Ներկայացնում ենք AXA ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Բուբերլի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Թոմաս Բուբերլ
Յուրաքանչյուր պատմական ժամանակաշրջան նշանավորվում է իր մարտահրավերներով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպան պետք է տարբերակ գտներ վերջ տալու կրկնվող եւ համեմատաբար անկախ ճգնաժամերին, որոնք կապված էին տասնամյակներ շարունակվող շուկայական ցիկլերի, ներքին քաղաքականության եւ մեծ տերությունների մրցակցության հետ: Եվրոպան դիմակայեց այս մարտահրավերին` ստեղծելով կայուն ազգային պետություններ եւ արդյունավետ սոցիալական համակարգեր՝ եվրոպական եւ միջազգային ամուր շրջանակների համատեքստում:
Դարավերջից ի վեր Եվրոպան բախվել է նոր մարտահրավերի. դիմակայել չափազանց բարդ բազմաճգնաժամին (polycrisis), որը բաղկացած է տարբեր փոխկապակցված ճգնաժամերից: Այս ճգնաժամերից շատերը կարող են ինքնին աղետալի լինել՝ ուժգնացող եւ կուտակային գործընթացների պատճառով, ինչպիսիք են կլիմայի փոփոխության շրջադարձային կետերը կամ պետական պարտքի «ձնագնդի էֆեկտը»:
Բայց սա տեղի չի ունենում վակուումում: Ընդհակառակը՝ մերօրյա փոխկապակցված ճգնաժամերը բարդացնում եւ սաստկացնում են միմյանց: Օրինակ՝ ժողովրդագրական ճգնաժամը ապակայունացնում է սոցիալական պետությունը եւ խաթարում տնտեսական բարեկեցությունը, որն իր հերթին սոցիալական եւ քաղաքական ցնցումների պատճառ է դառնում: Սոցիալական եւ քաղաքական համախմբվածության զգալի ու տեւական անկումը նպաստում է այլ տեսակի ճգնաժամերի, ինչպիսին է լիբերալ ժողովրդավարության ներկայիս ճգնաժամը՝ միեւնույն ժամանակ խանգարելով պետություններին արձագանքել այլ սպառնալիքներին, օրինակ՝ կլիմայի փոփոխությանը:
Սաստկացող բազմաճգնաժամին արդյունավետորեն չդիմակայելը վերահաս կործանման զգացում է առաջացրել եվրոպական հասարակությունում, որն իրեն ավելի ու ավելի անզոր է զգում: Բայց մեր առջեւ ծառացած գոյութենական սպառնալիքները՝ զինված հակամարտությունից մինչեւ կլիմայի աղետալի փոփոխություն, կարելի է հաղթահարել ոչ թե «խիստ վերահսկողություն սահմանելով», ինչպես խոստանում են ժողովրդահաճ քաղաքական առաջնորդները, այլ սովորելով վերահսկել այն, ինչը դեռ չի վերահսկվում:
Մեր քաղաքական, ֆինանսական եւ միջազգային կառույցները գիտեն, թե ինչպես կառավարել անցյալի ցիկլային ճգնաժամերը, որի պատճառով ունակ չեն արձագանքելու ներկայիս բազմաճգնաժամին, որը պահանջում է եւ՛ տոկունություն, եւ՛ ճկունություն: Եվրոպան այստեղ բախվում է լրացուցիչ մարտահրավերի. կոնսենսուսից կախված նրա ինստիտուտները դժվարությամբ են աշխատում նեղ, բարդ եւ բազմազան շահերի հետ:
Լուսանկարը` REUTERS
Բայց եթե այսօրվա գոյութենական մարտահրավերներին դիմակայելու համար Եվրոպան ամենից շատ ինստիտուցիոնալ վերափոխման կարիքն ունի, այդ նպատակին հասնելու համար այն հոյակապ պատրաստված է, քանի որ ճգնաժամի ընթացքում զարգանալու եւ ազատությունների հետ համերաշխությունը հավասարակշռելու զգալի փորձ է կուտակել:
Ամենակարեւորն է մշակել ապագայի հստակ տեսլական, առանցքային ոլորտներում խորացնել համագործակցությունը եւ մշակել նոր կազմակերպչական շրջանակ:
Սկսենք տեսլականից: Եվրոպային անհրաժեշտ է բազմաճգնաժամին դիմակայելու հստակ ռազմավարություն, որը համաժամանակացնում է հորիզոնները՝ բարելավելու կարճաժամկետ ճգնաժամերի կառավարումը (կարեւոր է ինքնահզորացող ճգնաժամային մեխանիզմները կոտրելու համար) եւ հաստատել ընդհանուր երկարաժամկետ նպատակներ (կարեւոր է թափը պահպանելու տեսանկյունից):
Այս տեսլականի իրականացման համար պետք է պատասխանատու լինեն ավելի փոքր, ավելի ինքնավար եւ ավելի ճկուն ստորաբաժանումները՝ համագործակցելով անկախ դերակատարների հետ (հաճախ քաղաքացիական հասարակությունից), որոնք մասնագիտացած են կոնսենսուսի ձեւավորման, երկարաժամկետ ռազմավարությունների մշակման եւ դրանց իրականացման ու հետեւանքների մոնիտորինգի մեջ: Առանցքային է վճռականությունն ու հաշվետվողականության մշակույթը:
Տեսլականի երկարաժամկետ բաղադրիչը պետք է արտացոլի սերունդների հավակնությունները: Հնդկաստանն ունի 2047 թվականին՝ անկախությունից մեկ դար անց զարգացած տնտեսություն դառնալու ճանապարհային քարտեզ: Չինաստանը նախատեսում է հասնել «ազգային երիտասարդացմանը» մինչեւ 2049-ը՝ Ժողովրդական Հանրապետության հարյուրամյակը։ Եվրոպան պետք է խարսխի իր ռազմավարությունը 2045 թվականի վրա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափներից հետո սկսված նոր դարաշրջանից 100 տարի անց: Այս նոր տեսլականը մշակելիս Եվրոպան պետք է դասեր քաղի այլ երկրների ուժեղ կողմերից, օրինակ՝ ռազմավարական մտածողության Ամերիկայի կարողությունից, որը դրսեւորվում է «Պաշտպանության առաջադեմ հետազոտական նախագծեր» գործակալության՝ նոր տեխնոլոգիաների հետազոտման եւ զարգացման գործում:
Երկրորդ հրամայականը նոր կուռ շրջանակների ստեղծումն է, որոնք ներառում են եվրոպական անվտանգության երեք կարեւոր տարրերը՝ ֆինանսներ, պաշտպանություն եւ սոցիալական բարեկեցություն: Ֆինանսական նոր ճարտարապետությունը պետք է ուղղված լինի Եվրոպայում ներդրումների աճին՝ արտադրողականությունը խթանելու եւ կարեւոր ոլորտներում տեխնոլոգիական նորարարություններին աջակցելու համար: Հաշվի առնելով ներդրողների փոքր բազան եւ կառուցվածքային մասնատվածությունը՝ Եվրոպան պետք է բարելավի կապիտալի արդյունավետ բաշխումն ու խնայողությունների մոբիլիզացումը: Կապիտալի շուկաների միության ստեղծումը պետք է լինի նոր Եվրահանձնաժողովի գլխավոր խնդիրը:
Ինչ վերաբերում է պաշտպանությանը, ապա ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ Եվրոպայի այժմյան ճարտարապետությունը երերուն ու դանդաղաշարժ է: Խիստ անհրաժեշտ է նոր շրջանակ, որը կկարգավորի գնումները ամբողջ մայրցամաքում, կնպաստի անվտանգության ուժերի միջեւ փոխգործակցությանը եւ Եվրոպային տեխնոլոգիական առավելություն կտա:
Լուսանկարը` REUTERS
Սոցիալական բարեկեցության նոր նախագիծը պետք է հարկաբյուջետային առումով կենսունակ լինի եւ համապատասխանի ժամանակակից հասարակության կարիքներին: Վերջին տասնամյակներին Եվրոպան թույլ է տվել, որ պարտավորություններն ու ֆինանսավորման բացերը մեծանան մի շարք ոլորտներում (առողջապահություն, անշարժ գույք, կրթություն, էներգետիկա), քանի որ չկար ժամանակակից սոցիալական պետության մասին համաձայնեցված պատկերացում: Հաշվի առնելով, որ եվրոպական ապրելակերպի պահպանումը կարեւոր է երկարաժամկետ սոցիալական համերաշխության համար, այսպես շարունակվել չի կարող:
Բազմաճգնաժամին առերեսվող Եվրոպայի երրորդ հիմնական հրամայականը նոր կազմակերպչական օրինաչափություն մշակելն է՝ հիմնված ճկունության, հարմարվողականության եւ օժանդակության վրա: Խնդիրները պետք է լուծվեն այն մակարդակի վրա, որտեղ դրանք ծավալվում են: Համաշխարհային մարտահրավերները՝ կլիմայի փոփոխությունը, միջուկային զենքի տարածումը, արհեստական բանականությունը եւ ֆինանսական կայունությունը, պահանջում են ավելի համակարգված միջազգային համագործակցություն եւ կարգավորում:
ԵՄ մակարդակով լուծվող մարտահրավերներից են Եվրոպայի տնտեսական մոդելի թարմացումը, արտադրողականության եւ մրցունակության բարձրացումը եւ առեւտրային քաղաքականության մշակումը: Ազգային պետություններն էլ իրենց հերթին պետք է խթանեն համերաշխությունը եւ տեղական համայնքների հետ միասին զբաղվեն կոնկրետ քաղաքականության իրականացմամբ:
Պետության եւ մասնավոր հատվածի համագործակցությունը նույնպես կարեւոր է՝ բիզնեսի փորձը, նոու-հաուն եւ հարմարվողականության, ռիսկերի կառավարման եւ ճգնաժամերին արձագանքելու ինստիտուցիոնալ կարողությունները օգտագործելու համար: Կազմակերպչական նոր մոդելը պետք է ավելի շատ նման լինի ցանցի, քան շղթայի, քանի որ ցանցի ուժը նրա հանգույցների գումարն է, մինչդեռ շղթան նույնքան ուժեղ է, որքան նրա ամենաթույլ օղակը:
Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ հետաձգել գործողությունները մինչեւ հաջորդ ցնցումը: Եթե ցանկանում ենք դիմակայել բազմաճգնաժամին, մեզ պետք են ռազմավարական մտածողություն, հավաքական առաջնորդություն եւ ոչ ավանդական մտածելակերպ՝ առաջնորդվելով մինչեւ 2045 թվականը «Եվրոպան վերաստեղծելու» ընդհանուր նկրտումներով:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: