«Բարեւ» ֆիլմը կպատմի Արա Գյուլերի ամենակարեւոր ճամփորդության մասին - Mediamax.am

149 դիտում

«Բարեւ» ֆիլմը կպատմի Արա Գյուլերի ամենակարեւոր ճամփորդության մասին


Արա Գյուլերը Ստամբուլում 2010 թվականին
Արա Գյուլերը Ստամբուլում 2010 թվականին

Լուսանկարը` Steve McCurry / Magnum


Ներկայացնում ենք Variety պարբերականում հրապարակված Biopic of Turkish-Armenian Photojournalist Ara Güler Becomes First Film to Be Jointly Produced by Historically Hostile Turkey and Armenia հոդվածի թարգմանությունը՝ կրճատումներով:

Թուրքահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին կենսագրական ֆիլմը Թուրքիայի եւ Հայաստանի համատեղ արտադրության առաջին փորձը կդառնա։

«Բարեւ» ֆիլմը նկարելու են Էլա Ալյամաջը եւ Արեն Փերդեջին: 2016 թվականին նրանք նկարած «Կորած թռչուններ» ֆիլմն առաջինն էր Թուրքիայում, որը ներկայացնում էր 1915 թվականին հայերի զանգվածային տեղահանություններն ու ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։


Ալյամաջը՝ թուրքական Kara Kedi Film ընկերությունից, եւ Անի Գալստյանը՝ հայկական Anso Films-ից, նախորդ շաբաթ Կաննում «Բարեւ» ֆիլմը համատեղ արտադրելու պայմանագիր են ստորագրել։

Ռեժիսորների հայտարարության մեջ ասվում է, որ «Թուրքիայի եւ Հայաստանի համատեղ արտադրության առաջին ֆիլմը մշակութային համագործակցության եւ նոր փոխըմբռնման համարձակ ու աննախադեպ քայլ» կլինի:

Արա Գյուլերը նկարել է 20-րդ դարի հսկաներին՝ Պաբլո Պիկասոյից մինչեւ Ուինսթոն Չերչիլ: Ծագումով հայ Էլա Ալյամաջը եւ Արեն Փերդեջին լուսանկարչի հետ
ծանոթացել էին նրա մահվանից մեկ տարի առաջ եւ աշխատել էին նրա հետ՝ Գյուլերի կյանքի պատմությունը ֆիլմի սցենարի վերածելու համար։

Թեեւ ֆիլմը պատմելու է Արա Գյուլերի կարիերայի տարբեր դրվագների մասին, սակայն «Բարեւ»-ի հիմքում լուսանկարչի եռօրյա ճանապարհորդություն է հոր հետ դեպի հայկական այն գյուղը, որտեղ նա ծնվել էր:

«Գյուլերը մեզ ասում էր, որ իր ամենամեծ ճամփորդությունը հորը տուն տանելն էր», - ասել են ռեժիսորները Variety-ին:

Արա Գյուլերի տեսած Խորհրդային Հայաստանը


Բացի 20-րդ դարի հայտնի անձանց փաստագրումից, Արա Գյուլերին մեծ համբավ բերեցին հին Ստամբուլի իր պատկերները, որոնց համար նրան «Ստամբուլի աչք»
էին  կոչում: Նա համագործակցություն էր հաստատել գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքի հետ՝ Գյուլերի լուսանկարները տեղ են գտել Փամուքի «Ստամբուլ. հիշողություններ եւ քաղաք» գրքում։

«Բարեւ» ֆիլմին աջակցում է Թուրքիայի մշակույթի նախարարության Կինոյի հիմնադրամը, այն ֆինանսավորում է ստացել նաեւ թուրքական հանրային հեռարձակող TRT-ի 12 Punto հարթակից:

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին