Իգոր Միրզախանյան. «Անհավանական բարի պատմությունը» - Mediamax.am

942 դիտում

Իգոր Միրզախանյան. «Անհավանական բարի պատմությունը»



«Ի՞նչ է բարին». սա հարց է որին մարդկությունը մինչ օրս դժվարանում է միանշանակ պատասխան տալ։ «Իսկ ի՞նչ է չարը». սա էլ այն հարցն է, որը մարդիկ տալիս են բարին ընդգծելու, բարին բացատրելու համար։ Եթե անկեղծ՝ մինչ օրս ինքս ինձ համար հստակ չեմ գծել այս երկուսի սահմանները։ Բայց ուզում եմ մի պատմություն ներկայացնել, որի «բարի կամ չար» որակումը թողնում եմ ձեզ։

2017թ. ամռանը հնարավորություն ունեցա լրագրողական խմբի հետ մեկնելու Արցախ։ Այցի շրջանակում հանդիպելու էինք ապրիլյան պատերազմ վերապրած թալիշեցիների հետ։ Երբ մեքենայից իջա, արտասովոր ոչինչ չնկատեցի. փոքրիկ գյուղ էր, հասարակ տներ՝ խոտի դարսված դեզերով, անհոգ խաղացող մանուկներ, առօրյա հարցերով զբաղված մարդիկ։ Լրագրողները միանգամից անցան աշխատանքի եւ գյուղում սկսվեց անսովոր աժիոտաժ՝ մեկը լուսանկարահանում էր, մյուսը՝ հարցազրույց էր վերցնում, երրորդն էլ ծառերի պտուղներն էր վայելում։ Դե ես էլ քանզի նյութ պատրաստելու խնդիր չունեի, սկսեցի պարզապես զբոսնել գյուղով եւ մի քանի լուսանկարներ անել (ֆոտոխցիկս ճանապարհիս անբաժան ընկերն է)։ Օբյեկտիվս պատահաբար ֆիքսեց մի տարեց կնոջ, ում դեմքի կնճիռները վկայում էին դժվարին կյանքի մասին։ Քայլերս արագացնելով՝ շտապ մոտեցա նրան։ Լրագրողներից մեկը նրանից հարցազրույց էր վերցնում, ես էլ լուռ կանգնեցի եւ սկսեցի լսել։ Քանզի տատիկը խոսում էր Արցախի բարբառով, իսկ լրագրողն էլ դժվարանում էր հասկանալ նրան, ես՝ որպես բարբառակիր Արցախցի ստանձնեցի թարգմանչի պարտավորությունները։ Երբ լրագրողի երկարաշունչ հարցերից մեկին ի պատասխան տատիկի կողմից հնչեց. «Իմ տոնը, իմ մղակնըմ օզյում, բալամ» կարճ նախադասությունը, ես մի պահ սառեցի։ Այդ պահին, լրագրողը հայացքն ուղղեց ինձ՝ սպասելով իր թարգմանությանը, բայց ես արդեն այնտեղ չէի. ես զբոսնում էի Ստրասբուրգի փողոցներով։ Տատիկի խոսքը ինձ հիշեցրեց Օզնուրի հետ ունեցած երկխոսությունս։

2017թ. գարնանը գտնվում էի Ֆրանսիայի քաղաքական մայրաքաղաքում՝ համաժողովի մասնակցելու նպատակով։ Համաժողովի ընթացքում ծանոթացել էի տարբեր երկրներից եկած երիտասարդների հետ, որոնց թվում էր նաեւ Օզնուրը։ Ծանոթանալիս նա նշել էր որ բնակվում է Գերմանիայում, սակայն անունից երեւում էր, որ գերմանական արմատներ չունի։ Մի երեկո զբոսնելիս զրույցի բռնվեցինք։ Թեմաները արագորեն հաջորդում էին միմյանց, սակայն մեկի շուրջ մի փոքր երկար խոսեցինք։ Պարզվեց, կասկածներս ճիշտ էին. արմատներով Թուրքիայից էր։ Այդ պահին անկախ ինձնից հիշեցի ողջ հայոց պատմությունը, ապա միտքս միանգամից ծակեցին ապրիլյան թարմ իրադարձությունները եւ ես, արդեն մի փոքր ագրեսիվ, պատրաստ էի մտնել պատմաքաղաքական թեմաներով դիսկուրսի մեջ։ Սակայն, գործը դրան չհասավ։ Օզնուրը սկսեց պատմել իր ընտանիքի մասին։ Պատմությունը սկսվեց ներողություն հայցելով, ապա նկարագրեց, թե ինչպես է 1915թ-ի դեպքերից տուժել նաեւ իր ընտանիքը։ Նա մանրամասն նկարագրում էր ընտանիքի անցած ուղին, իսկ այդ ընթացքում իմ մտքում միմյանց հաջորդում էին ծայրահեղ հակասական մտքեր։ Ավարտելով միտքը՝ Օզնուրը նշեց, որ ցավում է հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս իրավիճակի համար եւ հավելեց, որ «I wish there were no conflicts anymore and every family, including mine can return to their houses».

Երկու պատմություն եւ միմյանցից ամբողջապես տարբեր երկու հերոս. մեկը՝ տարեց, պատերազմների միջով անցած, հոգսառատ հայ է, մյուսը՝ գրեթե անձնական լուրջ դժվարություններ չունեցած, բայց գիտակից երիտասարդ թուրք։

Հայտնի է, որ լեզվաբանական տեսանկյունից ազգերը հականիշ չեն լինում, բայց մեր հասարակություններում հայն ու թուրքը այդպիսի որակում ունեն, ինչպես, ասենք, բարին ու չարը։ Սակայն ինչպես վերոնշյալ պատմություններն են վկայում նույնիսկ «բարին ու չարը» կարող են նույն ցանկությունն ունենալ. մարդկային պարզ, հասարակ ու անկեղծ մի ցանկություն։

Հ.Գ. Ճիշտ է, մի քանի վայրկյան ուշացումով, բայց լրագրողին պատասխանեցի, որ «տատիկը իր տունն է ուզում»։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին