Լուսինե Հախվերդյան. Բարությունը սահմաններ չի ճանաչում - Mediamax.am

1568 դիտում

Լուսինե Հախվերդյան. Բարությունը սահմաններ չի ճանաչում



Հայրիկս միշտ մեջբերում է մի նշանավոր մարդու խոսքերն, ըստ որի՝ ամենաերջանիկ մարդը նա է, ով երջանկացնում է ամենամեծ թվով մարդկանց...

Բարությունն ամենուր է, պարզապես պետք է սովորել տեսնել այն, թեկուզև համատարած չարության մեջ: Գրեթե միշտ անտարբերությունը հասունացող դժբախտության դրսևորումն է:

Չի կարելի անտարբեր անցնել այն մարդկանց և իրողությունների կողքով, որոնք հենց քո բարության կարիքն ունեն: Անհրաժեշտ է սիրել մարդկանց և հոգուդ մեջ սեղմ տարիների ընթացքում կուտակված սերը տալ նրանց՝ առաջին հերթին, ինքդ քեզ երջանկացնելով և նմանատիպ բերկրանք պարգևելով դիմացինին: Մի այդպիսի երջանկություն է տիրում իմ սրտում, որ ցանկանում եմ Քո դատին հանձնել, իմ սիրելի ընթերցող` փորձելով ներկայացնել ողջ հույզերիս ու ապրումներիս բովանդակութ¬յունը:

Ճիշտ և ճիշտ մեկ տարի առաջ էր, որ այս պատմության մասը դարձա: Փոքրիկ սոխակը դեռ շարունակում էր սիրով լցնել այդ առավոտը, երբ հանկարծ ամպերը մռայլվեցին և սկսեց անձրև մաղել: Անձրևը գնալով սաստկանում էր, իր հետ սրբել տանելով վառ հիշողությունները, տաք օրերը և սոխակի անմոռանալի «բարի լույսը»: Տերևները շարունակ կռվում էին «անպարտելի» քամու հետ, իսկ նրանք, ովքեր արդեն «պարտվել էին արյունարբու ոսոխից», պար էին բռնել, իրենց հետ ողջ քաղաքի փոշին և մարդկանց հայացքներն պարեցնելով : Քաղաքն այս անգամ իր դռներն էր բացել աշնան համար:

Իսկ ահա այս ցրտաշունչ աշունը սառեցրել էր ծեր և խեղճ շան մկանները: Շունը կարծես այլևս քամին չէր զգում, չէր զգում անգամ անձրևի կաթիլների կտկտոցը իր մեջքի դյուրագրգիռ ոսկորների վրա: Կյանքն ապրած, բայց կյանքից այդպես էլ ոչինչ չհասկացած շունը գիտեր, որ իր աչքով այլևս գարուն չի տեսնի:

Միայն մեկ նպատակ ուներ շունը: Թույլ չտալ, որ մոտալուտ ձմռանը ձագը մղկտա ցրտից: Իսկ ահա քամին չի ճանաչում, ո՜չ շուն, ո՜ չ մարդ, սուլում է անդադար: Ծեր շունը վերջին անգամ ուժերը հավաքեց և դուրս եկավ դեպի շտապող մարդկանց բազմություն: Ընկնում էր անցորդների ոտքերի տակ, այնուհետև ճիգով կանգնում և փորձում անցորդների հայացքների մեջ գտնել բարության գեթ մեկ նշույլ: Մնացած երկու ձագերն արդեն սատկել էին, այս մեկն էր մնացել: Հենց միայն նա ստիպեց պառավ մորը կրկին կանգնել և կրկին պայքարել:

Օրը վերջացավ, շունն այլևս ուժ չուներ, կաղկանձում էր սառած ոսկորների ցավից: Իսկ եղած հույսն էլ գրեթե մարել էր, ինչպես լույսերն ու աղմուկն են մարում կեսգիշերին: Հենց այդպես էլ մնաց տեղում գամված ողջ գիշեր, իսկ առավոտյան արդեն սատկել էր: Միայն ձագն էր գռմռում մեռած մոր փեշի տակ, ով այնտեղ անգամ ցրտի կսկիծ չէր զգացել: Մայրն չէր շարժվում, իսկ ձագն անգամ չէր ուզում հավատալ մոր պահվածքին: Իսկ այդ պահին հենց փողոցի այդ ծայրով էի անցնում ես՝ Լուսինես: Տեսնելով և միանգամից կռահելով իրավիճակը, որոշեցի ձագին վերցնել: Այդպես էլ արեցի:

Իսկ այսօր՝ այս կյանքից մերժված, բայց իր մեջ դիմադրելու ուժ գտած շան ձագն իմ մեծ ընտանիքի փոքր մասն է: Ու թող հանգիստ լինի ձագուկի մայրը: Իր տառապալից դեգերումներից հետո շունս՝ Փամփլիկը, երջանիկ է, որ ապրում է ինձ հետ: Երբեմն, պատահում է լուսամուտից աշունը տեսնելով տրտմում է, հիշում է մորը, բայց շուտով նորից աշխուժանում է՝ տեսնելով արդեն իրեն հարազատ դարձած ընտանիքիս անդամներին...




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին