Ռասմուսեն. Եվրոպան պետք է աջակցի ՀՀ ֆիզիկական անվտանգության ամրապնդմանը - Mediamax.am

884 դիտում

Ռասմուսեն. Եվրոպան պետք է աջակցի ՀՀ ֆիզիկական անվտանգության ամրապնդմանը


Անդերս Ֆոգ Ռասմուսենը
Անդերս Ֆոգ Ռասմուսենը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` AFP/Ritzau-Scanpix

Անդերս Ֆոգ Ռասմուսենը եւ Նիկոլ Փաշինյանը
Անդերս Ֆոգ Ռասմուսենը եւ Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ներկայացնում ենք «Rasmussen Global» միջազգային խորհրդատվական ընկերության հիմնադիր, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար եւ Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենի Armenia is pivoting to the West. It's time for Europe to step up հոդվածի հայերեն թարգմանությունը:

Անդերս Ֆոգ Ռասմուսեն

Մինչ բոլոր հայացքներն ուղղված են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական պատերազմին, մեկ այլ մեծ աշխարհաքաղաքական տեղաշարժ է տեղի ունենում Եվրոպայում, այս անգամ՝ Հարավային Կովկասում: Չնայած Ռուսաստանից պատմական, տնտեսական, էներգետիկ եւ ռազմական կախվածությանը եւ իր հողի վրա ռուսական զորքերի ֆիզիկական ներկայությանը, Հայաստանի կառավարությունը համարձակ եւ համաձայնեցված ջանք է գործադրում՝ ժողովրդավարությունը ամրապնդելու եւ ժողովրդավարական Արեւմուտքի հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու համար:

Այս վերակողմնորոշման համար ժամանակ է անհրաժեշտ, բայց այն նաեւ Եվրոպական միությունից պահանջում է ավելի հավակնոտ ռազմավարություն որդեգրել Հայաստանի ժողովրդավարության նկատմամբ: Սրա համար նախ եւ առաջ պետք է վերջ դնել այն թյուր գաղափարին, որ Եվրամիությունը պետք է չեզոք դերակատար լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Եվրոպան պետք է միջնորդի դեր ստանձնի կայուն խաղաղության համաձայնագրի բանակցություններում: Բայց այդ մոտեցումը պետք է արտացոլի այն փաստը, որ Հայաստանն ընտրել է եվրոպական ժողովրդավարական երկրների համայնքը, մինչդեռ Ադրբեջանը ագրեսիվ անձնիշխանների ճամբարում է։ Եվրոպայից հստակ եւ հավակնոտ արձագանքի բացակայությունը կարող է վտանգել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունը եւ նրա աշխարհաքաղաքական առանցքը:

Այս նոր մոտեցումը պետք է առաջ քաշվի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ գագաթնաժողովում, որտեղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կհյուրընկալի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Հայաստանն արդեն սառեցրել է հարաբերությունները Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ, զորավարժություններ է կազմակերպել Միացյալ Նահանգների հետ եւ ձգտում է ընդլայնել իր տնտեսական կապերը ժողովրդավարական տնտեսությունների հետ։ Այնուամենայնիվ, 2023-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո, ինչպես նաեւ ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ներսում ռազմավարական բարձունքների շարունակվող օկուպացումից հետո, անվտանգության իրավիճակը Հայաստանում փխրուն է։

Արեւմտյան հետագիծ

Ռուս քարոզիչները ուզում են նսեմացնել ՀՀ կառավարության լեգիտիմությունը, իսկ Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի չեզոքությունը ամենեւին երաշխավորված չէ, հատկապես այն բանից հետո, երբ ռուս «խաղաղապահները» մի կողմ քաշվեցին, երբ Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղը: Մինչ վարչապետ Փաշինյանը ձգտում է ամրապնդել ժողովրդավարությունը եւ դիվերսիֆիկացնել իր երկրի արտաքին քաղաքականությունը՝ հայացքն ուղղելով արեւմուտք, Եվրոպան եւ նրա ժողովրդավար գործընկերները պետք է նրան աջակցելու կոնկրետ գործողություններ ձեռնարկեն։

Լուսանկարը` AFP/Ritzau-Scanpix


Վերջին մեկ տարին ես համագործակել եւ խորհրդատվություն եմ տրամադրել ՀՀ կառավարությանը ժողովրդավարության ամրապնդման եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի առումով: Ես խորապես հավատում եմ սրան: Ահա թե ինչու ստեղծել եմ «Հայաստանի ընկերներ» անկախ ցանցը՝ բարձր մակարդակի խումբ, որի անդամ են նախկին վարչապետներ, եվրոհանձնակատարներ, նախարարներ եւ գործող խորհրդարանականներ: Մարտի 27-ին հրապարակված զեկույցում մենք մանրամասն մոտեցում ենք առաջարկել, որի օգնությամբ Եվրամիությունը պետք է օգնի Հայաստանի արեւմտյան, ժողովրդավարական հետագիծն անշրջելի դարձնել:

Նախ՝ Եվրոպան պետք է աջակցի Հայաստանին ամրապնդելու իր ֆիզիկական անվտանգությունը։ Սրա համար անհրաժեշտ է Եվրոպական խաղաղության հիմնադրամի բազմամյա պարտավորություն, ներառյալ երկակի օգտագործման եւ մահաբեր սարքավորումը, որոնք կուժեղացնեն Հայաստանի զսպող կարողությունները եւ կնվազեցնեն նրա կախվածությունը ռուսական սարքավորումից: ԵՄ անդամ երկրները պետք է հետեւեն Ֆրանսիայի օրինակին եւ երկկողմ ռազմական օգնություն տրամադրեն Հայաստանին: ԱՄՆ-Հայաստան «Արծիվ գործընկեր»-ի նման համատեղ զորավարժությունները նույնպես կարեւոր դեր կխաղան հայկական զինված ուժերի արդիականացման եւ բարեփոխման գործում։
Անդերս Ֆոգ Ռասմուսենը եւ Նիկոլ Փաշինյանը Անդերս Ֆոգ Ռասմուսենը եւ Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Անվտանգության ոլորտում եվրոպական աջակցությունը պետք է ուղղված լինի նաեւ Հայաստանի սահմանների կառավարման ուժեղացմանը եւ այնտեղ գործող ՌԴ ԱԴԾ սահմանապահների փոխարինմանը։ Եվրամիությունը պետք է միաժամանակ ընդլայնի ԵՄ առաքելությունը Հայաստանի մշտադիտարկման ոլորտում։ Երկրորդը. Եվրոպան պետք է քայլեր ձեռնարկի Հայաստանի դիմադրողականությունը ուժեղացնելու եւ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար: Ներկայում Հայաստանը կախված է ՌԴ-ից մի քանի ոլորտներում՝ ներառյալ անվտանգությունը, էներգետիկան, երկաթուղային տրանսպորտը եւ առեւտուրը: Սա եւ՛ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում է, եւ՛ անվտանգության մշտական սպառնալիք։

Պետք չէ՛ սպասել վատագույն սցենարի զարգացմանը:

Էներգետիկ շանտաժի կրկնությունը կանխելու համար, որը Ռուսաստանը կիրառեց Եվրոպայի հետ Ուկրաինա ապօրինի ներխուժումից հետո, Հայաստանին պետք է դարձնել Եվրոպական էներգետիկ համայնքի անդամ: Սրան զուգահեռ Եվրոպան պետք է ջանքեր գործադրի նվազեցնելու Հայաստանի կախվածությունը ռուսական գազից եւ միջուկային էներգիայից: Մենք պետք է օգնենք Հայաստանին արագացնել իր «կանաչ» անցումը եւ աջակցենք պարենային անվտանգության ամրապնդմանը, այդ թվում՝ սուբսիդավորելով հիմնական պարենային ապրանքները, ինչպիսիք են ցորենն ու բուսական յուղը՝ էժան ռուսական ներկրմանը դիմակայելու համար:

Երրորդը. Եվրամիությունը պետք է Հայաստանին առաջարկի թեկնածուի կարգավիճակ՝ որպես ԵՄ վերջնական անդամակցության փուլային մոտեցում: Ուրիշ ոչինչ չունի Հայաստանի ժողովրդավարական անցումը եւ արտաքին քաղաքական առանցքն իրոք ամրապնդելու ներուժը: Սա կարելի է անել մի քանի քայլով. սկսել գործող Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի թարմացումից, որին կհաջորդեն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունները, երբ Հայաստանը հասնի դիմադրողականության համապատասխան մակարդակի:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Այնուհետեւ Հայաստանը կարող է հետ կանգնել Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միության մաքսային միությունից՝ այդ կազմակերպությունից ընդհանրապես դուրս գալու եւ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին։

Վլադիմիր Պուտինի անօրինական ներխուժումն Ուկրաինա ապացուցեց, որ Եվրամիությունը պետք է աջակցի իր անմիջական հարեւանությամբ վտանգված ժողովրդավարություններին, այլ ոչ թե սպասի վատագույն սցենարի զարգացմանը:

Հայաստանը սահմանակից է Իրանին, Թուրքիային եւ թշնամական Ադրբեջանին։ Այն տնտեսապես կախված է Ռուսաստանից, տարածքում ռուսական զորքեր ունի: Քիչ երկրներ կան, որոնց ձեռքում այսքան բարդ աշխարհաքաղաքական խաղաքարտեր են: Չնայած դրան, Հայաստանը ձգտում է ամրապնդել իր ժողովրդավարությունը եւ գործընկերային հարաբերություններ հաստատել Արեւմուտքի հետ: Սա համարձակ եւ խիզախ ընտրություն է, եւ Եվրոպան պետք է բոլոր ջանքերը գործադրի դրան աջակցելու համար:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին