«Սիլվի». երազի եւ իրականության երկխոսությունը - Mediamax.am

exclusive
4265 դիտում

«Սիլվի». երազի եւ իրականության երկխոսությունը


Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Շուշանիկ Թամրազյանը
Շուշանիկ Թամրազյանը

Լուսանկարը` Inknagir.org


«Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել Ժերար դը Ներվալի  «Սիլվի. Վալուայի հիշողությունները» (Sylvie. Souvenirs du Valois) ստեղծագործությունը: Մեր զրուցակիցն է գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը:

 

-Ինչո՞ւ Ժերար Դը Ներվալ: Ինչո՞վ է պայմանավորված հեղինակի ընտրությունը, եւ ինչո՞վ է առանձնանում «Սիլվին» Ժերար դը Ներվալի՝ ձեր թարգմանած մյուս գործերից`«Օրելիա», «Պանդորա»:

 

-Ինչու՞ Ժերար դը Ներվալ. շատ պարզ, որովհետեւ իմ ամենասիրած բանաստեղծներից է: Ամենասիրած եւ ամենակարեւոր: Այն բացառիկ հեղինակներից, որոնք անմիջապես դառնում են զրուցակիցդ, ներաշխարհիդ կամ «հոգեւոր կյանքիդ» մի մասը, ինչպես Մարսել Պրուստն էր ասում «Ընթերցանության մասին» իր խոհագրության մեջ:

 

Ինձ համար անհասկանալի կերպով մինչեւ օրս Ներվալն ասես վրիպել էր մեր հրատարակիչների, թարգմանիչների ուշադրությունից՝ չնայած ֆրանսիական ռոմանտիզմի նկատմամբ ունեցած մեր ջերմ սիրուն: Լույս էին տեսել սոնետները՝ Ա. Ալիքյանի, իսկ բոլորովին վերջերս «Գրական թերթում»՝ Նվարդ Վարդանյանի թարգմանությամբ, բայց ոչ մի արձակ գործ: Մինչդեռ խոսքը չափազանց ինքնատիպ ու կարեւոր հեղինակի մասին է: Հոգեվերլուծաբաններից, սյուրռեալիստներից դեռ շատ առաջ՝ 1840-1850 թվականներին, Ներվալն իր ստեղծագործություններում ցույց է տալիս, որ մեր երազները գոյաբանական արժեք ունեն: Դրանք ուրույն գիտելիք են ամփոփում կյանքի, մեր գոյության իմաստի շուրջ:

Շուշանիկ Թամրազյանը Շուշանիկ Թամրազյանը

Լուսանկարը` Inknagir.org

Ներվալը չի բավարարվում՝ մեզ գունագեղ երազների քարանձավ տանելով, եւ դրանով խիստ տարբերվում է ռոմանտիկական ուղղության իր ժամանակակիցներից, ասենք՝ իր ընկերներ Ալեքսանդր Դյումայից կամ Թեոֆիլ Գոթյեից: Ներվալյան հարցադրումը շատ ավելի հարազատ է մեզ՝ ժամանակակիցներիս համար. Ներվալի մոտ երազը շատ տարողունակ հասկացություն է: Այն ներառում է մեր ներաշխարհն ու այն ամենը, ինչ սնվում է դրանից, ըստ էության՝ Ներվալի մոտ երազը հոգին է: Եվ իր ողջ ստեղծագործության մեջ հեղինակը փնտրում է հնարավոր հանդիպման, համընկնումների այդ պահերը՝ ներքին եւ արտաքին աշխարհների միջեւ: Ըստ էության, ներվալյան անհրաժեշտությունը՝ երազի եւ իրականության երկխոսությունը, բանաստեղծության անհրաժեշտությունն է:

 

Ինչպե՞ս է ծնվում բանաստեղծությունը: Ի՞նչ է բանաստեղծությունը, եթե ոչ ներսի եւ դրսի, ներքին եւ արտաքին աշխարհների գրկախառնություն, երբ մի ակնթարթ ջնջվում են սահմանները: Զարմանալի է Ներվալի արդիականությունը. երբ գլխովին ընկղմվում ես նրա արձակ երկերից մեկի ընթերցանության մեջ, մի պահ թվում է, թե սուզվել ես սեփական հոգուդ հայելապատկերում, ու հետո, երբ հանկարծ անդրադառնում ես այն փաստին, որ այդ նույն ժամանակ Դյուման իր արկածային վեպերն էր գրում, Թեոֆիլ Գոթյեն՝ իր «Ոգեհման», Շառլ Նոդյեն՝ իր այնքան գողտրիկ, նրբագեղ բանաստեղծությունները, հետին թվով մի տեսակ ցնցվում ես, որ հնարավոր է նման բան, որ փաստորեն տասնիններորդ դարի առաջին կեսին հնարավոր էր գրել այդքան թարմ, այդքան թափանցիկ գրվածքով՝ զերծ ֆրանսիական ռոմանտիզմի գեղագիտական կաղապարներից, այդպիսի խորքով ներսուզվել մարդկային ներաշխարհի բարդ ոլորանները ու գրել ասես հենց այնտեղից՝ ներսից՝ երբեմն ուղղակի մոռանալով սյուժեի, կառուցվածքի, կերպարային կաղապարների մասին. մի բան, որ ֆրանսիական գրականությունում օրինաչափ կդառնա շատ ավելի ուշ՝ շուրջ 60 տարի անց՝ Մարսել Պրուստի հետ:

Լուսանկարը` Անձնական արխիվից

Պատահական չէ, որ Մարսել Պրուստը Ժերար դը Ներվալին նվիրված իր խոհագրության մեջ նշում է, որ Ներվալը ֆրանսիական գրականությունը հարստացրեց տարաշխարհիկ մի փայլով. նա նկատի ունի գերմանական ռոմանտիզմը՝ Նովալիսին, Հյոլդեռլինին, որոնց երկերն այսօր էլ մեզ թվում են մարդկային հոգու օրագրություն եւ այնքան նոր են, թարմ: Ներվալի բոլոր արձակ երկերն առաջին հայացքից դժվարընթեռնելի են, մինչեւ հասկանում ես, որ պատումը տեղակայված է ներսում, ծավալվում է ներսում, ու անիմաստ է այդտեղ փնտրել արտաքին ժամանակի եւ տարածության տրամաբանությունը, պատճառահետեւանքային կապերը: Ընդամենը պետք է հանձնվել ներսում ճյուղավորվող մանվածքին, որն ունի շարժման իր տրամաբանությունը, իր վերուվարումները: Այս առումով «Սիլվին» բացառություն է. առաջին հայացքից այն ունի բավական կառուցիկ սյուժե, միանգամայն «իրական» դիպաշար, թեեւ էլի գլխավոր Արարը՝ կորուսյալ հիշողության կամ անհնարին վերադարձի դրաման, էապես խաղացվում է ներաշխարհում: Իր կառուցիկ սյուժեով, հստակ դիպաշարով, այսպես ասեմ՝ կառուցվածքային կատարելությամբ «Սիլվին» տարբերվում է իմ թարգմանած նախորդ երկերից՝ «Օրելիայից» եւ «Պանդորայից»:    

 

-Մանկության եւ պատանեկության տարիների հիշողությունները գրքի հերոսին  կիսով չափ ցնորական տեսիլներ են թվում...  Դուք գրքի առաջաբանում ընդգծում եք, որ խոսքը ոչ թե մանկության հուշերի, այլ հիշողությունների մասին է, ինչով պայմանավորված է նաեւ «հիշողություն» բառի ընտրությունը վերնագրի թարգմանության մեջ: Առաջին հայացքից տարբերությունը հասկանալի չէ` մանկության հուշեր/հիշողություն,  Վալուայի հիշողությունները/հուշեր Վալուայից:    

-Այո՛, խոսքը պարզապես մանկության հուշերի մասին չէ՝ առաջին պարահանդես, մանկության պուրակներ, այլ շատ ավելի բարդ մի գործընթացի, այն է՝ կորուսյալ նախասկզբի, ակունքի որոնումը: Դժվար է ասել, օրինակ, թե ինչ է փնտրում Տարկովսկու «Կարոտախտի» հերոսը, ու թե որտեղ պետք է փնտրի իր կարոտի առարկան՝ իր ներքին հայրենիքը: Մինչեւ վերջ պարզ չէ, թե արդյոք դրա աշխարհագրական սահմանները ներկա, իրական Ռուսաստանում են, թե՞ ներքին ինչ-որ միջտարածությունում: Նախասկզբի որոնմանը միշտ էլ միախառնվում են ենթագիտակցական խոր շերտեր, երազներ, ցնորքներ, աղոտ զգացողություններ: Այն միշտ էլ տեղակայված է թափառող հիշողության եւ երազի սահմանագծին:

 

Սիլվին ուղղակի վերադարձ չէ դեպի մանկության եզերք, այլ բարդ մի ուղեւորություն մեր հիշողության գիտակցված ու անգիտակից ենթաշերտերի միջով: Այս առումով՝ թարգմանելիս շատ կարեւոր էր ինձ համար ճիշտ բառի ընտրությունը: Բնագրում «souvenirs»՝ «հուշեր», «հիշողություններ». ասում ենք՝ «մանկության հուշեր», «պատանեկության հուշեր», «հուշերը գրի առնել», «հուշեր Դիլիջանից», այս դեպքում մենք գործ ունենք հիշողության՝ միանգամայն սահմանելի, տեղակայված շերտերի հետ: Մինչդեռ «Սիլվիում» հերոսին այցելող մտապատկերները «կիսով չափ երազ են»: Դրանք եւ՛ կենսագրական են, եւ՛ անանձնական, վերժամանակյա: Դրանք պետք է փնտրել անանուն մի հիշողության անհատակ խորքերում: Եվ դա ակնհայտ է դառնում հենց երկրորդ գլխից, երբ երիտասարդ տարիների տոնախմբության վերհուշը թվում է ժամանակային եւ տարածական բոլոր չափումներից դուրս, գրեթե անիրական մի պատկեր: 

 

-Նկատում եք նաեւ, որ հերոսի ուղեծիրն ավելի շատ նման է դեգերումների, քան նպատակասլաց վերադարձի: Ինչո՞ւ է անհնար վերադարձը: Ինչո՞ւ են այդքան այլափոխված ու աղոտ անցյալի պատկերները:

 

-Այո՛,  ինձ համար «Սիլվին» անհնարին վերադարձի պատմություն է: Բայց այլափոխված են ոչ թե անցյալի պատկերները, այլ ներկան է դարձել տարտամ ու այլակերպ: Եթե ուշադրություն դարձնեք, անցյալի բոլոր պատկերներն այստեղ սքողված են երազային շղարշով: Դրանք մշուշոտ են, բայց մնում են լուսավոր. Ադրիենը, Սիլվին, մորեղբայրը, Լուազիի անտառները: Ներկա՛ն է կողոպտում անցյալը՝ իր անհամապատասխանությամբ: Եվ նույն այդ ներկան կողոպտում է նաեւ հերոսին: Ըստ էության, մենք գործ ունենք մեզ՝ ժամանակակիցներիս համար շատ հասկանալի՝ չեխովյան իրադրության հետ. հնի օրինաչափ խորտակումն ու նորի հաստատումը. Սիլվին այլեւս ոչ թե ժանյակագործությամբ է զբաղվում, այլ ձեռնոց է կարում՝ գործարանի պատվերով: Մանկության անպաճույճ մեղեդիների փոխարեն՝ նա սկսել է արիաներ երգել հանրահայտ օպերետներից: Մորաքրոջ հեքիաթային հանդերձը ծառայել է ոչ թե կախարդական փոխակերպմանը, այլ Դամարտենի կարնավալին, որ ընդամենը հասարակական դիրքի բարելավման նշան է: Նրբազգաց ու պայծառ Սիլվին հրաժեշտ է տվել երիտասարդական տարիների անուրջներին եւ որոշել է ամուսնանալ հրուշակագործի հետ:

Լուսանկարը` Անձնական արխիվից

Մանկական խենթությունների ընկերը՝ Խոշոր Խուճուճիկը, որոշել է «հաստատվել» ու զբաղվել հրուշակագործությամբ... Եվ բոլոր այս այլակերպումները հերոսն արձանագրում է լուսավոր մի թախիծով... Ցանկացած դեպքում վերադարձն անհնարին է կամ հնարավոր է միայն երազում: Եվ այստեղ է, որ մենք գնահատում ենք երկի կառուցվածքի արդյունավետությունը. առաջին գլխում հերոսը որոշում է վերագտնել իր հեռավոր եզերքը եւ ընկնում է ճանապարհ: Երկի կառուցվածքի շնորհիվ՝ այդ վերադարձը շատ ձգձգված է, խճճված: Ինչու՞. մինչ հերոսը ճանապարհին է, պատումը տեղափոխվել է անցյալ, ու մինչեւ ութերորդ գլուխը նա անընդհատ վերադառնում է Լուազի, այսինքն՝ իրականում հիշում է, թե ինչպես էր տարբեր առիթներով վերադառնում Լուազի, որտեղից էլ դեգերումների՝ այդքան ազդեցիկ տպավորությունը: Մի քանի անգամ կրկնվում է նույն ֆրազը, որ դառնում է ողջ ստեղծագործության բանալին. «Ես նորից ճանապարհ ընկա Լուազի»: Այնպես է ստացվում, որ հերոսն անընդհատ դեգերում է այդ ակունքի շուրջ, մոտենում, նորից ճամփա ընկնում... Իրականում հիշողությունն է դեգերում իր իսկ գծած արահետներով:   

 

-Ադրիենն  ու Սիլվին «միակ սիրո երկու դեմքերն» են: Միակ սիրո երկու դեմքերի խորհուրդն ինչո՞ւմ է: Ո՞րն է սահմանը, ինչպե՞ս են միանում ու առանձնանում երկու դեմքերը:

 

-Այո, անհնարին վերադարձը խտանում է կանացի երկու կերպարների շուրջ. մանկության պայծառ ընկերուհին՝ Սիլվին, եւ խորհրդավոր, գիշերաշող Ադրիենը: Հերոսը փնտրում է նրանց, ինչպես իր էության երկու սկիզբերին: Սիլվին միշտ ողողված է արեգակնյա լույսով, պայծառությամբ: Ադրիենը մի ակնթարթ ցոլարձակում է գիշերում, նրա ողջ կերպարանքը պարուրված է անթափանցելի մի առեղծվածով: Որտե՞ղ է ակունքը, ո՞րն է սկիզբը, այս կերպարներից ո՞րն է լիովին արտահայտում հերոսի ներաշխարհը: Հավանաբար երկուսն էլ՝ ինչ-որ չափով... Հերոսը փնտրում է նրանց, ինչպես ներքին ներդաշնակության բանաձեւ: Բայց շատ ավելի ինքնատիպ ու ցնցող է այն երկվությունը, որ առկա է հենց իր՝ Ադրիենի կերպարի մեջ. մի կողմից՝ բեմեզրի լույսերը, արտերեւույթների շքահանդեսը, մյուս կողմից՝ դրա հակոտնյան, որ մերժումն է բոլոր արտերեւույթների, բոլոր բեմահարթակների՝ բացի թերեւս ներքին բեմից. վանական կյանքը: Ադրիենը մահանում է մենաստանում: Այս երկվությունը շատ խորհրդավոր է, ու Ներվալն ասես ակամա ստիպում է մեզ խորհել բեմական արարի ծիսական ակունքների մասին: Ու նաեւ լուսանցքներում մնացող մի հարց. ի՞նչ է թատրոնը Ներվալի համար, ի՞նչ է Ներվալը փնտրում թատրոնում, որովհետեւ բեմը, որ այնքան հափշտակում էր բանաստեղծին, առանձնահատուկ տեղ ունի այս երկում:

 

-«Վալուայի երգերն ու լեգենդները» հավելվածում բարձրացվող խնդիրների մասին ի՞նչ կասեք: Դրանցով եզրափակվում է երկը, եւ, ինչպես նկատում եք, դրանք նաեւ առանձին խոհագրության արժեք ունեն:

 

-Այն մեզ հույժ կարեւոր տեղեկություններ է հաղորդում Ներվալի բանաստեղծական որոնումների, լեզվի հետ ունեցած նրա հարաբերության մասին: Յուրաքանչյուր բանաստեղծ մտնում է գրականություն՝ ստեղծելու նոր լեզու, կերտելու նոր բառաշխարհ: Ներվալը մեզ հուշում է, որ այդ լեզուն պետք է լինի կենդանի, կենսաթրթիռ: Կենսական այդ ակունքներից մեկը, ըստ նրա, ժողովրդական անպաճույճ երգերն ու ասքերն են, եւ շփումը դրանց հետ անհրաժեշտություն է: Բանաստեղծի լեզուն չպետք է ներփակվի ակադեմիական, արհեստականորեն փայլեցված լեզվական կաղապարներում: Իսկ ինձ՝ որպես թարգմանչի, սա շատ է հուզում: Ինչպե՞ս արթնացնել լեզուն, ինչպե՞ս անել, որ բառերն էջի վրա ապրեն, թրթռան. սա յուրաքանչյուր թարգմանչի մտասեւեռումն է, ամենօրյա որոնումը, երազը: Տարիներ անց Վիկտոր Հյուգոն իր «Թշվառներում» հատուկ գլուխ է նվիրում փարիզյան «արգո»-ին՝ փողոցային ժարգոնին՝ նորից շեշտելով դրա կենսական, ստեղծագործ էությունը: Այս հարցադրումներն այսօր զարմացնում են իրենց արդիականությամբ:  

 

-Ձեր բնորոշմամբ` «Սիլվին» Ներվալի ամենավճիտ ու լուսավոր գործերից է: Մեր ժամանակներում որքանո՞վ է ընկալելի ու պահանջված լուսավորն ու վճիտը: Ինչո՞ւ պետք է ընթերցողն այսօր կարդա «Սիլվին»:

 

-«Լուսավորն» ու «վճիտը» պահանջված են բոլոր ժամանակներում, որովհետեւ դրանք մեր ներսում շոշափում են այնպիսի խորքեր ու որակներ, որոնք վերժամանակյա են: Լուսավոր չի նշանակում անխառն, չի նշանակում «պոզիտիվ», անստվեր: Լուսավորը արվեստագետի աննահանջ որոնումն է, դրա ներքին ճառագումը, հարցադրման ուժը, որ չի երկնչում, չի վախենում իր առջեւ դրված սահմաններից: Ինչու՞ պետք է անպայման կարդալ Պուշկինի «Կապիտանի աղջիկը», Հյուգոյի «Թշվառները», Չեխովի «Երեք քույրերը», Թոթովենցի «Կյանքը Հին Հռովմեական ճանապարհի վրա»: Որովհետեւ մեզ բոլորիս, այն Մատնաչափիկ տղայի պես, պետք են ճերմակ քարեր, որ չկորցնենք ճամփան, որ չմոռանանք:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին