Հայրեր եւ որդիներ. Սարգսյաններ - Mediamax.am

exclusive
3150 դիտում

Հայրեր եւ որդիներ. Սարգսյաններ


Սերգեյ Սարգսյանը
Սերգեյ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվ

Ժորա Սարգսյանը
Ժորա Սարգսյանը

Լուսանկարը` Անձնական արխիվ

Սերգեյ Սարգսյանը
Սերգեյ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժորա Սարգսյանը
Ժորա Սարգսյանը

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Մեդիամաքս

Սերգեյ Սարգսյանը
Սերգեյ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Հայրեր եւ որդիներ» շարքը, որում միեւնույն մասնագիտության տեր հայրերն ու որդիները պատմում են իրենց փոխհարաբերությունների եւ աշխատանքի առանձնահատկությունների մասին:

Շարքի հերոսներն այս անգամ արծաթագործ ու ոսկեգործ Սերգեյ ու Ժորա Սարգսյաններն են, որոնք պատմում են գեղեցիկ զարդեր պատրաստելու իրենց գաղտնիքների ու արհեստի նկատմամբ մեծ սիրո մասին:

Արծաթագործությունը երեւակայությունը զարգացնող արհեստ է

Սերգեյ. Փոքր տարիքից սիրել եմ նկարել ու քանդակել, սկզբում քարերի վրա էի աշխատում, հետո անցա փայտին: 90-ականներին խաչքարեր էի քանդակում, այնուհետեւ ընկերոջս խորհրդով սկսեցի արծաթագործությամբ զբաղվել: Նրանից էլ սովորեցի այդ արհեստն ու իր պես ժողովրդական վարպետ դարձա:

Այս մասնագիտությունն ամբողջությամբ իմն է դարձել, ժամերով կարող եմ աշխատել ու գեղեցիկ զարդեր ստանալ: Ուրիշի կատարած գործերին առհասարակ չեմ հետեւում, իմ սկզբունքը հեղինակային զարդեր արտադրելն է: Նախ նկարում եմ թղթի վրա, պատկերացնում ինչպես կստացվի ու անցնում աշխատանքի:

Ժորա. Շատ յուրահատուկ ու երեւակայությունը զարգացնող մասնագիտություն է: Այն ինձ միշտ գրավել է, քանի որ մետաղի կտորից կարելի է ստանալ մատանի կամ ականջօղ: Աշխատանքային պրոցեսը դեռ փոքր տարիքից է դուր եկել, ժամերով կարող էի նայել, թե ինչպես է հայրիկն աշխատում: Գեղեցիկը ստեղծելու ցանկությունն էլ օգնեց կատարելագործվել ու հմտանալ:

Մոտ 13 տարեկանից եմ սկսել զբաղվել այս գործով: Սկզբում ամեն ինչ չէ, որ իմ ուզածի պես էր լինում, բայց հայրիկը միշտ գիտեր, ինչպես ինձ ոգեւորել: Նա ասում էր, որ միանգամից այդքան էլ հեշտ չէ ուզածդ ստանալ, պետք է համբերատար լինել:

Սերգեյ Սարգսյանը Սերգեյ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սերգեյ.  Տղայիս մոտ արհեստի նկատմամբ սերը դեռ փոքր տարիքում էի նկատել: Երբ աշխատում էի, հենվում էր աթոռիս ու ուշադիր հետեւում: Այդ ժամանակ դեռ փայտի հետ էի աշխատում, ցանկացավ ինքն էլ փորձել որեւէ բան պատրաստել: Կարծում էի ուղղակի խաղալու համար է, չէի սպասում, որ լրջորեն կհետաքրքրվի, բայց սխալվում էի:

Դեռ դպրոցական տարիքում նրա աշխատանքները ներկայացվեցին Մարզահամերգային համալիրում կայացած ցուցահանդես-վաճառքի ժամանակ ու վաճառվեցին: Այդ հաջողությունն ավելի ոգեւորեց նրան:

Ժորա. Հետո նաեւ արծաթագործությամբ սկսեցի հետաքրքրվել: Երբ հայրիկը հանգստյան օրերին Վերնիսաժ էր գնում զարդերը վաճառելու, ես այդ ընթացքում ինքս էի ստեղծագործում: Երկար տարիներ նաեւ ֆուտբոլի եմ գնացել, բայց թողեցի սպորտը: Հասկացա, որ արհեստն ավելի հոգեհարազատ է ինձ ու ցանկանում եմ այդ ոլորտում կայանալ: Բանակից վերադառալուց հետո էլ սկսեցի ոսկերչությամբ զբաղվել:

Համբերությունն ու համառությունը՝ գեղեցիկ զարդեր ստանալու գրավական

Սերգեյ. Մեր գործում ամենակարեւորը  համբերատար լինելն է, հատկապես փոքր դետալներ պատրաստելիս: Բացի այդ էլ դրանք այնքան փոքր են, որ աշխատանքի ընթացքում երբեմն անգամ մատներն են վնասվում: Մեկ կոմպլեկտ պատրաստելը մոտ 7 ժամ է տեւում: Պետք է համբերությամբ զինվել ու ավարտին հասցնել աշխատանքը: Իմ արհեստանոցը տանն է, միացնում եմ ռադիոն, կտրվում ամեն ինչից ու սկսում գեղեցիկի ստեղծումը:

Ժորա. Ոսկերչությամբ զբաղվելու համար պետք է համբերատար ու համառ լինել: Երբ ինձ ասում են, որ ինչ-որ բան չեմ կարող ստանալ, կամ այդպիսի զարդ հնարավոր չէ ստեղծել, ես միշտ հակառակն եմ ապացուցում, ավելի եռանդով եմ աշխատում ու իմ ուզածն անում:

Սերգեյ. Մեր գործում ամեն օր մի նոր բան ես սովորում, անընդհատ տարբեր նորամուծություններ են տեղի ունենում: Բայց մեր իմացածները միշտ մյուսներին ենք փոխանցում, ինչը եւս շատ կարեւոր է: Նորարարությունների մասին սովորաբար տղաս է ինձ պատմում: Նա նաեւ ինձ տեղին խորհուրդներ է տալիս:

Ես աշխատելու ընթացքում սովորություն ունեի տարբեր չափերի խարտոցներ օգտագործել, որոնց թիվը շատ էր: Մի օր աշխատանքիս հետեւելիս հուշեց, որ կարիք չկա բոլորից էլ օգտվել ու նշեց, թե որոնք ինձ պետք կգան:

Ժորա. Հայրիկի խորհուրդներն ինձ միանշանակ ավելի շատ են եղել, ես ամեն ինչ իրենից եմ սովորել: Ոսկին ու արծաթը տարբերվում են իրարից, բայց աշխատանքային ընդհանրություններ եւս կան: Հայրիկն ինձ խորհուրդ է տվել միշտ իդեալական ու անթերի զարդեր պատրաստել՝ անկախ նրանից վաճառելու, թե նվիրելու համար են: Նա համոզված է, որ ինչպես ձեռքը սովորում է աշխատել, այդպես էլ հետագայում շարունակում է:

Իհարկե, մեր աշխատելու ոճերը շատ տարբեր են, ես երբեք չէի կարող նրա պես տանն արհեստանոց ունենալ: Իմ գրաֆիկը շատ հագեցած է, ամեն ինչ կախված է պատվերի ծավալից, երբեմն կարող եմ անգամ օրերով աշխատել:
Ժորա Սարգսյանը Ժորա Սարգսյանը

Լուսանկարը` Անձնական արխիվ


Զարդերն օգնում են մարդկանց ավելի գեղեցիկ զգալ իրենց

Սերգեյ. Մեր շուկան այսօր շատ վատ վիճակում է գտնվում, գնորդները քիչ են, հիմնականում զբոսաշրջիկներն են ապահովում եկամուտը: Գներն ինքներս ենք սահմանում՝ ըստ աշխատանքի բարդության: Բայց շուկայի պահանջները, միանշանակ ազդում են մեր աշխատանքի վրա: Հիմա ավելի քիչ ենք սկսել չարչարվել, թեեւ որակը դրանից չի տուժում: Առաջ ամեն ինչ այլ էր, զարմանում էին, որ ձեռքով հնարավոր է նման գեղեցիկ զարդեր ստանալ:

Ես միշտ փորձում եմ տարբերվող զարդեր պատրաստել:  Իմ մշտական գնորդներն ունեմ, աշխատում եմ ռուսաստանյան շուկայի հետ, ու ցուցահանդեսների համար պատվերներ եմ կատարում:

Ժորա. Ես «Ոսկու շուկայում» եմ աշխատում, մենք հիմնականում քանակի վրա ենք աշխատում: Եթե գումար վաստակելու խնդիրը չլիներ, այլ զարդերի արտադրությամբ կզբաղվեի: Եթե մի օր կարողանամ իմ գործը սկսել, էմալից սրբապատկերների կախազարդեր կպատրաստեմ, կմասնագիտանամ այդ գործում: Ուղղակի դա շատ ժամանակատար է, հետագայում կմտածեմ այդ մասին:

Լուսանկարը` Անձնական արխիվ


Սերգեյ. Արծաթագործությունը շատ դժվար, բայց եւ գեղեցիկը ստեղծելու արհեստ է: Մեր գործում մուսան շատ կարեւոր է: Եթե ներշնչված չլինես, չես կարողանա որեւէ լավ բան ստանալ: Լինում են օրեր, երբ ոչինչ չի ստացվում, բայց հակառակն ավելի շատ է պատահում՝ անգամ աշխատանքային սեղանի կողքից չեմ ուզում հեռանալ: Ինչքան էլ հոգնած ու զայրացած լինեմ, երբ նստում եմ իմ սեղանի մոտ, ամեն ինչ անցնում է, միանգամից բարիանում եմ ու հանգիստ դառնում:

Ժորա. Շատ կարեւոր է նվիրված լինել աշխատանքին ու սիրել այն: Առանց դրանց հնարավոր չէ այս գործում հաջողության հասնել: Մեր զարդերով օգնում ենք մարդկանց ավելի գեղեցիկ ու վստահ զգալ իրենց:

Սերգեյ ու Ժորա Սարգսյանների հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին