Երեւան: Մեդիամաքս: Իրանի Գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ այսպես կոչված «Թրամփի պլանը» նույնական է «Զանգեզուրի միջանցք» ծրագրին։
Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ Վելայաթին հիշեցրել է, որ Իրանը ամենասկզբից դեմ է եղել «Զանգեզուրի միջանցքին», քանի որ մերժում է տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն։
Նրա խոսքերով՝ միջանցքը կարող է ՆԱՏՕ-ի ներկայություն ապահովել Իրանի սահմանի մոտ, ստեղծելով անվտանգային լուրջ ռիսկեր Իրանի հյուսիսի եւ Ռուսաստանի հարավի համար։
Վելայաթին ավելացրել է, որ «Թրամփի պլանը» փաստացի նույն ծրագիրն է՝ այլ անունով, որն այժմ իրականացվում է ամերիկյան ընկերությունների Հայաստան ներթափանցման միջոցով։
Մեդիամաքսը հիշեցնում է, որ ս.թ. օգոստոսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննադատության էր ենթարկել Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթիի դիրքորոշումը։
«Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիեւը, մասնավորապես, ասել էր.
«Իրանի պաշտոնական դիրքորոշումը նոր զարգացումների վերաբերյալ մենք համարում ենք շատ ողջամիտ եւ շատ դրական։ Երբ ասում եմ «պաշտոնական դիրքորոշում», նկատի ունեմ նախագահի եւ արտաքին գործերի նախարարի դիրքորոշումը։ Լսվում էին որոշ նախկին պաշտոնյաների ձայներ, որոնք այժմ խորհրդականներ են կոչվում։ Չգիտեմ, թե ինչ խորհուրդներ են իրենք տալիս։
Այդ դիրքորոշումը մեզ համար բացարձակապես կարեւոր չէ։ Այն մեզ համար ոչ մի իմաստ չունի, քանի որ մեր միջպետական հարաբերությունները կառավարությունների, նախագահների, արտաքին գործերի նախարարների միջեւ են։ Հետեւաբար, մենք լիովին անտեսում ենք այն կեղծ նարատիվները, որոնք տարածում են այսպես կոչված խորհրդականները։ Մեզ համար ամեն ինչ պարզ է։ Նախագահի դիրքորոշումը բացարձակապես ողջամիտ է եւ հիմնված է այն փաստի վրա, որ Զանգեզուրի միջանցքը որեւէ սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար»։















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: