Բեռնարդ Կուշներ. Ադրբեջանը չպետք է հյուրընկալի COP29 գագաթնաժողովը - Mediamax.am

1177 դիտում

Բեռնարդ Կուշներ. Ադրբեջանը չպետք է հյուրընկալի COP29 գագաթնաժողովը



ՄԱԿ-ը եւ ժողովրդավարական երկրները հավաքական առումով կարող են դուրս գալ իրենց խղճի դեմ, եթե Ադրբեջանը շարունակի մնալ որպես COP29-ն ընդունող երկիր։ Այդ մասին Le Monde պարբերականում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար Բեռնարդ Կուշները: Ներկայացնում ենք նրա հոդվածի հայերեն թարգմանությունը:

***

Թեեւ Ֆրանսիան ընկղմված է քաղաքական անորոշության մեջ, չպետք է աչքաթող անի նման խոշոր միջազգային իրադարձությունները, քանի որ բնապահպանությունը մեր առաջնորդների առաջնահերթությունն է: Ադրբեջանի՝ որպես COP29 հյուրընկալող երկրի ընտրությունը պետք է հիշեցնի մեզ այս մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ այդպիսով միջազգային  հանրությունը կարծես թե բախվում է իր սեփական հակասություններին:

Ինչպե՞ս միջազգային հանրությունը կարող է արդարացնել նման կարեւորագույն միջոցառման անցկացումը միջազգային իրավունքից շեղվող, ածխաջրածիններից զանգվածաբար կախում ունեցող եւ մարդու իրավունքները ոտնահարող մի երկրում, որը շարունակում է առանց որեւէ հիմնավոր պատճառի կալանավորված պահել քսաներեք հայերի: Լեռնային Ղարաբաղի 120.000 հայերի էթնիկ զտումից մեկ տարի էլ չի անցել, իսկ Ադրբեջանն արդեն արժանացել է COP29-ի նման հեղինակավոր իրադարձության անցկացման պատվին: Այս ընտրությունը ինչպես հումանիտար, այնպես էլ բնապահպանական բնույթի հարցեր է առաջացնում:

Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության կոնվենցիան (UNFCCC) գործում է այնպես, կարծես վերջին ամիսների իրադարձություններն իրականում տեղի չեն ունեցել եւ այդպիսով Ադրբեջանին ազատ գործելու իրավունք է տալիս՝ շարունակելու միջազգային իրավունքի խախտումները: Ավելի քան ինը ամիս ամբողջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը շրջափակում պարտադրելուց հետո, 120 հազար հայերի զրկելով սննդից, դեղորայքից եւ վառելիքից, Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում սկսեց՝ նպատակ ունենալով ամբողջությամբ վերահսկողության տակ առնել տարածքը եւ իրականացնելով իրական էթնիկ զտումներ։


Ավելի քան երկու հազարամյակների ընթացքում առաջին անգամ աշխարհի այս տարածաշրջանում ներկայում ոչ մի հայ չի ապրում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հեռանալիս խաղաղության բնագավառում Նոբելյան մրցանակի առաջադրված բարերար Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաեւ եւս յոթ հայ քաղաքական առաջնորդներ պատանդ են վերցվել ադրբեջանական իշխանությունների կողմից։

Նրանց անհիմն կալանավորումն առավել մտահոգիչ է, քանի որ ոչ մի օտարերկրյա դիտորդ կամ լրատվամիջոց իրավասու չէ ներկա գտնվել ընթացող դատավարություններին, ոչ էլ՝ տեղեկատվություն տրամադրել նրանց առողջական վիճակի մասին։ Գրեթե ինը ամիս այս պատանդներին ազատ արձակելու կոչերն աննկատ են մնացել: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է կրկնել, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը չի կարող տարանջատվել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքից:

Այս հոդվածը հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին