Թուրքիայի ընդդիմության հաղթանակը՝ որպես 2028թ. ընտրությունների առաջին փուլ - Mediamax.am

exclusive
959 դիտում

Թուրքիայի ընդդիմության հաղթանակը՝ որպես 2028թ. ընտրությունների առաջին փուլ


Լուսանկարը` REUTERS

Էքրեմ Իմամօղլուն
Էքրեմ Իմամօղլուն

Լուսանկարը` REUTERS

Մանսուր Յավաշը
Մանսուր Յավաշը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք պաշտոնաթող թուրք դիվանագետ, Ստամբուլում գործող EDAM վերլուծական կենտրոնի տնօրեն, Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Սինան Ուլգենի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Սինան Ուլգեն

Ի զարմանս բազում դիտորդների՝ Թուրքիայի ընդդիմությունը մեծ հաղթանակ տարավ կիրակի օրը կայացած տեղական ընտրություններում, ինչը, անշուշտ, կվերափոխի երկրի ներքաղաքական դինամիկան: Ձախ կենտրոնամետ Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) հավաքեց ձայների 37,8%-ը՝ հարված հասցնելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությանը (ԱԶԿ), որը ստացավ 35,5%։ Ավելի կարեւոր է, որ ԺՀԿ-ի քաղաքապետերն այժմ կկառավարեն Թուրքիայի 81 նահանգներից 35-ը, ներառյալ նրա տասը ամենախոշոր քաղաքային շրջանները, որոնց ընդհանուր բնակչությունը 53 միլիոն է: Ի հակադրություն, ԱԶԿ-ն հաղթել է ընդամենը 24 նահանգում, որտեղ ապրում է 19,5 միլիոն մարդ:

Թուրքիայի շարունակվող տնտեսական խնդիրները որոշիչ էին ԺՀԿ-ի ցնցող արդյունքի համար: Էրդողանը եւ ԱԶԿ-ն վերջապես զգում են չմտածված մակրոտնտեսական քաղաքականության քաղաքական հետեւանքները, որոնք նպաստեցին գնաճին ու տապալեցին լիրան՝ թուլացնելով թուրքերի մեծամասնության գնողունակությունը: Սա առավել տեսանելի էր Թուրքիայի քաղաքային շրջաններում, որտեղ բիզնես ցիկլը ավելի մեծ ազդեցություն ունի աշխատողների վրա: Խոր տնտեսական անկումից զայրացած՝ ԱԶԿ-ի ընտրողները  ակտիվ չմասնակցեցին ընտրություններին:

Թուրքական ժողովրդավարության ապագայի համար նույնքան կարեւոր է Ստամբուլի ԺՀԿ-ի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ի հայտ գալը որպես Թուրքիայի քաղաքական ընդդիմության բնական առաջնորդ: Նա հեշտությամբ վերընտրվեց՝ հավաքելով ձայների 51%-ը եւ 12 տոկոսային կետով առաջ անցնելով ԱԶԿ թեկնածու Մուրադ Քուրումից: Սա հատկապես տպավորիչ է՝ հաշվի առնելով, որ Քուրումի քարոզարշավին օգնել է Էրդողանի անձնական ներգրավված լինելը, լրատվամիջոցների խեղաթյուրված լուսաբանումը եւ կառավարական այլ առավելությունները:

Էքրեմ Իմամօղլուն Էքրեմ Իմամօղլուն

Լուսանկարը` REUTERS



Սա Իմամօղլուի երրորդ հաղթանակն է իշխող ԱԶԿ-ի (եւ փաստորեն Էրդողանի) նկատմամբ. հինգ տարի առաջ նա հաղթանակ տարավ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում՝ 13,000 ձայնով հաղթելով ԱԶԿ նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմին: Էրդողանի կառավարությունը հրաժարվեց ճանաչել արդյունքները եւ «անկանոնությունների» պատճառաբանությամբ ստիպեց կրկնել ընտրությունները. արդյունքում Իմամօղլուն հաղթեց շուրջ 800,000 ձայնով։ Իմամօղլուի հաղթանակը պետք է մեկնաբանվի որպես 2019-ի ՏԻՄ ընտրությունների վերջին փուլ եւ 2028-ի նախագահական ընտրությունների առաջին փուլ։

Լուսանկարը` REUTERS


Կարճաժամկետ հեռանկարում ընտրությունների արդյունքը, հավանաբար, կխանգարի ԱԶԿ-ին երկրորդ անգամ փորձել փոփոխել Թուրքիայի սահմանադրությունը՝ Էրդողանի մանդատը 2028-ից հետո երկարաձգելու նպատակով: ԱԶԿ-ի նոր, թուլացած քաղաքական դիրքը հարցականի տակ կդնի նման նախաձեռնության օրինականությունը: Քանի որ սահմանադրական փոփոխությունների հնարավորությունը նվազել է, ավելի հրատապ է դառնում քաղաքական իրավահաջորդության հարցը: Եթե Էրդողանն իրոք իր վերջին նախագահական ժամկետում է (օրինական հնարավորություն, դատելով նրա վերջին մեկնաբանություններից), ո՞վ կվերցնի նրա քաղաքական դրոշը:

ԱԶԿ-ի ջախջախիչ պարտությունը ստվեր է նետում երկրի տնտեսական փոփոխությունների մեկամյա ծրագրի ապագայի վրա: ԱԶԿ-ի շատ անդամներ կուսակցության ընտրական լուրջ ձախողման համար մեղադրելու են վերադարձը օրտոդոքսալ տնտեսավարության՝ 2023-ի մայիսի նախագահական ընտրություններից հետո: Տոկոսադրույքների կտրուկ բարձրացումների եւ պահպանողական հարկաբյուջետային քաղաքականության հետեւանքով տնտեսության դանդաղ աճը անկասկած հիասթափեցրեց ԱԶԿ ընտրողներին: Բայց այս դառը հաբը մնում է անփոխարինելի եւ պետք է ընդունվի առնվազն եւս 12-18 ամիս: Այդ նպատակով ԱԶԿ-ն պետք է այս ցավագին քաղաքականության համար շարունակի ապահովել քաղաքական աջակցությունը կուսակցական շարքերում:
Մանսուր Յավաշը Մանսուր Յավաշը

Լուսանկարը` REUTERS


Անցյալ տարվա նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում ձախողվելուց հետո լայն ընդդիմադիր դաշինքը, որը պաշտպանում էր Էրդողանի դեմ պայքարող այն ժամանակվա ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, պառակտվեց, եւ յուրաքանչյուր կուսակցություն ներկայացրեց իր թեկնածուին տեղական ընտրություններում: Ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներում նման խիտ դաշտը բարձրացրեց խաղադրույքները գործող քաղաքապետերի համար: Բայց շատերը հաղթահարեցին այս խոչընդոտը՝ դիմելով իրենց ընտրատարածքների ընդդիմադիր ընտրազանգվածի բոլոր շերտերին: Հիմնվելով իրենց տպավորիչ արդյունքների վրա՝ Իմամօղլուն եւ մայրաքաղաք Անկարայի ԺՀԿ գործող քաղաքապետ Մանսուր Յավաշը գրավեցին ընտրողներին իրենց կուսակցությունից դուրս: Այդպիսով ընդդիմությունը  (հատկապես ԺՀԿ-ն, որը հիմնականում ղեկավարում են Իմամօղլուն եւ Օզգյուր Օզելը) ավելի բարենպաստ վիճակում է հայտնվում 2028-ի նախագահական ընտրություններից առաջ:

Ի վերջո, քվեարկության իրական հաղթողը գուցե թուրքական ժողովրդավարությունն է: Թուրք ընտրազանգվածը եւս մեկ անգամ ապացուցեց իր խոր նվիրվածությունը բազմակուսակցական ժողովրդավարությանը եւ հավատը ժողովրդավարական փոփոխություններին: Վերջին տասնամյակի ընթացքում երկիրը, անկասկած, զգալի հետընթաց է ապրել Էրդողանի ավտորիտար իշխանության ներքո: Սակայն մարտի 31-ին թուրքերը ցույց տվեցին, որ Թուրքիայի հանրապետությունը, թեւակոխելով իր երկրորդ դարը, ամուր խարսխված է ժողովրդավարական աշխարհում:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին