«Քիմեռներ». ներվալյան ներդաշնակության անուրջը - Mediamax.am

exclusive
1898 դիտում

«Քիմեռներ». ներվալյան ներդաշնակության անուրջը


Շուշանիկ Թամրազյանը
Շուշանիկ Թամրազյանը

«Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել XIX դարի ֆրանսիական ռոմանտիզմի ներկայացուցիչներից մեկի՝ Ժերար դը Ներվալի հայտնի բանաստեղծական շարքը՝«Քիմեռները»: Ֆրանսերենից թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը: Նրա բնորոշմամբ՝ այսօր «Քիմեռները» խոսում  եւ լռում են հայերեն: 

 

- Թարգմանել եք Ներվալի «Օրելիա», «Պանդորա», «Սիլվի» գործերը...  եւ վերջապես, «Քիմեռներ»: Ինչո՞վ է պայմանավորված այս հաջորդականությունը: 

 

- Ներքին հետագծով... Ներվալի հետ իմ առաջին շփումը եղել է երիտասարդության տարիներին, Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում: 16 տարեկան էի, եւ ամառային դասընթացի շրջանակներում մի օր բնագրով լսեցի «El Desdichado» բանաստեղծությունը, տպավորությունը շատ խորն էր. նման էր առեղծվածային հյուսվածքի՝ միաժամանակ փակ ու շողշողուն: Ֆրանսիական գրականություն շատ էի սիրում, բայց Ներվալի մասին գրեթե ոչինչ չգիտեի: Հետո՝ ընդամենը երկու տարի անց, երբ Ֆրանսիայում արդեն Պոլ Վալերիի անվան համալսարանի ուսանող էի ու գրականություն էի ուսումնասիրում, Թեոֆիլ Գոթյեի «Ոգեհմային» եւ Ներվալի «Օրելիային» նվիրված հատուկ դասընթաց ունեինք, եւ Ակվիտանիայի վերջին իշխանի մասին խորհրդավոր տողերի հեղինակն արդեն համալսարանական ուսումնասիրությունների նյութ էր... 

Հետո՝ ավելի ուշ, դարձյալ երկու-երեք տարի անց, հանդիպելու էի բանաստեղծ Իվ Բոնֆուային, խոսելու էինք սիրելի հեղինակներից, եւ ինձ զարմացնելու էր ներվալյան ստեղծագործության այդքան խոր եւ անաղճատ ընկալումը՝ զերծ անեկդոտիկ, գունեղ արտաշերտից, հուզելու էր այդ պայծառ հավատարմությունը Ներվալին: Դա շատ որոշիչ եղավ ինձ համար: Մի խոսքով՝ Ներվալը պարբերաբար հայտնվելու էր իմ ճանապարհին, ու դա մի հետագիծ է, որտեղ աշխարհագրական ու ներքին շատ սահմաններ, ինձ համար շատ թանկ դեմքեր են խաչվում... 

 

- Իսկ թարգմանություննե՞րը:

 

- Ինձ համար հենց այդ խաչմերուկներում է ծնվում թարգմանության ընդհատակյա ընթացքը, երբ ինքդ էլ չգիտես, որ բնագիրն արդեն քո ներսում բացել է իր խաղացկուն արահետները... Երբ 2013-ին սկսեցի աշխատել «Օրելիայի» վրա (մի քանի հատված արել էի արդեն Ֆրանսիայում ուսանողական տարիներին), տարօրինակ ներդաշնակության, խաղաղության զգացում ինձ համակեց. ասես վերադարձել էի հայրենիք: Երբ թարգմանությունն ավարտել էի, պարզվեց, որ այդ տեքստը շատ սիրելի եւ թանկ է իմ ամենամտերիմ մարդկանց համար, որոնց մինչ այդ բանաստեղծը ծանոթ էր միայն որպես ֆրանսիական ռոմանտիզմի կարեւոր անուններից մեկը: «Օրելիային» հաջորդեց այնքան տենդագին, քմահաճ «Պանդորան», որ նման է գույների ու պատկերների հրավառության, ապա լուսավոր «Սիլվին»... Բայց սոնետներին անդրադառնալը թվում էր անհնարին մի երազ, թեեւ «El Desdichado»-ի կախարդանքը պարբերաբար հայտնվում էր իմ ներքին տեսադաշտում: Ու, վերջապես, 2016-ի նոյեմբերից սկսեցի թարգմանել սոնետները...

 

- Ինչո՞ւ «Քիմեռներ»: Մանավանդ, որ հրաժայթ երախով այս առասպելական կենդանին նաեւ ցնորք իմաստով է օգտագործվում: 

 

-«Քիմեռների» բանաստեղծությունները գրվել են տարբեր ժամանակահատվածներում: Եվ, ի վերջո, 1854-ին Ժերար դը Ներվալը որոշել է իր այդ տասներկու սոնետները կցել «Կրակի դուստրերը» արձակ պատումների ժողովածուին: Ներքին կապը պարզ է. հրածին աղջիկների շուրջպարը եզրափակվում է այս վերջին առասպելական հրավառությամբ, որ հայտնի չէ՝ սկի՞զբ է ազդարարում, թե՝ ավարտ: Այո՛, ֆրանսերենում 1560 թվականից Քիմեռի՝ առասպելական, անպարտելի այդ հրեշի անունն օգտագործվում էր նաեւ որպես հասարակ անուն՝ ցնորք, խաբկանք իմաստով: 

 

- Արդյոք վերնագիրը մեզ հուշո՞ւմ է որեւէ այլ ներքին բովանդակություն՝ բացի կրակի լեյտմոտիվից եւ կործանարար ցնորքների գաղափարից:

 

- Ինձ թվում է, որ երբ ուշադիր կարդում ես շարքը, վերնագիրը դառնում է նաեւ մի ուրիշ անխուսափելի հարցի պատասխանը: «Քիմեռները» հեղեղված են հղումներով հունահռոմեական դիցաբանությանը, եգիպտական աստվածություններին, աստվածաշնչյան մոտիվներին. Իզիս, Արտեմիս, Յուպիտեր, դելփյան գուշակուհին, Կիբելեն ու Ատիսը, Անտերոսը. ի՞նչ է փնտրում Ներվալն այս խորհրդավոր պատկերասրահում: Գուցե Քիմեռների՞... որովհետեւ հիշատակվող աստվածությունները կուռքեր չեն, այլ ակնթարթային հայտնություններ, որ մի պահ առկայծում են ներվալյան հորիզոնում ու շուտով կանհետանան... Ըստ էության, «Քիմեռներ» շարքը, ինչպես եւ Ներվալի ողջ ստեղծագործությունը, Միեղենի որոնման յուրօրինակ քարտեզագրությունն է: Միեղենի, որն անձամբ իր՝ Ներվալի համար բեկված է ու խույս է տալիս՝ իր բյուրավոր դեմքերով: Ներվալի հայացքը լուսաբաղձ մի կարոտով դեգերում է հունահռոմեական, եգիպտական առասպելաբանության սրահներում, ի վերջո դառնում Քրիստոսին՝ իր ճանապարհի ամենաողբերգական պահին՝ Ձիթենյաց լեռան վրա, հետո դառնում նորպլատոնականության եզերք, որտեղ երջանիկ մի դաշինքով փոխկապակցված են զգայական, մտավոր եւ հոգեւոր շերտերը: Այսինքն՝ «Քիմեռները» ոչ այնքան չարաբաստիկ խաբկանքների ու ցնորքների խորհրդանիշն են, որքան ներվալյան ներդաշնակության անուրջը: Իսկ սա խոր հարցադրում է: 

 

-Ծանոթագրություններ ու Ժամանակագրություն բաժինները լույս են սփռում թե՛ Ներվալի կյանքի կարեւոր իրադարձությունների, թե՛ նրա ստեղծագործության վրա: Մի՞շտ է այդպես, գրողի կյանքն ու նրա ստեղծածը շաղկապվա՞ծ են:

 

-Առհասարակ ես վախենում եմ ընդհանրացումներից: Բայց կարծում եմ, որ շատ հաճախ, այո՛, փոխկապակցված են գրողի ապրած ներքին կյանքն ու ստեղծագործությունը: Ինձ թվում է, որ միշտ էլ աշխարհի ամենաբարձր «տողերի տակ մի մարդ է շնչում», մարդու ներաշխարհը, մարդու ներքին ճակատագիրը: Բայց հաճախ մեզ համար գրողի կյանքը նշանակում է ցցուն փաստերի, անեկդոտների, սկանդալային աղմկահույզ պատմությունների հերթագայություն, ու մենք սկսում ենք խոշորացույցով «Օրելիայի» դիմագծերի ներքո փնտրել դերասանուհի եւ երգչուհի Ջեննի Կոլոնին կամ Մարի Պլեյելին, Պանդորայի դիպաշարը զուգադրում Ներվալի կենսագրության վերջին տարիների հետ՝ փորձելով պարզել, թե որ անցքի տակ ինչ իրական հանդիպում կամ դիպված է թաքնված: Ես անհեթեթ եմ համարում նման մեկնաբանությունները, թե եւ սա մշտապես եղել  եւ մնում է կենսագիրների մեծ գայթակղությունը: Փոխարենը՝ երբ բանաստեղծի նամակների, ստեղծագործության շնորհիվ իմանում ես, թե ինչ կախարդանք են ունեցել բեմական կյանքը, թատրոնը Ներվալի վրա, ու թե ինչպես է թատրոնը եղել իրական ձախողումների տիրույթ, «Պանդորայի» ներքին տեքստը հանկարծ դառնում է այնքան հստակ, հասկանալի. երկի առանցքում ձախողված ներկայացման մտասեւեռումն է: Մի խոսքով՝ եթե գրողի իրական կյանքը ներթափանցում է ստեղծագործության հյուսվածք, ապա նույնիսկ ամենառեալիստական գրվածքում յուրօրինակ մի ալքիմիայի օրենքով այն անցնում է հաջորդական փոխակերպումների շղթայով: Իսկ ձեր հիշատակած ծանոթագրությունների եւ ժամանակագրության առկայությունը գրքի հավելվածում պարզապես սկզբունք է. դա ինձ թվում է անհրաժեշտ որեւէ օտար հեղինակի հայ ընթերցողին ներկայացնելիս: 

Կարեւոր է իմանալ՝ որ տարիքում է հեղինակը գրել այս կամ այն ստեղծագործությունը, ինչ երկեր է հեղինակել՝ բացի ներկայացվող գործից, ինչ ժանրերում է ստեղծագործել, պատմական, մշակութային ինչ համատեքստում են գրվել գործերը, շփվե՞լ է արդյոք ժամանակի գրական սալոնների հետ եւ այլն: 

 

- Ներվալի առողջական վիճակը հանրային նյութ դարձնելու՝ Դյումայի քայլը ինչո՞վ եք բացատրում: Չհասկացվածությո՞ւնն է պատճառը, թե՞ գրողական նախանձը:

 

- Ըստ իս՝ գռեհիկ, անառողջ հետաքրքրասիրությունը, գրական երեւույթի կենցաղային ընկալումը: Դյուման, որի արկածային վեպերը, իմիջիայլոց, եղել եւ մնում են այդ ժանրի իմ ամենասիրելի գործերից, համընդհանուր հռչակ վայելող «մետր» էր: Ներվալի նամակագրությունը վկայում է, որ բանաստեղծը ստեղծագործական ուղու առաջին տարիներին հաճախ էր հետեւում Դյումայի խորհուրդներին, համագործակցում էր նրա հետ, նրանք մի շարք պիեսներ են համահեղինակել, երբեմն էլ Ներվալն ուղղակի այս կամ այն ստեղծագործությունը գրում էր Դյումայի հորդորով, ինչպես «Պանդորայի» դեպքում: Այնպես որ, Դյուման Ներվալին նախանձելու որեւէ պատճառ չուներ... 

 

Չհասկացվածությո՞ւնը... ինձ թվում է, որ Դյուման չէր հասկանում, որ ինքը չի հասկանում... Ըստ էության, այսօր Դյումայի եւ Ներվալի, ընդհանրապես Ներվալի եւ իր ժամանակակիցների փոխհարաբերության մասին մենք կարող ենք դատել միայն մեզ հասած փաստերով, նամակագրությամբ եւ փոխադարձ ուղերձներով... Եվ մասնավորապես «Քիմեռների» դեպքում հարկ է հիշատակել երկու առանցքային տեքստ. մեկը Դյումայի հոդվածն է, որ 1853-ին վիպասանը կցել էր «Le Mousquetaire» ամսագրում տպագրված Ներվալի «El Desdichado» բանաստեղծությանը: Այստեղ Դյուման ընթերցողին ներկայացնում է մի շարք ուռճացված մանրամասնություններ գրչակից եղբոր առողջական վիճակի եւ հոգեկան հավասարակշռության վերաբերյալ: Եվ մյուսն էլ Ներվալի պատասխանն է. Դյումայի արարքից ուղիղ մեկ տարի անց՝ 1854-ին, Ներվալը լույս է տեսցնում «Կրակի դուստրերը» արձակ պատումների իր ժողովածուն, որին կցված էին «Քիմեռները», եւ որոշում է գիրքն ընծայել Դյումային՝ իր ընծայականի մեջ անդրադառնալով վիպասանի քայլին: Ասեմ, որ Դյումայի «հոդվածն» այսօր զարմացնում է ոչ այնքան իր աննրբանկատությամբ, որքան իր անհեթեթությամբ: Գրչակից ընկերոջ բանաստեղծությունը վերլուծելու փոխարեն՝ վիպագրության «մետրը», ինչպես Ներվալն է նրան մեծարում («Ես Ձեզ եմ նվիրում այս գիրքը, թանկագի՛ն իմ մետր»), որոշում է զբաղվել կենցաղային մակարդակի հոգեվերլուծությամբ, որը ոչ մի լույս չի սփռում ստեղծագործության եւ ոչ մի առանձնահատկության վրա: Բայց, ամենայն հավանականությամբ, Դյուման լավ էր ճանաչում հասարակությունը, եւ գիտեր, որ «խեղճ Ժերարի» մասին հնչեցրած իր «ահազանգն» անարգել իր ուղին էր հարթելու դեպի ընթերցողների սրտերը, եւ դա լինելու էր շատ ավելի անճիգ ու միանգամից, քան բանաստեղծի այնքան խոր ու բազմաշերտ ստեղծագործության ընկալումը: 

- Շուշանիկ, ինչո՞ւ է Ներվալը «անդասակարգելի»: Դա Ձե՞ր բնորոշումն է, թե՞ ընդունված կարծիք է: 

 

- Իմ կարծիքն է: XX դարասկզբին Մարսել Պրուստը մի էսսե է նվիրում Ժերար դը Ներվալին «Ընդդեմ Սենտ-Բյովի» ժողովածուում: Այստեղ Պրուստը վրդովված նշում է այն փաստը, որ ֆրանսիական գրականությունը «օտար հնչյուններով» հարստացրած այնքան ինքնատիպ այս հեղինակին համարում են «XVIII դարի ուշացածներից», ազգային ոգին ու Վալուաների անհետացած Ֆրանսիան երգող բանաստեղծ: Պրուստը չի չափազանցնում: Բոլոր այս թյուրընկալումները վկայությունն են այն բանի, որ ժամանակակիցների համար, իսկապես, շատ դժվար էր դասակարգել Էռնանիի ճակատամարտին իր ոգեշունչ մասնակցությունն ունեցած բանաստեղծին, Գյոթեի «Ֆաուստի» փայլուն թարգմանչին... Նա անչափ նոր է իր երազագրությամբ: Նոր է՝ որպես մի հեղինակ, որը պատումն ամբողջովին տեղափոխում է հերոսի ներաշխարհ: Դիպաշարը, ժամանակն ու տարածությունը հյուսում է հերոսի ներսից, ներսի հայացքով... Եվ միեւնույն ժամանակ այնքան խորն են ու հարուստ Վերածնության շրջանի՝ մասնավորապես Դանտեի, Պետրարկայի արձագանքները... Զարմանալի է «Օրելիայի» եւ Դանտեի «Նոր կյանքի» ներտեքստային հարաբերությունը... Ինքնին տաղաչափական այս ձեւի՝ սոնետի ընտրությունն ասես դարձ է դեպի վաղ Վերածնության շրջան: Եվ, ի վերջո, տրուբադուրների չսպիացող հետագիծը... Այս ամենը Ներվալին դարձնում է անդասակարգելի, համենայն դեպս, ինձ համար: 

 

- Դուք հիշատակեցիք Ներվալի թարգմանությունները. տասնինը տարեկանում նա թարգմանում է «Ֆաուստը»՝ արժանանալով գրական ազդեցիկ դեմքերի բարձր գնահատականին, այդ թվում՝ հեղինակի՝ Գյոթեի: 

 

- Այո՛, Ներվալի համար թարգմանությունը էական փորձ է եղել: Եվ սա նաեւ նրա ներքին կենսագրության կարեւոր փաստերից է. երբ կարդում ես բանաստեղծի մատենագրությունը, իրար հետեւող թարգմանական ձեռնարկների վերնագրերը, հասկանում ես, որ օտարի հետ շփումը, մշակութային եւ աշխարհագրական սահմանների պարը նրա ամենօրյա աշխատանքն են եղել: Մոր մահվանից հետո, որին հուղարկավորել էին Գերմանիայում, Ներվալն առանձնահատուկ վերաբերմունք ուներ գերմանական մշակույթի, գերմաներեն լեզվի նկատմամբ, որ դարձել էր ներքին ուխտագնացությունների հանգրվան: Ներվալն ընդամենը տասնինը տարեկան է, երբ թարգմանում է Գյոթեի «Ֆաուստը»: Այս փայլուն թարգմանությունն ապահովում է նրա հաղթական մուտքը գրական աշխարհ: Հյուգոն ցանկություն է հայտնում ծանոթանալու երիտասարդ բանաստեղծի հետ: Ինչպես նշեցիք, ինքը՝ հեղինակը, ընթերցում է ֆրանսերեն թարգմանությունը եւ հիանում երիտասարդ Ներվալի թարգմանական տաղանդով: 

Այո՛, ըստ Էքերմանի վկայության՝ Գյոթեն խոստովանել է, որ տարեց հասակում գերադասում է «Ֆաուստը» կարդալ ֆրանսերեն թարգմանությամբ, որովհետեւ երիտասարդ թարգմանիչն այնպիսի «թարմություն, նոր շունչ ու ոգի» է ներարկել իր ստեղծագործությանը, որոնք ինքն այլ եւս չի գտնում բնագրի մեջ: Իրականում Ներվալը «Ֆաուստի» թարգմանության մեջ մեծ խիզախումների է դիմել, որոնց մասին գրում է իր հակիրճ առաջաբանում. մի շարք չափածո հատվածներ, որոնց տաղաչափական համակարգի փոխադրումը Ներվալին ուղղակի անհնարին է թվացել ֆրանսերեն լեզվի ներդաշնակություններում, թարգմանված են որպես արձակ կտորներ: Առկա են փոքրիկ անճշտություններ: Բայց ի՞նչն է զարմանալի. այսօր «Ֆաուստի» մի շարք թարգմանություններ կան ֆրանսերենով, այդ թվում նաեւ համալսարանական ծանոթագրված գիտական հրատարակություններ: Բայց Ներվալի թարգմանությունը շարունակում է վերատպվել եւ մնում է անզուգական՝ նաեւ որպես ֆրանսիական գրականության փաստ: Բանաստեղծական ներընկալման իր ուժով, որ բնագրի զարմանալի նուրբ ընթերցում է առաջարկում, այս թարգմանությունը մնում է բացառիկ: Եվ սա միայն իմ կարծիքը չէ: 

 

- Գրող Ներվալն ինչպես հարկն է գնահատված չէ՞ր կենդանության օրոք: Նշել եք, որ Ներվալին նվիրված գրականագիտական ուսումնասիրությունները գրական դաշտը հեղեղում են XX դարի առաջին տասնամյակներից: 

 

-Ո՛չ, իհարկե գնահատված չէր: Կենսագրական փաստերի պարզ հիշատակումը դրա վկայությունն է: Գուցեեւ XIX դարի գրական բանավեճերի ու խրոխտ հրովարտակների աղմկահույզ դաշտում ընթերցողն ու գրաքննադատները պատրաստ չէին ընկալելու ներհակ, վճիտ այս բանաստեղծին, որը ոչ մի փոխզիջման չգնաց հանուն ճանաչման, չտրվեց հանրային պահանջարկի աներեւույթ լծակներին... Եվ ընդհանրապես, բանաստեղծության հունն անեղծ պահեց հռետորական, իմաստասիրական, գաղափարական տարատեսակ գայթակղություններից: Առաջին, բայց ամենահուզիչ եւ ուշագրավ անդրադարձներից մեկը այն տողերն են, որտեղ բանաստեղծի վախճանից մեկ տարի անց՝ 1856 թ.-ին, Շառլ Բոդլերն անդրադառնում է Ներվալի ճակատագրին Էդգար Ալան Պոյին նվիրված իր ծավալուն ծանոթագրության մեջ: Այստեղ Բոդլերը Ներվալին անվանում է «բանաստեղծներից ազնվագույնը» եւ, որքան էլ զարմանալի է, մեկը «ում միտքը միշտ պայծառ է եղել»: Մի քանի տասնամյակ անց Մարսել Պրուստը կանդրադառնա ներվալյան գրվածքին («Ընդդեմ Սենտ-Բյովի»): Իսկ հետո սկսվում է սյուրռեալիստների արշավը, որոնք Ներվալին դարձնում են մեկն իրենց ենթագիտակցական նավարկությունների փարոսներից: Բայց սյուրռեալիստների Ներվալն այնքան էլ ամբողջական չէ: Ինչեւէ, XX դարի երկրորդ կեսին սրան հետեւելու են ավելի ու ավելի լուրջ ուսումնասիրություններ: 

 

- Ներվալի սոնետների «թափանցիկ պարզությունն ու առեղծվածայնության յուրօրինակ համադրությունը» ինչպե՞ս պետք է հաղթահարի ընթերցողը: Ի՞նչ արձագանք եք ակնկալում հայ ընթերցողից՝ թե՛ պարզ ընթերցողից, թե՛ գրաքննադատներից: 

 

- Ինչպես, օրինակ, Էդգար Պոյի պոեզիան, որ հաճախ նույնքան խորհրդավոր է... Անձամբ ես պոեզիայի դեպքում այնքան էլ չեմ հավատում «հաղթահարելուն»... Ընթերցողը պետք է լսի, տրվի բառերի ներքին կյանքին, կախարդանքին: Ինձ համար բանաստեղծությունն առաջին հերթին երաժշտություն է, բացառիկ շփման հնարավորություն բառերի հետ, ու բառապատկերի շողանքի այդ ապրումը ոչ մի ճիգ չի պահանջում՝ անկախ հղումների առատությունից եւ բարդությունից... Իսկ արձագանքը... չգիտեմ... ֆրանսիացի մեծ դերասան եւ թատրոնի բեմադրիչ Ժան Վիլարն այս տողերն է գրում Վիկտոր Հյուգոյի «Ռյուի Բլասի» բեմադրության առիթով իր դերասաններին հասցեագրված նամակում. «Բարձր պահենք Խոսքը եւ գլխարկ խոնարհենք բանաստեղծի առջեւ»... Այս տողերն ինձ առանձնապես հուզում են առաջին հայացքից պոեզիայի հետ առնչություն չունեցող արվեստագետի շուրթերում:

 

- Ի՞նչ կասեք թարգմանության ընթացքի մասին, դժվարությունների, Ներվալի ազդեցության:

 

- Ներվալ թարգմանելն ինձ համար չափազանց երջանիկ ապրում է: Խաղաղում: Ասես վերադառնում ես լույսի հայրենիք: Եվ ամենահետաքրքիրը՝ այնպես է ստացվում, որ ամեն անգամ Ներվալ թարգմանում եմ տարվա այն ամիսներին, երբ Ծաղկաձորի մեր տանն եմ, ու հետո այդ բանաստեղծություններն իմ մտապատկերներում սերտաճած են լույսի ու ստվերների խաղին Ծաղկաձորի մեր այգում: Սաղարթը շատ է Ներվալի գործերում... Սաղարթն ու լույսը... Իսկ դժվարությունները... Ներվալն ընտրել է դասական տաղաչափական ձեւերից մեկը՝ սոնետը, որն իր խիստ կանոններն ունի՝ բանաստեղծական տների, տողերի, վանկերի քանակը, հանգավորման համակարգը: Ներվալը գրել է հեկզամետրով՝ բանաստեղծական դասական այս չափով, որ ֆրանսիական պոեզիա ներթափանցած հին ավանդույթներից է. մինչ այդ հեկզամետրով գրել էին ֆրանսիացի կլասիցիստները, ավելի ուշ այն կօգտագործեին Վիկտոր Հյուգոն եւ Շառլ Բոդլերը՝ միաժամանակ բեկումնային փոփոխություններ մտցնելով բացարձակի այդ ճարտարապետության մեջ: Բնականաբար, ես պահպանել եմ սոնետի բանաստեղծական տների եւ տողերի քանակը: Դա ինձ թվում էր պարտադիր: Ինչ վերաբերում է հանգավորման համակարգին, այն փոխադրելիս ինձ համար առաջնային է եղել հայերեն բանաստեղծության ինքնակա կյանքը, շնչառությունը: Խուսափել եմ արհեստական վերջավորություններից կամ պարզապես հանգերն ապահովող բառերից. դրանք ուղղակի անհեթեթ էին թվում Ներվալի այնքան վճիտ, ինքնաբուխ բանաստեղծականության դեպքում: Այնպես որ, հանգավորման համակարգերն ամենից հաճախ նույնական չեն:

 

- Ներվալից էլի թարգմանություններ կլինե՞ն:

 

-Անպայման: 

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին