MAGA-ն, TRIPP-ը, Հայաստանը, Ադրբեջանը եւ «անորսալի Ջո»-ն - Mediamax.am

Դեկտեմբեր 24, 2025
118 դիտում

MAGA-ն, TRIPP-ը, Հայաստանը, Ադրբեջանը եւ «անորսալի Ջո»-ն


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք վերաինտեգրման հարցերով Վրաստանի նախկին պետական նախարար, ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան Թեմուրի Յակոբաշվիլիի How Should Georgia Treat America’s “Retreat?” հոդվածի թարգմանությունը՝ որոշ կրճատումներով:

 

Թեմուրի Յակոբաշվիլի

 

Ամերիկյան դիվանագիտության տարեգրքերում քիչ կարգախոսներ են առաջացրել նույնքան բանավեճեր, որքան «Ամերիկան ամենից առաջ» նշանաբանը։ Դոնալդ Թրամփի 2016 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ հորինված եւ 2025 թվականի հունվարից նրա երկրորդ ժամկետում ակտիվորեն վերակենդանացած այս արտահայտությունը հաճախ սխալմամբ մեկնաբանվում է որպես մեկուսացման եւ աշխարհի խնդիրներից դեպի «Ամերիկյան ամրոց» նահանջելու կոչ։ Սակայն անցնող տարվա ապացույցները հակառակն են ցույց տալիս։ Նահանջի փոխարեն Միացյալ Նահանգները ընդլայնել են իրենց ազդեցությունը մաքսատուրքերի, ավիահարվածների, դիվանագիտական սակարկությունների եւ ընտրողական բազմակողմանիության միջոցով, որոնք նախատեսված են ԱՄՆ շահերը ավելի արդյունավետ եւ պակաս գաղափարախոսական սահմանափակումներով առաջ մղելու համար։

 

«Ամերիկան ամենից առաջ» կարգախոսի 2025 թվականի տարբերակը ռազմավարական միջամտության ձեւ է, Ամերիկայի պայմաններով իրականացվող կոշտ ներգրավվածության դոկտրին։ Թրամփի մոտեցումը արտացոլում է այն համոզմունքը, որ աշխարհը լավագույնս ձեւավորում են կենտրոնացված, գործարքային հարաբերությունները, որոնց օգուտները չափելի են։

 

Հանրապետականների երկարամյա «Խաղաղություն ուժի միջոցով» մանտրան դարձել է Թրամփի երկրորդ ժամկետի գործառնական տրամաբանությունը։ Ռազմական միջամտությունները ակտիվացել են, ոչ թե նվազել։ 2025 թվականի կեսերին իրականացվել է ավելի քան 500 ավիահարված՝ գրեթե նույնքան, որքան նախորդ վարչակազմի պաշտոնավարման 4 տարիների օրոք։ Եմենից մինչեւ Ֆորդո, Ալ-Շաբաբից մինչեւ լատինաամերիկյան թմրանյութային ցանցեր՝ ԱՄՆ-ն ցուցադրել է բազմակողմանի հաստատություններից անկախ գործելու պատրաստակամություն, երբ դա բխում է իր շահերից։

Լուսանկարը` REUTERS

Այս միակողմանի ինքնահաստատումը անվստահության նշան չէ, այլ ինքնավստահության վերականգնում։ Վարչակազմը համարում է, որ ռազմական ուժը, տնտեսական լծակները եւ կիբերհնարավորությունները պետական կառավարման ինտեգրված գործիքներ են։ Պատերազմը կանխում են ոչ թե պայմանագրերը, այլ կարողություններն ու վճռականությանը։ Այս աշխարհայացքում տատանումը հանգեցնում է սրացման, իսկ կարգուկանոն հաստատում են գործողությունները։ 

 

Անվտանգության նոր ռազմավարություն. ինչպե՞ս դրան վերաբերվի Վրաստանը 

 

2025 թվականի նոյեմբերին հրապարակված ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունը (ԱԱՌ) պաշտոնական է դարձնում «Ամերիկան ամենից առաջ» հայեցակարգը։ Տնտեսական անվտանգությունը, վերաարդյունաբերականացումը եւ էներգետիկ գերիշխանությունը սահմանվում են որպես հիմնական նպատակներ։ Բազմակողմ ինստիտուտները վերաձեւակերպում են որպես գործիքներ, որոնք պետք է օգտագործվեն միայն այն դեպքում, երբ առաջ են մղում ԱՄՆ-ի իշխանությունը։ ԱԱՌ-ն պնդում է, որ դաշնակիցներն ու գործընկերները տարածաշրջանային անվտանգության ավելի մեծ մաս ստանձնեն («բեռի տեղափոխումը» եւ «բեռի բաժանումը» ռազմավարության կենտրոնական սյուներն են)։ Այն ընդգծում է նաեւ, որ ինքնիշխանությունը առաջնորդող սկզբունք է, իսկ ազգային պետությունների ինքնավարությունը վեր է միջազգային կառույցներից։ Արդյունքը արտաքին քաղաքականություն է, որը ո՛չ մեկուսացնող է, ո՛չ էլ իդեալիստական, այլ խիստ պրագմատիկ։

 

Չինաստանի հետ արժեքային մտերմության եւ ռազմավարական գործընկերության մասին խոսելու Վրաստանի վերջին շրջանի սովորությունը ռազմավարական առումով անհարկի է. մերձենալ այն ուժի հետ, որոնց Վաշինգտոնը հիմնական մրցակից է համարում, նշանակում է վնասել ինքնդ քեզ։

 

Նոր ԱԱՌ-ի ամենաակնառու առանձնահատկություններից մեկը ԱՄՆ-ի հակառակորդների անուղղակի հիերարխիան է։ Չինաստանը երբեք բացահայտորեն չի պիտակավորվում որպես «թշնամի», սակայն ողջ ռազմավարությունը հենց Պեկինի հետ մրցակցելու եւ նրան զսպելու մասին է: Այս տեսանկյունից են դիտարկվում հազվագյուտ եւ ռազմավարական հանքանյութերի վերահսկողությունը, կարեւորագույն տեխնոլոգիաներում գերիշխանությունը եւ մատակարարման շղթայի ինքնիշխանության պաշտպանությունը: 

Լուսանկարը` REUTERS

Նույնքան կարեւոր է նաեւ ԱԱՌ վերաբերմունքը Ռուսաստանին: Մոսկվան այլեւս չի նկարագրվում որպես գոյաբանական սպառնալիք, այլ որպես սպառնալիք Եվրոպային, որին ԱՄՆ-ն պետք է աջակցի: Ռուսաստանի առումով ԱՄՆ-ի հիմնական շահագրգռվածությունը Ուկրաինայում պատերազմի դադարեցումն է ու «ռազմավարական կայունությունը»: Սա պատկառանք չէ Կրեմլի նկատմամբ, այլ ռազմավարական գնահատական, որ Ռուսաստանը մեծ տերության հետ հավասար ոտք մեկնելու տնտեսական, ռազմական եւ տեխնոլոգիական հիմքեր չունի:

 

Ռուսաստանին վերաբերող Թրամփի քաղաքականության խոր հետեւանքները Վրաստանի համար ակնհայտ են: Մերձենալ այն պետությանը, որին ԱՄՆ-ն այժմ համարում է թուլացող տերություն, այլ ոչ ռազմավարական հակառակորդ, պատմականորեն սխալ հաշվարկ է։

 

Վրաստանի համար դասն այն չէ, որ ԱՄՆ-ն զիջել է ազդեցության գոտիները վերականգնելու Ռուսաստանի պահանջին, այլ որ պետք է ավելի սերտորեն համագործակցել Եվրոպայի հետ կայունության եւ ու-ի հարցերում։ Համագործակցել Ռուսաստանի հետ, երբ Վաշինգտոնը բացահայտորեն պակաս կարեւոր է համարում այն, ոչ միայն անխոհեմ է, այլեւ հակաարդյունավետ։ Ամերիկացիների աչքերում Վրաստանը սկսում է նմանվել մի երկրի, որը արեւմտյան ուղեծրի հաշվին կամավոր կերպով ենթարկվում է անկում ապրող տարածաշրջանային խաղացողին։

 

ԱԱՌ-ն նաեւ կասկածի տակ է դնում վրացական մեկ այլ վաղեմի ակնկալիքը. ՆԱՏՕ-ի ընդլայնումը Վաշինգտոնի համար այլեւս քաղաքական առաջնահերթություն չէ։ Վրաստանի համար սա նշանակում է հիմնարար վերագնահատում։ Անվտանգություն չի ստեղծվի ո՛չ Ռուսաստանին միանալով, ո՛չ էլ չեզոքության պատրանք ստեղծելով։ Փոխարենը պետք է ավելի խոր համագործակցություն ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ պաշտպանական բարեփոխումների, հետախուզական համագործակցության եւ Սեւ ծովի անվտանգության հարցերում. իրական երաշխիքներ, որոնք կախված չեն 2000-ականների ընդլայնման մոդելից։ Ավելի քան երբեւէ կարեւոր է նաեւ Վրաստանի անվտանգությունն ու կայունությունը զուգակցել Ուկրաինայի խաղաղ բանակցությունների հետ, քանի որ դրանց արդյունքը եւ նոր անվտանգության կարգը կորոշեն խաղի կանոնները եվրոպական մայրցամաքում: Ամերիկան ո՛չ իր հայտարարություններով, ո՛չ էլ իր անվտանգության ռազմավարությամբ չի ծրագրում թույլ տալ Ռուսաստանին եւ Չինաստանին տիրանալ եվրոպական շահերին: Ի վերջո, անվտանգության ռազմավարության մեջ նշվում է, որ Վաշինգտոնը «կիսագնդից դուրս մրցակիցներին կզրկի մեր [Արեւմտյան] կիսագնդում ուժեր տեղակայելու կամ այլ սպառնալիքներ ստեղծելու հնարավորություններից, կամ ռազմավարական առումով կարեւոր ակտիվներ ունենալու կամ վերահսկելու կարողությունից»:

 

Սա է այն ռազմավարական միջավայրը, որտեղ գործելու է Վրաստանը անկախ նրանից՝ ընդունում են դա երկրի առաջնորդները, թե ոչ: 

 

Դիվանագիտական մանեւրներ եւ գլոբալ բանակցություններ հարեւան երկրներում

 

Դիվանագիտական տեսանկյունից 2025 թվականը ներգրավվածության եռուն տարի էր, եւ Թրամփի դիվանագիտությունը ազդել է նաեւ Հարավային Կովկասի վրա: 2025-ի օգոստոսին Թրամփը հյուրընկալեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ խաղաղության կարեւորագույն շրջանակային համաձայնագրի ստորագրման համար: 

Լուսանկարը` REUTERS

Սյունիքով/Զանգեզուրով անցնող TRIPP միջանցքը դարձել է ամերիկյան ռազմավարական ճարտարապետության դրոշակակիր. ԱՄՆ-ի գլխավորած կոնսորցիում, ռուսական եւ իրանական երթուղիների շրջանցում, Մոսկվայի ազդեցության ուղղակի նվազեցում եւ տարածաշրջանի ինտեգրում արեւմտյան լոգիստիկ ցանցերին: TRIPP-ն այժմ ենթակառուցվածքային նախագիծ է, որի աշխարհաքաղաքական նպատակն է վերակազմավորել եվրասիական տարանցիկ համակարգը: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին այցելությունները Երեւան եւ Թբիլիսի հաստատում են, որ ԱՄՆ-ն իրոք հետաքրքրված է TRIPP-ով: Բացի այդ, եթե TRIPP-ը կապվի Կենտրոնական Ասիայի տարանցիկ համակարգի հետ, այն իսկապես կարող է ռուսական տարանցիկ կարողությունների այլընտրանք դառնալ:  

 

2025 թվականի նոյեմբերին Վաշինգտոնում կայացած C5+1 (Կենտրոնական Ասիա գումարած ԱՄՆ) գագաթնաժողովը շրջադարձային դարձավ ԱՄՆ շահերի ամրապնդման համար լայն տարածաշրջանում: Ուզբեկստանը հանձնառու է հաջորդ տասնամյակի ընթացքում Միացյալ Նահանգներից ներդրումներ կատարել եւ գնել ավելի քան 100 միլիարդ դոլարի ապրանքներ ու ծառայություններ: Ղազախստանը 17 միլիարդ ԱՄՆ դոլարի պայմանագրեր է կնքել: Տարածաշրջանի առաջնորդները ժամանեցին ուրանի, հազվագյուտ հանքանյութերի, ոսկու եւ կապի առաջարկներով: Միացյալ Նահանգները խոստացան կապիտալ, տեխնոլոգիաներ եւ «ուղիղ գիծ Սպիտակ տան հետ»: Երկու կողմերն էլ հեռացան ընդհանուր ըմբռնումով. Կենտրոնական Ասիան այլեւս ԱՄՆ քաղաքականության երկրորդական մաս չէ, այլ Չինաստանից եւ Ռուսաստանից հեռանալու ռազմավարության կարեւոր տարր:

Լուսանկարը` REUTERS

Այս տեղաշարժը լիովին համապատասխանում է ԱԱՌ-ին: Կարեւորագույն հանքանյութերի, մատակարարման շղթաների եւ ցամաքային միջանցքների վերահսկողությունը ձեւավորում է ամերիկյան ներգրավվածության նոր քարտեզը: Սակայն դիվանագիտական եւ ռազմավարական փոխազդեցությունների այս համերգում Վրաստանի ձայնը զարմանալիորեն բացակայում է:

 

«Անորսալի Ջո» Վրաստանը

 

Մինչ Հայաստանն ինտեգրվում է ամերիկյան դիվանագիտությանը, Ադրբեջանը դառնում է լոգիստիկ առանցք, Թուրքիան պահպանում է իր անփոխարինելի ռազմավարական դերը, իսկ Կենտրոնական Ասիայի առաջնորդները ուշադրության են արժանանում Սպիտակ տանը, Վրաստանը ոչ միայն մնում է միայնակ ու մեկուսացված, այլեւ անհասկանալի քարոզչական հարձակումներ է իրականացնում «խորքային պետության», «գլոբալ պատերազմի կուսակցության» եւ բոլոր նրանց դեմ, ովքեր քննադատում են Թբիլիսիի ձգտումը դեպի միակուսակցական բռնապետություն։

 

Վրաստանի կառավարող վերնախավը զարմանալի վստահությամբ սխալ է հասկացել համաշխարհային իրականությունը։ Նրանք հավատում էին Ամերիկայի նահանջին, որն այդպես էլ տեղի չունեցավ, Եվրոպայի փլուզմանը, որը չիրականացավ, եւ Ռուսաստանի կայծակնային հաղթանակին, որը չեղավ։ Նրանք երազում էին Չինաստանի հետ գործընկերության մասին հենց այն պահին, երբ Վաշինգտոնը Պեկինին իր գլխավոր մրցակիցը համարեց։ Նրանք ձգտում էին Ռուսաստանի հետ ավելի ջերմ հարաբերությունների, երբ ԱՄՆ ռազմավարության շրջանակներում Մոսկվան հիմնական սպառնալիքից վերածվեց կարգը խախտող կառավարելի գործոնի։ Նրանք ընտրեցին պրագմատիկ մեկուսացումը այն պահին, երբ ավելի լայն տարածաշրջանում հնարավորություն բացվեց ԱՄՆ ռազմավարական տարանցիկ տրանսպորտային շահերի համար։ 

Լուսանկարը` REUTERS

Ընդունելով ռուսական ոճի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքներ, քարոզչությամբ հարձակվելով արեւմտյան ինստիտուտների վրա եւ սիրախաղ անելով այլընտրանքային աշխարհաքաղաքական հովանավորների հետ՝ Վրաստանի կառավարությունը երկիրը ռազմավարական գործընկերոջից հեղինակությանը սպառնող ռիսկի վերածեց։ Մինչդեռ տարածաշրջանի մյուս բոլոր պետությունները գտան իրենց տեղը։ Հայաստանը խաղաղություն է ապահովում, վերամիավորվում է ԵՄ-ի հետ եւ փորձում առեւտրային ուղիներ բացել բոլոր հարեւանների հետ։ Ադրբեջանը մատակարարում է էներգետիկ ռեսուրսներ եւ տրանսպորտային կապ է ապահովում՝ միաժամանակ դաշինքներ ստեղծելով տարածաշրջանում եւ աշխարհում, ներառյալ Եվրոպան եւ Վաշինգտոնը։ Կենտրոնական Ասիան մատակարարում է հանքանյութեր եւ իրականացնում է տարանցիկ փոխադրումներ, Թուրքիան ապահովում է ռազմավարական հավասարակշռություն եւ տարանցիկ փոխադրում Արեւելքից Արեւմուտք։ Վրաստանը ապահովում է միայն անորոշություն։ 

 

Վրաստանի արտաքին քաղաքականության համար այս ամենի հետեւանքները մեծ են։ Երկիրը, որը պետք է կենտրոնական դեր խաղար Սեւ ծովի անվտանգության, Միջին միջանցքի եւ զսպման արեւմտյան ճարտարապետության մեջ, այժմ ընկալվում է որպես բռնապետության եւ ռազմավարական անորոշության ուղղությամբ շարժվող պետություն։ 

Լուսանկարը` REUTERS

Այնուամենայնիվ, Վաշինգտոնը դեռեւս զգալի լծակներ ունի եւ պետք է դրանք մտածված օգտագործի։ Ամերիկյան ֆինանսական հսկողությունը կարող է սահմանափակել օլիգարխների ազդեցությունը, վիզաներին եւ գույքին վերաբերող նպատակային միջոցառումները կարող են պատիժ դառնալ հակաարեւմտյան վարքագծի համար, պաշտպանական համագործակցության ավելի խիստ պայմանները կարող են վերականգնել կարմիր գծերը, իսկ Բրյուսելի հետ ավելի սերտ համակարգումը կարող է թույլ չտալ Թբիլիսիին գործընկերների միմյանց դեմ հանել։ Միեւնույն ժամանակ Վաշինգտոնը պետք է խորացնի անմիջական կապը Վրաստանի հասարակության, տեղական իշխանությունների, քաղաքացիական գործիչների եւ մասնավոր հատվածի հետ՝ ապահովելով, որ երկրի արեւմտամետ մեծամասնությունը անսասան մնա։ 

 

Վայրի Արեւմուտքի մասին անեկդոտը ցավալիորեն արդիական է մնում։ Մի տղամարդ ներս է վազում պանդոկ, բղավում, օդ է կրակում, ապա դուրս վազում։ Երբ հարցնում են, թե ով է, պատասխանում են՝ «Անորսալի Ջոն»։ Երբ հարցնում են, թե ինչու է նա անորսալի, պատասխանը պարզ է. որովհետեւ նա ոչ մեկին պետք չէ։ Այսօր այս մականունը վերաբերում է ոչ թե Վրաստանի ժողովրդին, որը մնում է անսասանորեն արեւմտամետ, այլ ղեկավարությանը, որի անհետեւողական ընթացքը Վրաստանը դարձրել է տարածաշրջանի միակ բացառությունը։

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին