100 օր, որ ցնցեցին ԱՄՆ արտաքին քաղաքականությունը - Mediamax.am

exclusive
175 դիտում

100 օր, որ ցնցեցին ԱՄՆ արտաքին քաղաքականությունը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդի պատվավոր նախագահ Ռիչարդ Հաասի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Ռիչարդ Հաաս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ պաշտոնավարման սկզբից 100 օր է անցել, բայց շատ բան արդեն պարզ է։ Թրամփ 2.0-ն կտրուկ տարբեր է. նա ավելի վստահ է եւ շրջապատված է թիմով, որը վճռականորեն տրամադրված է շատ ավելի լայն օրակարգ կյանքի կոչել։ Վարչակազմում ընդգրկված մարդիկ, որոնք ավելի շատ խրախուսողներ են, քան զսպողներ, ավելի շատ հանցակիցներ են, քան սահմանափակողներ, վերջին չորս տարիներին նախապատրաստվում էին այս պահին։

Թրամփ 2.0-ի նախագահությունը գործունյա է, կայսերական՝ ինչպես տանը, այնպես էլ արտերկրում։ Նա, կարծես, ամենուր է, գերիշխում է աշխարհի մեծ մասի հանրային տարածքում եւ անձնական զրույցներում։ Ավելի ակնհայտ հակադրություն ԱՄՆ նախորդ նախագահ Ջո Բայդենի հետ լինել չէր կարող։


Վարչակազմի գլխավոր քաղաքականության նպատակը մինչ այժմ եղել է իրականացնել Թրամփի նախընտրական խոստումը՝ անվտանգ դարձնել Միացյալ Նահանգների հարավային սահմանը։ Սակայն նրա նախագահության որոշիչ նախաձեռնությունը դարձել են ներմուծման մաքսատուրքերը՝ ընդհանուր 10% բազային տուրքը, գումարած լրացուցիչ երկրների համար նախատեսված մաքսատուրքերը, որոնք Չինաստանի դեպքում հասնում են 145%-ի։

Արտաքին քաղաքականությունը նույնպես էապես փոխվել է։ Ուկրաինայի անսասան կողմնակից լինելուց հետո ԱՄՆ-ն վճռականորեն թեքվել է Ռուսաստանի կողմը։ Այս փոփոխությունը, թվում է, պայմանավորված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ ակնհայտ հակակրանքով եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ անհասկանալի համակրանքով։

Թրամփը, որն իր քարոզարշավի ընթացքում պարծենում էր, որ իրեն ընդամենը մեկ օր է պետք պատերազմն ավարտելու համար, որի համար նա պարբերաբար մեղադրում է Բայդենին եւ Զելենսկիին, այժմ ասում է, որ պատերազմն ամբողջությամբ ավարտելու համար պետք է հրաժարվել դիվանագիտությունից։ Նա դժվարանում է կատարել իր քարոզարշավի խոստումը հիմնականում այն պատճառով, որ իր ռուսամետ քաղաքականությունը Պուտինին փոխզիջման գնալու պատճառ չի տալիս, իսկ Զելենսկիին՝ փոխզիջման գնալու վստահություն։


ԱՄՆ-Ուկրաինա վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու համաձայնագիրը պետք է օգնի այդ գործում, բայց ռազմական գործողությունների դադարեցման համար պետք է Ուկրաինային աջակցելու շատ ավելի մեծ ջանքեր գործադրել։

Եվրոպան եւ Ամերիկայի մյուս ավանդական դաշնակիցները նույնպես հատուկ վերաբերմունքի չեն արժանանում: Սա հատկապես վերաբերում է մաքսատուրքերին, որոնք խնայեցին Ռուսաստանը, բայց ծանր հարված հասցրին Ճապոնիային, Հարավային Կորեային եւ Թայվանին: Փոխնախագահ Ջ. Դ. Վենսը փետրվարին մեկնեց Մյունխեն՝ եվրոպացիների հետ մշակութային բախում հրահրելու, իսկ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում բարձրաձայն կասկածներ հայտնեց, որ ԱՄՆ-ն հանձնառություն ունի Եվրոպայի նկատմամբ: Սա դրդեց Եվրոպային նախապատրաստվել աջակցելու Ուկրաինային, եթե ամերիկյան օգնությունը նվազի եւ ռազմավարական ինքնաբավության ձեռք բերել:


Մերձավոր Արեւելքում վարչակազմը բանակցություններ սկսեց Իրանի հետ, որոնք կարող են խոստումնալից լինել։ Հիմքը դրեցին Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի եւ նրա դաշնակիցների դեմ, Սիրիայում Ասադի ռեժիմի անկումը եւ Իրանի վատթարացող տնտեսությունը, որոնք միասին գրավիչ են դարձնում միջուկային ծրագրից հրաժարվելը՝ ռազմական հարձակումից խուսափելու եւ պատժամիջոցները մեղմացնելու համար: Եթե Թրամփի վարչակազմը պատրաստ է թույլ տալ Իրանին ուրանի սահմանափակ հարստացում (զիջում, որը կարող է պահանջվել գործարք կնքելու համար), այն կարող է որոշ քննադատության բախվել ԱՄՆ-ում եւ Իսրայելում: Բայց Թրամփը բավականին ուժեղ է, որ անտեսի հնարավոր դիմադրությանը:

Այլ առումներով Թրամփի վարչակազմը, ըստ էության, Իսրայելի կառավարությանը ազատություն է տվել՝ անելու այն, ինչ ուզում է թե՛ Գազայում, թե՛ Արեւմտյան ափին: Նրանց, կարծես, այլեւս չի հետաքրքրում Համասի եւ Իսրայելի միջեւ հրադադարի երկարաձգումը, քանի որ այդպիսով կհակադրվեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որն ավելի բարձր է գնահատում իր կոալիցիայի գոյատեւումը՝ Գազայում ռազմական գործողությունները շարունակելով, քան պատանդներին ազատ արձակելը։

Իսրայելի վրա այլեւս ճնշում չկա՝ զսպելու իր ռազմական գործողությունները կամ նույնիսկ թույլատրելու մարդասիրական օգնություն Գազային, որը գրեթե երկու ամիս լիակատար շրջափակման մեջ է։ Թրամփի առաջարկը Գազայի վերաբերյալ (դատարկել այն երկու միլիոն պաղեստինցի բնակիչներից եւ վերակառուցել որպես նոր Ռիվիերա) ոչնչի չհանգեցրեց, բայց Իսրայելի կառավարությանը համարձակություն տվեց դատարկելու, գրավելու եւ հնարավոր է՝ բնակեցնելու անկլավի մեծ տարածքները։


Արեւմտյան ափին Թրամփի վարչակազմը չեղյալ հայտարարեց Բայդենի պատժամիջոցները վերաբնակիչների նկատմամբ, որոնք բռնի գործողություններ են կատարում պաղեստինցիների եւ/կամ նրանց սեփականության նկատմամբ: Իսրայելին այլեւս կոչ չեն անում ձեռնպահ մնալ բնակավայրեր կառուցելուց կամ պատիժ սահմանում դա անելու համար։ Ժամանակակից պատմության մեջ սա առաջին ամերիկյան վարչակազմն է, որը չի խրախուսում իսրայելցիներին եւ պաղեստինցիներին հարթել իրենց տարաձայնությունները: Հաշտեցման նկատմամբ հետաքրքրությունը գրեթե բացառապես կենտրոնացած է Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման վրա, ինչին խոչընդոտում է Իսրայելը՝ Գազայում զինված ուժ կիրառելով եւ մերժելով պաղեստինցիների ձգտումները լուծելու ցանկացած քաղաքական օրակարգ:

ԱՄՆ արտաքին քաղաքականության ամենաանսպասելի կողմը, որը կանխատեսելի չէր ո՛չ Թրամփի առաջին պաշտոնավարման, ո՛չ էլ քարոզարշավի ընթացքում, կենտրոնացումն է Արեւմտյան կիսագնդի վրա։ Կանադան եւ Մեքսիկան տուժեցին վաղաժամկետ մաքսատուրքերից՝ իրենց սահմանների վերահսկողության ենթադրյալ ձախողումների պատճառով։ Եղան նաեւ կոշտ կոչեր՝ հաստատելու ԱՄՆ-ի ինքնիշխանությունը Պանամայի ջրանցքի, Գրենլանդիայի եւ Կանադայի նկատմամբ։ Ամեն ինչից առավել՝ այս նպատակները առաջացրին հակաամերիկյան հակազդեցություն եւ նույնիսկ ազդեցին Կանադայի վերջին ընտրությունների արդյունքի վրա։

Լուսանկարը` REUTERS


Կա նաեւ մի երեւույթ, որը կարելի է բնութագրել որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության անբարոյական ուղղվածություն։ Թրամփի վարչակազմը գրեթե անտեսել է ժողովրդավարության թուլացումը այնպիսի երկրներում, ինչպիսիք են Թուրքիան եւ Իսրայելը, եւ կրճատել է ժողովրդավարության խթանման աջակցությունը ողջ աշխարհում։

Արտաքին քաղաքականության ամենամեծ անորոշությունը մնում է Չինաստանը։ Մի կողմից Թրամփը TikTok-ին արտոնություններ շնորհեց՝ թույլ տալով մնալ ամերիկացիների հեռախոսներում, չնայած պարզ չէր՝ արդյո՞ք ուներ դա անելու լիազորությունը։ Նա շարունակում է բարձր գնահատել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին եւ վստահություն է հայտնում, որ ԱՄՆ-ն եւ Չինաստանը համաձայնության կգան։ Մյուս կողմից Չինաստանի համար սահմանված հսկայական մաքսատուրքերը նշանակում են, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի տնտեսությունները գնալով ավելի կհեռանան իրարից։ Արդյո՞ք մաքսատուրքերը բանակցային լծակներ ձեռք բերելու փորձ են, թե ինքնանպատակ՝ թերեւս չին-ամերիկյան հարաբերությունների ամենամեծ հարցն է։

Ինքնասպանություն ամերիկյան ձեւով


Ընդհանուր առմամբ, Թրամփ 2.0-ի արտաքին քաղաքականությունն ավելի շատ միակողմանի է, քան մեկուսող, եւ այդպիսին էլ կմնա։ Այնքան էլ պարզ չէ՝ արդյոք Թրամփը քայլեր կձեռնարկի՝ մաքսատուրքերը նվազեցնելու, Ուկրաինայի հարցում իր ռուսամետ դիրքորոշումը վերանայելու եւ Գազայի եւ Արեւմտյան ափի հարցում մոտեցումը փոխելու նպատակով Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար. քաղաքականություններ, որոնք կարող են վերակենդանացնել ԱՄՆ-ի եւ աշխարհի տնտեսական աճը եւ խաղաղություն բերել երկու տարածաշրջաններին, որոնք քիչ են խաղաղություն վայելել։ Շատ բան կախված է նրանից, թե ինչ կընտրի այն մարդը, ով՝ լավ է,թե վատ, արդեն իսկ ԱՄՆ ամենաազդեցիկ նախագահներից մեկն է։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Project Syndicate, 2025
www.project-syndicate.org




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին