«Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել Ժերար դը Ներվալի «Կրակի դուստրերը» ժողովածուն։ Կազմել, ֆրանսերենից թարգմանել, առաջաբանը գրել է Շուշանիկ Թամրազյանը։
Ժողովածուն, որում զետեղված են «Անժելիկ», «Սիլվի», «Օկտավի», «Էմիլի» նորավեպերը, «Իզիս» վերնագրված խոհագրությունը, «Կորիլլա» պիեսը, եզրափակվում է 12 սոնետից բաղկացած «Քիմեռներ» բանաստեղծական շարքով։
Գրքի շապիկին Մարիան Սթոուկսի «Մելիսանդ» կտավն է (1895)։
Մեդիամաքսը զրուցել է Շուշանիկ Թամրազյանի հետ։
-Ներվալ թարգմանելը բնորոշել եք իբրեւ «չափազանց երջանիկ ապրում»։ Ինչպե՞ս է ստեղծվում գրողի ու թարգմանչի այդ ներքին անխախտ կապը։
-Երջանիկ ու նաեւ շնորհակալ ապրում է, այո՛... Այդ «անխախտ կապն» այս դեպքում ստեղծվում է սիրո եւ տեւականության շնորհիվ: Առաջին հերթին՝ սերը ներվալյան բառեզերքի, Ներվալի հայացքի նկատմամբ: Ներվալի մասին խոսելիս հաճախ եմ «վճիտ», «անեղծ» բառերն օգտագործում: Սրանք հերթապահ մակդիրներ չեն, որ ասում եմ՝ պարզապես հեղինակին մեծարելու համար: Ներվալյան գրվածքն իսկապես անեղծ է, վճիտ, համենայն դեպս՝ ինձ համար, որովհետեւ ֆրանսիական ռոմանտիզմի այս այլաբնակը պոեզիայի բացառիկ զուլալ ընկալում ունի: Այն վեր է գաղափարական կամ փիլիսոփայական-ինտելեկտուալ բեւեռացումներից՝ չնայած Ներվալի հսկա էրուդիցիային, զերծ է ճառասացական պաթոսից, որ այնքան տարածված է XIX դարի ֆրանսիական պոեզիայում: Ներվալն այն բացառիկ բանաստեղծներից է, որ XIX դարի ֆրանսիական գրականության՝ տեսական բանավեճերով եւ մանիֆեստներով հագեցած դաշտում մաքուր է պահում բանաստեղծության հունը այն ամենից, ինչը բանաստեղծություն չէ: Նա աննահանջ հավատարմությամբ հետամուտ է իր «ալվան ծաղկին»՝ բանաստեղծությանը... ընդհուպ իր արձակում: Չի սիրում պատմել կամ տեսաբանել՝ բանաստեղծելու փոխարեն...
Լուսանկարը` «Նաիրի» հրատարակչություն
Թեեւ, զարմանալի է, տասնամյակներ անց գրական ուղղություններն ու դպրոցները մեծ եռանդով ձեռնամուխ կլինեն Ներվալին որդեգրելու փորձին՝ «Քիմեռների» անմոռանալի նկարազարդողը՝ Գյուստավ Մորոն, Բոդլերն ու Մալարմեն՝ սիմվոլիզմի, Անդրե Բրետոնը՝ սյուրռեալիզմի, Պրուստը՝ գիտակցության հոսքի, Բոնֆուան՝ երազապատումների սաղմերը տեսնելով ներվալյան գրվածքում... Ինչ վերաբերում է տեւականությանը, ապա նույն հեղինակի տարբեր երկերի թարգմանությունն անխուսափելիորեն վերաճում է երկխոսության... Գիրքը կլանում է նաեւ թարգմանչի կյանքի ժամերը, որ հետո նա վերագտնում է թարգմանված գրքի լուսանցքներում՝ դեպքերի, դեմքերի, վայրերի, զգացողությունների խտացած կենսաշերտով: Այս դեպքում գրքերի լուսանցքներում շնչող այդ միջտարածությունն ինձ համար առանձնահատուկ թանկ է, քանի որ Ներվալի սերը ես ինձ հետ բերել եմ Ֆրանսիայից՝ Մոնպելյեի Պոլ Վալերիի անվան համալսարանում ուսումնառության տարիներից...
-Քանի որ սկիզբը հիշատակեցիք... Ժերար դը Ներվալին առաջինը եւ հիմնականում անդրադարձել է «Նաիրի» հրատարակչությունը՝ բացառապես Ձեր թարգմանությամբ (սկսած 2014 թվականից)։ Ուշացե՞լ է հայ ընթերցողի ծանոթությունը Ներվալի հետ:
-Այո՛, չհաշված Ներվալի սոնետներից մի քանիսը, որ տեղ էին գտել «Ֆրանսիական պոեզիայի» համալսարանական անթոլոգիայում Աբրահամ Ալիքյանի թարգմանությամբ: Ներվալյան արձակը՝ «Սիլվին», «Օկտավին», «Օրելիան», «Հոկտեմբերյան գիշերները», անբացատրելիորեն վրիպել էին հայ թարգմանիչների եւ հրատարակիչների տեսադաշտից: Եվ առաջին անգամ Նաիրին էր, որ 2014-ին անդրադարձավ բանաստեղծի արձակ էջերին, որտեղ Ներվալը բանաստեղծական արձակի բացառիկ որակ է նվիրում իր ընթերցողին: Ինչո՞վ է այն բացառիկ. ներվալյան արձակում նախադասությունները բանաստեղծական տողի տրամաբանությանն են ենթարկվում, բավական է բնագրում փոխել մի բառի տեղը, եւ տողի անդիմադրելի կախարդանքը փշուր-փշուր է լինում: Բացառությամբ որոշ երկերի՝ սա մի արձակ է, որ պետք է թարգմանել բանաստեղծության պես, յուրաքանչյուր տողը բարձրաձայն կարդալով՝ մեղեդայնությունը ստուգելու համար... Վերադառնալով Նաիրիին՝ ասեմ, որ հրատարակչությունը ոչ միայն թարգմանել, այլեւ ներկայացրել է Ներվալին հայ ընթերցողին, քանի որ յուրաքանչյուր հրատարակության հավելվածում զետեղված են թարգմանչի կազմած ժամանակագրությունը, վերջաբանը, ծավալուն ծանոթագրությունները: 2014-ին լույս տեսած «Օրելիային» եւ «Պանդորային» 2015-ին հետեւեց «Սիլվին», հետո «Քիմեռները» 2016-ին եւ վերջապես «Կրակի դուստրերը»...
-Իսկ ինչո՞վ է, ըստ Ձեզ, պայմանավորված այդ բացթողումը։ Ինչո՞ւ էին մինչ այդ հայ թարգմանիչները, հրատարակիչները շրջանցել Ներվալին:
-Պատճառների շուրջ կարելի է ընդամենը ենթադրություններ անել. Ներվալն այնքան տարբեր է ֆրանսիական ռոմանտիզմի իր գրչեղբայրներից, որոնց հետ, մասնավորապես՝ Դյումայի, մի շարք պիեսներ եւ լիբրետտոներ է համահեղինակել: Տարբեր է եւ նոր: Պատահական չէ, որ «Ընդդեմ Սենտ-Բյովի» էսսեների իր ժողովածուում Պրուստը նրան ֆրանսիական ռոմանտիզմի «օտարն» է համարում: Անձամբ ես ամեն անգամ նույն անկեղծ զարմանքն եմ ապրում, երբ «Օրելիան» կամ «Սիլվին» մտովի տեղակայում եմ 19-րդ դարի 30-50-ականների համատեքստում:
Լուսանկարը` Christian Hadzhiyski
Մտածել, որ այնքան ներհակ եւ անկանխատեսելի «Սիլվիի» առաջին էջերը գրվում են Ներվալի դպրոցական ընկեր Թեոֆիլ Գոթյեի այնքան գունեղ ու շռնդալից «Կապիտան Ֆրակասին» կամ Ալեքսանդր Դյումայի արկածային վեպերին զուգահեռ, որոնք հրապուրիչ դիպաշարը, արտաքին ժամանակն ու տարածությունն են աներկբայորեն ընտրել՝ որպես բնակության վայր... անպատկերացնելի է: Երբ ներվալյան արձակում փնտրում ես ֆրանսիական ռոմանտիզմի գեղագիտական կաղապարները կամ թափառող մոտիվները՝ անպատասխան սեր, անհատի եւ հասարակության բախում, հերոսի վսեմ մենությունն ու պայքարը տիրապետող միջակության դեմ, ապա ստիպված ես արձանագրել, որ այդ ամենը գուցեեւ կա Ներվալի գործերում, բայց բանաստեղծի գիրը, այնուամենայնիվ, չի ենթարկվում, խույս է տալիս... Արձակի մեջ առաջին հերթին կլանող, գունեղ դիպաշար փնտրող ընթերցողից ներվալյան արձակը ջանք է պահանջում...
-Այնուամենայնիվ, դիպաշա՞րը, թե՞ ուրիշ մի բան է միավորում «Կրակի դուստրերը» ժողովածուում տեղ գտած ստեղծագործությունները։ Ինչո՞ւ «կրակի դուստրեր», երբ օրինակ, «Էմիլի» նորավեպի հիմքում փառահեղ ու եզակի մահով մահացած լեյտենանտ Դեռոշի պատմությունն է։
-Ճիշտ եք նկատել... Գրքի ամենաառաջին հարցերից մեկն առանձին ստեղծագործությունները միավորող ամբողջականությունն է: Ի դեպ՝ դա նաեւ առաջին հարցն է, որ իրեն տալիս է թարգմանիչը. որտե՞ղ փնտրել ամբողջականությունը դիպաշարով, ռիթմականությամբ, տոնայնությամբ, նաեւ ժանրային պատկանելությամբ այսքան տարբեր երկերի մեջ, որոնց մեծ մասը նախապես լույս է տեսել XIX դարի 40-50 թթ. գրական մամուլում: Այս հարցի լավագույն պատասխանը վերնագիրն է տալիս. «Կրակի դուստրերը»: Այո, ժողովածուն սկսվում եւ ավարտվում է կրակով: Եվ երկու դեպքում էլ կրակը կապված է երազի, ցնորքների հետ: Այսպես՝ գիրքը եզրափակվում է «Քիմեռներ» բանաստեղծական շարքով, որ հղում է հին հունական դիցաբանության առասպելական գազանին՝ տարասեռ մարմնով եւ հրաժայթ երախով: Գիտենք, որ իմաստափոխության արդյունքում XVI դարից ի վեր առասպելական հրեշի անունը ֆրանսերենում սկսել է կիրառվել նաեւ որպես հասարակ անուն՝ անհնարին երազ, պատրանք, ցնորական տեսիլ նշանակությամբ:
Բայց հետաքրքիր է, որ Ներվալն իր «Քիմեռներով» հին հունական առասպելի արմատական վերընթերցումն է առաջարկում. զարհուրելի ճիվաղին՝ երախից ժայթքող կործանարար հրով, այստեղ փոխարինում են հրաժայթ հեղուկից ծնվող եթերային տեսիլքներ, որ մի ակնթարթ առկայծում են հին եւ նոր աշխարհների երերուն սահմանեզրին՝ հնարավոր հանդիպումների հույսով: Եվ ցնորասփյուռ գազանի՝ Քիմեռի այս վերընթերցումը կարեւոր է, որովհետեւ Ֆրոյդի երազների տեսությունից շատ առաջ Ներվալը մեզ հուշում է, որ երազը սոսկ քաղցր ինքնախաբեություն կամ կործանարար փախուստ չէ իրականությունից: Այն կարող է դառնալ հերոսի ուղեկիցը, երբեմն էլ՝ ուղեվարը, որոշակի գիտելիք է ամփոփում կյանքի, ավելին՝ իրականության մասին: «Երազը երկրորդ մի կյանք է»,- հիշեցնում է Ներվալն «Օրելիայում», եւ «երկրորդ կյանքի» այդ գաղափարի մեջ խոր ներտեքստային հարաբերություն կա Դանտեի երկրորդ կյանքի՝ «Նոր կյանքի» հետ, որտեղ երազները, տեսիլքները, հայտնատեսական երազի վերածվող մղձավանջներն այնքան էական դեր են խաղում եւ դարձյալ դառնում են բանաստեղծության նախանյութ: «Երազների արտահոսքը իրական կյանք», ինչպես գրում է բանաստեղծն «Օրելիայում»...
-Իսկ սկի՞զբը, ասացիք, որ գիրքը սկսվում եւ ավարտվում է կրակով, եւ կարծես վերջից սկսեցիք:
-Սկիզբը, այո՛, ամենակարեւորն է... Համենայն դեպս՝ ինձ համար: Որովհետեւ հենց այդ սկզբի համար եմ ուզել այս գիրքը թարգմանել: Երկը սկսվում է ձախողված դերասանի՝ նշանավոր Բրիզասյեի նամակով, որ երազում է հրի մատնել իրեն կրնկակոխ հետեւող, իր քայլերին սերտաճած արտերեւույթների բեմը, որ ժամանակ առ ժամանակ իրեն թողնում է բացակա իմաստի վիհի առջեւ: Եվ անիրագործելի այդ ցանկության լարումից են ծնվում մենախոսություն հիշեցնող նամակի անկանխատեսելի թռիչքները: Այն իսկապես բացառիկ հնչողություն ունի. մի ձայն է, իսկապես, ապրում այդ տողերում, եւ հնարավոր չէ այն խլացնել, հնարավոր չէ չլսել: Տարագիր դերասանի մենախոսությունը հայերեն լսելու ցանկությունն անձամբ ինձ համար վերածվել էր մտասեւեռման: Քանի որ բեմը հրի մատնելու այդ մղումն առարկայորեն անիրագործելի է, հերոսն իր սեփական երազներն է հրկիզում, եւ դա մի քիչ Անդերսենի հեքիաթն է հիշեցնում՝ գոյության անթափանց խավարի մեջ իր երազային տեսիլների վերջին լուցկիները չրթացնող աղջկա պատմությունը: Երկի հուզական, բովանդակային առանցքը Երազի բարձր, հրկիզվող բեմերն են, որ իրենց ողբերգական հրե օղակի մեջ են վերցնում ամբողջ ժողովածուն, եւ իրար հաջորդող, իրարից անկախ դիպաշարով օժտված երկերը նորովի են իմաստավորվում: Ուրեմն՝ կրակը, որ թե՛ վերջում, թե՛ սկզբում երազների հուրն է: Եվ «Կրակի դուստրերը», որովհետեւ բոլոր երկերում գլխավոր գործող անձը հրդեհվող երազներից ծնված կանացի կերպար է:
Լուսանկարը` Amalia Jane
Անժելիկը, Սիլվին, Ադրիենը, Օրելին, Օկտավին, Իզիսը, Կորիլլան Երազի հրդեհվող բեմերից ծնվող պատգամախոսներ են, որ հերոսին են պարզում իր ներաշխարհի բանալիներից մեկը, տանում են նրան ի խույզ անորսալի իր երազի ու, ի վերջո, անհետանում... Նշեցիք «Էմիլին», որտեղ իրար են բախվում սիրո երկու դեմքերը՝ որդիական սերն ու կնոջ սերը. նա նույնպես կրակի դուստր է, պատկանում է նույն՝ հրածին ընտանիքին... Հավատարիմ է պատգամախոսի իր դերին. նա է իր վճռով հերոսին ակամա օգնում հասկանալ, որ հայրենիքն ու հայրը նույն բանն են...
-Առաջաբանում նշել եք, որ Ներվալի այս ժողովածուն մասամբ պատասխանն է Դյումայի՝ իր մասին հնչեցրած «մտահոգություններին»։ Դա որեւէ առնչություն ունի՞ կրակի կամ Ձեր ասած երազների հրդեհի հետ։
-Այո՛: Երկի ստեղծման նախապատմությունը շատ կարեւոր է: Ի՞նչ «մտահոգությունների» մասին է խոսքը. 1853-ին Դյուման իր «Le Mousquetaire» ամսագրում լույս էր տեսցրել առողջական ծանր վիճակում գտնվող ընկերոջ բանաստեղծությունը՝ «El Desdichado»-ն, որի մասին, ի դեպ, մի դար անց Աննա Ախմատովան կասի իր քարտուղարին՝ Նայմանին. «Ահա թե ինչ է պետք թարգմանել»: Դյուման բանաստեղծությանը ծավալուն մի «վերլուծություն» է կցում: Այստեղ «մտահոգված» խեղճ Ժերարի «թովիչ, նրբակիրթ մտքի» մոլորությամբ՝ նա մի շարք ախտաբանական մանրամասներ էր ներկայացնում հանրային առասպելաբանության սիրահարներին եւ «գիտության մարդկանց» ուշադրությունը հրավիրում գրչակից ընկերոջ վիճակի վրա: Դյուման մոտավորապես ասում է. խեղճ Ժերար, որ մշտապես խառնում է երազն ու իրականությունը, գրելուց առաջ նա նախ պետք է բուժվեր, բայց առանձնապես հույս էլ չկա, որ կբուժվի... այնպես որ՝ մեզ մնում է կարդալ եւ որոշակի գնահատական տալ այս զառանցանքին: «Այնպես որ՝ մեր խեղճ Ժերարը հիվանդ է գիտության մարդկանց տեսանկյունից եւ բուժման կարիք ունի»... Իր ներքին կյանքին տրված այս ճղճիմ գնահատականը ցնցում է Ներվալին... Նա, իսկապես, անուղղելիորեն սահմանազանց էր իր բնույթով եւ էությամբ: Եվ երազին անմնացորդ տրվելու, իրականության եւ երազի փխրուն սահմանեզրին գիտակցաբա՛ր իր տեւական կացարանը հաստատելու նրա ընտրությունն է ծաղրում Դյուման՝ իր «ամենաթովիչ տողերում» հնչող անթաքույց հենգնանքով... Ծիծաղում է Ներվալի ներաշխարհի վրա... Հընթացս ասեմ, որ 1856-ին՝ Ներվալի մահվանից մի տարի անց, Բոդլերը, անդրադառանալով բանաստեղծի անցած ուղուն եւ ինքնասպանությանը, կգրի. «ֆրանսիացի պոետներից ազնվագույնը, որի միտքը մշտապես պայծառ է եղել»... Հայացքների ինչպիսի տարբերություն... Ինչեւէ, 1854-ին Ներվալն իր գիրքը նվիրում է Ալեքսանդր Դյումային եւ «Կրակի դուստրերին» է վստահում իր պատասխանը կամ պատասխանի ծածկագիրը՝ ուղղված հռչակավոր վիպասանին: Ո՞րն է այդ պատասխանը: Քիչ առաջ ես հիշատակում էի երկի առաջին գլուխը նշանավորող ձախողված դերասանի կերպարը: Ինչո՞ւ է նա ձախողվել. սա կարեւոր հարց է: Պատճառը ո՛չ տաղանդի բացակայությունն է, ո՛չ էլ չափից դուրս մեծ տաղանդը... Նա ձախողվել է, որովհետեւ սահմանազանց է... խախտել է սահմանը բեմական արարի եւ հանդիսատեսի, բեմական պատրանքի եւ իրողության, իրականության եւ երազի միջեւ... Եվ սահմանախախտ այդ դերասանը նույն ինքը՝ Բանաստեղծն է. հեղինակն անթաքույց նույնանում է իր հերոսի հետ:
-Բայց կարծես մի ուրիշ նույնացում էլ կա Ձեր հիշատակած նամակ-մենախոսությունում...
-Այո, մի ուրիշ, է՛լ ավելի ցնցող նույնացում. մի ուրիշ, ողբերգական դերասանի կերպարը, որն իր հերթին հրկիզել է հասարակական-քաղաքական կյանքի բեմը, Հավերժական քաղաքը՝ Հռոմը: Խոսքը ռասինյան «Բրիտանիկուսի» Ներոնի կերպարի մասին է, որի դերը «կպել է» իրեն մարմնավորող դերասանին ու «պոկ չի գալիս», «այրում է նրան», ինչպես գրում է վերջինս: Այսպես՝ եռաստիճան մի նույնացում. նշանավոր Բրիզասյեն, որ նույնանում է իր խաղացած Ներոնի կերպարի հետ, եւ Բանաստեղծ-դերասանը՝ Ներվալը, որ նույնանում Բրիզասյեի, ապա Ներոնի հետ, նրան իր «եղբայրն է» հռչակում... Եվ սա երկի ամենացնցող պահն է. ինձ միշտ թվացել է եւ շարունակում է թվալ, որ եթե աշխարհում կա մի տառապանք, որ ոչ մի արվեստագետ, բանաստեղծ չի կարողանա, չի ուզի կրել, մի դեր, որի հետ ոչ մի արվեստագետ չի ուզի նույնանալ, ապա դա Ներոնն է, որովհետեւ Ներոնն արվեստագետի մահն է, ստեղծագործության մահը: Ներոնը, որ ստեղծագործական թռիչքի ազատության փոխարեն՝ մարդկանց է պարզում ապաշնորհության կամ էլ շնորհազրկության պողպատե զնդանը...
-Բայց Ներվալը կարծես մի փոքր այլ պատկեր է մեզ ներկայացնում:
-Այո, Ներվալը հերթական անգամ զարմացնում է իր ընթերցողին: Հերթական անգամ իջնում է «դժոխքի հատակ»՝ ոչ թե Եվրիդիկեի, այլ իր կերպարի՝ Ներոնի հետեւից, միայն թե այն, ինչ նա իր հետ բերում է հատակից ոչ թե պատմական Ներոնն է, այլ իր՝ բանաստեղծական Ներոնը՝ ահռելի եւ խոցված, խորապես մարդկային: Կերպար, որ խղճում է եղբորը՝ Բրիտանիկուսին, եւ փրկում է նրան՝ սպանելու փոխարեն...
-Արդյոք այդ վերամարմնավորման մեջ ռոմանտիկական ինչ-որ բան չկա՞:
-Անշուշտ, սա կարելի է ընկալել՝ որպես Ռասինի կլասիցիստական ողբերգության՝ «Բրիտանիկուսի» ռոմանտիկական վերընթերցում: Եթե մնում ես մենախոսություն հիշեցնող նամակի արտաշերտին, հերոսի հրկիզվող, անուղեծիր թռիչքները կարելի է ընկալել որպես զգացմունքային զեղումներ... Բայց երբ դրանք դիտարկում ես Դյումա-Ներվալ սքողված բանավեճի խորապատկերում, Ներվալի ուղերձն ամբողջանում է: Բացվում է հանկարծ Դյումային ուղղված պատասխանի ծածկագիրը: Ի վերջո, ի՞նչ է ուզում Ներվալն ասել մեծ վիպասանին՝ բացի այն փաստից, որ դեռ բավականաչափ ուժ եւ բանականություն ունի՝ նոր գրքեր գրելու... Դյուման հրապարակավ եւ ամպագոռգոռ մտահոգվում էր իր ընկերոջ համար՝ իր մտահոգությունը համեմելով մի շարք անեկդոտիկ պատմություններով, որ հաճախ իր իսկ հորինվածքն էին, ըստ էության՝ դատավճիռ էր կարդում ընկերոջը: Մինչդեռ Բանաստեղծ-դերասանը ընդունում է նզովված հերոսի անկարելի տառապանքը, նույնանում է նրա հետ ու նետվում է հրկիզվող բեմի բոցերի մեջ՝ հանուն հերոսի փրկության: Ազատագրում է նրան իր տառապանքից:
Լուսանկարը` Jeffrey Morris
Եվ սա ոչ միայն կարեկցանքի կամ մարդակենտրոն հայացքի դաս է, այլեւ պոետական դաս: «Պոետական իր հարկի մենակության» մեջ Ներվալը մեզ հուշում է, որ սեփական սահմանների հաղթահարումից է ծնվում իսկական պոեզիան, սա է պոեզիայի ճշմարտությունը. հրեղեն թռիչքը սեփական «ես»-ի սահմաններից վեր:
-«Ներվալի բոլոր արձակ երկերն առաջին հայացքից դժվարընթեռնելի են, մինչեւ հասկանում ես, որ պատումը տեղակայված է ներսում, ու անիմաստ է այդտեղ փնտրել արտաքին ժամանակի եւ տարածության տրամաբանությունը, պատճառահետեւանքային կապերը»։ Ձեր այս դիտարկումը վերաբերում է բոլո՞ր գրվածքներին, նույնիսկ եթե կա կառուցիկ սյուժե («Սիլվի», «էմիլի»), կամ պատմում է այն մասին, թե ինչպես է ծնվում պատմական երկը («Անժելիկ»)։
-Այո: Նորից կարող եմ նույնը պնդել, նույնիսկ այն երկերի դեպքում, որոնք առերեւույթ առանձնանում են խաբուսիկ, թվացյալ մի դյուրընթեռնելիությամբ... Նշում եք «Սիլվին» եւ իրավացի եք. այո՛, «Սիլվիում» հստակ տարորոշված դիպաշար կա... Բայց մի քանի անգամ Համալսարանի բարձր կուրսերի ուսանողների հետ ապրել եմ նույն փորձը. երբ «Սիլվին» ընթերցում են պարզապես որպես դիպաշար, հիասթափվում են կամ տարակուսում. մի սիրային պատմություն, որ նման չէ սիրային պատմության, ոչնչով չի ավարտվում...
Հիշում եմ՝ 2019-ին մագիստրատուրայի ուսանողներն ինձ մինչեւ իսկ այդ հարցը տվեցին. սա ի՞նչ է, պատմություն անվճռական, «կյանքից ուշացած» մի հերոսի մասին, որ, ի վերջո, մնում է «կոտրած տաշտակի առա՞ջ»... Չեմ չափազանցնում... Դժվարացել էին, որովհետեւ «Սիլվին» սիրային ձախողումների պատմություն չէ, այլ անհնարին վերադարձի ներքին վավերագրում, որի առանցքում Սիլվի/Ադրիեն երկվությունն է՝ որպես հոգու երկու, իրար լրացնող սկիզբեր: Պատումը տեղակայված է ներսում, այո, որովհետեւ, օրինակ, «Որոշմանը» հաջորդող գլուխներում մենք տեղափոխվել ենք մանկության օրրան, միայն թե այդ վերադարձը տեղի է ունեցել հերոսի ներաշխարհում՝ հուշերում... Իսկ երբ «Լուազիի պարահանդեսում» հերոսն արդեն իսկապես, ֆիզիկապես վերադարձել է ծննդավայր, ընթերցողը հասցրել է կորցնել ժամանակային, տարածական վայրիվերումների ոլորուն թելը... եւ դա ինքնանպատակ չէ, հեղինակին հենց այդ սահանքի ոլորաններն են պետք՝ ներսի եւ դրսի միջեւ...
-Ինչո՞վ է պայմանավորված Ներվալի արդիականությունը՝ ասելիքի կարեւորությա՞մբ, ներքին ուժո՞վ, գուցե վերժամանակությա՞մբ։
-...Երեքով էլ: Ի դեպ՝ շնորհակալ եմ ձեւակերպման համար: Բայց ասելիքի կարեւորության առումով՝ կա մի բան, որ կուզեի առանձնացնել. այդքան խոր, բազմաշերտ գրվածքը, որ երբեմն դժվար է ընկալել, նաեւ շատ պարզ, համամարդկային հարցադրումներ ունի: Ներվալի անցած ուղին, ողջ գրվածքը՝ «Հոկտեմբերյան գիշերներից» մինչեւ «Կրակի դուստրեր» եւ «Զբոսանքներ եւ Հիշողություններ», նաեւ պարզ մի բան են մեզ վկայում. հավատարմություն սեփական սկզբին: Ակունքի աննահանջ հիշողությունը, որ շատ նման է թոթովենցյան կորուսյալ եզերքի լուսափաղփ կարոտին ու Ներվալին մեր հարազատն է դարձնում: «Զբոսանքներ եւ հիշողություններ» երկում, օրինակ, որտեղ մի քանի անգամ կրկնվում է «հայրենիք» բառը, Ներվալը հուշում է, որ մեր ամենաթանկ հիշողությունները, զգացողությունները, ընտանիքի սերը, նվիրական վայրերի վերհուշն անբաժանելի են հայրենիքի մտապատկերից: Եվ ուրեմն՝ հայրենիքն ավելին է, քան գաղափարը... այն կենսական, տրոփող հյուսվածք է, որից դուրս սկսվում է դիմազրկումը, չ-հիշողության, անէության անգո տարածքը... Տարիներ առաջ, երբ դեռ «Օրելիայի» վրա էի աշխատում, մի օր ավտոբուսի պատուհանից հետեւելով քաղաքային շարժապատկերին, մտքում սկսեցի փնտրել Տերյանի՝ մշուշի միջից հառնող «դյութական տեսիլի» կամ Չարենցի «Կապուտաչյա հայրենիքի» համարժեքը ֆրանսիական գրականության դաշտում... Ու հանկարծ հասկացա, որ Չարենցի «ձյունապատ լեռների ու կապույտ լճերի» հայրենիքի կամ Տերյանի «Երկիր Նաիրիի» քույրերին ոչ թե ֆրանսիական հայրենասիրական քնարերգության, այլ Ներվալի եզերքի՝ Վալուայի նվիրական պատկերի մեջ է պետք փնտրել... Եզերքի այդ տրոփող ներընկալման մեջ Ներվալը, Տերյանն ու Չարենցը հանդիպում են իրար. Ներվալն էլ յուրովի Հարդագողի մի ճամփորդ է: Այնքան այլաբնակ, իր ընդգրկումների, ձգտումների մեջ այնքան անեզրական Ներվալը՝ Մեծ Երազի տարագիրը, զարմանալի բաներ է ասում հայրենիքի, հիշողության մասին, եւ հենց «Կրակի դուստրերում». «Մենք մեր կոշիկների ներբաններով ցրիվ չենք տալիս մեր հայրերի աճյունափոշին – ամենավերջին թշվառականն անգամ սրբազան մի հիշողություն է պահում ինչ-որ տեղ՝ իր ներսում, հիշողությունը բոլոր նրանց, ովքեր սիրել են իրեն մի ժամանակ: Թե՛ կրոնը, թե՛ փիլիսոփայությունը՝ ամեն ինչ մարդուն հիշողության այդ հավերժական պաշտամունքի անհրաժեշտությունն է հուշում մարդուն»: Ինչ արդիական է հնչում այսօր մեզ համար... Ասես հիշողության անվերջանալի, անփառունակ կողոպուտի մեր իրողությանն ականտես հայ լինի այդ տողերի հեղինակը...
-Հաջորդիվ ի՞նչ կարող է ակնկալել ընթերցողը Շուշանիկ Թամրազյանից ներվալյան տարածքում։
-Գաղտնիք է:
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: