Իռլանդիայի գաղութային անցյալն ու «կելտական վագրի» ցատկը - Mediamax.am

exclusive
2033 դիտում

Իռլանդիայի գաղութային անցյալն ու «կելտական վագրի» ցատկը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Jordan McDonald

Դուբլինի ամրոցը, որի հիմքում 1171 թ․ վիկինգների ստեղծած կառույցն է
Դուբլինի ամրոցը, որի հիմքում 1171 թ․ վիկինգների ստեղծած կառույցն է
Անկախության հռչակագիրը Trinity College-ի թանգարանում
Անկախության հռչակագիրը Trinity College-ի թանգարանում

Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Niall Carson

Բերթի Ահերնը եւ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը
Բերթի Ահերնը եւ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը

Լուսանկարը` REUTERS


Կարդացեք նաեւ՝ «Իռլանդական հարցը». կելտերից մինչեւ մեր օրեր

Կարդացեք նաեւ՝  Իռլանդական ինքնությունը կամ «առանց լեզվի երկիրը առանց հոգու երկիր է»

Կարդացեք նաեւ՝ Իռլանդիան եւ արտագաղթը. «Վայրի սագերի փախուստից» մինչեւ մեր օրեր

2013 թ․ Իռլանդիան գլխավորել է Forbes-ի «Բիզնեսի համար լավագույն երկրների» ցուցակը, իսկ 2015-ին գրանցել է Եվրամիությունում ՀՆԱ-ի ամենաբարձր աճը՝ 24,4%։ Բազմաթիվ միջազգային խոշոր ընկերություններ (Google, HP, Apple, IBM, Facebook, Linkedin, Twitter (X), Paypal եւ այլն) իրենց եվրոպական գլխավոր գրասենյակների համար ընտրել են հենց այս երկիրը։ 2005 թ․ ըստ The Economist-ի կյանքի որակի ինդեքսի՝ առաջին տեղն է զբաղեցրել աշխարհում։

Սակայն ոչ միշտ է այսպես եղել։ Երկրի տնտեսությունը, ինչպես մնացած ոլորտները, շատ երկար ժամանակ ճնշված է եղել եւ հնարավորություն չի ունեցել դրսեւորել իր ներուժը։ Մշտական անկայունությունն ու մոտ 800 տարի բրիտանական գաղութ լինելու հանգամանքը թույլ չեն տվել ինքնուրույն որոշել զարգացման ուղղությունները, տնտեսական կապեր ստեղծել այլ երկրների հետ։ Ցանկացած նման փորձ ընկալվում էր որպես սպառնալիք կայսրության համար եւ կանխվում։

Լուսանկարը` REUTERS


Երկրի տնտեսական ռեսուրսները հիմնականում օգտագործվել են ոչ ի շահ բնակիչների։ Բացի դրանից՝ եղել են շատ ավելի կարեւոր ու կենսական նշանակության հարցեր, որոնք շեղել են ուշադրությունը տնտեսությունից։ Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կողմից դիտարկվում էր որպես մի գաղութ, որի դերն էր սննդամթերք արտադրելը եւ էժան աշխատուժ ապահովելը։

Գրող Ջոն Փենթլենդ Մեհեֆին անկախությանը նախորդած 19-րդ դարի Իռլանդիան նկարագրում է որպես մի վայր, «որտեղ անխուսափելին երբեք չի պատահում, իսկ անսպասելին անընդհատ տեղի է ունենում»։ Այս իրավիճակում տնտեսական կայուն զարգացման մասին խոսք անգամ լինել չի կարող։

Անկախանալը ընդամենը առաջին քայլն էր, որին հաջորդել են հետեւողական աշխատանքի, դժվարությունների, ձախողումների, հաջողությունների երկար տարիներ։ Անկախությանը հաջորդող առաջին տասնամյակներում կենսամակարդակը բավականին ցածր է եղել՝ միայն 80-ականներին հասնելով մինչ անկախանալն ունեցած մակարդակին։

Վիկինգների ազդեցությունը

Մինչեւ վիկինգների ներխուժումը Իռլանդիայի տարածքում հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ եւ արհեստագործությամբ։ Ապրում էին փոքր բնակավայրերում, որոնք կառուցվում էին վանքերի շուրջը։ Հենց վանքերում էլ հիմնականում կուտակվում էր հարստությունը։ Թեպետ քաղաքակրթությունն այստեղ ձեւավորվել է հնագույն ժամանակներում, բայց տնտեսական գործունեության շրջանակը սահմանափակ է եղել։ Իրավիճակը փոխվեց 8-րդ դարի վերջին։

Վիկինգները հայտնի էին ոչ միայն որպես ռազմատենչ ժողովուրդ, այլեւ որպես ֆերմերներ, հետազոտողներ եւ առեւտրականներ։ Նավերով հեռավոր ճանապարհորդությունների էին մեկնում՝ ոչ միայն նոր տարածքներ գրավելու, ունեցվածք ձեռք բերելու, այլեւ աշխարհն ուսումնասիրելու եւ տնտեսական կապեր ստեղծելու նպատակով։ Նրանք հաստատվեցին Եվրոպայի տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում (Նորմանդիա), Անգլիայում, Շոտլանդիայում, Իռլանդիայում եւ այլ տեղերում, հիմնեցին բնակավայրեր։
Դուբլինի ամրոցը, որի հիմքում 1171 թ․ վիկինգների ստեղծած կառույցն է Դուբլինի ամրոցը, որի հիմքում 1171 թ․ վիկինգների ստեղծած կառույցն է


Վիկինգներն Իռլանդիա ներխուժեցին 8-րդ դարի վերջերին՝ իրենց հետ բերելով բազում նորամուծություններ, տեխնոլոգիաներ։ Իհարկե, ներխուժումը հարթ չընթացավ։ Բազում հակամարտություններ ու կռիվներ տեղի ունեցան տեղացի իշխանների հետ, բայց, ընդհանուր առմամբ, վիկինգների ժամանումը դրական ազդեց երկրի զարգացման վրա։ Մի մասը ձուլվեցին տեղացիներին, մի մասն էլ հեռացան 1014 թ․ Քլոնթարֆի ճակատամարտում Բրայան Բորուի դեմ պարտություն կրելուց հետո։

Այս ժամանակաշրջանն ամփոփելով` կարող ենք ասել, որ Իռլանդիան վիկինգներին շնորհակալ է մի քանի պատճառներով։ Նախ՝ հիմնվեցին քաղաքներ (Դուբլին, Ուոթերֆորդ, Վեքսֆորդ, Լիմերիկ, Քորք եւ այլն) եւ նավահանգիստներ։ Սա էապես փոխեց կենսակերպը, քանի որ մինչ այդ տեղացիներն ապրում էին փոքրիկ, գյուղական բնակավայրերում։ Նաեւ չկար միասնական կառավարում, այլ կային 150 առանձին իշխանություններ։ Վիկինգները տեղացիներին փոխանցեցին նավերի կառուցման եւ նավավարության հմտություններ։ Հեռավոր նավարկությունները հնարավոր դարձան, որն իռլանդացիների համար նոր հորիզոններ բացեց աշխարհն ուսումնասիրելու եւ զարգանալու տեսանկյունից։

Մեկ այլ կարեւոր նորամուծություն էր արժույթի ստեղծումը։ 997 թ․ Դուբլինի այդ ժամանակվա առաջնորդ, վիկինգ Սիթրիկ Սիլքբըրդը սկսեց հատել Իռլանդիայի առաջին մետաղադրամները։ Մինչ այդ տեղացիները առեւտուր էին անում ապրանքներ փոխանակելով։ Մետաղադրամները շրջանառության մեջ դնելը նպաստեց առեւտրի զարգացմանը՝ Դուբլինը դարձնելով ոչ միայն տարածաշրջանի, այլեւ միջազգային առեւտրի կենտրոն։ 11-րդ դարում Դուբլինն արագորեն աճել ու վերածվել էր հազարավոր բնակիչներով քաղաքի՝ ճամփորդությունների ու առեւտրի մի բացառիկ կենտրոն։ Այս ժամանակաշրջանը եւ վիկինգների ազդեցությունը մանրամասնորեն ներկայացվում է Dublinia թանգարանում։

Իրավիճակը բրիտանական կայսրության կազմում

Անգլո-նորմանները ներխուժեցին 12-րդ դարի կեսերին, եւ մինչեւ 1300 թ․ արդեն կղզու մեծ մասը նրանց վերահսկողության տակ էր։ Դուբլինի շուրջը ձեւավորվեց The Pale կոչվող տարածքը՝ անգլիացի լորդերի նստավայրը, որտեղից իշխում էին երկրի մնացած տարածքներին։ Միջնադարի ավարտին արդեն տեղացիները երկրորդական դեր ունեին իրենց երկրում, վտարված էին The Pale-ի տարածքից, սակայն դեռեւս կարողանում էին խոսել իրենց լեզվով ու ապրել իրենց ավանդույթներով։

Տարածքը մեծամասամբ նոսր էր բնակեցված, քանի որ անգլիացի ազնվականներն Իռլանդիայի իրենց հողատարածքները չէին օգտագործում, մշակում, այլ նախընտրում էին ապրել Անգլիայում։ Տեղացիների ունեցվածքը վտանգված էր, քանի որ անգլիացիները կարողանում էին անպատիժ կերպով տիրանալ նրանց հողերին ու հարստությանը։ Այս պայմաններում, իհարկե, անհնար էր կայուն տնտեսական զարգացում ունենալ։ Օլիվեր Քրոմվելի օրոք վերացվեց երկրի ենթակառուցվածքների մի մասը, բնակիչներից շատերին վտարեցին իրենց տներից։

Որպես համեմատաբար խաղաղ ու բարգավաճ շրջան կարելի է նշել Ջերալդ Ֆիցջերալդի կառավարման տարիները 15-րդ դարի ավարտին եւ 16-րդ դարի սկզբին, որը, սակայն, երկար չտեւեց՝ որոշիչ նշանակություն ունենալու համար։

Լուսանկարը` Jordan McDonald


Իրավիճակը փոխվեց Հենրի 8-րդի օրոք։ Նա ընդլայնեց անգլիական ազդեցության գոտին The Pale-ից այն կողմ, եւ 1542 թ․ իրեն հայտարարեց Իռլանդիայի թագավոր։ Տեղացի իշխաններին հպատակեցրեց՝ ստիպելով հրաժարվել իռլանդական օրենքներից, ավանդույթներից ու լեզվից (հակառակ դեպքում կկորցնեին իրենց հողերը), փոխել անունը եւ ընդունել բողոքականություն՝ հրաժարվելով կաթոլիկությունից։ Ոչ բոլորը համաձայնեցին այս պայմաններին ու զրկվեցին իրենց ունեցվածքից։ Մոտ 90 կոմսեր ստիպված եղան հեռանալ՝ հուսալով վերադառնալ զորքով ու հետ գրավել իրենց սեփականությունը։ Դա այդպես էլ տեղի չունեցավ։

1652 թ․, երբ Մեծ Բրիտանիայի պառլամենտն ընդունեց Act of Settlement-ը, իրավիճակը իռլանդացի կաթոլիկների համար է՛լ ավելի վատացավ։ Նրանք զրկվեցին իրենց կալվածքներից ու արտաքսվեցին երկրի աղքատ հատվածներ՝ Շենոն գետից արեւմուտք գտնվող Քոնաքթ (Connacht) գավառ։

1695 թ․ ընդունված Penal Laws-ը արգելեց տնտեսության այն ճյուղերի զարգացումը, որոնցում Իռլանդիան մրցունակ էր ու կարող էր խանգարել Անգլիայի տնտեսությանը։

1700-ականների սկզբին ծաղկման կարճատեւ ժամանակաշրջան եղավ, որին հաջորդեցին 1739-1741 թթ․ սովն ու հիվանդությունները։ Սկսվեց արտագաղթը, որն ավելի մեծ թափ ստացավ Մեծ Սովի տարիներին՝ 1845-52 թթ․։ Ուտելիքի գինը շատ աճեց, բայց արտադրանքը շարունակում էր արտահանվել՝ սովի մատնելով կղզու բնակիչներին։


Դարավերջին ամերիկյան հեղափոխությունը մեծ ազդեցություն ունեցավ՝ հնարավորություն տալով ավելի մեծ ազատություն ձեռք բերել Անգլիայից, ինչպես նաեւ անկախության հույս արթնացնելով։

Իրավաբան Հենրի Գրեթանի ջանքերի շնորհիվ իռլանդական պառլամենտը պահանջեց որոշ զիջումներ, օրինակ՝ առեւտրական անարդար պայմանների բարելավում։ Հաջողվեց որոշ բարեփոխումների հասնել՝ օգտվելով Անգլիայի զբաղվածությունից ու թուլացումից։

Ուիլյամ Գլեդսթոունի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ լինելու տարիներին (1868-1874, 1880-1885, 1886 եւ 1892-1894), իրավիճակը բավականին բարելավվեց։ Նա բարեկամաբար էր տրամադրված եւ ցանկանում էր Իռլանդիայի հետ լավ հարաբերություններ ստեղծել ու վերականգնել խաղաղությունը։ Իռլանդացիները սեփականություն գնելու իրավունք ստացան։ Մեծ Բրիտանիան ամբողջովին հրաժարվեց կրոնական հարցերին խառնվելուց։

Անկախությունից հետո

Անկախությունից հետո վերջապես ստեղծվեց հնարավորություն՝ երկիրը զարգացնելու այնպես, ինչպես իրենք էին ցանկանում՝ առանց օտարերկրյա միջամտությունների։ Ազատագրական պայքարի առաջնորդների ամենակարեւոր նպատակներից մեկը հենց տնտեսական անկախությունն էր Մեծ Բրիտանիայից։ Շատ էր խոսվում այն հեռանկարների մասին, որ կստանա երկիրը անկախանալու դեպքում։ Հակառակ կողմի փաստարկները կապված էին հարկերի (արդյո՞ք նորաստեղծ ու անփորձ պետությունն ունակ կլինի բավականաչափ հարկեր հավաքել), վարչական հմտությունների ու առեւտրի կազմակերպման հետ։ Անկախության կողմնակիցներն էլ մյուս կողմից բողոքում էին առկա վատ կառավարումից ու բարձր հարկերից։ Unionist-ները պնդում էին, որ անկախացումը կհանգեցնի կործանման։

Անկախացումից առաջ Իռլանդիան մեծամասամբ գյուղատնտեսական երկիր էր, բացի հյուսիսարեւմտյան հատվածի որոշ արդյունաբերական բնակավայրերից։ Կենսամակարդակը համեմատելի էր այդ ժամանակվա Իսպանիայի, Պորտուգալիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի հետ, սակայն էապես ավելի աղքատ էր, քան Միացյալ Թագավորության կազմում գտնվող մյուս երկրները։
Անկախության հռչակագիրը Trinity College-ի թանգարանում Անկախության հռչակագիրը Trinity College-ի թանգարանում

Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս


Արտաքին առեւտուրը հիմնականում Մեծ Բրիտանիայի հետ էր․ գյուղատնտեսական ապրանքներն արտահանվում էին, արդյունաբերականները՝ ներկրվում։ Տնտեսական քաղաքականությունը սահմանվում էր Լոնդոնում։ 1921 թ․ ստորագրված Անգլո-Իռլանդական համաձայնագրի հիման վրա ստեղծվեց անկախ պետություն՝ հարկային անկախությամբ հանդերձ։ Ուիլյամ Քոսգրեյվի օրոք տասը տարի՝ 1922-1932 թթ․, դանդաղ եւ խնամքով վերակառուցման տարիներ էին։

Անկախության սկզբի տարիներին առեւտուրը հիմնականում Մեծ Բրիտանիայի հետ էր․ Իռլանդիայից արտահանվող ապրանքների 50%-ից ավելի այնտեղ էր արտահանվում։ Այդպես շարունակվեց մինչեւ 1970-ականներ։ Այսօր սակայն միայն 10%-ն է արտահանվում Մեծ Բրիտանիա։

Մեծ Բրիտանիան շարունակում է մնալ հիմնական ուղղություն գյուղատնտեսական ապրանքների հարցում, բայց ընդհանուր առմամբ, առեւտային գործընկեր երկրների բազմազանությունը ներկայիս տնտեսական քաղաքականության հիմնական սկզբունքներից է։

Տնտեսական հաջողությունների արդյունքում էր, որ Իռլանդիան ի վերջո դարձավ մի երկիր, ուր ավելի շատ մարդիկ գալիս են, քան հեռանում․ զուտ միգրացիայի դրական ցուցանիշը տասնամյակներ տեւած բացասական ցուցանիշից հետո մեծ ձեռքբերում էր։

Անկախությանը հաջորդող մոտ մեկ դարի ընթացքում ականավոր գործիչներից էին էյմոն դե Վալերան, Շոն Լեմասը, Գարեթ Ֆիցեջալդը, Բերթի Ահերնը եւ այլք։

էյմոն դե Վալերան ազատագրական շարժման առաջնորդներից էր, հետագայում մի քանի անգամ զբաղեցրել է վարչապետի (taoiseach) պաշտոնը եւ մեծ դեր է ունեցել 1937 թ․ նոր սահմանադրության ընդունման գործում։ Այդ ժամանակաշրջանում տնտեսական վիճակն այնքան էլ լավ չէր, Իռլանդիան մեկուսացած էր ու աղքատ, մեծ էին արտագաղթի ծավալները։ Բնակիչների ճնշող մեծամասնությունն իր ապագան Իռլանդիայում չէր տեսնում։ Էյմոն դե Վալերան փորձում էր բարձրացնել ազգային ինքնավստահությունը՝ խրախուսելով գնել տեղական արտադրանքը, սակայն այս քաղաքականությունը չհաջողեց, քանի որ երկիրը դեռ պատրաստ չէր տնտեսապես ինքնաբավ լինել։

1959 թ․ Շոն Լեմասը դարձավ վարչապետ՝ մինչ այդ տարբեր բարձր պաշտոններ զբաղեցնելուց հետո։ Նա մոդեռնիզացրեց արդյունաբերությունը, քաջալերեց արտասահմանյան ներդրումները, վերացրեց առեւտրային սահմանափակումները։ Նրա օրոք միջնակարգ կրթությունը անվճար դարձավ, բարեփոխվեց ֆինանսական համակարգը, ստեղծվեց կենտրոնական բանկը։

Խոսելով նորանկախ Իռլանդիայի մասին, Լեմասն ասում է․ «Մենք սկսեցինք, ինչպես մյուս բոլոր՝ նոր ազատություն ձեռք բերած պետությունները՝ ենթադրելով, որ միայն ազատությունը բավարար էր, եւ որ ազատ լինելու դեպքում տնտեսական դժվարությունները իրենք իրենց լուծվում են։ Դժվար ճանապարհով հասկացանք, որ դա այդպես չէր»։

Այդ ժամանակաշրջանում Հյուսիսային Իռլանդիայի վարչապետ Թերենս Օ՛Նիլը ավելի բարեհամբույր էր կաթոլիկների ու հարավի հանդեպ, քան իր նախորդները։ Լեմասը եւ Օ՛Նիլը հանդիպեցին։ Դա երկու երկրների առաջնորդների առաջին պաշտոնական հանդիպումն էր։
Բերթի Ահերնը եւ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը Բերթի Ահերնը եւ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը


Բերթի Ահերնը վարչապետի պաշտոնն է զբաղեցրել 1997–2008 թթ․՝ «Կելտական վագր» ծրագրի իրականացման տարիներին, որը շրջադարձային եղավ երկրի պատմության մեջ։

Տնտեսության ոլորտում բազում նորամուծություններ նախաձեռնվել են հենց Իռլանդիայում։ Օրինակ՝ աշխարհում առաջին դյութի ֆրին ստեղծվել է Շենոնի միջազգային օդանավակայանում 1947 թ․, Բրենդան Օ՛Ռեգանի կողմից։ Այն ի սկզբանե նախատեսված էր Եվրոպայից Հյուսիսային Ամերիկա մեկնող ուղեւորների համար։ Շատ կարճ ժամանակում մեծ հաջողություններ գրանցեց եւ ընդօրինակվեց աշխարհի տարբեր օդանավակայանների կողմից։

Եվրոպայում առաջին լոուքոսթ ավիաընկերությունը նույնպես իռլանդական է՝ RyanAir-ը։ Հիմնվել է 1984 թ․, սակայն վերաբրենդավորվել է 1990-ականներին՝ որպես «Եվրոպայի առաջին բյուջետային ավիաընկերություն»։


Շենոնի միջազգային օդանավակայանի տարածքում 1959 թ․ ստեղծվեց Շենոնի ազատ առեւտրի գոտին՝ խրախուսելու արտասահմանյան բիզնեսներին՝ այդտեղ գործունեություն ծավալել։ Այդ ժամանակաշրջանում բարդ էր միջազգային ներդրումներ ներգրավելը, քանի որ անկայուն երկրի համբավ ուներ։ Այս նորաստեղծ բիզնես գոտում ընկերությունները ոչինչ չէին վճարում, քանի դեռ ապրանքը չէր լքել երկրի տարածքը։

Քանի որ բիզնես գոտին օդանավակայանի շուրջն էր, ապա պետք էր այնպիսի ապրանքների վրա կենտրոնանալ, որոնք ծավալով փոքր էին։ (Մեծ ապրանքների համար նպատակահարմար էին նավով բեռնափոխադրումները։) Սա է պատճառը, որ շեշտը դրվեց տեխնոլոգիաների վրա։ Ինչպես Հոլիվուդը ֆիլմարտադրողների ու դերասանների գլխավոր ուղղությունն է, այնպես էլ Իռլանդիան աստիճանաբար վերածվեց ֆինանսների ու տեխնոլոգիաների կենտրոնի։

Նորագույն ժամանակները

1960-1990 թթ․ ստագնացիայից հետո եկավ աճի ժամանակաշրջանը։ 90-ականների սկզբին Արեւմտյան Եվրոպայի չափանիշներով աղքատ երկիր էր՝ գործազրկության ու ինֆլյացիայի բարձր ցուցանիշներով, մինչդեռ 90-ականների վերջին դարձավ Եվրոպայի ամենահարուստ երկրներից մեկը։ Դա հնարավոր դարձավ շնորհիվ «Կելտական վագր» (An Tíogar Ceilteach) ծրագրի, որը իրականացվեց 1995-2007 թթ․։

1958 թ․ Ֆինանսների դեպերտամենտի քարտուղար Թոմաս Քենեթ Ուիթեքերը գրել է «Տնտեսական զարգացում» վերնագրով, մոտ 250 էջ ծավալով աշխատություն, որը հիմա համարվում է «Կելտական վագրի» նախնական ծրագիրը։

Ըստ պատմաբան Ռ․ Ֆ․ Ֆոսթերի՝ այս հաջողության պատճառը մի քանի հանգամանքների միավորումն էր՝ ցածր հարկեր, բիզնեսի համար նպաստավոր օրենքներ եւ երիտասարդ, տեխնոլոգիաներին լավ տիրապետող աշխատուժ։ Շատ կարեւոր գործոն էր նաեւ Եվրամիության անդամ հանդիսանալը, որի շնորհիվ այստեղ հաստատվող ընկերությունները անմիջապես ու հեշտությամբ մուտք էին ստանում այլ երկրների շուկաներ։

1973 թ․ Իռլանդիան անդամակցել էր Եվրամիությանը (այն ժամանակ՝ Եվրոպական Տնտեսական Համայնք), եւ ստացած աջակցությունն օգտագործել կրթության ու ենթակառուցվածքների ստեղծման համար։ Մեծ ներդրումներ է կատարել մարդկային կապիտալի զարգացման համար, որի շնորհիվ էլ տարիներ անց երկիրը գրավիչ դարձավ տեխնոլոգիական ընկերությունների համար։

Ամերիկյան ընկերություններն ընտրում էին Իռլանդիան, այլ ոչ թե Մեծ Բրիտանիան, քանի որ Իռլանդիայում աշխատավարձերն ավելի ցածր էին։ Լեզվի գործոնը եւս շատ կարեւոր էր, քանի որ անգլերերով հաղորդակցությունը ոչ մի խնդիր չի ստեղծում ամերիկյան ընկերությունների համար, որը կլիներ ոչ անգլախոս երկրների դեպքում, օրինակ՝ Արեւելյան Եվրոպայի երկրներում։

2003 թ․ հուլիսին կառավարությունը հիմնեց Իռլանդիայի գիտության հիմնադրամը (Science Foundation Ireland), որի նպատակն էր նպաստել բարձր կրթական մակարդակ պահանջող ոլորտներին, մասնավորապես՝ կենսատեխնոլոգիաներ, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ ներդրումներ կատարել գիտական նախաձեռնություններում։

Գործազրկության ցուցանիշը 80-ականների 18%-ից 2007-ի վերջին հասավ 4.5%-ի։ Մոդեռնիզացվեցին քաղաքներն ու ենթակառուցվածքները։ 80-ականների ֆինանսական ճգնաժամի ընթացքում արտագաղթածների ¼ մասը վերադարձան։ Այս ամենը հանգեցրեց նաեւ նրան, որ երկիրը դարձավ նախընտրելի ուղղություն ներգաղթողների համար։ 2007 թ․ բնակչության մոտ 10%-ն օտարերկրացիներ էին։

Այս ծրագրի տարիներին նաեւ ավելացավ աշխատող կանանց քանակը՝ աճելով հինգ անգամ ավելի արագ, քան Եվրոպայի մյուս երկրներում։ Դուբլինում բացվեց Միջազգային ֆինանսական ծառայությունների կենտրոնը՝ ստեղծելով 14 000 աշխատատեղեր հաշվապահության, իրավաբանության եւ ֆինանսների կառավարման ոլորտներում։

«Կելտական վագրը» հիանալի օրինակ է

Գաղութային անցյալ ունեցող ազգերի համար հատկապես բարդ է ստեղծել ու զարգացնել մրցունակ տնտեսություն։ Իռլանդիայի դեպքում խանգարող գործոններից էր նաեւ այն, որ ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ էր ստեղծվում միասնական պետականություն, եւ մեծ ռիսկ կար այն տապալելու՝ փորձի պակասի պատճառով։ Մի ազգ, որը երբեք ինքն իրեն չէր կառավարել, հիմա ստացել էր նման հնարավորություն։

Անկախ Իռլանդիայի տնտեսական պատմությունը միայն աճի ու ցնցող հաջողությունների մասին չէ, այլեւ ձախողումների, սխալ որոշումների, չստացված ծրագրերի, բայց, ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ արդյունքը ավելի քան գոհացուցիչ է։ «Կելտական վագրը» հիանալի օրինակ է այլ երկրների համար, թե ինչպես կարող է հետգաղութատիրական երկիրը թռիչքային աճ արձանագրել։

Տնտեսական ցուցանիշներն, իհարկե, տպավորիչ են, բայց չենք կարող միայն թվերի հիման վրա եզրակացություններ անել։ Այս բոլոր նրբությունների մասին գրում է Պատրիկ Հոնոհանը 2021 թ․ հրապարակված իր «Արդյո՞ք Իռլանդիան իսկապես Եվրոպայի ամենաբարգավաճող պետությունն է» հետազոտության մեջ։ Հոնոհանը Իռլանդիայի Կենտրոնական բանկի ղեկավարն է եղել 2009-2015 թթ․ եւ տնտեսագիտության պատվավոր պրոֆեսոր է Թրինիթի Քոլեջում։

«Կելտական վագրի» աննախադեպ թռիչքից հետո 2008 թ․ համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում արտագաղթի նոր ալիք սկսվեց։ 2009 թ․ սկզբին The Irish Times-ը իր խմբագրականում գրել էր․ «Մենք «կելտական վագրից» անցանք ֆինանսական վախերի ժամանակաշրջանի՝ Տիտանիկի նավաբեկության հանկարծակիությամբ՝ հեռու նետված հարմարավետությունից, ճոխությունից, դեպի անորոշության սառը ծովը»։

Լուսանկարը` Niall Carson


Սակայն վերջին տարիներին հաջողվեց վերականգնվել ու կրկին առաջատար դիրք զբաղեցնել։ Բրեքսիթը նույնպես դրական ազդեց Իռլանդիայի տնտեսության վրա, քանի որ Լոնդոնը դադարեց լինել Եվրամիության ֆինանսական կենտրոններից մեկն ու շատ ընկերություններ որոշեցին իրենց եվրոպական գլխամասերը տեղափոխել Դուբլին։

EY միջազգային խորհրդատվական ընկերության՝ 2022 թ․ անցկացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շատ ֆինանսական ընկերություններ Լոնդոնից հեռանալիս նախընտրում են Դուբլինը, այլ ոչ թե Եվրոպական մյուս ֆինանսական կենտրոնները՝ Լյուքսեմբուրգ, Ֆրանկֆուրտ եւ Փարիզ։

1956 թվականից սկսած բոլոր կառավարությունները վարել են ցածր հարկերի քաղաքականություն։ Դա ձեռնտու էր թե՛ պետությանը (ներդրումներ, աշխատատեղեր), թե՛ տվյալ ընկերություններին (լավ բիզնես միջավայր)։

Նպաստավոր հարկային պայմանները (ցածր շահութահարկը), աշխարհագրական դիրքը, որակյալ կրթությունը, անհրաժեշտ հմտություններն ունեցող անգլախոս աշխատուժը եւ մուտքը եվրոպական շուկա շարունակում են գրավել միջազգային ընկերություններին։

Նաեւ տնտեսության զարգացման շնորհիվ էր, որ հաջողվեց փոխել մինչ այդ աշխարհում տիրող բացասական կարծրատիպերը իռլանդացիների մասին եւ երկիրը «բրենդավորել» որպես կրթված ու պրոֆեսիոնալ, սակայն միաժամանակ ազգային արժեքները պահպանող մարդկանց երկիր, որն ունի կայուն տնտեսություն եւ զինված է ժամանակակից ենթակառուցվածքներով։

Կարդացեք նաեւ՝ «Իռլանդական հարցը». կելտերից մինչեւ մեր օրեր

Կարդացեք նաեւ՝  Իռլանդական ինքնությունը կամ «առանց լեզվի երկիրը առանց հոգու երկիր է»

Կարդացեք նաեւ՝ Իռլանդիան եւ արտագաղթը. «Վայրի սագերի փախուստից» մինչեւ մեր օրեր

Էլիզա Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին