Նաիրա Հարությունյան. Երբ հետո դժվար է լինում հավատալ - Mediamax.am

937 դիտում

Նաիրա Հարությունյան. Երբ հետո դժվար է լինում հավատալ



88-ի ձմեռն էր՝ երկրաշարժից ոչ շատ ժամանակ անց: Երբ աղջիկը Լենինական հասավ, արդեն մթնում էր: Պիտի հասներ հորեղբոր տուն, որ բավական հեռու էր: Գիտեր, որ ուրիշ իրականության միջով էր քայլելու ու, մտքում չխոսելով, բառեր չփնտրելով, միայն, շնչելու պես, հայացքի մեջ առած պատկերների վրա կոկորդը սեղմվելու հետ կոպերն իջեցնելով, քայլում էր արագ, ինքն իր մեջ կծկված: Գնացքի կիսացուրտ գոլը շատ արագ ցնդեց սառնամանիքի մեջ, ու աղջիկն է՛լ ավելի արագացրեց քայլերը, որ մինչև ձեռք ու ոտքը մղկտալու աստիճան սառչելը հնարավորին չափ մոտեցած լինի հորեղբոր տանը:

Ճանապարհի մի հատված բաց, ամայի տարածքով էր անցնում: Տեղանքը ծանոթ էր, բայց, մեկ է, սարսռեցնող մի բան կար համատարած ավերի վրա իջնող այդ ձյունոտ մթնշաղի մեջ:

Ավելի կիպ իրար վրա բերեց վերարկուի բարձրացրած օձիքը, դեմքին բերեց շալը, որ շալի մեջ շնչի: Փորձում էր չզգալ շրջապատի ամայությունը ու կենտրոնանալ իր ընթացքի վրա: Փորձում էր նշմարել որևէ շինություն, որ այդ ճանապարհը վերջավոր դառնար…

Սկզբում ձայնե՞րը լսեց, թե՞ զգաց, որ մենակ չէ: Իր հետևում էր այն, ինչի գոյությունը զգաց, և այն գալիս էր իր հետևից: Անգամ չփորձեց շրջվել. չէր կարող, և չէր կարելի: Մարմնով մեկ տրոփող սրտխփոցի ու ականջներում ուժգնացող խշշոցի միջով, նախ անորոշ, ապա հստակվելով, լսելի դարձավ խուլ, համընդհանուր, խմբային հաչոցը՝ մեծ շների, գամփռների հաչոցը:

Սարսա՞փ… Բառը նշան է, իսկ մարմնի զգացածը հետո է ենթակա լինում բառերով ասվելու, իսկ ապրումի պահին այն ուրիշ մի բան է:

Թուլանալն ու կարկամելն անգամ շռայլություն կլինեին մոտեցող վտանգի դիմաց, ու նա, մանր դողը մարմնում, քայլեց, քայլեց արագ, է՛լ ավելի ու է՛լ ավելի արագ՝ սկզբում գուցե թե շներից պոկվելու հույսով, հետո աստիճանաբար գիտակցությանը հասնող հուսահատությամբ, անհուսությամբ:

Իրենց միջև տարածությունը շատ արագ կրճատվեց, շներից պոկվելու փորձն այլևս իմաստ չուներ: Աղջիկը անուժ ծունկի եկավ, փլվեց ձյուների մեջ ու, ձեռքերով փակելով դեմքը, սկսեց բարձրաձայն լաց լինել: Դա չփրկվածի, կյանքին հրաժեշտ տվողի լաց էր, այդ ցուրտ մթության մեջ սոված շներին կեր դառնալու ֆիզիկական սարսափ…

«Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ»,- դեռ կրկնում էին շուրթերը իր խելահեղ լացի ու իրեն շրջապատած շների ձայների միջից: Դժվար թե ինքը երբևէ կարողանա իր համար հստակեցնել, թե իրականում որքան տևեց դա: Ինչ-որ պահի, սակայն, զգաց, որ այդ վիճակը մի տեսակ ձգվում է, փորձեց ընկալել, թե ինչ է կատարվում իր շուրջը, ու լսեց, որ գրեթե ձայն չկա: Ափերը զգուշորեն հեռացրեց դեմքից և… շները նստել էին իր շուրջը` հետևի թաթերի վրա, ու լուռ իրեն էին նայում: Աղջիկը նույնպես քարացավ՝ բացարձակապես չպատկերացնելով, թե ինչ պիտի անի: Դեռ անկարող էր իր ապրածից լիովին սթափվել, անկարող էր գնահատել իրադրությունը, ինչպես նաև չէր համարձակվի շարժում անել: Ու այդպես իրար էին նայում անիրական թվացող պահի անվերջության մեջ:

Հետո կենտրոնում նստածը վեր կացավ: Մյուսներն էլ վեր կացան: Կենտրոնի շունը սկսեց հետ-հետ գնալ ու իր պահվածքով մյուսներին էլ նույնը պարտադրել: Շները հնազանդ հետևեցին նրան: Նրանք մի քանի քայլ հետ-հետ գնացին՝ աղջկան նայելով, ապա շրջվեցին ու հեռացան:

Մեկ այլ հավերժություն տևած պահից հետո վերագտնելով շարժվելու ունակությունը՝ աղջիկը կարողացավ քայլել ու հասնել շենքերին, ուր պատուհանների հատուկենտ մոմերը ապահովության զգացում էին բերում, կարողացավ հասնել հորեղբոր տուն, ուր կարելի էր և թուլանալ… Գիտեր, որ տանն է, բայց ականջներում ուրիշ ձայներ էին, ու հայացքի դեմ դեռ շներն էին՝ լուրջ ու հասկացող...




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին