Վենսի մյունխենյան ելույթն ու սառը պատերազմի վերջին ճակատամարտը - Mediamax.am

1018 դիտում

Վենսի մյունխենյան ելույթն ու սառը պատերազմի վերջին ճակատամարտը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք քաղաքագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի Последнее сражение холодной войны? հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ֆյոդոր Լուկյանով

Այն ուշադրությունը, որն այս տարի գրավեց Մյունխենի անվտանգության համաժողովը, համադրելի է 18 տարի առաջ տեղի ունեցածի հետ: Այն ժամանակ անհանգստության պատճառը Ռուսաստանի նախագահն էր, հիմա՝ ԱՄՆ փոխնախագահը:

Այս իրադարձությունները երկու հանգամանք է միավորում: Երկուսն էլ կապված են սառը պատերազմի հետեւանքների հետ, թեեւ շատ տարբեր կերպով: Բացի այդ, եւ՛ Վլադիմիր Պուտինի 2007թ. ելույթը, եւ՛ Ջեյ Դի Վենսի 2025թ. ելույթը տրանսատլանտյան հանրությունից պահանջում են ոչ թե ձեւական, այլ բովանդակային արձագանք, գործելակերպի փոփոխություն:

Այն ժամանակ դա տեղի չունեցավ: Եվրոպական եւ ամերիկյան վերնախավերը նախընտրեցին Ռուսաստանի ղեկավարի հռետորաբանությունը համարել պարզապես դժգոհություն՝ կապված իր երկրի առաջատար համաշխարհային դիրքերի կորստի հետ: Սակավաթիվ ահազանգողները առաջարկում էին ուշադիր լսել Կրեմլի կարծիքը: Սակայն այս մոտեցումը խեղդվեց ինքնագոհ հեղեղի տակ, որի հիմնական թեզն այն էր, որ Ռուսաստանը վաղ թե ուշ կհամակերպվի: Արդյունքը տեսնում ենք հիմա: Ատլանտյան հանրության գլխավոր երկրի երկրորդ դեմքի կարծիքն անտեսել հնարավոր չէ: Իրարանցումն ակնհայտ է, Մակրոնը հրավիրում է հատուկ եվրոպական գագաթնաժողով՝ դիրքորոշում մշակելու համար:

Սակայն հարց է առաջանում. արդյո՞ք Եվրոպական միությունում ճիշտ են հասկանում խնդրի էությունը, այն, ինչի մասին խոսում էր Վենսը: Առաջին արձագանքներից դատելով՝ ոչ:


ԱՄՆ փոխնախագահի ելույթը, հավանաբար, մի քանի պատճառ ունի:

Ամենապարզը՝ վրեժխնդրությունն է անզուսպ եւ անտակտ եվրոպական ղեկավարների հասցեին, ովքեր Թրամփին եւ թրամփականներին քննադատում էին որքան կարող էին՝ ընդհանրապես չմտածելով, որ խոսքերի համար կարող են պատասխան պահանջել: Ով էր նրանց ստիպում կանխավ փչացնել հարաբերությունները մի մարդու հետ, ով կարող էր դառնալ իրենց ավագ գործընկերը՝ առանձին հանելուկ է: Ինչեւէ, նրանք իրենց չէին զսպում Թրամփի հարցում, նա էլ պատասխանելիս իրեն չի զսպում:

Լուսանկարը` REUTERS


Երկրորդ հանգամանքը գաղափարական տարաձայնությունն է:

Որոշ առումով Վենսը Եվրոպային հասցեագրեց նույն մեղադրանքները, որոնք ժամանակին Նոր Աշխարհի վերաբնակիչները նետում էին Հին Աշխարհին՝ բռնապետություն, կեղծավորություն, մակաբուծություն:

Հենց եվրոպական քաղաքական ավանդույթից հեռանալն էր երեք հարյուր տարի առաջ ստեղծում գաղափարական նախադրյալները, իսկ հետո՝ ամերիկյան պետության ձեւավորման հիմքը: Այն փաստը, որ ամերիկացի ներկայացուցիչները (ոչ միայն Վենսը, այլեւ հատկապես Մասկը) անպատկառորեն միջամտում են եվրոպական երկրների ներքին գործերին, չպետք է զարմացնի՝ հենց լիբերալ գաղափարախոսները միշտ պաշտպանել են հանուն ազատության եւ ժողովրդավարության դա անելու իրավունքը: Վեճը, թե ինչ է իսկական ժողովրդավարությունը, ներքին ամերիկյանից այժմ դարձել է տրանսատլանտյան: Եվ սա շատ բան կորոշի: Հնարավոր է՝ Արեւմուտքի գաղափարական ուղղությունը հաջորդ պատմական ժամանակաշրջանում:

Եվ կա երրորդ բաղադրիչը՝ ամենակարեւորը, քանի որ կապված չէ անձանց եւ ընթացիկ իրավիճակի հետ: Աշխարհը փոխվել է: Այս փոփոխությունը լիովին նկարագրելը դեռեւս բավական բարդ է՝ պարզապես շուտ է: Սակայն քչերն են վիճում, որ նախկին մոտեցումները դադարել են աշխատել, առաջին հերթին՝ միջազգային հավասարակշռության ընդհանուր տեղաշարժի պատճառով: Ժողովրդագրական բաշխումը, տնտեսական դինամիկան, Արեւմուտքի եւ աշխարհի այլ մասերի հարաբերական դերը, դիմակայության ոլորտները (ներառյալ տեխնոլոգիաները)՝ այս ամենը արմատապես փոխում է պատկերը: Եվ հիմնական հարցն ատլանտյան հանրության համար (թեեւ դա տարօրինակ է հնչում 35 տարի անց)՝ դադարեցնե՞լ սառը պատերազմը XX դարի պարամետրերով, թե՞ շարունակել այն: Եվրոպայի պատասխանը երկրորդն է (քանի որ չստացվեց սահուն կլանել նախկին հակառակորդներին), ԱՄՆ-ի պատասխանը՝ ավելի ու ավելի առաջինը: Եվ ամերիկյան դեպքում դա Թրամփի պրոդուկտը չէ, այլ XXI դարում միջազգային իրավիճակի եւ Ամերիկայի ընդհանուր փոխակերպման: Եվրոպայի առաջնահերթություն լինելուց հեռացումը սկսվեց անմիջապես՝ կրտսեր Ջորջ Բուշի օրոք, փոփոխվող ինտենսիվությամբ այն շարունակեցին նրանից հետո բոլոր նախագահները: Թրամփը պարզապես շատ անկեղծորեն ասաց այն, ինչ խուսափում էին արտասանել իր նախորդները:

Լուսանկարը` REUTERS


Ի՞նչ է անելու Եվրոպան: Այս պահին թվում է, թե սառը պատերազմի գաղափարական եւ աշխարհաքաղաքական կառուցվածքի պահպանումը նրա համար սեփական կենտրոնականությունը պահպանելու միակ միջոցն է:

Իսկ դրա հետ միասին՝ նաեւ սեփական ամբողջականությունը, որն արդեն խաթարվում է: Եվրոպական ինտեգրացիան ամբողջությամբ լիբերալ համաշխարհային կարգի արդյունք է: Այն թշնամու կարիք ունի, եւ սովորական թշնամու:

Նոր, անսովոր թշնամին (օրինակ, Չինաստանը) հարմար չէ: Հետեւաբար, տրամաբանական է ենթադրել, որ Եվրոպան օբյեկտիվորեն շահագրգռված է այնպիսի մասշտաբի սրացմամբ, որ դաշնակիցը, նույնիսկ չցանկանալով միջամտել, չկարողանա մի կողմ քաշվել: Թե որքանով է Հին Աշխարհն ունակ դրան՝ մտորումների առարկա է:

ԱՄՆ-ի համար իրավիճակը երկակի է: Նախորդ դարի երկրորդ կեսի հակամարտության գաղափարական-քաղաքական շրջանակից հրաժարումը հնարավորություն է լրջորեն զբաղվելու այն թեմաներով. Չինաստան (առաջին հերթին), դրա հետ կապված՝ խաղաղօվկիանոսյան տարածք, Հյուսիսային Ամերիկա (հնարավոր է՝ Ամերիկան ընդհանրապես), Արկտիկա, որոշ չափով՝ Մերձավոր Արեւելք: Եվրոպան այս հարցերի լուծման մեջ իր անհրաժեշտությունը չի ապացուցել եւ դժվար թե ապացուցի, բայց ուշադրությունն ու ռեսուրսները շեղել կարող է:

Լուսանկարը` REUTERS


Մյուս կողմից, հիմքեր չկան պատրանքների մեջ ընկնելու եւ ենթադրելու, որ ԱՄՆ-ը պարզապես «ձեռք կքաշի» Հին Աշխարհից: Թրամփի մոտեցումը մեկուսացում չէ, այլ «կայսրության» կառավարման այլ եղանակներ: Այն պետք է մետրոպոլիային ավելի շատ օգուտ բերի եւ ավելի քիչ գլխացավանք պատճառի: Եվ Վենսի պահանջը՝ վերանորոգել եվրոպական ժողովրդավարությունը, ըստ էության, կոչ է բարելավել նահանգի կառավարումը, որտեղ տեղական իշխանությունները կորցրել են ներքին հարցերը լուծելու կարողությունը: Եվրոպայի ինքնիշխանության նկատմամբ վերաբերմունքն այստեղ ավելի արհամարհական է, քան նախորդ ամերիկյան լիբերալ ատլանտիստներինը: Ընդհանուր առմամբ, Վենսի ելույթը կարեւոր իրադարձություն է ատլանտյան ժամանակագրության մեջ: Եվ քանի որ ատլանտիզմի գաղափարն ինքնին առաջին հերթին նախորդ սառը պատերազմի արդյունք է, կենտրոնական հարցն է՝ արդյո՞ք դրանում վերջակետ կդնեն՝ որեւէ նոր սառը պատերազմ սկսելու համար:

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին