«Թրամփը պետք է գործն ավարտին հասցնի եւ կայուն խաղաղություն հաստատի» - Mediamax.am

Հունվար 12, 2026
254 դիտում

«Թրամփը պետք է գործն ավարտին հասցնի եւ կայուն խաղաղություն հաստատի»


Լուսանկարը` Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջ

Լուսանկարը` Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջ

Լուսանկարը` Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջ


Ներկայացնում ենք Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Լյուք Քոֆիի Armenia-Azerbaijan peace process requires momentum հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Լյուք Քոֆին 2015-2022 թվականներին եղել է Heritage Foundation-ի արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն: 

 

Լյուք Քոֆին հանդիսացել է նաեւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամ Ֆոքսի հատուկ ավագ խորհրդական՝ դառնալով առաջին օտարերկրյա քաղաքացին, որը նշանակվել էր նման պաշտոնում վարչապետի կողմից: Քոֆին, մասնավորապես, մասնակցել է բրիտանական պաշտպանական քաղաքականության ձեւավորմանը տրանսատլանտյան անվտանգության, ՆԱՏՕ-ին, Մերձավոր Արեւելքին եւ Աֆղանստանին վերաբերող հարցերում:

 

Լյուք Քոֆի

 

Սպիտակ տանը տեղի ունեցած պատմական հանդիպումից անցել է ավելի քան հինգ ամիս։ Այդ հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հյուրընկալեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բեկումնային խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, որը վավերացվելուց հետո կարող է վերջ դնել Հարավային Կովկասում ամենաերկարատեւ հակամարտությանը։

 

Տասնամյակներ շարունակվող բռնությունից հետո երկու կողմերն էլ այժմ, կարծես, իսկապես պատրաստ են խաղաղության, սակայն մինչեւ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալը, նրանք առաջընթացի կենսունակ ուղի չէին կարողանում գտնել։ Ամեն ինչ փոխվեց 2025թ. օգոստոսին, երբ Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդները Թրամփի հետ միասին պայմանագիր ստորագրեցին՝ պարտավորվելով վավերացնել խաղաղության համաձայնագիրը եւ կարգավորել հարաբերությունները։ Ենթադրվում էր, որ վավերացման գործընթացը կտեւի մոտ 12 ամիս, սակայն ամիսներ անց չնչին առաջընթաց է գրանցվել, եւ մի շարք հիմնական հարցեր դեռ մնում են չլուծված։ 

 

Առաջին փորձությունը կլինի Փաշինյանի քաղաքական կայունությունը Հայաստանում այս տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մինչ նա քաղաքական քաջություն է դրսեւորել Ադրբեջանի հետ հաշտեցման հասնելու հարցում, Հայաստանի ներսում արմատական ազգայնական ուժերը շարունակում են մարտահրավեր նետել ինչպես նրա ղեկավարությանը, այնպես էլ խաղաղության գործընթացի օրինականությանը: 

 

Այս խմբերին հաճախ խրախուսում են հայկական սփյուռքի այն հատվածները, որոնք ապրում են հազարավոր կիլոմետրեր հեռու եւ վերսկսված հակամարտության հետեւանքները չեն կրելու: Ընտրությունները, հավանաբար, վիճահարույց կլինեն, իսկ դրանցից հետո քաղաքական կայունությունը էական նշանակություն կունենա խաղաղության գործընթացի շարունակության համար:

Լուսանկարը` Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջ

Հայաստանի սահմանադրությանը վերաբերող զգայուն, բայց չափազանց կարեւոր հարցը սերտ կապ ունի վերը նշվածի հետ։ Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ Բաքուն չի կարողանա վավերացնել խաղաղության համաձայնագիրը, եթե այս հարցը չլուծվի։ Ըստ 1990 թվականի Անկախության հռչակագրի՝ Հայաստանի սահմանադրությունը պարունակում է Ադրբեջանի նկատմամբ ենթադրյալ տարածքային պահանջներ։

 

Ադրբեջանի համար սա խորհրդանշական կամ իմաստաբանական խնդիր չէ, այլ խաղաղության հասնելու հիմնարար խոչընդոտ։ Ալիեւը բազմիցս հայտարարել է, որ նախքան վերջնական համաձայնագիր ստորագրելը Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի սահմանադրության մեջ եւ վերացնի Ադրբեջանի նկատմամբ ցանկացած տարածքային պահանջ։ Կունենա՞ արդյոք Երեւանը քաղաքական կամք նման փոփոխություն կատարելու համար: Դա մեծապես կախված կլինի հունիսին կայանալիք ընտրությունների արդյունքներից։

 

Երրորդ հարցը, որն անհապաղ լուծում է պահանջում, «Թրամփի ուղի» (TRIPP  - Trump Route for International Peace and Prosperity) նախագիծն է: Այս նախաձեռնության նպատակն է բավարարել Բաքվի վաղեմի պահանջը՝ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցության ապահովումը: Ներկայում Հայաստանը փակ է պահում անցուղին՝ չնայած այն բացելու հանձնառությանը, որը ստանձնել էր 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված հրադադարի պայմանագր շրջանակում, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմին։  

 

Ըստ Թրամփի առաջարկի՝ այս 42 կիլոմետրանոց միջանցքի շահագործումը կհանձնվի ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելող մասնավոր, միջազգային կոնսորցիումի։ Չնայած Հայաստանը պաշտոնապես համաձայնել է այս հայեցակարգին, այն իրականացնելու համար որեւէ էական քայլեր չեն ձեռնարկվել։ Ալիեւը վերջերս մտահոգություն է հայտնել առաջընթացի բացակայության վերաբերյալ՝ զգուշացնելով, որ շարունակական ձգձգումները կարող են խաթարել վստահությունը ավելի լայն խաղաղության համաձայնագրի նկատմամբ։ Եթե 2026 թվականին Հայաստանում ենթակառուցվածքային աշխատանքները չսկսվեն, համաձայնագրի նկատմամբ վստահությունը կարող է զգալիորեն նվազել։ 

 

Մյուս մարտահրավերը Ռուսաստանի եւ Իրանի կողմից ճնշումն է, մասնավորապես՝ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին։ Ո՛չ Մոսկվան, ո՛չ Թեհրանը չեն ողջունում Վաշինգտոնի դերը խաղաղության հաստատման գործընթացում, քանի որ երկուսն էլ Հարավային Կովկասը համարում են իրենց ավանդական ազդեցության ոլորտի մի մասը։ Թրամփի առաջարկած ուղին զգայուն հարց է երկու երկրների համար։

Լուսանկարը` Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջ

Հաշվի առնելով, որ Ռուսաստանը ներկայում հսկում է Հայաստան-Իրան սահմանը, Մոսկվան զգուշավոր է տարածաշրջանում ԱՄՆ-ի ցանկացած ներկայությունից՝ լինի դա մասնավոր կամ այլ ընկերություն։ Թեհրանն իր հերթին հույսը դնում է այս 42 կիլոմետրանոց հատվածի վրա՝ որպես դեպի հյուսիս տանող առեւտրային հիմնական ուղի: ԱՄՆ-ի առաջարկած տարանցիկ միջանցքը կարող է հատվել Իրանի առեւտրային շահերի եւ Ռուսաստանի անվտանգային պարտավորությունների հետ՝ ստեղծելով լարվածության, որը ոչ մի երկիր չի ցանկանում: Հետեւաբար, Մոսկվայի եւ Թեհրանի շահերից է բխում պահպանել ստատուս քվոն եւ լուռ խոչընդոտել նոր հաղորդակցության ուղիների ստեղծման ջանքերին:

 

Չնայած այս մարտահրավերներին, 2026 թվականը դեռ կարող է դառնալ այն տարին, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջապես խաղաղություն կհաստատվի, ինչի համար միջազգային կայուն ներգրավվածություն կպահանջվի եւ շարունակական ճնշում երկու կողմերի վրա՝ որպեսզի կատարեն իրենց պարտավորությունները։ Թրամփը, որն արդարացիորեն գովասանքի արժանացավ երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնագիր կնքելու միջնորդական ջանքերի համար, այժմ պետք է այն ավարտին հասցնի՝ ապահովելու համար, որ խաղաղությունը լինի կայուն, այլ ոչ թե խորհրդանշական։

 

«Թրամփը պետք է այցելի Հայաստան եւ Ադրբեջան»

Հնարավոր օգուտները կարեւոր են։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանը դուրս է մնացել գրեթե բոլոր խոշոր տարածաշրջանային էներգետիկ եւ տարանցիկ նախագծերից, ինչի հետեւանքով երկրի տնտեսությունը հայտնվել է մեկուսացման մեջ եւ արտասահմանյան ներդրումների կարիքն ունի։ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, հավանաբար, հնարավորություն կտա կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ ստեղծելով նոր առեւտրային միջանցքներ, որոնք կարող են ձեւափոխել տարածաշրջանային տնտեսությունը եւ երկար սպասված կայունություն բերել Հարավային Կովկաս։

 

Սակայն դրան հասնելու համար Վաշինգտոնը պետք է շարունակի ուշադրության կենտրոնում պահել տարածաշրջանը եւ հետեւողական լինել այս հարցում՝ չնայած նրան, որ ԱՄՆ-ն բախվում է բազմաթիվ գլոբալ մարտահրավերների։ 

 

Եթե Թրամփն ու իր թիմը շարունակեն ներգրավված մնալ այս գործընթացի մեջ, ապա հնարավորություն կա ոչ միայն վերջ դնել տասնամյակներ տեւած հակամարտությանը, այլեւ վերաձեւավորել անկայուն տարածաշրջանը այնպես, որ դա օգուտ բերի բոլոր շահագրգիռ կողմերին:

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին