Հերմինե Դիլանչյան. «Անհավանական բարի պատմությունը» - Mediamax.am

903 դիտում

Հերմինե Դիլանչյան. «Անհավանական բարի պատմությունը»



Իմ կյանքի այս բարի՜, բարի պատմությունը

Յուրաքանչյուր ընտանիք երջանիկ ու ամբողջական է դառնում, երբ համալրվում է երեխայով՝ մանկան  բարուրով և այդ բարուրից ճառագող լուսե երազներով: Մեր ընտանիքը, ավա՜ղ, լիարժեք չէր:  13 տարի  ամուսնացած լինելով՝ բալիկ  չունեինք, հոգեկան տանջող ցավի հետ անհնար էր պատմել նաև այն նյութական  ծախսերի մասին,որ անում էինք այդ տարիների ընթացքում:

2010 թ. արձակուրդներին ԽԿ-ի  գործըկերս՝ Ջասլին Սայութան, որոշեց  մեկնել Երուսաղեմ  և հարցրեց, թե ի՛նչ  կցանկանայի, որ բերեր ինձ համար: Ես  խնդրեցի  Երուսաղեմի հայկական եկեղեցուց մի մոմ բերի՝ մտածելով, որ խնդրանքս առ Աստված անպայման կկատարվի:  Բայց նա մոմի հետ բերեց նաև  մետաքսե  շալ, որ  շատ մեծ նվեր էր, մանավանդ, երբ իմացա, որ օծել էր տվել Հիսուսի գերեզմանին:  Ջասլինը խնդրեց, որ շալը միշտ կրեմ ուսերիս՝ հավատացնելով, որ այն   միշտ հաջողություն կբերի: Այդպես էլ արեցի:

Անցավ որոշ ժամանակ:  Հորաքույրս եկավ երազիս և ասաց, որ  գնամ  Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում մոմ վառեմ: Հաջորդ օրը հորաքրոջս աղջկա՝ Գայանեի հետ գնացի Էջմիածին: Եկեղեցում տեսանք նորածինը  գրկին  երիտասարդ մայրիկի: Գայանեն  աչքով արեց և հասկացրեց,  որ գրկեմ երեխային: Կինը սիրով ինձ տվեց փոքրիկին, և ես  եկեղեցու մեջ կրծքիս սեղմեցի երեխային:   

Որոշ ժամանակ  անց առողջական խնդիրների պատճառով որոշեցի դիմել բժշկի: Գնացի հանրապետական հիվանդանոց՝  ուլտրաձայնային հետազոտության, և անակնկալի եկա, երբ բժշկուհին հարցրեց, թե  քանի բալիկ   ունեմ: Դեռ չէի հասցրել պատասխանել, երբ  ասաց. «Դուք հենց հիմա պետք է ազատվեք այս երեխայից: Դուք առողջական լուրջ խնդիրներ ունեք: Միոմատոզ  հանգույցները  թույլ չեն տա, որ պտուղը զարգանա»:

Ես կորցրել էի խոսելու ունակությունս. չգիտեի՝ ուրախանա՞մ, թե՞ տխրեմ: Երբ բժշկուհուն ասացի, որ այսքան տարի երեխա չունեմ, որ անգամ  չգիտեի իմ կարգավիճակի մասին,  նա հուզվեց և  ուղարկեց  ուրիշ  բժշկուհու մոտ: Վերջինս ասաց, որ յոթ ամիս պետք է մնամ հսկողության տակ, և ես գնացի Մարգարյան հիվանդանոց, որտեղ  մի շատ  լավ բժշկուհի կար՝ Արմինե Խանամիրյանը: Նա  խոստացավ, որ ամեն ինչ կանի, որպեսզի երեխան առողջ ծնվի, և  ստիպեց խոստանալ, որ իրեն կլսեմ ու ասածները կանեմ: Հլու-հնազանդ լսում ու կատարում էի նրա բոլոր ասածները, իսկ ինձ  երեխայի նման պահում-փայփայում էին իմ հարազատները, ընկերները, հարևանները: Բոլորի ուրախությունը աննկարագրելի  էր:

Այդ ամբողջ ժամանակահատվածում մնացի Մարգարյան հիվանդանոցի   հսկողության տակ, բայց  յոթերորդ ամսում բժշկուհին ասաց, որ միոմաները շատ արագ են մեծանում,  և հնարավոր է՝ շուտ վիրահատեն, քանի որ  դրանք  կարող են առողջական  լուրջ խնդիրներ առաջացնել: Նաև ասաց, որ պետք է գենետիկական հետազոտություն անցնեմ՝ հետագա ընթացքը որոշելու համար, իսկ ես նույնիսկ չէի մտածել այդ խնդիրների մասին. միմիայն երազում էի բալիկ ունենալ: Մնացի հսկողության տակ՝ որքան որ հնարավոր էր ժամանակը երկարեցնելու տեսակետից, որպեսզի երեխաս ժամկետից շուտ չծնվեր: Բժշկուհիս ասաց, թե քանի որ բացառիկ դեպք է, ինձ կվիրահատի բաժնի վարիչ Արմեն Խաչատրյանը: Երկու բժիշկներով, այսպես ասած,  խաբելով, ինձ պահեցին ինը ամիս: Նույնիսկ վիրահատող բժիշկը  ասաց, որ որոշակի ժամանակով երկրից գնում է: Երբ բալիկս ծնվեց,  3կգ 400 գ  էր կշռում, իսկ միոմատոզ հանգույցները՝  3  կգ:

Բայց ամենաուժեղը փոքրիկն էր: Նա  մնաց ու պայքարեց  ծնվելու համար և իր ծնունդով ևս մեկ անգամ ապացուցեց, որ հրաշքներ, այո՛, լինում են: Ամենամեծ հրաշքը ինքն է, որ լույս աշխարհ եկավ՝ մեզ երջանիկ դարձնելու: Այդ հրաշքի անունը Տարոն է: Նա արդեն  5 տարեկան է, և այդքանի միջով անցնելով՝ միշտ մի բան է ուզում՝ ազատություն:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին