Երեք գոյութենական սպառնալիքները՝ գործող աշխարհակարգի քայքայման պայմաններում - Mediamax.am

exclusive
438 դիտում

Երեք գոյութենական սպառնալիքները՝ գործող աշխարհակարգի քայքայման պայմաններում


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր պատվավոր տնօրեն, Եգիպտոսի նախկին փոխնախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մոհամեդ Էլ Բարադեյի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Մոհամեդ Էլ Բարադեյ

Քանի որ 82 տարեկան եմ, ականատես եմ եղել անթիվ քաղաքական եւ սոցիալական ցնցումների, որոնք բավական էին պատմության կրկնվող ցիկլերին ինչ-որ չափով ծանոթ լինելու համար: Բայց վերջին զարգացումները ինձ խորապես ցնցել ու վախեցրել են: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները կոպտորեն խարխլվում են: Վերանում են տարածքն ուժով գրավելու արգելքը, հակամարտությունների ժամանակ խաղաղ բնակչությանը պաշտպանելու պարտավորությունը, ինքնապաշտպանության իրավունքի սահմանափակումները եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու» մանդատը՝ առանց հետեւանքները հաշվի առնելու:

Ուկրաինայում եւ Գազայում օկուպացիան դարձել է վեճերի կարգավորման միջոց, քաղաքացիական անձանց օգտագործում են որպես թնդանոթի միս, իսկ ինքնապաշտպանության իրավունքը խեղաթյուրվել եւ դարձել է հատուցման ու վրեժխնդրության գործողություններն արդարացնելու համար. Գազայում այդ գործողությունները սահմանակից են ցեղասպանությանը: Մինչդեռ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը կանոնավոր կերպով չարաշահում են իրենց վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ վերածելով այն անզոր մարմնի, որն ունակ չէ հրադադարի կոչ անել: Աշխարհաքաղաքական այս խառնաշփոթի պայմաններում արտադատական սպանությունները, որոնք ժամանակին բոլորի կողմից դատապարտելի էին, տոնվում են որպես հաղթանակ:

Այս քայքայումն արտացոլում է անվտանգության բազմակողմ համակարգի արագ փոխակերպումը բազմաբեւեռ կարգի, որում գերակշռում են երեք խոշոր տերություններ, որոնցից յուրաքանչյուրը կենտրոնացած է իր շահերի պաշտպանության եւ իր ազդեցության գոտին ընդլայնելու վրա՝ մնացած աշխարհը ավելի անապահով դարձնելով: Այսօր գլխավոր կանոնը կարծես հետեւյալն է. եթե բավական ուժ ունեն՝ կառավարությունները կարող են անպատիժ սպանել:

Միջազգային կանոնների եւ նորմերի քայքայմանը ավելանում են աղաղակող երկակի ստանդարտները: Արեւմտյան տերությունների անվերապահ աջակցությանը Գազայում եւ Լիբանանում Իսրայելի գործողություններին (որը բազմիցս հիմնավորվում է «Իսրայելն ունի պաշտպանվելու իրավունք» արտահայտությամբ) կտրուկ հակադրվում է Ռուսաստանի դեմ կիրառվող կոշտ տնտեսական պատժամիջոցները: Ճիշտ է, Ռուսաստանն է նախաձեռնել պատերազմն Ուկրաինայում, ինչպես ՀԱՄԱՍ-ը՝ Գազայում, սակայն Իսրայելի կողմից միջազգային իրավունքի խախտումներն այնքան բազմաթիվ են ու դաժան, որ այն փաստացի ստանձնել է ագրեսորի դերը:

Լուսանկարը` REUTERS


Այս երկակի ստանդարտները սուր են զգում զարգացող աշխարհում, որտեղ ընդհանուր ընկալումն այն է, որ մեծ ժողովրդավարական երկրներում մարդու իրավունքներն ավարտվում են իրենց սահմաններում: Արդյունքում անարդարության ու երեսպաշտության զգացումը խորացրել է վաղեմի անվստահությունը գլոբալ Հյուսիսի եւ Հարավի միջեւ:

Տագնապալի է, որ աշխարհաքաղաքական լարվածությունը խորանում է հենց այն ժամանակ, երբ մարդկությունը բախվում է երեք գոյութենական սպառնալիքների հետ, որոնք պահանջում են սերտ միջազգային համագործակցություն. կլիմայի փոփոխություն, միջուկային սպառազինությունների մրցավազք եւ արհեստական բանականություն:

Կլիմայի ճգնաժամն արդեն վերաճել է լիարժեք բնապահպանական աղետի, որը նշանավորվում է հաճախակի ու սաստիկ փոթորիկներով, ջրհեղեղներով, երաշտներով եւ անտառային հրդեհներով: Եթե ջերմոցային գազերի արտանետումները կտրուկ չկրճատվեն, կանխատեսվում է, որ գլոբալ տաքացումը կգերազանցի 2°C-ի շեմը, որը սահմանված էր 2015 թվականի Փարիզի կլիմայական համաձայնագրով եւ մինչեւ դարի վերջ կհասնի 3°C-ի: Այնուամենայնիվ, միջազգային հանրությունը չի կարողանում համաձայնության գալ աղետից խուսափելու համար անհրաժեշտ գործողությունների եւ ֆինանսավորման շուրջ: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, որն իր առաջին պաշտոնակալության ընթացքում դուրս եկավ Փարիզի համաձայնագրից, ըստ երեւույթին կրկին կանի դա՝ վտանգելով արդյունավետ կլիմայական գործողությունների առաջընթացը:

Միջուկային սպառնալիքը մեղմելու ջանքերը վերաճել են սպառազինության կատաղի մրցավազքի: Ի տարբերություն Ռոնալդ Ռեյգանի եւ Միխայիլ Գորբաչովի պնդումների, որ «միջուկային պատերազմում հաղթել հնարավոր չէ, ուրեմն այն չպետք է սկսել», միջուկային զենք ունեցող որոշ երկրներ այժմ բացահայտորեն ցուցադրում են իրենց պաշարը: Ռուսաստանը, օրինակ, բազմիցս սպառնացել է Ուկրաինայում մարտավարական միջուկային զենք օգտագործել։ Այս վտանգներին գումարվելով՝ 2026-ի սկզբին ավարտվելու է նոր START համաձայնագրի ժամկետը (վերջին համաձայնագիրը, որ կարգավորում է աշխարհի երկու խոշորագույն միջուկային տերությունների զինանոցները):

Ինչպես միջուկային էներգիայի, այնպես էլ արհեստական բանականության խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է գլոբալ վերահսկողություն եւ համագործակցություն: Սակայն այսօրվա առճակատման եւ վտանգավոր խաղերի մթնոլորտում ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ բովանդակալից համագործակցությունը շատ քիչ հավանական է:

Համաշխարհային անկայունության եւս մեկ շարժիչ ուժ է երկրների ներսում եւ երկրների միջեւ աճող անհավասարությունը: Տնտեսական անհավասարությունը՝ զուգորդված վերնախավերի նկատմամբ հասարակության աճող անվստահության հետ, նպաստել են ամբոխահաճության աճին: Սա հատկապես մտահոգիչ է, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ չվերահսկվող անհավասարությունը պարարտ հող է ստեղծում ավտորիտար եւ ֆաշիստ առաջնորդների համար:

Լուսանկարը` REUTERS


Մեզ շտապ նոր մտածելակերպ է անհրաժեշտ։ Անվտանգության արդյունավետ եւ ներառական կարգի բացակայության դեպքում սպառազինության համաշխարհային մրցավազքը կուժեղանա եւ կմեծացնի միջուկային պատերազմի հավանականությունը։ Մեկուսացումը եւ առեւտրային պատերազմները, որոնք կխեղդեն տնտեսական աճը եւ օրենքի գերակայությունը կփոխարինեն բռնի կառավարմամբ, լուծում չեն: Դրա փոխարեն կառավարությունները պետք է գիտակցեն, որ առաջընթացի միակ ճանապարհը համագործակցությունն ու փոխզիջումն է:

Պետք է նաեւ գիտակցել, որ գլոբալիզացիան գուցե իր թերություններն ունի, բայց զգալի օգուտներ է բերում: Այսօրվա ահռելի մարտահրավերների պայմաններում մենք կարող ենք կա՛մ փորձել ապահովել բոլորի ազատությունն ու անվտանգությունը, կա՛մ դիտել, թե ինչպես է աշխարհն ընկղմվում քաոսի մեջ: Նրանց համար, ովքեր այս անհասանելի իդեալիզմ կկոչեն, ահա՛ դառը ռեալիզմ. եթե կրկին չստանձնենք ազատության, հավասարության, մարդկային արժանապատվության եւ համերաշխության պարտավորությունը, կկանգնենք հավաքական կործանման իրական հեռանկարի առջեւ:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին