«Միայն ԱՄՆ-ն կարող է Հայաստանին իրական ազատագրում առաջարկել» - Mediamax.am

Հունվար 22, 2026
82 դիտում

«Միայն ԱՄՆ-ն կարող է Հայաստանին իրական ազատագրում առաջարկել»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ներկայացնում ենք ԱՄՆ Ատլանտյան Խորհրդի կայքում հրապարակված How Trump’s ‘TRIPP’ triumph can advance US interests in the South Caucasus հոդվածի հայերեն թարգմանությունը: 

Հեղինակներն են ԱՄՆ Ատլանտյան Խորհրդի Եվրասիա կենտրոնի տնօրեն Էնդրյու դ’Անիերին եւ Թուրան հետազոտական կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Էփսթայնը:

Էնդրյու դ’Անիերի, Ջոզեֆ Էփսթայն

Հայաստանի հարավով անցնող քսանյոթ մղոնանոց հողատարածքը ձեւափոխելու է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 13-ին հայտարարեցին «Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման երթուղին» (TRIPP) իրականացնելու մանրամասն ծրագրի մասին: ԱՄՆ-ի կողմից առաջարկված այս միջանցքը, որը կարող է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ կենսականորեն կարեւոր կապող օղակ դառնալ, կարող է համարվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի արտաքին քաղաքականության ամենատպավորիչ նվաճումներից մեկը: 

TRIPP-ի ներուժը

ԱՄՆ-ի միջնորդությամբ մշակված տրանսպորտային երթուղու գաղափարը Հայաստանի հարավով, որը կկապի Ադրբեջանն իր Նախիջեւան էքսկլավի հետ, ծագել է երկու երկրների միջեւ 2025 թվականին ԱՄՆ պաշտոնյաների կողմից համակարգված խաղաղության բանակցություններից: Ադրբեջանը ցանկանում էր իրականացնել Հայաստանի հետ 2020 թվականի հրադադարի մասին համաձայնագրի կարեւորագույն տարրը՝ դեպի Նախիջեւան անարգել տրանսպորտային կապը։ Սակայն Հայաստանը ձգտում էր պահպանել իր ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը առաջարկվող քսանյոթ մղոնանոց երթուղու երկայնքով։

Հրապարակվել է TRIPP նախագծի իրականացման շրջանակը


Թրամփն ու նրա թիմը ստեղծագործական լուծում առաջարկեցին. ԱՄՆ-ի գլխավորած կոնսորցիումը կկառուցի եւ կկառավարի երթուղին՝ համաձայնեցնելով այն Հայաստանի իշխանությունների հետ, իսկ երթուղին կապահովի Ադրբեջանի մուտքը Նախիջեւան։ Անցյալ տարվա օգոստոսին Սպիտակ տանը կայացած գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թրամփը համաձայնեցին իրականացնել TRIPP-ը՝ հայ-ադրբեջանական համապարփակ խաղաղության համաձայնագրին հասնելու նպատակով։ Սա նշանակալի նվաճում էր. Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտում էին ավելի քան երեսուն տարի եւ այդ ընթացքում մի քանի պատերազմներ են մղել, որոնց հետեւանքով տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։

Սակայն մինչեւ անցյալ շաբաթ պաշտոնապես հրապարակված չէին մանրամասներ, թե ինչպես է TRIPP-ը կառուցվելու եւ կառավարվելու։ Համատեղ հայտարարության մեջ Ռուբիոն եւ Միրզոյանը հայտարարեցին TRIPP Զարգացման ընկերություն (TDC) մասին, որի նպատակն է կառուցել նախագծի նախնական երկաթուղային եւ ճանապարհային տարրերը։ Միացյալ Նահանգները քառասունինը տարվա ընթացքում կունենան դրա 74 տոկոս վերահսկիչ բաժնեմասը, իսկ հաջորդ հիսուն տարիներին՝ 51 տոկոսը: Համաձայնագիրը նախատեսում է, որ ԱՄՆ կառավարությունը նախնական կապիտալ կտրամադրի երթուղու զարգացման համար եւ ֆինանսական եկամուտ կստանա TDC-ի միջոցով նախագծի ողջ ընթացքում՝ տարանցիկ վճարներից եւ երթուղու երկայնքով առեւտրային հնարավորություններից՝ բացի ամերիկյան ընկերությունների հետ կնքված շինարարական պայմանագրերը: Հայաստանը եկամուտ կստանա TDC-ում իր մինորիտար բաժնեմասից՝ գումարած TRIPP-ի հարկերն ու մաքսային տուրքերը:

Այս պայմանավորվածությունը պետք է օգուտ բերի երկու կողմերին: Սպիտակ տունը կարող է ամերիկացիներին բացատրել, որ տնտեսական եկամուտ կստանա Հարավային Կովկասում ԱՄՆ դիվանագիտական ներգրավվածության համար եւ նոր հնարավորություններ կստեղծի ամերիկյան ընկերությունների համար: 

Փաշինյանն իր հերթին կարող է պայմանագիրը ներկայացնել որպես բարձրորակ արեւմտյան ենթակառուցվածքային ներդրումներ ներգրավելու միջոց (ինչին նա ձգտում էր իր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ), որը կօգնի Հայաստանին դառնալ տարածաշրջանային տրանսպորտային հանգույց՝ պահպանելով վերահսկողությունը հայկական տարածքի նկատմամբ: 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


TRIPP-ը կարող է կողմնակի օգուտներ բերել նաեւ Վաշինգտոնին, Երեւանին եւ Կասպից ծովի տարածաշրջանին: ԱՄՆ կառավարությունը լուռ աջակցել է Միջին միջանցքին՝ բազմամոդուլային առեւտրային երթուղուն, որը Կենտրոնական Ասիան կապում է Թուրքիայի եւ Եվրոպայի հետ Կասպից ծովի, Ադրբեջանի ու Վրաստանի ենթակառուցվածքային հանգույցների միջոցով: Վաշինգտոնը եւ նրա եվրոպացի գործընկերները Միջին միջանցքը համարում են Ռուսաստանը շրջանցող ցամաքային առեւտրի ուղի Ասիայի հետ՝ ներառյալ Կենտրոնական Ասիայից կարեւորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ մետաղների արտահանումը: Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրները ուզում են բարգավաճել՝ համաշխարհային շուկաների հետ ավելի լավ ինտեգրվելով: TRIPP-ն ապահովում է եւս մի երթուղի Կովկասով՝ մեծացնելով տրանսպորտային ծավալի հզորությունը, մինչ Ադրբեջանն ու Ղազախստանը մեծացնում են նավահանգստի կարողությունները՝ առեւտրային պահանջարկը բավարարելու համար:

TRIPP-ի հաջող իրականացումը կէժանացնի եւ կարագացնի Կենտրոնական Ասիայից ապրանքների եւ կարեւորագույն հումքի առաքումը Եվրոպա եւ դրա սահմաններից դուրս: 

Սակայն ավելի էժան, արագ եւ լավ տրանսպորտային կապը նաեւ որոշակի ռիսկեր ունի: Հարավային Կովկասը երբեմն վերածվում է Ռուսաստանի եւ Իրանի դեմ պատժամիջոցներից խուսափելու ծրագրերի օջախի: TRIPP-ը կարող է հաջող տարածաշրջանային առեւտրային երթուղի դառնալ, բայց դրա ներուժի լիարժեք իրացումը կախված է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ առեւտրի պահանջարկից: 


Միջին միջանցքի երկայնքով տրանսպորտային բարձր ծախսերը՝ պայմանավորված աշխարհաքաղաքական անկայունությամբ կամ նախագծի տնտեսական նպատակահարմարությամբ, Ռուսաստանով կամ Իրանով ապրանքներ տեղափոխողների անսպասելի աճը կարող են խաթարել TRIPP-ի հեռանկարները։

Փաշինյանը հայացքն ուղղել է դեպի Արեւմուտք

TRIPP ծրագիրը ոչ միայն Թրամփի վարչակազմի նվաճումն է, այլեւ Ռուսաստանից հեռանալու առումով Փաշինյանի նոր հաղթանակը: Երեսուն տարի շարունակ Հայաստանն իր անվտանգության համար ապավինում էր միայն Մոսկվային, ինչը հանգեցրեց Ռուսաստանի գերիշխանությանը երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ: Երբ Ռուսաստանը չմիջամտեց 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմին, Փաշինյանը փոխեց քաղաքականությունը: 

Հասկանալով, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ռուսական լծակները վերացնելու եւ, հետեւաբար, իրական անկախություն ձեռք բերելու միակ ճանապարհն է, Հայաստանի վարչապետը իր քաղաքական ապագան կապեց նման համաձայնագրի հետ: Միաժամանակ նա պաշտպանական ոլորտում խոշոր համաձայնագրեր կնքեց Հնդկաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի եւ Կիպրոսի հետ՝ ի թիվս այլոց:

Սակայն ԱՄՆ-ն միակ տերությունն է, որը կարող է Հայաստանին առաջարկել իրական ազատագրում ռուսական գերիշխանությունից: ԱՄՆ-ի հովանու ներքո խաղաղության բանակցություններ վարելով եւ ընդգծելով ԱՄՆ շահերը TRIPP-ում՝ Փաշինյանն ու Ալիեւը պաշտպանեցին համաձայնագրի ամենազգայուն մասը՝ ԱՄՆ-ն զսպող գործոն դարձնելով: Ավելին, նրանք խաղաղության գործընթացի հաջողությունը պայմանավորում են Վաշինգտոնի հետ ավելի սերտ հարաբերություններով: 

Այնուամենայնիվ, Ռուսաստանը միակ հարեւանը չէ, որին անհանգստացնում է ԱՄՆ-ի աճող ներկայությունը Հարավային Կովկասում։ Իրանը Հայաստանի հետ իր հյուսիսային սահմանի ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն բազմիցս «կարմիր գիծ» է անվանել։ 2022-ին Թեհրանը նույնիսկ լայնածավալ զորավարժություններ անցկացրեց ադրբեջանական սահմանին, երբ համարեց, որ Բաքուն կարող է փորձել ուժով գրավել այդ տարածքը։ 


Վերջերս այաթոլլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Վելայաթին սպառնաց Հարավային Կովկասը վերածել «Դոնալդ Թրամփի վարձկանների գերեզմանոցի»։ Սակայն Իրանն այժմ ավելի թույլ է, քան եղել է տասնամյակներ շարունակ, եւ Փաշինյանն օգտվեց դրանից։ Բողոքի ցույցերը սպառնում են իրանական ռեժիմի կայունությանը, ուստի Թեհրանը թեթեւ մտահոգություն հայտնեց, որ Վաշինգտոնը կօգտագործի TRIPP-ը «իր անվտանգության քաղաքականության շրջանակներում», ինչը շատ տարբեր է կարմիր գծերի, գերեզմանների եւ զորավարժությունների մասին խոսելուց։

Անցյալ ամիս Փաշինյանը Իսրայել ուղարկեց Վաշինգտոնի հետ TRIPP-ի համակարգման համար պատասխանատու փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին՝ միջանցքը քննարկելու համար։ Կոստանյանի այցը ցույց տվեց, որ Փաշինյանը Իրանի դեպքում նույն սխալը չի կրկնի, ինչ Ռուսաստանի հետ, եւ ընդունում է ԱՄՆ-ի ղեկավարած տարածաշրջանային կարգը։ 

Նման քայլերը տեղի են ունենում կարեւորագույն ժամանակներում։ 2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ Փաշինյանը պետք է ցույց տա, որ խաղաղության եւ Արեւմուտքի հետ կապեր ստեղծելու իր ջանքերը հաջողությամբ են պսակվել։ Որոշ նշաններ արդեն իսկ կան։ Ադրբեջանը սկսել է նավթ մատակարարել Հայաստան, ինչը 15 տոկոսով իջեցրել է վառելիքի գինը։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ առաջիկա կայունությունը եւ տարածաշրջանային ինտեգրացիան կարող են Հայաստանը վերածել տարանցիկ երկրի եւ հեշտ մուտք ապահովել եվրոպական շուկա։

Ռուսաստանը ընտրություններից առաջ սկսել է քայլեր անել Փաշինյանի դեմ իրեն լավագույնս ծանոթ մեթոդներով՝ տեղեկատվական գործողություններով։ Անցյալ ամիս հայկական Civilnet լրատվամիջոցը հաղորդել է Հայաստանի իշխանություններին ուղղված կեղծ լուրերի աճի մասին, որոնք հաճախ տարածվում են անանուն սոցցանցերի օգտատերերի եւ ռուսալեզու Telegram ալիքների միջոցով։ Մոսկվան գրեթե անկասկած կընդլայնի այս ջանքերը ընտրություններից առաջ։


Այնուամենայնիվ, TRIPP երթուղու իրականացումը մեծ հաջողություն կլինի Թրամփի վարչակազմի՝ առեւտրային ուղղվածություն ունեցող արտաքին քաղաքականության մեջ, եւ դա կառուցողական գործընկերության մոդել է, որը Սպիտակ տունը պետք է կիրառի աշխարհի այլ վայրերում։ Նախագիծը խոստանում է հնարավորություններ ընձեռել ամերիկյան ընկերություններին՝ կառուցելու Միջին միջանցքը միացնող փոքր, բայց կարեւոր օղակը, ինչը մեծ օգուտ կլինի ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի իր գործընկերների համար: Ռուսաստանին եւ Իրանին այս գործընթացում անտեսելը կնվազեցնի տարածաշրջանում տնտեսական ճնշում գործադրելու նրանց կարողությունը՝ Փաշինյանի եւ Ալիեւի նման առաջնորդներին թույլ տալով իրականացնել իրենց ինքնիշխանությունը եւ պաշտպանել իրենց երկրների շահերը:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին