Իռլանդիան եւ արտագաղթը. «Վայրի սագերի փախուստից» մինչեւ մեր օրեր - Mediamax.am

exclusive
2326 դիտում

Իռլանդիան եւ արտագաղթը. «Վայրի սագերի փախուստից» մինչեւ մեր օրեր


ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը եւ U2 խմբի մենակատար Բոնոն 2013 թվականին
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը եւ U2 խմբի մենակատար Բոնոն 2013 թվականին

Լուսանկարը` REUTERS

Էմիգրացիայի թանգարանում
Էմիգրացիայի թանգարանում

Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս

Էմիգրացիայի թանգարանում
Էմիգրացիայի թանգարանում

Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս

Սուրբ Պատրիկի տաճարը Նյու Յորքում
Սուրբ Պատրիկի տաճարը Նյու Յորքում

Լուսանկարը` Dana Andreea Gheorghe

Էմիգրացիայի թանգարանում
Էմիգրացիայի թանգարանում

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Կարդացեք նաեւ՝ «Իռլանդական հարցը». կելտերից մինչեւ մեր օրեր

 

Կարդացեք նաեւ՝  Իռլանդական ինքնությունը կամ «առանց լեզվի երկիրը առանց հոգու երկիր է»

Իռլանդացիները այն քիչ ազգերից մեկն են, որոնց ներկայացուցիչների մեծ մասն ապրում է այլ երկրներում։ Երկրի պատմության առանցքային մասն է բնակիչների արտագաղթը տարբեր փուլերում, մեծամասամբ նմանատիպ պատճառներով․ կյանքը երկրի ներսում դարձել է դժվար, երբեմն գրեթե անհնար, որի պատճառով էլ մարդիկ ստիպված են եղել լքել հայրենիքը։

 

1841 թ․ ամենամեծ ծավալի արտագաղթից մինչեւ 1920-ականներ՝ հանրապետության ստեղծում, բնակչությունը կրճատվել է երկու անգամ՝ 8 միլիոնից դառնալով 4 միլիոն։ Վերջին չորս հարյուրամյակներում մոտ 10 միլիոն մարդ լքել է երկիրը։ Ներկայում աշխարհում մոտ 70 միլիոն մարդ իռլանդական արմատներ ունի, մինչդեռ երկրի բնակչությունը մոտ 5 միլիոն է։

 

Իռլանդական ներկայիս ինքնության վրա մեծ ազդեցություն ունեն արտագաղթը, տարբեր երկրներում ձեւավորված համայնքները, դրանց հետ շփումը, տեղացիների հետ մշակութային փոխանակությունը։ Այս երկիրը ինչպես հարկն է ճանաչելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել նաեւ արտագաղթի պատմությունն ու դրա հետեւանքները։

 

Բնակչության տեղաշարժերից ու դրանց ազդեցությունից խոսելիս կարեւոր է նաեւ նշել ներգաղթի մասին։ Ներգաղթի արժանահիշատակ փուլերից են մ․ թ․ ա․ 500-ական թթ․ կելտերի ժամանումը, 8-րդ դարում վիկինգների ներխուժումը, եւ, իհարկե, անգլիացիների ներխուժումը 12-րդ դարում։ Կելտերը, ձուլվելով տեղացիներին, հսկայական ազդեցություն ունեցան մշակութային ինքնության ձեւավորման վրա։ Վիկինգներն Իռլանդիա բերեցին նոր տեխնոլոգիաներ, կառուցեցին քաղաքներ, ամրոցներ, խթանեցին առեւտուրը։ Դե իսկ անգլիացիների թողած ազդեցությունը շատ լայն ու բազմակողմանի է, որի մասին պատմել ենք առաջին եւ երկրորդ մասերում։

 

Որոշ փուլերում եղել է նաեւ նախկինում արտագաղթածների վերադարձ, ինչպես նաեւ երկրի ներսում տեղաշարժեր՝ գյուղերից դեպի քաղաքներ։ 20-րդ դարի վերջին տասնամյակում տնտեսական աննախադեպ զարգացման շնորհիվ երկիրը գրավիչ դարձավ աշխատանքային ներգաղթյալների համար։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով որոշ ժամանակ ընդմիջումից հետո վերջին տարիներին այն կրկին հյուրընկալում է մեծ թվով ներգաղթյալներ՝ հիմնականում ֆինանսների ու ՏՏ ոլորտներում աշխատելու համար։

Էմիգրացիայի թանգարանում Էմիգրացիայի թանգարանում

Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս

Իհարկե, արտագաղթն ազդել է նաեւ մշակույթի վրա․ երգերի, ֆիլմերի, գրքերի առանցքային թեմաներից են հեռվում թողած հայրենիքը, կարոտը, կորցրածը վերադարձնելու ցանկությունը։

 

Այնուամենայնիվ՝ արտագաղթը միայն ցավի ու կորուստների մասին չէ, այլեւ յուրօրինակ պատմություն է այն մասին, թե ինչպես են իռլանդացիները ազդել աշխարհի վրա, եւ ինչպես է արտագաղթը վերասահմանել, թե ինչ է նշանակում լինել իռլանդացի։

 

Արտագաղթի հիմնական փուլերը եւ դրանց պատճառները

 

Իռլանդիայի պատմությունն ուսումնասիրելիս արտագաղթի մասին կարելի է խոսել սկսած վաղ միջնադարից, բայց այն նշանակալի ծավալների է հասել շատ ավելի ուշ։ Թերեւս արտագաղթի առաջին խոշոր ալիք կարելի է համարել Կոմսերի փախուստը (Flight of the Earls) 1607 թ․, երբ երկրի արիստոկրատիան ցրվեց ամբողջ Եվրոպայով՝ սկիզբ դնելով իռլանդական սփյուռքի ձեւավորմանը։

 

Երբեմն երկրից հեռանում էին ավելի լավ կյանքի որոնումներում, երբեմն՝ հստակ առաքելություններով։ Օրինակ՝ միջնադարում միսիոներները գնում էին տարբեր երկրներ՝ իրենց հավատքը տարածելու համար, ուսուցիչները, բժիշկները՝ իրենց մասնագիտական առաքելությունն իրականացնելու այն վայրերում, որտեղ դրա կարիքը կար։

 

Հայրենիքից հեռանալու պատճառները կարելի է բաժանել երկու խմբի՝ հնարավորություններ եւ խնդիրներ։ Հնարավորություններից են օրինակ Ավստրալիայում ոսկու տենդը, երկու համաշխարհային պատերազմները, 2013 թ․ տեխնոլոգիական բումը։ Խնդիրներից են 1770 թ․ երկրում առկա տեքստիլ գործարանների կեսի փակումը, 1845-52 թթ․ Մեծ Սովը, 1980 թ․ տնտեսական անկումը, 2008 թ․ համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւ այլն։

 

Արտագաղթի ամենամեծ ալիքը տեղի ունեցավ Մեծ Սովի տարիներին՝ 1845-1852 թթ․, երբ երկիրը լքեց մոտ մեկուկես միլիոն մարդ։ Այս ինտերակտիվ քարտեզը ներկայացնում է բնակչության խտության փոփոխությունը այդ ժամանակաշրջանում՝ 1841-1851 թթ․։

 

Մինչեւ Մեծ Սովի վրա հասնելը եւս երկիրը աչքի չէր ընկնում հարստությամբ։ Մոտ 8 միլիոն բնակիչների մեծամասնությունը աշխատում էր փոքր ֆերմաներում, անգլիացի կամ անգլոիռլանդացի սեփականատերերի համար։ Այդ մարդկանց հիմնական սննդամթերքը կարտոֆիլն էր, քանի որ տեղի կլիմայական պայմաններում այն հարմար էր աճեցնել։ Կարտոֆիլի համաճարակ սկսվեց, որի արդյունքում երկիրը կորցրեց մթերքի մատակարարման մոտ 60%-ը։ Մեծ Բրիտանիան գրեթե ոչինչ չարեց՝ համարելով, որ չպետք է խառնվել Իռլանդիայի տնտեսական գործերին, բայց նաեւ չդադարեցրեց երկրում արտադրվող մթերքի արտահանումը։ Մոտ մեկ միլիոն մարդ մահացավ, 500 000 հոգի էլ կորցրեցին իրենց տները։ Ողջ մնացածների համար միակ ելքը արտագաղթն էր։ Նրանք հեռանում էին ցանկացած պայմաններով, գերծանրաբեռնված նավերով, որոնցից շատերը խորտակվում էին ճանապարհին։ Ոչ մի եվրոպական երկիր այս ծավալի արտագաղթ չի ունեցել՝ երկրի բնակչության համամասնությամբ։ Հիմնականում տուժեցին իռլանդախոս շրջանները։ Երկրում մնացին մեծամասամբ անգլախոսները, որոնց մի մասը սկսեց աջակցել անկախության շարժմանը։ Մեծ Սովից հետո եւս բնակչության հոսքը այլ երկրներ չդադարեց։ Հիմնական պատճառը հողն էր․ իրավունք չունեին հողի սեփականատեր լինել, աշխատում էին անգլիացի տերերի համար։

 

Արտագաղթի մեկ այլ ուղղություն էր զինվորների ու զորախմբերի հոսքը այլ երկրներ։ Շատ իռլանդացի զինվորներ միանում էին բրիտանական բանակին կամ գնում այլ երկրներ ու կռվում այնպիսի նպատակների համար, որ իրենցը չէին, օրինակ՝ Նապոլեոնի բանակի կազմում, Ղրիմի պատերազմում, Ամերիկյան քաղաքացիական պատերազմում։

 

Flight of the wild geese (վայրի սագերի փախուստ) է կոչվում Պատրիկ Սարսֆիլդի գլխավորությամբ իռլանդական յակոբինյան բանակի մեկնումը Ֆրանսիա՝ ըստ Լիմերիկի պայմանագրի, 1691 թ․ հոկտեմբերի 3-ին։ «Վայրի սագեր» եզրույթն ավելի լայն իմաստով օգտագործվում է բնորոշելու այն իռլանդացի զինվորներին, որոնք հեռացել են մայրցամաքային Եվրոպայի տարբեր բանակներում ծառայելու 16-րդ, 17-րդ եւ 18-րդ դարերում։

 

Իռլանդական զորախմբերն ակտիվ գործունեություն էին ծավալում նաեւ Հարավային Աֆրիկայում՝ Մեծ Բրիտանիայի դեմ։ Հանրապետական գաղափարախոսության կրող, ռազմական առաջնորդ Ջոն ՄաքԲրայդը ասում էր, որ «բրիտանացիների դեմ այստեղ՝ Հարավային Աֆրիկայում կռվելը երկրորդ լավագույն բանն է, որ հնարավոր է անել՝ նրանց դեմ Իռլանդիայում կռվելուց հետո»։

 

Կաթոլիկների հանդեպ խտրականությունները, որոնց մասին ավելի մանրամասն պատմել ենք առաջին եւ երկրորդ մասերում, նույնպես պատճառ էին, որ մարդիկ լքեն երկիրը․ սեփական երկրում երկրորդ կարգի մարդ էին իրենց զգում, զրկված էին տարրական իրավունքներից եւ հնարավորություն չունեին ինքնադրսեւորվելու, կայանալու։

 

Նախորդ դարի վերջին երեսուն տարում երկրի ներսում կատարվող տեղաշարժի արդյունքում բնակիչների մոտ 40%-ը կենտրոնացած էր մայրաքաղաքում։ Պետականորեն սկսեցին վարել քաղաքականություն՝ ապակենտրոնացնելու բնակչությունը եւ զարգացնելու այլ քաղաքներ բացի մայրաքաղաքից՝ Լիմերիկ, Քորք եւ Ուոթերֆորդ։

 

19-րդ դարում արտագաղթը շարունակվեց, հիմնական ուղղություններն էին Հյուսիսային Ամերիկան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Արգենտինան։

 

20-րդ դարում արտագաղթել է 2.5 միլիոն մարդ, սակայն դարավերջին ներգաղթողների թիվն ավելի մեծ էր, քան արտագաղթողներինը․ 17-րդ դարից ի վեր առաջին անգամ էր նման բան լինում։

 

Նորագույն ժամանակաշրջանում երկրից հեռանալու պատճառներից են տնտեսական խնդիրները կամ ավելի լավ ապագայի որոնումները գլոբալիզացվող աշխարհում։ Սակայն կա նաեւ բնակչության հոսք հակառակ ուղղությամբ․ Եվրոպական երկրներից շատ մարդիկ են աշխատելու նպատակով տեղափոխվում Իռլանդիա։ Ներկայում երկրի բնակչության մոտ 10%-ը օտարերկրացիներ են։

 

Պրոֆեսոր Ռ․ Ֆ․ Ֆոսթերը իր «Բախտը եւ Իռլանդացիները․ Փոփոխության համառոտ պատմություն, 1970-2000» աշխատությունում պատմում է նշված երեսուն տարիների ընթացքում Իռլանդիա ներգաղթածների մասին՝ հանգելով այն եզրակացության որ «դա ցույց է տալիս, թե ինչպես է ներգաղթը հանդիսանում իռլանդական ինքնությունը սահմանող գործոններից մեկը 21-րդ դարում այնպես, ինչպես 20-րդ դարում եղել է արտագաղթը»։

 

Ի հակադրություն Ֆոսթերի՝ Դեյվիդ ՄաքՈւիլյամսը՝ «Սերունդների խաղը» գրքի հեղինակը, կարծում է, որ իռլանդական վերածննդի համար անհրաժեշտ է «պոստ-նացիոնալիստ ազգային ծրագիր»՝ կենտրոնանալով սփյուռքի վրա որպես ազգի ամենամեծ ռեսուրս։ Նա Իռլանդիան տեսնում է որպես նրանց բոլորին միավորող մի վայր, ուր կարող են այցելել, սնել իրեն ինքնությունը եւ հետո վերադառնալ աշխարհ՝ հստակ իմանալով, թե ով են իրենք ու որտեղից են գալիս։

 

Էմիգրացիայի թանգարան

 

Էմիգրացիայի թանգարանը՝ EPIC The Irish Emigration Museum-ը, գտնվում է Դուբլինի ամենակարեւոր պատմական շինություններից մեկում, քաղաքը հատող Լիֆի գետի ափին, որը մեկնման կետ էր շատ արտագաղթողների համար։

 

Թանգարանի հիմնադիր Նեւիլ Իսդելը նշում է․ «Իմ սեփական փորձառությունը որպես էմիգրանտ միշտ ինձ հետ է եղել։ Ինչպես ասում են՝ ես թողեցի Իռլանդիան, բայց այն ինձ երբեք չթողեց։ Նախքան թոշակի անցնելը «Կոկա Կոլա» ընկերության նախագահի եւ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից 2009 թ․, իմ կարիերան ինձ տարել է աշխարհի բոլոր ծայրեր՝ 151 երկրներ։ Ապրել ու աշխատել եմ հինգ մայրցամաքներում։ Միշտ վստահ եմ եղել, որ աշխարհում ապրող իռլանդացիների պատմությունը արժանի է պատմվելու, այնպես որ 2016 թ․ հիմնեցի EPIC-ը»։

Էմիգրացիայի թանգարանում Էմիգրացիայի թանգարանում

Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս

Թանգարանը ներկայացնում է այն ազդեցությունը, որ իռլանդացի էմիգրանտները թողել են աշխարհի վրա։ Հետազոտում, հավաքում եւ կիսվում են իռլանդական սփյուռքի պատմություններով՝ ցուցահանդեսների, կրթական ծրագրերի, ինչպես նաեւ վիրտուալ եւ տեղում իրականացվող նախաձեռնությունների միջոցով։ Ստեղծում ու պահպանում են կապեր ամբողջ աշխարհում գտնվող համայնքային կազմակերպությունների հետ։

 

Թանգարանը իր բացումից ի վեր աշխատել է Իռլանդիայի ու իռլանդացիների մասին բացասական կարծրատիպերը կոտրելու համար։ Օրինակ This is not us շարժումը, որի մասին դոկտոր Պատրիկ Գրինը՝ թանգարանի տնօրենը, ասել է․ «This is not us-ը մարտահրավեր է աշխարհի համար՝ վերագնահատելու իրենց ենթադրությունները իռլանդացիների մասին եւ իրենց ընկալումը զարգացնելու կարծրատիպերից այն կողմ։ Մեր նպատակն է ճշմարտացի ու իրական պատկերացում տալ Իռլանդիայի ու նրա ժողովրդի մասին»։

 

Ամերիկյան համայնքը

 

Բախտ որոնող իռլանդացիների համար գլխավոր ուղղություններից էր Ամերիկայի արեւելյան ափը։ Աղքատները արտագաղթում էին Մեծ Բրիտանիա, հատկապես Լիվերպուլ, իսկ ավելի մեծ հնարավորություններ ունեցողները՝ Ամերիկա, հիմնականում՝ Նյու Յորք եւ Բոստոն։ Այդ զանգվածային արտագաղթի ընթացքում անգամ որոշ ժամանակահատված Նյու Յորքում ավելի շատ իռլանդացի կար, քան Դուբլինում։

 

Նրանք ունեին քաղաքական կազմակերպվածություն ու շատ արագ դարձան հասարակության շարժիչ ուժը, ստեղծեցին միություններ, օրինակ՝ Ancient Order of Hibernians, Charitable Irish Society of Boston, American Irish Historical Society եւ այլն։

 

1820 թ․ ի վեր վեց միլիոնից ավել իռլանդացի է հաստատվել Միացյալ Նահանգներում, որի արդյունքում ներկայում ԱՄՆ բնակիչների մոտ 10%-ը խոսում է իր իռլանդական ծագման մասին։

 

20-րդ դարի երկրորդ կեսին Դուբլինում ազգայնական կազմակերպությունների ստեղծմանը զուգընթաց ԱՄՆ-ում նույնպես ստեղծվում էին տարատեսակ կազմակերպություններ, օրինակ՝ Fenian Brotherhood, Clan na Gael, Friends of Irish Freedom եւ այլն։ Սկսեցին միջոցներ հավաքել հեղափոխության փորձեր կատարելու համար, սերտորեն աշխատել հայրենիքում ազատագրական շարժման նախաձեռնողների հետ։

 

Վրեժխնդրությամբ էին լցված Մեծ Բրիտանիայի հանդեպ, եւ օգտագործում էին վերջինիս դեմ պայքարելու բոլոր հնարավոր միջոցները։ Ամերիկայում դառնալով որոշիչ գործոն՝ կարողացան մոբիլիզացնել ուժերը եւ ստեղծել հակակշիռ։ Ակտիվորեն մասնակցեցին 1861-1865 թթ․ ամերիկյան քաղաքացիական պատերազմին, սովորեցին ռազմական հմտություններ, որոնք օգտակար եղան հետագայում։

Սուրբ Պատրիկի տաճարը Նյու Յորքում Սուրբ Պատրիկի տաճարը Նյու Յորքում

Լուսանկարը` Dana Andreea Gheorghe

Սկզբնական շրջանի արտագաղթողների համար այնքան էլ հեշտ չի եղել նոր վայրում իրենց գտնելն ու դրսեւորվելը, քանի որ կարծրատիպեր ու խտրականություն կար իռլանդացիների հանդեպ։ Իրավիճակը որոշ չափով փոխվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Մինչ այդ հաճախ էին ստիպված փոխում իրենց անունը, որպեսզի ազգային պատկանելությունը ակնհայտ չլինի ու չենթարկվեն խտրական վերաբերմունքի։

 

19-րդ դարից սկսած խոսվում է NINA (No Irish Need Apply) երեւույթի մասին, երբ աշխատանքի հայտարարություններում նշվում էր այս հապավումը՝ կանխելու համար իռլանդացիներին աշխատանքի վերցնելը։ Մինչեւ հիմա էլ իրարամերժ կարծիքներ կան այս երեւույթի ճշմարտացիության հետ կապված։ Ոմանք այն համարում են չափազանցված, սակայն փաստն այն է, որ շատերն առնչվել են խտրականության ու հավելյալ դժվարությունների՝ ազգային պատկանելության պատճառով։ Պատմաբան Ռիչարդ Յենսենը դրա մեջ տեսնում է իրենց զոհի տեղ դնելու մտադրություն։ Նրա տեսության համաձայն՝ այս երեւույթը տարածվել է մի երգի պատճառով։ Մեծ Բրիտանիայում 1850-ականներին տարածվում է "No Irish Need Apply" երգը: Դրա երկու տարբերակ տարածվեց։ Առաջինում կերպարը խտրականության էր ենթարկվել Լոնդոնում եւ հույսով լի մեկնում էր Ամերիկա՝ «փառապանծ ու ազատ մարդկանց երկիր», իսկ երկրորդում այդ նույն դեպքը տեղի է ունենում Ամերիկայում։ Ամեն դեպքում՝ բազում փաստեր հաստատում են, որ ամերիկացիների շրջանում կար այն միտքը, որ իռլանդացի կաթոլիկները, ի տարբերություն իռլանդացի բողոքականների, ավելի ցածր կարգի պատկանող մարդիկ են։ Ամերիկաբնակ իռլանդացիները իրենց ավելի շատ համարում էին աքսորյալներ, այլ ոչ թե մարդիկ, որ ընտրել են ԱՄՆ գալը ավելի լավ կյանք ունենալու նպատակով։

 

Մարտը նշվում է որպես իռլանդա-ամերիկյան ժառանգության ամիս։ Ամերիկայում իռլանդացիների համայնքները սովորություն ունեին հավաքվելու եւ նշելու Սուրբ Պատրիկի օրը մարտի 17-ին։ Առաջին շքերթը տեղի է ունեցել Բոստոնում 1737 թ․, բայց տոնը ավելի պաշտոնական բնույթ ստացավ 1762 թ․ Նյու Յորքում անցկացված զինվորական շքերթի արդյունքում, երբ բոլորը կանաչ հագուստով էին ու երգում էին ազգային երգեր։ Սկզբում միայն իռլանդացիներն էին մասնակցում, հիմա արդեն ավելի համամարդկային տոն է դարձել։ Երեսուն տարի առաջ Սպիտակ Տունը մարտ ամիսը հայտարարեց իռլանդա-ամերիկյան ժառանգության ամիս ամբողջ երկրում, որի ընթացքում բարձրաձայնվում ու նշվում է իռլանդացի էմիգրանտների ներդրումը ամերիկյան հասարակությունում։

Լուսանկարը` REUTERS

Որպես տոնակատարությունների մաս, Իռլանդիայի վարչապետը ամեն տարի այցելում է Սպիտակ տուն եւ բերում shamrock-ներ։ Այս ավանդույթը սկսվել է Հարրի Թրումենի օրոք, բայց ավելի մեծ տոնակատարության է վերածվել Ռոնալդ Ռեյգանի նախաձեռնությամբ, ում նախապապերը արտագաղթել էին Իռլանդիայի Անթրիմ եւ Թիփերարի մարզերից։

 

Ամերիկյան պատմության մեջ կարեւոր դեր խաղացած իռլանդացիներից են Ջեյմս Հոբանը, որ նախագծել է Սպիտակ տունը, Չարլզ Թոմփսոնը՝ կոնտինենտալ կոնգրեսի քարտուղարն ու ԱՄՆ անկախության հռչակագիրը ստորագրած ութ անձանցից մեկը։

 

Երկրորդ մասում նշել էինք, որ դեռեւս հնագույն ժամանակներից իռլանդացիների առօրյայի ամենակարեւոր մասերից էր պատմություններ պատմելը՝ սթորիթելինգը։ Դա թույլ է տվել նրանց նորագույն ժամանակներում դրսեւորվել ու հաջողություններ գրանցել գրականության, լրագրության եւ այլ հարակից ոլորտներում։ Նելլի Բլայը, ում պապը ժամանակին արտագաղթել էր Դերրի (Լոնդոնդերրի) քաղաքից դեպի ԱՄՆ, համարվում է հետաքննական լրագրության ամենավառ ներկայացուցիչներից մեկը 19-րդ դարում։ Իր գործունեության շրջանակներում նա նաեւ Ժյուլ Վեռնի «Աշխարհի շուրջը 80 օրում» վեպի հերոս Ֆիլեաս Ֆոգի հետքերով ճանապարհորդել է աշխարհի շուրջը 72 օրում՝ կատարելագործելով Ֆոգի երթուղին։

 

ԱՄՆ 23 նախագահներ իռլանդական ծագում ունեն

 

Ցանկացած ազգի համար, բնականաբար, նախընտրելի է ապրել ու արարել սեփական բնօրրանում, սակայն ոչ միշտ է դա հաջողվում՝ պատմական իրադարձությունների, աշխարհագրական դիրքի, սեփական սխալների եւ այլ պատճառներով։

 

Արտագաղթը ոչ միայն դժվարություն ու դժբախտություն է, այլեւ հնարավորություն փոքր ազգի համար՝ մեծ ազդեցություն թողնել աշխարհի վրա։ Միգուցե Իռլանդիան աշխարհին չտար գիտության, մշակույթի, սպորտի, քաղաքականության եւ բազում այլ բնագավառներում այդքան հայտնի ու հաջողակ մարդիկ, եթե վերջիններս կամ նրանց նախնիները ժամանակին չհեռանային հայրենիքից։ ԱՄՆ-ի 23 նախագահներ ունեն իռլանդական ծագում, որը հնարավորություն է տվել ինչ-որ բան փոխել աշխարհում եւ ամրապնդել ու խորացնել երկու երկրների միջեւ հարաբերությունները։

 

Երկրի բնակչությունը մի քանի անգամ գերազանցող սփյուռք ունենալն իր հետ բերում է եւ՛ առավելություններ, եւ՛ դժվարություններ։ Օրինակ՝ ինքնությունը պահպանելը ավելի բարդ աշխատանք է դառնում։ Մյուս կողմից էլ՝ հենց արտագաղթն ու գաղթօջախներն են ինչ-որ չափով ձեւավորել ներկայիս ինքնությունը, օգնել երկրի զարգացմանը, ինչպես նաեւ նպաստել իռլանդական մշակույթի տարածմանը աշխարհում, օգնել ավելի բաց դառնալ աշխարհի համար ու ինտեգրվել։ Կարող ենք ասել, որ արտագաղթը նրանց կապել է աշխարհի այլ ազգերի հետ։

Լուսանկարը` REUTERS

Համայնքային կազմակերպությունների միջոցով պահպանվում է կապը հայրենիքի ու գաղթօջախների միջեւ, ինչպես նաեւ տարածվում ու ճանաչելի են դառնում իռլանդական ազգային սպորտաձեւերը, պարերը, երաժշտությունը։ Այս համաշխարհային ցանցի գոյությունը նաեւ հնարավորություն է տվել աշխարհում տարածել իռլանդական խմիչքները, ազդել ամերիկյան երաժշտության վրա, իրենց տեղը գտնել Հոլիվուդում ու Բրոդվեյում։ 1700-ականներից սկսած Նյու Յորքում խաղում են իռլանդական ազգային խաղեր։ Այս ավանդույթը շարունակվում է մինչ այսօր՝ Gaelic Athletic Association-ի (GAA) 400 մասնաճյուղերի միջոցով ամբողջ աշխարհում։

 

Եվրոպական Տնտեսական Համայնքին (European Economic Community) 1973 թ․ միանալուց հետո GAA-ի ակումբների քանակն ավելացավ։ Այս ակումբերում ոչ միայն սպորտն է կենտրոնական դիրքում, այլեւ համայնքներում միավորող դեր ունենալը, կապեր ստեղծելն ու ամրապնդելը, նորեկների համար ինտեգրվելու հեշտ տարբերակ ստեղծելը, ինչպես նաեւ տեղացիներին իռլանդական մշակույթին ու ավանդույթներին ծանոթացնելը։

Էմիգրացիայի թանգարանում Էմիգրացիայի թանգարանում

 

Հեռվում ապրող իռլանդացիներից շատերի համար հայրենիքը ինչ-որ առասպելական մի վայր է, ուր պարբերաբար այցելում են, ասես ուխտագնացության ու իրենք իրենց վերագտնելու համար։ Էմիգրացիան, համայնքները եւ աշխարհի հետ սերտ հարաբերությունները այնքան մեծ ազդեցություն են ունեցել ներկայիս Իռլանդիայի ու վերջինիս բնակչության վրա, որ դժվար է ասել՝ ինչպիսին կլինեին նրանք հակառակ պարագայում։

 

Կարդացեք նաեւ՝ «Իռլանդական հարցը». կելտերից մինչեւ մեր օրեր

Կարդացեք նաեւ՝  Իռլանդական ինքնությունը կամ «առանց լեզվի երկիրը առանց հոգու երկիր է»

 

Էլիզա Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին