ԱՄՆ չեն երաշխավորի Հայաստանի անվտանգությունը, բայց կարող են օգնել - Mediamax.am

2047 դիտում

ԱՄՆ չեն երաշխավորի Հայաստանի անվտանգությունը, բայց կարող են օգնել


ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գեներալ-մայոր Դանիել Լասիկան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գեներալ-մայոր Դանիել Լասիկան

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գեներալ-մայոր Դանիել Լասիկան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գեներալ-մայոր Դանիել Լասիկան

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության փոխհրամանատար Սթիվեն Բեշամն ու ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության փոխհրամանատար Սթիվեն Բեշամն ու ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը

Լուսանկարը` ԱՄՆ Եվրոպական հրամանատարություն


Ներկայացնում ենք ամերիկյան RAND կենտրոնի վերլուծաբաններ Ջո Հաբերմանի եւ Փոլ Քորմարիի The US Can’t Guarantee Armenia’s Security, But It Can Help հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ջո Հաբերման, Փոլ Քորմարի

Առերեսվելով թշնամական հարեւան Ադրբեջանին եւ անպիտան դաշնակից Ռուսաստանին՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մեծ ցնցում է ապրում: 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում կրած ջախջախիչ պարտությունից եւ սահմանային վերջին փոխհրաձգություններից հետո, որոնց հետեւանքով չորս հայ զինվոր զոհվեց, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սառեցրել է մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), որը Մոսկվայի կիսակտուր պատասխանն է ՆԱՏՕ-ին:

Այս պոտենցիալ աշխարհաքաղաքական տեղաշարժի պայմաններում Վաշինգտոնին կարող է գայթակղիչ թվալ միջամտել եւ խաղալ այն դերը, որը Ռուսաստանը ձախողեց: Անցյալ աշնանը ամերիկացի սենատորների մի երկկուսակցական խումբ Բայդենի վարչակազմին կոչ արեց քայլեր ձեռնարկել, որոնք «վստահեցնում են» հայերին «մեր անսասան աջակցության մեջ», թեեւ կոչը կոնկրետ առաջարկներ չէր պարունակում: Անսասան աջակցության փոխարեն, սակայն, ԱՄՆ-ը պետք է ավելի շրջահայաց ռազմավարություն վարի՝ թե՛ իր, թե՛ Հայաստանի շահերից ելնելով: Այն պետք է Հայաստանին տրամադրի իրեն պաշտպանելու հնարավորություններ՝ միաժամանակ հստակ նշելով իր պարտավորությունների սահմանները: ԱՄՆ-ը կարող է աջակցել Հայաստանի անվտանգությանը, բայց մի շարք պատճառներով չի կարող հանդես գալ անվտանգության երաշխավորի դերում, հատկապես, որ նույնիսկ Հայաստանի ղեկավարներն են զգուշավոր այդ հարցում:

ԱՄՆ շահերը

Արդյո՞ք Միացյալ Նահանգներին արժե մտահոգվել, թե ինչ է կատարվում Հարավային Կովկասում: Եթե նայենք ազգային շահերի նեղ տեսանկյունից, թեեւ ԱՄՆ-ում բնակվող զգալի հայկական սփյուռքի համար տարածաշրջանը հասկանալիորեն մտահոգության առարկա է, այն ռազմավարական նշանակություն չունի: Այնուամենայնիվ, Ադրբեջանի ներխուժումը Հայաստան կհակասի Ամերիկայի շահերին: Զինված ագրեսիան կարող է ապալեգիտիմացնել Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցության հիմքում ընկած սկզբունքները. միջազգային սահմաններն անձեռնմխելի են, եւ ժողովրդավար պետությունները պետք է պաշտպանվեն: Ներխուժումը կարող է նաեւ է՛լ ավելի ապակայունացնել տարածաշրջանը եւ խաթարել էներգակիրների կարեւոր հոսքերը, որոնցից ՆԱՏՕ-ի Ամերիկայի դաշնակիցները գնալով ավելի մեծ կախում ունեն, քանի որ հրաժարվել են ռուսական մատակարարումներից: Վերջապես, ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի եւս մեկ պատերազմի հումանիտար հետեւանքները, որը կյանքեր կկործանի եւ բազմաթիվ խաղաղ բնակիչների կտեղահանի, այդ թվում՝ մոտ 120,000 քաղաքացիական անձանց, որոնք անցյալ տարի արդեն ստիպված էին տեղափոխվել Հայաստան Լեռնային Ղարաբաղից:

Այլ երկրներ սկսել են պատասխանել Հայաստանի պաշտպանական կարողություններին աջակցելու կոչին, սակայն նրանց ջանքերը բավարար չեն առանց ԱՄՆ-ի։ Ներկայում առավել ներգրավված են Ֆրանսիան եւ Հնդկաստանը. երկու երկրները պայմանագրեր են ստորագրել Հայաստանին ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ռադարներ, հեռադիտակներ եւ սենսորներ վաճառելու վերաբերյալ, եւ ստորագրել են պարտավորագիր, ըստ որի Հայաստանը գնելու է հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կարող են հետ մղել ադրբեջանական անօդաչու սարքերը: Հայաստանը վերջերս դարձել է հնդկական «Pinaka» բազմափողանի հրթիռային կայանների առաջին օտարերկրյա գնորդը եւ ձեռք է բերել «Zen» հակա-ԱԹՍ համակարգերը: Մեկնաբանները սկսել են նաեւ կոչ անել Եվրամիությանը ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին իր «Եվրոպական խաղաղության հաստատության» մեխանիզմի միջոցով, թեեւ այն դժվար թե զգալի նոր ռեսուրսներ տրամադրի՝ հաշվի առնելով ընթացիկ պարտավորությունները Ուկրաինայում:

Թեեւ անվտանգության այս համաձայնագրերը դրական զարգացումներ են Հայաստանի պաշտպանական կարողությունների համար, դրանք բավարար չեն ադրբեջանական ենթադրյալ հարձակմանը հիմնովին հակազդելու համար: Նկատի ունենալով ավելի հարուստ, ավելի մեծ բնակչությամբ եւ տեխնոլոգիապես գերազանցող ռազմական հակառակորդի ներխուժման իրական հնարավորությունը, Հայաստանի առաջնային խնդիրը պետք է լինի պաշտպանությունն ու զսպումը: Ինչպես Թայվան-Չինաստան դեպքում, պոտենցիալ ներխուժմանը դիմակայելու համար Հայաստանի լավագույն հնարավորությունը փշախոզի ռազմավարությունն է, այսինքն՝ զսպումը ժխտման միջոցով: Ինչպես առաջարկել է հայ վերլուծաբան Ներսես Կոպալյանը, նման ռազմավարության դեպքում առաջնահերթ է շարժունակությունն ու գործառնական ճկունությունը, նպատակային գնումները՝ հակազդելու Ադրբեջանի հատուկ հարձակողական կարողություններին եւ, վերջապես, ռազմական ռեսուրսների եւ ենթակառուցվածքների կայունությունն ու դիմացկունությունը:

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության փոխհրամանատար Սթիվեն Բեշամն ու ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության փոխհրամանատար Սթիվեն Բեշամն ու ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը

Լուսանկարը` ԱՄՆ Եվրոպական հրամանատարություն


ԱՄՆ-ը կարող է օգնել հզորացնել Հայաստանի ռազմական զսպող կարողությունները: «Արտաքին ռազմական վաճառք» ծրագրի շրջանակներում Միացյալ Նահանգները կարող են Հայաստանին տրամադրել կարճ հեռահարության հակաօդային պաշտպանություն, օրինակ՝ MANPADS, ինչպես նաեւ TROPHY հակահարվածային համակարգեր, որոնք նախատեսված են զրահատեխնիկայի պաշտպանությունը բարձրացնելու համար: Հայաստան կարելի է արտահանել նաեւ ավելի լայն սպեկտրի հակա-ԱԹՍ համակարգեր, որոնք ներկայում մշակվում են: Այս տեխնոլոգիան կարող է ընդլայնել այն հնարավորությունները, որոնք Հայաստանը ստանում է այլ գործարքներից, ինչպիսիք են Ֆրանսիայից մատակարարվող Thales Group-ի GM-200 հակա-ԱԹՍ ռադարները: Բացի այդ, Պենտագոնը կարող է օգնել Հայաստանին զարգացնել ինստիտուցիոնալ կարողունակությունները. նպաստել փորձի, իրազեկվածության, վստահության եւ լեգիտիմության զարգացմանը: Սա կօգնի խուսափել այն երեւույթից, որը Կոպալյանը նկարագրել է որպես «ինստիտուցիոնալ թերզարգացում եւ ԽՍՀՄ-ից ժառանգված անվտանգության սաղմնային մտածողություն»:

Պաշտպանության կառուցում

ԱՄՆ քաղաքական գործիչներից գուցե անհանգստացնում է, որ արեւմտյան ռազմական տեխնիկան կարող է հայտնվել ռուսական պետության ձեռքում: Հայաստանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց դեռեւս անդամակցում է Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)՝ ինտեգրված միասնական շուկային, որի միջոցով Ռուսաստանը կարող է ապօրինի ներմուծել ռազմական եւ երկակի նշանակության տեխնոլոգիաներ, որոնք արտահանման արեւմտյան հսկողության ներքո են: ԱՄՆ-ի եւ Եվրոպայի պաշտոնյաներն արդեն մտահոգություն են հայտնել, որ Հայաստանը (գիտակցաբար կամ ակամա) հանգույց է ծառայել Կրեմլի՝ պատժամիջոցներից եւ արտահանման վերահսկողությունից խուսափելու ապօրինի ցանցում: «Զենքի արտահանման վերահսկման ակտը» պահանջում է, որ Հայաստանին տրամադրվող ցանկացած ռազմական օգնություն համապատասխանի վերջնական օգտագործման պահանջներին եւ ենթարկվի մշտադիտարկման, որպեսզի կանխվի տեխնոլոգիայի ապօրինի փոխանցումը չարտոնված կողմին: ԱՄՆ-ը պետք է ստուգելի երաշխիքներ պահանջի, որ Հայաստանը կկիրառի արեւմտյան արտահանման վերահսկողությունը:

Ղազախստանը, որը նույնպես ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ է, հայտարարել է զուգահեռ ներմուծումը կանխելու քաղաքականության մասին, եւ սա կարող է օրինակ ծառայել:

Անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի աջակցությունը մի օրվա մեջ Հայաստանի համար ռազմական զսպող գործոն չի ստեղծի: Նույնիսկ եթե գործարքը կայանա, ժամանակ կպահանջվի ռազմական տեխնիկան տեղափոխելու եւ այն արդյունավետ օգտագործելու համար հայ զինծառայողներին վերապատրաստելու համար, իսկ այդ ժամանակը Երեւանը չունի, քանի որ Բաքուն, հնարավոր է, նախապատրաստվում է հերթական ռազմական ներխուժումը: Հետևաբար` ռազմական քաղաքականությանը զուգահեռ պետք է ձեռնարկել անհապաղ քաղաքական քայլեր՝ ուղղված տարածաշրջանում ընդհարումները հանդարտեցնելուն:

Առաջին հերթին, Միացյալ Նահանգները պետք է համագործակցեն Եվրամիության հետ, որի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը դրական հարաբերություններ է զարգացրել Բաքվի հետ, որպեսզի խթանի երկխոսությունը տարածաշրջանում եւ միջնորդի վերջնական խաղաղ կարգավորումը: Պետդեպարտամենտը կարող է դիվանագիտական խրախուսանքներ առաջարկել խաղաղության ուղղությամբ էական առաջընթացի համար: Օրինակ, եթե կարգավորումը ներառի Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական ժառանգությունը պահպանելու իրական դրույթներ, ապա ԱՄՆ-ը կարող է Ադրբեջանին հանել կրոնական ազատությունը խախտողների ցանկից: Թեկուզ եւ խորհրդանշական՝ այդ քայլը Բաքվին կազատի միջազգային խարանից, որն այն կրում է հիմա:

Միեւնույն ժամանակ Պետդեպարտամենտը կարող է անուղղակիորեն նպաստել տարածաշրջանի կայունությանը՝ խրախուսելով Հայաստանի եւ Թուրքիայի՝ Ադրբեջանի հովանավոր պետության եւ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակցի, ավելի լավ հարաբերությունները: Երեւանը եւ Անկարան հետաքրքրություն են հայտնել հարաբերությունների կարգավորման հարցում, թեեւ առաջընթացը կանգ է առել: ԱՄՆ-ը կարող է աջակցել գործընթացին եւ օգնել դրա արագ մեկնարկին՝ առաջարկելով տեխնիկական աջակցություն կամ միջնորդություն: Սահմանային տեղաշարժից եւ առեւտրից բացի, որոնք կխթանեն տնտեսական աճն ու դիվանագիտական հետագա քայլերի  հնարավորություն կստեղծեն,  նորմալացումը ազդանշան կուղարկի Բաքվին՝ քաջալերելով հետեւել իր հովանավորի օրինակին եւ մեղմացնել վերաբերմունքը Երեւանի նկատմամբ:

Հավասարակշռված պատասխաններ

Վերոնշյալ քայլերը կարող են ամրապնդել Հայաստանի անվտանգությունը, աջակցել տարածաշրջանային կայունությանը եւ, ի վերջո, առաջ տանել Արեւմուտքի շահերը: Բայց մոտ ժամանակներս եւ հնարավոր ներխուժման հեռանկարը հաշվի առնելով՝ գործընկերության սահմանները պետք է հստակեցվեն։ Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ նրա դաշնակիցները չեն ցանկանում Հայաստանին անվտանգության երաշխիքներ տալ, առավել եւս պաշտոնական ռազմական դաշինք կնքել՝ հաշվի առնելով ռիսկերը, եթե Հայաստանը ստիպված լինի դիմել նման երաշխիքների: Այս հստակությունը կօգնի Հայաստանին սեփական ռազմավարական հաշվարկներն անել թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի նկատմամբ:

ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցումը Ռուսաստանի հանդեպ աճող հիասթափության հասկանալի հետեւանքն է: Կրեմլին, անշուշտ, դուր չի գա այդ որոշումը, բայց արձագանքը կլինի ավելի զուսպ, քան եթե Հայաստանը բացահայտորեն դուրս գա դաշինքից կամ անթաքույց թեքվի դեպի Արեւմուտք: Հաշվի առնելով ռուսական հակազդեցության վտանգները, Հայաստանը պետք է զգուշանա այդ քայլից: Ռուսաստանը երկրի ներսում դեռեւս զգալի ռազմական ներկայություն ունի՝ երկու կայազոր եւ ավիաբազա, որոնք մշտական ճնշում են ապահովում Երեւանի վրա: Ավելին, Հայաստանի հակաօդային պաշտպանության ողջ համակարգը, որը կարեւոր նշանակություն կունենա Ադրբեջանի հետ բախման դեպքում, նույնպես կախված է Ռուսաստանից, քանի որ 2016-ին ստորագրվել է միասնական հակաօդային պաշտպանության համաձայնագիրը: Վերջապես, Հայաստանի գազի, նավթի եւ միջուկային էներգետիկայի ոլորտները հիմնականում վերահսկում է Ռուսաստանը: Այսպիսով դժվար թե հնարավոր լինի լիովին հեռանալ Մոսկվայից, որը, չնայած ներկայում զբաղված է Ուկրաինայով, դեռ կարող է աղետալի վնաս պատճառել Հայաստանին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գեներալ-մայոր Դանիել Լասիկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գեներալ-մայոր Դանիել Լասիկան

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Հայաստանի ազգային շահերից է բխում պաշտպանել Ռուսաստանի հետ իր անվտանգության հարաբերությունները եւ անհարկի չօտարել Մոսկվային՝ ընդհանրապես հրաժարվելով դրանցից: 2018 թվականի Թավշյա հեղափոխության առաջնորդները խոհեմաբար բացառեցին աշխարհաքաղաքականությունը իրենց քաղաքական հարցերից: Նախորդ երկու տասնամյակներին տեսնելով Ռուսաստանի վրդովմունքը այսպես կոչված «գունավոր հեղափոխություններից», ինչպես նաեւ Վրաստանի ու Ուկրաինայի բացահայտ արեւմտամետության դեմ Կրեմլի ռազմական հակազդեցությունը՝ հայ ակտիվիստները հասկացան, որ ավազի վրա հստակ գծերից խուսափելը կօգնի պահպանել իրենց շարժման դեմոկրատական նվաճումները: Թեեւ Մոսկվայի ուշադրությունն ու ռեսուրսները հենց հիմա Ուկրաինայում են, այն չի ցանկանա կորցնել եւս մեկ դաշնակցի (կամ վասալի) իր ազդեցության գոտուց: Հայաստանի անվտանգության հարաբերությունների դիվերսիֆիկացումը (ինչին ձգտում է Փաշինյանը), այլ ոչ թե բոլոր խաղադրույքները մի քարտից մյուսը տեղափոխելը, ավելի բարենպաստ կլինի երկրի եւ նրա ժողովրդի համար:

ԱՄՆ-ը եւ նրա եվրոպացի դաշնակիցները չեն կարող Հայաստանին տալ այն ամենը, ինչ նա ցանկանում է եւ ակնկալում է արտաքին գործընկերներից։ Երեւանը պետք է բարդ տնտեսական, սոցիալական եւ ռազմավարական հարաբերություններ պահպանի իր հարեւանների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ, եւ հիմարություն կլինի ճնշում գործադրել նրանց վրա, որպեսզի «ամեն ինչ կամ ոչինչ» ընտրություն կատարեն արեւմտյան կողմի կամ ոչինչի միջեւ: Արեւմուտքը պետք է ճանաչի եւ ընդունի Հայաստանի բազմակողմանիությունը եւ կենտրոնանա այն ոլորտների վրա, որտեղ նա համեմատաբար ունակ է եւ ցանկանում է խորացնել կապերը եւ նպաստել կայունությանը:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին