատամարտերում, իսկ պատերազմում աներկբայորեն հաղթանակը նրանն է լինելու. ափսո՜ս, չտեսավ պատերազմի հաղթական ավարտը...

Իսկ ո՞վ է ասել, որ աշխարհում հավերժական ոչինչ չկա. սուտ է՝ բարությունը հավերժ է, նա ապրում է աղքատի խրճիթում, փողոցի անկյուններից մեկում, հաց բերողի ժպտող աչքերում, իմ, քո ու բոլորի ներսում...




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին