Գոհար Ղալաչյան. Կանգառից կանգառ - Mediamax.am

843 դիտում

Գոհար Ղալաչյան. Կանգառից կանգառ



Թայլանդական մի սոցիալական գովազդում ասվում է, որ բարությունը նման է ջրի վրա առաջացող օղակների: Առաջին օղակից հետո այն շարունակվում է…

Օղակ առաջին

Շոգ Երևանի ամառվա տոթ օդը խթացել էր երթուղայինի սրահում: Անհանդուրժող են Երևանի երթուղայինները ամռանը: Շոգը մթագնում է, իսկ մի րոպե շուտ հասնելու չստացված ցանկությունը՝ չարացնում: Կարծես այս ամենը քիչ էր, հանկարծ երթուղային բարձացավ ձեռափայտով մի ծերունի: Ծերունին բարձրացավ ու երթուղայինի ուղևորների մեծ մասը կանգնեցին, որ զիջեցին իրենց տեղը ծերունուն:

- Արի՛, պապիկ ջան, այստեղ նստի, - լսվում էր բոլոր կողմերից:

Ծերունին չէր կողմնորոշվում, թե որտեղ նստի, իսկ ուղևորներն էլ  սկսեցին վիճել, թե ով է ի վերջո զիջելու իր տեղը: Հաղթեց մի երիտասարդ. նա մնաց կանգնած: Երբեմն հաղթանակը հենց անհարմարություն է:

Տոթ ու չարացած երթուղայինը մի տեսակ դարձավ բարի: Բարությունը խոսքեր չեն, որ արտաբերվում են գինովցած՝ կենացների ժամանակ, բարությունը գործողություն է, որ ամեն օր արվում է երթուղայինում, խանութում և փողոցում:

Օղակ երկրորդ

Երթուղայինը շարունակում էր ընթանալ իր ճանապարհով և այն Երևանում ընթացքող հազարավոր երթուղայիններից մեկն էր ու արդեն շատ տարբեր մյուսներից, բայց ոչ ոք չգիտեր այդ մասին:

Մի քանի կանգառից բարձրացավ միջին տարիքի մի մարդ: Նստեց իմ կողքը: Եվս մի քանի կանգառ ու հարցրեց.

- Կասե՞ք ժամը քանիսն է, խնդրում եմ:

Մինչ պատասխանում էի նրա հարցին, աչքս ընկավ նրա ձեռքի ժամացույցին:

Ի՞նչ իմաստ ուներ հարցնել այն, ինչ ինքն էլ կարող էր վայրկյանների ընթացքում իմանար:

Կյանքը երբեմն չափվում է ոչ թե րոպեներով ու ժամերով, այլ կանգառներով:

Մի կանգառ անց նկատեցի հարևանիս հեռախոսը. հեռախոսի կոճակների վրա հատուկ նշաններ էր արված, և նա էլ շոշափելով ինչ-որ համար հավաքեց, և երբ իրեն պատասխանեցին խոսափողից այն կողմ, ասաց, որ շուտով կհասնի շրջանային: Նա ուղղակի լավ չէր տեսնում, կամ գրեթե չէր տեսնում:

- Արդեն Ձեր կանգառն է, - ասացի իմ հարևանին, երբ հասանք շրջանային:

Նա ժպտաց, շնորհակալություն հայտնեց ու սկսեց արդարանալ, որ լավ չի տեսնում:

Իմ հարևանն իջավ՝ վճարելով նաև իմ փոխարեն ու նույնիսկ հնարավորություն էլ չտալով, որ շնորհակալություն հայտնեի:

Այն ինչ աչքը չի տեսնում, տեսնում է հոգին:

Օղակ երրորդ

Մեր բարի երթուղայինը շարունակում էր ընթանալ Երևանի խենթ խցանումներով: Մեքենաների ազդանշանների ու վարորդների ձայնի հետ անընդհատ ականջիս էր հասնում մի կնոջ ձայն, ով կիսալացակումած ինչ-որ բան էր  խոսում հեռախոսով ամբողջ ճանապարհին, և մի երկու կանգառ հետո, երբ երթուղայինում շատ քիչ ուղևորներ մնացին, սկսեցի ավելի պարզ լսել: Նա պատմում էր իր անելանելի վիճակի մասին, իսկ նրան փորձում էին սփոփել հեռախոսի մյուս կողմում:

Միշտ կա մի պահ, երբ մենք գլուխներս կախում ենք դիմացինին օգնելու անզորությունից, բայց շատ  ավելի հաճախ կախում ենք գլուխներս դիմացինի խնդիրը չնկատելու պատրվակով՝ քողարկված անտարբերության ոչ թափանցիկ շղարշի ներքո:

Մինչ շատերն էի պարուրված հարմարավետ այդ շղարշով՝ երթուղայինում հնչեց կանգառում կանգնելու խնդրանքը: Մի երիտասարդ կին նախքան կքայլեր դեպի դուռը, մոտեցավ լացակումած կնոջը, ձեռքում պահված գումարը դրեց կնոջ ձեռքին:

- Հուսամ սա Ձեզ գոնե ինչ-որ չափ կօգնի:

Կինը շփոթվեց, ցանկացավ մերժել, բայց տարբերակ չկար մերժելու: Երիտասարդ կինը արագ իջավ երթուղայինից: Հեռացող երթուղայինի պատուհանից նայում էի նրան: Այդ գումարով նա կարող էր իր համար նոր հագուստ կամ կոշիկ գնել, որի  կարիքը հաստատ ուներ:

Հաջորդը իմ կանգառն էր…

Ամառ էր, շոգ, Երևանն էր... Ուրիշ, բարի ու անհավանական Երևան էր...
 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին