«Իռլանդական հարցը». կելտերից մինչեւ մեր օրեր - Mediamax.am

exclusive
2223 դիտում

«Իռլանդական հարցը». կելտերից մինչեւ մեր օրեր


Լուսանկարը` REUTERS

Glendalough («երկու գետերի հովիտ») վանական համալիրի կելտական խաչերը
Glendalough («երկու գետերի հովիտ») վանական համալիրի կելտական խաչերը

Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս

Glendalough («երկու գետերի հովիտ») վանական համալիրի աշտարակը
Glendalough («երկու գետերի հովիտ») վանական համալիրի աշտարակը

Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս

Բրայան Բորուի տավիղը Trinity College-ում
Բրայան Բորուի տավիղը Trinity College-ում

Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս

Trinity College-ի գրադարանը
Trinity College-ի գրադարանը

Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս

Վիկինգների ժամանակաշրջանից կանգուն մնացած պատը Howth թերակղզում
Վիկինգների ժամանակաշրջանից կանգուն մնացած պատը Howth թերակղզում

Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս

Անկախության հռչակագիրը Trinity College-ի թանգարանում
Անկախության հռչակագիրը Trinity College-ի թանգարանում

Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս

Չարլզ Ստյուարտ Փարնելի արձանը Դուբլինում
Չարլզ Ստյուարտ Փարնելի արձանը Դուբլինում

Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար Դուբլինի Christ Church Cathedral-ի բակում
Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար Դուբլինի Christ Church Cathedral-ի բակում

Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս

Դանիել Օ՛Քոննելը
Դանիել Օ՛Քոննելը
Օլիվեր Քրոմվելը
Օլիվեր Քրոմվելը

Դեռեւս 90-ականներից Էլիզա Սարգսյանի ականջներում հնչող Շինեյդ օ'Քոննորի երգերի հնչյունները 2022 թվականի օգոստոսին նրան հասցրին Դուբլին: Չափազանց տպավորված այդ կարճատեւ ճամփորդությունից, ընկերներին եւ ծանոթներին պատմելով՝ Էլիզան հասկացավ, որ հայերի շրջանում ոչ բոլորն են լավ տեղեկացված Իռլանդիայի մասին, մինչդեռ այնքա՜ն բան ունենք միմյանց հետ կիսվելու եւ սովորելու: Վեց օրվա վառ տպավորություններին հաջորդեց մոտ մեկ տարի ուսումնասիրություններ երկրի պատմության, մշակույթի, տնտեսության, դիցաբանության մասին: Արդյունքում ծնվեց «Իռլանդիա» հոդվածաշարը, որի առաջին մասը ներկայացնում ենք այսօր:

Հյուսիսարեւմտյան Եվրոպայում գտնվող «զմրուխտե կղզու» բնակիչները միշտ ունեցել են իրենց բնօրրանում խաղաղ ու ինքնուրույն ապրելու եւ ազգային ինքնությունը պահպանելու խնդիրը։ Մշտապես եղել են պատերազմների, ներքին հակասությունների, արյունալի հակամարտությունների, կրոնական տարաձայնությունների, քաղաքական անկայունության, այլ ազգերի շահերի բախման կիզակետում՝ երազելով պետականության մասին։ Հաճախ այլոց շահերին են ծառայեցվել երկրի ֆինանսական, բնական եւ մարդկային ռեսուրսները՝ արգելակելով զարգացման բնականոն ընթացքը։ Մոտ 800 տարի չունենալով պետականություն՝ իռլանդացիները դիմակայել են իրենց ինքնությունը ջնջել ցանկացող թշնամու՝ Մեծ Բրիտանիայի դեմ։

Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիներ» գրքի նախաբանում Trinity College-ի պրոֆեսոր Թերենս Բրաունը գրում է, որ 20-րդ դարի սկզբի Դուբլինում ապրում էին մարդիկ, «․․․ում միակ ցանկությունն էր կարողանալ իրենց սեփական քաղաքում աշխատել ու ապրել պատշաճ մակարդակով»։

Իռլանդացիների մեջ անսահման կենսուրախությանը զուգահեռ կա խորը թախիծ՝ կապված արտագաղթի, հայրենիքի կորսված հատվածների, զոհված ու անարդարության ենթարկված հայրենակիցների հետ։

Այս ամենն արտացոլվել է նաեւ մշակույթում․ ազգային երգերում կարմիր թելի պես անցնում է հայրենիքը ստիպված լքելու ցավը, օտար ափերում բախտ որոնելը, կարոտը, վրեժխնդրությունը, պայքարը․․․

Այս ամենով հանդերձ՝ նրանց հաջողվել է աշխարհին հասկանալի, հասանելի ու հետաքրքիր դարձնել իրենց ինքնությունը, ինչպես նաեւ ստեղծել պետություն, որը շատ ոլորտներում մրցունակ է համաշխարհային մակարդակում եւ այսօր եվրամիության առաջատար տնտեսություններից է։

Հին աշխարհի քաղաքակրթական օջախ

Իռլանդիան բնակեցված ու քաղաքակիրթ է եղել հնագույն ժամանակներից սկսած։ Դրա մասին վկայում են դեռեւս նեոլիթյան ժամանակաշրջանի կառույցները, մասնավորապես Նյուգրեյնջ դամբարանը, որը թվագրվում է մ․ թ․ ա․ 3200 թ․՝ ավելի հին, քան եգիպտական բուրգերը եւ Սթոունհենջը։ Հենց այս խորհրդավոր կառույցի պատերին էլ առաջին անգամ հայտնվել է եռատերեւ shamrock ծաղիկի նախատիպը, որն այսօր Իռլանդիայի խորհրդանիշներից մեկն է (ի սկզբանե երեք տերեւները խորհրդանշում էին կյանքը, մահը եւ վերածնունդը, այսօր արդեն՝ քրիստոնեական Սուրբ Երրորդության գաղափարը)։

Glendalough («երկու գետերի հովիտ») վանական համալիրի կելտական խաչերը Glendalough («երկու գետերի հովիտ») վանական համալիրի կելտական խաչերը

Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս


Մ․ թ․ ա․ 500-ական թթ․ Իռլանդիա ժամանեցին կելտերը, որոնց թողած հետքերն առ այսօր պահպանվում են։ Կելտերի եւ մինչ այդ կղզում բնակվող մարդկանց մշակույթների միախառնումից էլ ի հայտ եկավ իռլանդերեն լեզուն (Irish Gaelic), որն ապրում է մինչեւ հիմա։ Կելտական լեգենդները, բանահյուսությունը, երգերը, զարդանախշերը առ այսօր էլ լայնորեն տարածված են։

Միջնադար, ձեռագիր գրքեր եւ կրթություն

Իռլանդիայի մեծագույն հարստությունն են համարվում միջնադարյան ձեռագրերը, որոնցից շատերը հրաշքով են պահպանվել եւ մեզ են հասցրել մոտ 150 պատմություններ, ինչպես նաեւ լեգենդներ ու առասպելներ։ Յոթերորդ դարում մեծ զարգացում ապրեցին վանքերը՝ ոչ միայն որպես կրոնական, այլեւ կրթական կենտրոններ։ Մայրցամաքային Եվրոպայից շատերն էին գալիս այնտեղ սովորելու․ եթե ուզում ես սովորել լեզուներ, քերականություն, ուսումնասիրել Աստվածաշունչը, ապա պետք է գնալ Իռլանդիա՝ ահա թե ինչպիսի համբավ ուներ երկիրը այդ ժամանակաշրջանում։
Glendalough («երկու գետերի հովիտ») վանական համալիրի աշտարակը Glendalough («երկու գետերի հովիտ») վանական համալիրի աշտարակը

Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս


Ստեղծվեցին բազմաթիվ ձեռագրեր, այդ թվում ամենահայտնին ու արժեքավորը՝ 9-րդ դարում ստեղծված Book of Kells-ը, որը քարոզների պատկերազարդ գիրք է եւ պահվում է Trinity College-ի թանգարանում։
Trinity College-ի գրադարանը Trinity College-ի գրադարանը

Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս


Վանքերի դարաշրջանը համարվում է Իռլանդիայի պատմության ոսկե դարը, երբ մշակութային զարգացումը հասավ իր գագաթնակետին։

Վիկինգներն ու վանքերի դարաշրջանի ավարտը
 
8-րդ դարի վերջին սկսվեցին վիկինգների ներխուժումները, որոնց գլխավոր թիրախը վանքերն էին ու վերջիններիս հարստությունը։ Նրանք այրում էին վանքերը, թալանում, ստրկության վաճառում այնտեղ ապրող մարդկանց, կառուցում էին ամրոցներ, որտեղից էլ իշխում էին։
Վիկինգների ժամանակաշրջանից կանգուն մնացած պատը Howth թերակղզում Վիկինգների ժամանակաշրջանից կանգուն մնացած պատը Howth թերակղզում

Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս


Վիկինգները զբաղվում էին առեւտրով, հիմնում քաղաքներ՝ Դուբլին, Լիմերիկ, Քորք, իրենց հետ բերում նոր տեխնոլոգիաներ։ Այդ ժամանակաշրջանում կային բազում տարբեր իշխանություններ, որոնք պարբերաբար պայքարում էին մեկը մյուսի դեմ։ Վիկինգներն էլ աստիճանաբար ձուլվեցին տեղացիներին։
Բրայան Բորուի տավիղը Trinity College-ում Բրայան Բորուի տավիղը Trinity College-ում

Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս


Բրայան Բորուն (Brian Boru) համարվում է առաջին ազգայնականը, որը որոշեց վիկինգներին դեմ կանգնել ու իրեն հռչակել ամբողջ երկրի թագավոր (High King of Ireland)։ 1014 թ․ Քլոնթարֆի ճակատամարտում նա հաղթեց վիկինգներին, բայց հաղթանակին հաջորդեց ողբերգություն․ վիկինգ զինվորներից մեկը պատահաբար հայտնվեց Բրայան Բորուի վրանի մոտ եւ նրան անպաշտպան տեսնելով՝ սպանեց։

Անգլիացիների ներխուժումը եւ դարավոր թշնամանքի սկիզբը

Անգլո-նորմաններն Իռլանդիա են եկել 12-րդ դարի վերջում։ Այդ ժամանակ երկրում կային փոքր թագավորություններ, որոնք մշտապես կոնֆլիկտների մեջ էին միմյանց հետ։ Նմանատիպ մի կոնֆլիկտ լուծելու համար Լայնսթերի թագավոր Diarmait Mac Murchada-ն (անգլոֆիկացված տարբերակը՝ Dermot MacMurrough) դիմում է Հենրի Երկրորդին՝ զորք խնդրելով ու փոխարենը տարածքներ խոստանալով։

Այսպիսով, անգլիացիները ներխուժում են Իռլանդիա՝ սկիզբ դնելով մարդկության պատմության ամենաերկարատեւ կոնֆլիկտներից մեկին։ Սկսվում է մի ծանր ժամանակաշրջան՝ լի ապստամբություններով, ճնշումներով, պայքարով, խտրականությամբ, ատելությամբ, պառակտություններով, արյունահեղությամբ։

14-15-րդ դարերում տարածքը մեծամասամբ նոսր բնակեցված էր․ շատ անգլիացի ազնվականներ հողատարածքներ ունեին Իռլանդիայում, բայց նախընտրում էին ապրել Անգլիայում եւ անուշադրության էին մատնում Իռլանդիայի իրենց հողերը։ Տոհմական թշնամանք կար տարբեր իռլանդացիների միջեւ, որի պատճառով չէին միավորվում։ Մի դրվագ շատ լավ ներկայացնում է իրավիճակը․ Մեծ Բրիտանիայի դեմ հերթական ընդվզման ժամանակ Օրմոնդի կոմսը՝ ազգությամբ իռլանդացի, գլխատում է իր 5000 հայրենակիցներին եւ նրանց գլուխներն ուղարկում Էլիզաբեթ Առաջին թագուհուն՝ ի նշան հավատարմության։

Այդ ժամանակաշրջանում երեք հասարակական խմբեր կային՝ բնիկ իռլանդացիներ (Gaelic Irish), անգլո-իռլանդացիներ եւ անգլիացիներ։ Հասարակության այս տարանջատումը եւս խոչընդոտում էր երկրի միավորմանը։ Արգելված էր իռլանդերեն լեզուն, ինչպես նաեւ իռլանդացիներին զենք վաճառելը։

Գաղութարարների կողմից վատ վերաբերմունքին դիմակայելու համար տարբեր ժամանակաշրջաններում դիմել են տարբեր օտարերկրյա ուժերի՝ Հռոմի պապին, Իսպանիային, Ֆրանսիային (Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո), սակայն ապարդյուն։

«Իռլանդական հարցը» (The Irish Question) այդ ամբողջ ընթացքում չի մարել, կատարվել են բազմաթիվ փորձեր՝ անկախությունը վերականգնելու համար։ Անգլիան հասկանում էր, որ մշտական վտանգ կա Իռլանդիայի կողմից։

Հենրի 8-րդը անգլիական եկեղեցին առանձնացրեց Հռոմից՝ դառնալով բողոքական, բայց Իռլանդիան մնաց կաթոլիկ։ Կրոնական տարբերությունը այդ ժամանակաշրջանում համարվում էր մարտահրավեր։ Իր ուժերն ամրապնդելու նպատակով Ջեյմս Առաջին թագավորը հազարավոր բողոքականներ վերաբնակեցրեց Ալսթերում (հյուսիսում), որտեղից արտաքսել էին տեղացի լորդերին։ Դա մեծ զայրույթ առաջացրեց բնակիչների շրջանում։ Նրանք երազում էին այն օրվա մասին, երբ եկվորները կհեռանան իրենց երկրից։ Կաթոլիկներն ապրում էին իրենց ունեցվածքը կորցնելու մշտական սպառնալիքի ներքո։

Իրավիճակն էլ ավելի վատացավ Օլիվեր Քրոմվելի օրոք, որը զորքով Իռլանդիա եկավ հերթական ապստամբության փորձից հետո եւ կոտորածներ իրականացրեց։ «Քրոմվելի անեծքը քեզ վրա» արտահայտությունը բնորոշում էր ատելության գերագույն աստիճանը։ Քրոմվելի մեկնելուց հետո նրա զինվորները վերացնում էին երկրի ենթակառուցվածքները, մարդկանց հանում էին իրենց տներից, այրում էին շինությունները, պարբերաբար դիտավորյալ թիրախավորում քաղաքացիական բնակչությանը։
Օլիվեր Քրոմվելը Օլիվեր Քրոմվելը


1652 թ․ Մեծ Բրիտանիայի պառլամենտն ընդունեց Act of Settlement-ը, ըստ որի ապստամբ կաթոլիկ ազնվականները կորցրին իրենց կալվածքներն ու արտաքսվեցին երկրի աղքատ հատվածներ՝ Շենոն գետից արեւմուտք, Քոնաքթ (Connacht) գավառ։ Քրոմվելի գեներալներից մեկը այդ տարածքի մասին ասել է․ «Այնտեղ չկա բավականաչափ ջուր՝ մարդ խեղդելու համար, բավականաչափ ծառեր՝ կախաղան հանելու համար, ոչ էլ բավականաչափ հող՝ նրանց թաղելու համար»։

Այս ամենին զուգահեռ շարունակում էին նոր, բողոքական բնակչության վերաբնակեցումը։ Արդյունքում արդեն տարածքի միայն 50 տոկոսն էր կաթոլիկներին պատկանում, որոնք ցանկանում էին դավանանքի ազատություն եւ իրենցից խլված հողերի վերադարձ։ Աստիճանաբար գլխատվեց բնիկ իռլանդացի արիստոկրատիան։ Մարդկանց մեջ կար զգացողություն, որ իրենց զրկել են իրենց ժառանգությունից։

1695 թ․ ընդունված Penal Laws-ը էլ ավելի ճնշեց կաթոլիկներին։ Այս օրենքը նաեւ տնտեսական նպատակներ ուներ․ արգելում էր տնտեսության այն ճյուղերի զարգացումը, որոնցում Իռլանդիան մրցունակ էր ու կարող էր խանգարել Անգլիայի տնտեսությանը։

1700-ականների սկզբին ծաղկման կարճատեւ ժամանակաշրջան եղավ, որին հաջորդած 1739-1741 թթ․ սովն ու հիվանդությունները խլեցին ավելի քան 400 000 մարդու կյանք։

Սկսվեց արտագաղթը դեպի Ամերիկա, որտեղ իռլանդացիներն ակտիվորեն մասնակցեցին ամերիկյան հեղափոխությանը եւ հասկացան, որ Մեծ Բրիտանիան անհաղթելի չէ։ Ֆրանսիական հեղափոխությունը նույնպես ոգեւորություն ու հույս առաջացրեց։ Անպատկերացնելին հնարավոր թվաց։

Սակայն ցանկացած ապստամբություն, անկախանալու յուրաքանչյուր փորձ ճնշվում էր, ու դրան հաջորդում էին դաժան կոտորածներ (նաեւ քաղաքացիական բնակչության հանդեպ), նոր ճնշումներ, խտրականություն։

1801 թ․ ընդունվեց Act of Union-ը՝ ազդարարելով վերջնական միավորումը՝ «Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Միացյալ Թագավորություն» անվան ներքո։

Դանիել Օ՛Քոննելը փորձեց որոշ չափով վերականգնել կաթոլիկների իրավունքները։ Չհաջողվեց, բայց նրա շնորհիվ ստեղծվեց մի սերունդ, որն արմատապես ազգայնական էր, ոգեշնչված անցյալից՝ ձգտում էր մի ինքնության, որը եւ՛ քաղաքական, եւ՛ մշակութային առումով անջատ էր Մեծ Բրիտանիայից։
Դանիել Օ՛Քոննելը Դանիել Օ՛Քոննելը


Այս ամենի ֆոնին կային իռլանդացիներ, որ իրենց հասարակական դիրքը բարելավելու նպատակով ուրանում էին իրենց իռլանդական ինքնությունը եւ ընդօրինակում անգլիացիներին։ Նրանց անվանում էին shoneens (իռլանդերեն seoinin բառից՝ ստորաքարշ, ծառայամիտ)։

1845-52 թթ․ Իռլանդիայի պատմության ամենասեւ էջերից մեկն է՝ Մեծ Սովը (հիմնական մթերք հանդիսացող կարտոֆիլի վարակի պատճառով), որի արդյունքում մոտ 1 միլիոն մարդ մահացավ, մոտ 1-1,5 միլիոնն էլ լքեց երկիրը։ Համաճարակներ եղան, սննդի գինը շատ աճեց։ Շատերը դա համարում են ցեղասպանություն Մեծ Բրիտանիայի կողմից, քանի որ վերջինս ունակ էր թեթեւացնել աղետի հետեւանքները, բայց չարեց, անգամ չդադարեցրեց տեղում արտադրվող սննդամթերքի արտահանումը կղզուց։

Պայքարի նոր փուլը, IRA-ը, անկախացումը եւ քաղաքացիական պատերազմը

Ամերիկայում հաստատված իռլանդացիները սկսեցին ուժեր եւ ռեսուրսներ մոբիլիզացնել նոր հեղափոխության համար։ Երկրի ներսում նույնպես ակտիվություն կար։ Ականավոր գործիչներից էր Չարլզ Ստյուարտ Փարնելը, ով զգալի հաջողությունների հասավ կաթոլիկ իռլանդացիների իրավունքների վերականգնման հարցում։ Շրջանառության մեջ դրվեց Home Rule-ի հարցը, որը ենթադրում էր ինքնուրույն կառավարում։ Ստեղծվեցին Gaelic Athletic Association-ը, Conradh na Gaeilge-ը (Gaelic League), Young Ireland-ը։ Սկսվեց ազգային ինքնության գիտակցման ու վերականգնման փուլ։ Նրանք հայացք գցեցին անցյալին, որպեսզի վերասահմանեն իրենց ինքնությունը։ Կառչեցին դեռեւս մնացած մշակույթի նշույլներից եւ պայքարեցին, որ հետ բերեն ու փրկեն վերջնականապես մարելուց։ Դժվար գործընթաց էր, քանի որ անցյալի ժառանգությունն արդեն մեծապես կորսված էր։

1905 թ․ Արթուր Գրիֆիթն ու Բալմեր Հոբսոնը ստեղծեցին Sinn Féin (Շինն Ֆեյն, թարգմանաբար՝ «մենք ինքներս» կամ «միայն ինքներս») կուսակցությունը, որը մինչ օրս էլ գործունեություն է ծավալում Իռլանդիայի Հանրապետությունում եւ Հյուսիսային Իռլանդիայում՝ հօգուտ այս երկուսի վերամիավորման։

1916 թ․ ապրիլին սկսվեց ապստամբություն (The Easter Rising՝ Զատկի ապստամբությունը), եւ Sinn Féin-ը հայտարարեց հանրապետության ստեղծման մասին։ Ապստամբությունը ճնշվեց, բայց էլ ավելի շատ մարդիկ միացան շարժմանը։ Ձեւավորվեց IRA-ը (Irish Republican Army՝ Իռլանդական Հանրապետական Բանակ), եւ սկսվեց անկախության պատերազմ (1919-1921 թթ․)։ Այդ ժամանակաշրջանի ականավոր գործիչներից էր Մայքլ Քոլինզը։
Անկախության հռչակագիրը Trinity College-ի թանգարանում Անկախության հռչակագիրը Trinity College-ի թանգարանում

Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս


Երկու տարի պայքարից հետո IRA-ը համաձայնեց բանակցել անգլիացիների հետ։ Sinn Féin-ի պատվիրակությունը մեկնեց Լոնդոն։ Մայքլ Քոլինզը հանդիպեց Լլոյդ Ջորջի հետ։ Վերջինս առաջարկեց, որ 26 մարզերը (county) ձեւավորեն «Իռլանդիայի ազատ պետություն» (Irish Free State)՝ իր բանակով, բայց հավատարմության երդում տալով անգլիական գահին։ Վեց մարզերը, որ բնակեցված էին բողոքականներով, պետք է նոր պետություն ստեղծեին Միացյալ Թագավորության կազմում։ Պատվիրակությունը համաձայնեց այդ տարբերակին։ Դուբլինում դա համարեցին դավաճանություն, սակայն Քոլինզը կարծում էր, որ դա դեպի ազատություն տանող հնարավորություն է։
Չարլզ Ստյուարտ Փարնելի արձանը Դուբլինում Չարլզ Ստյուարտ Փարնելի արձանը Դուբլինում

Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս


Սկսվեց քաղաքացիական պատերազմ (1922 թ․ հունիսի 28 -1923 թ․ մայիսի 24)։ Քոլինզը սպանվեց՝ շատերի համար հերոս ու պայքարի խորհրդանիշ դառնալով։ Նա իր «Ազատության ճանապարհը» գրքում գրում է․ «Իրական նվիրումը մելոդրամատիկ դիմադրության կամ ինքնազոհության մեջ չէ, այլ հաստատուն, լուրջ ջանքերի»։ Քաղաքացիական պատերազմն ավարտվեց Մեծ Բրիտանիայի առաջարկած պայմանների վավերացումով։ Ստեղծվեց Հյուսիսային Իռլանդիան՝ Մեծ Բրիտանիայի կազմում։ Հարավը այդ ժամանակ ռազմական միջոցներ, տնտեսական ուժ եւ ցանկություն չուներ տարածքային ամբողջականության համար պայքարելու։ Ավելի կարեւորվեց կայունությունը։

Հյուսիսային Իռլանդիայի հիմնախնդիրը

Հյուսիսային Իռլանդիայի բնակիչները ինքնության խնդիր ունեն, դժվարանում են իրենց նույնականացնել որպես բրիտանացի կամ որպես իռլանդացի, քանի որ ունեն սերտ կապ եւ՛ Իռլանդիայի, եւ՛ Մեծ Բրիտանիայի հետ։ Հյուսիսային Իռլանդիան զբաղեցնում է գրեթե նույն տարածքը, ինչ The Ulster Plantation-ը, որտեղ ժամանակին Ջեյմս Առաջինը վերաբնակեցրել էր բողոքականներին՝ կաթոլիկներին ճնշելու նպատակով։ Բնակչությունը երկու մասի է բաժանված՝ Մեծ Բրիտանիայի կազմում մնալու եւ Իռլանդիային միանալու կողմնակիցներ (Unionists եւ Nationalists)։

Օրինակ՝ երբ շրջանառության մեջ դրվեց Home Rule-ի հարցը, հյուսիսում, որը հիմնականում բնակեցված էր բողոքականներով, դեմ էին դրան։ Դրա մեջ սպառնալիք էին տեսնում եւ իրենց ավելի ապահով էին զգում Մեծ Բրիտանիայի կազմում։

Հյուսիսային Իռլանդիայում գրեթե մշտապես քաղաքական անկայունություն է եղել եւ պայքար բնակչության երկու հատվածների միջեւ։ Այդ հակասության գերագույն դրսեւորումն են եղել The Troubles անունով հայտնի իրադարձությունները, որ տեւել են մոտ 30 տարի (1960-ականների վերջից մինչեւ 1998)։ Այդ ընթացքում 1972 թ․ հունվարի 30-ի տեղի է ունեցել Արյունոտ կիրակին, Գիլդֆորդի Քառյակի դեպքը եւ բազում այլ իրադարձություններ։

2013-ին արված հարցման արդյունքում բնակչության 65 տոկոսը Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն կողմ է արտահայտվել, իսկ 17-ը նախընտրել է Իռլանդիային միանալը։

Հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ

Երբ այսօր նայում ենք Իռլանդիային, տեսնում ենք, որ շատ կարեւոր բաներ այստեղ են բերվել անգլո-նորմանների կողմից՝ պառլամենտական համակարգը, իրավական համակարգը (English common law system): Լեզուն, որով գրվել է իռլանդական գրականության մեծ մասը, անգլերենն է։

Մինչեւ հիմա էլ միանշանակ չէ վերաբերմունքը Մեծ Բրիտանիայի ու նրա կազմում գտնվելու ժամանակահատվածի հանդեպ, քանի որ այդ ընթացքում նաեւ դրական փոփոխություններ են տեղի ունեցել։ Այսօրվա Իռլանդիան ինչ-որ առումով ձեւավորվել է հենց այդ ընթացքում։ Մի կողմից՝ ճնշումների է ենթարկվել, մյուս կողմից՝ պատմության ամենամեծ կայսրության մաս էր կազմում, որը տիրում էր աշխարհի մոտ մեկ քառորդին։ Դա մեծ հնարավորություններ էր ընձեռում հավակնոտ ու արկածախնդիր մարդկանց համար։ Շատ իռլանդացիներ ներգրավված էին տարբեր ոլորտներում, պաշտոններ էին զբաղեցնում, հաջողությունների հասնում։

Հին ատելությունը չի վերացել, բայց, ընդհանուր առմամբ, խաղաղ համագոյակցության են հասել։ Չնայած մինչեւ հիմա էլ շատերի մեջ կա այդ ձգտումը, երազանքը՝ երկիրը տեսնել միավորված՝ մեկ կղզի, մեկ ազգ, մեկ պետություն։

Իռլանդիան այսօր՝ ճանապարհորդի աչքերով

Իռլանդիայում ճանապարհորդող օտարերկրացու համար ամենաշատ աչքի զարնող փաստը սերն է սեփական երկրի հանդեպ։ Հասկանում ես, որ երկիրը դեռեւս լիարժեքորեն չի վերականգնել վերքերը, բայց հստակ զգում ես, որ գտնվում ես մի պետությունում, որի բնակիչներն այն իսկապես սիրում են՝ գործով, այլ ոչ թե խոսքով։

Դինամիկ, բայց խաղաղ քաղաք է Դուբլինը․ չկա մեծ մեգապոլիսներին բնորոշ քաոսն ու խառնաշփոթը, սակայն անհնար է այն համարել ձանձրալի․ չի հոգնեցնում, այլ կենսական էներգիայով է լիցքավորում։

Միաժամանակ հետաքրքիր կոնտրաստների քաղաք է։ Միջազգային կորպորացիաների հսկա գրասենյակներին զուգահեռ իր առանձին կյանքով ապրում է հին Դուբլինը։ Կարող ես մտնել 12-րդ դարում բացված փաբ ու քեզ զգաս 12-րդ դարում, կտրվես աշխարհից ու լսես երգեր, որոնք ոչ Shazam-ը գիտի, ոչ էլ Google-ը։ Կամ կարող ես Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիներ»-ը ձեռքիդ թափառել փողոցներում ու մտովի տեղափոխվել 20-րդ դարի սկիզբ։

Փոքր քաղաքներում ու գյուղերում ավելի լավ է պահպանվել իռլանդական կոլորիտը, ավելի զերծ են մնացել ժամանակակից աշխարհի՝ ամեն ինչ միանման դարձնող ազդեցությունից։

Այստեղ մարդիկ թույլ չեն տվել, որ ողբերգական անցյալն իրենց դարձնի բողոքող, տխուր, չեն մտել զոհի կերպարի մեջ, այլ այդ ամենի արդյունքում դարձել են ավելի կենսուրախ, կյանքի ամեն մանրուքը գնահատող, ուժեղ, ավելի ամուր են կառչել իրենց արմատներից ու ատամներով պահում են իրենց ինքնությունը։
Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար Դուբլինի Christ Church Cathedral-ի բակում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար Դուբլինի Christ Church Cathedral-ի բակում

Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս


Որպես հայ ճամփորդելով Իռլանդիայում՝ հարազատություն ես զգում, հասկանում, որ մեր երկու ազգերի ճակատագրերը չափազանց նման են, սակայն այդ ճակատագրի հանդեպ վերաբերմունքն էապես տարբերվում է։
Գործում է Հայաստանի հյուպատոսություն Դուբլինում եւ Իռլանդիայի հյուպատոսություն Երեւանում։ Դուբլինում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, կա համայնք, բայց հարաբերությունները խորացնելու հարցում միանշանակ դեռ շատ անելիքներ կան։

Էլիզա Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին