50 գլոբալ հայերը. Արթուր Պետրոսյան - Mediamax.am

exclusive
27204 դիտում

50 գլոբալ հայերը. Արթուր Պետրոսյան


Կնոջ հետ՝ լեռնադահուկային հանգստավայրում:
Կնոջ հետ՝ լեռնադահուկային հանգստավայրում:

Լուսանկարը` Ա.Պետրոսյանի անձնական արխիվից:

Արթուր Պետրոսյանը
Արթուր Պետրոսյանը

Լուսանկարը` Ա.Պետրոսյանի անձնական արխիվից:

Ընկերների հետ՝ ՄՊՀ-ում, 1982թ.:
Ընկերների հետ՝ ՄՊՀ-ում, 1982թ.:

Լուսանկարը` Ա.Պետրոսյանի անձնական արխիվից:

Ապագա կնոջ՝ Նարինեի հետ, 1981թ.:
Ապագա կնոջ՝ Նարինեի հետ, 1981թ.:

Լուսանկարը` Ա.Պետրոսյանի անձնական արխիվից:

Տղայի ավարտական միջոցառմանը Սթենֆորդում:
Տղայի ավարտական միջոցառմանը Սթենֆորդում:

Լուսանկարը` Ա.Պետրոսյանի անձնական արխիվից:

Ընտանիքի հետ՝ «Զվարթնոց» օդանավակայանում:
Ընտանիքի հետ՝ «Զվարթնոց» օդանավակայանում:

Լուսանկարը` Ա.Պետրոսյանի անձնական արխիվից:

Սանահինում՝ 80-ականների ՄՊՀ-ի ընկերների հետ:
Սանահինում՝ 80-ականների ՄՊՀ-ի ընկերների հետ:

Լուսանկարը` Ա.Պետրոսյանի անձնական արխիվից:


Մեդիամաքս-ը շարունակում է «50 գլոբալ հայերը» հատուկ նախագիծը եւ ներկայացնում է հերթական հերոսին՝ մաթեմատիկոս Արթուր Պետրոսյանին, ով աշխատում է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտում:

Մաթեմատիկոս Արթուր Պետրոսյանը ծնվել է 1960թ. Երեւանում: 1983թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, իսկ 1989թ.՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման խնդիրների ինստիտուտի կիրառական մաթեմատիկայի ասպիրանտուրան: Աշխատել է Բելգրադի համալսարանում (1991թ.), ապա որպես գիտաշխատող՝ Միչիգանի համալսարանում (1992-1993թթ.), որպես գիտական հրահանգիչ՝ Օհայոյի Բժշկական քոլեջում (Տոլեդո, 1993-1994թթ.): 1994թ. Արթուրը սկսել է աշխատել Տեխասի տեխնոլոգիական համալսարանում որպես ավագ դասախոս, որտեղ 2000թ. ստացել է դոցենտի աստիճան (Associate Professor): 2003թ. աշխատանքի է ընդունվել ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտում (NIH) որպես ադմինիստրատոր-փորձագետ: 2005 թվականից  առաջադրվել է ԱՄՆ Ազգային բժշկական գրադարանի գիտական փորձաքննության գրասենյակի (NLM/NIH) ղեկավարի պաշտոնում:

Ծնվել եմ 1960 թվականին մաթեմատիկոսի ու բժշկի ընտանիքում: Հայրս Հայաստանում հայտնի մաթեմատիկոս էր, աշխատում էր ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի հետ, ում հետ նրանք հիմնադրեցին Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը եւ Գիտությունների ազգային ակադեմիայի Համակարգչային կենտրոնը: Հորս գործընկերներից եւ ուսանողներից շատերը հաճախ հյուրընկալվում էին Կոմիտաս փողոցում գտնվող մեր բնակարանում: Թեեւ վաղ մանկությունից մշտապես շփվել եմ մաթեմատիկոսների հետ, բայց դպրոցական տարիներին աշխարհագրությամբ ու տնտեսագիտությամբ ավելի շատ եմ հետաքրքրվել: Վստահ էի, որ դառնալու եմ կամ աշխարհագրագետ, կամ տնտեսագետ, սակայն գեներն, ի վերջո, հաղթեցին: 1977թ. ընդունվեցի ԵՊՀ մեխանիկայի եւ մաթեմատիկայի բաժին, իսկ 1980թ. տեղափոխվեցի Մոսկվայի պետական համալսարանի նույն բաժինը: 1983թ. գերազանցությամբ ավարտեցի այն եւ նույն թվականին ընդունվեցի ասպիրանտուրա` պրոֆեսոր Վլադիմիր Տիխոմիրովի մոտ:


Ընկերների հետ՝ ՄՊՀ-ում, 1982թ.:
Լուսանկարը՝ Ա.Պետրոսյանի անձնական արխիվից:

Բացի ուսումնառությունից, ակտիվ ներգրավված էի Մոսկվայի հայ ուսանողների միությունների (այսպես կոչված «հայրենակցական միավորումների») կազմում: Այդ ժամանակ սկիզբ առած ընկերությունը հաղթահարեց ժամանակի փորձությունը. մենք մինչ օրս երկու տարին մեկ անգամ կազմակերպում ենք հայրենակցական հանդիպումներ, կատարում ենք զբոսաշրջային այցելություններ դեպի Հայաստան եւ Արցախ: Շուրջ 100-150 ընկերներ արդեն հասուն երեխաների հետ ժամանում են աշխարհի տարբեր ծայրերից, որպեսզի մասնակցեն այդ հավաքույթներին:

80-ականների սկզբին այդ հավաքույթներից մեկում ՄՊՀ-ում Արթուրը բախտ ունեցավ հանդիպելու իր ապագա կնոջը՝ Նարինեին:


Ապագա կնոջ՝ Նարինեի հետ, 1981թ.:
Լուսանկարը՝ Ա.Պետրոսյանի անձնական արխիվից:

Ինչպես եւ հայրս, Մոսկվայի պետական համալսարանն ավարտելուց հետո, որոշեցի ընտանիքիս հետ վերադառնալ Հայաստան: Որդիս արդեն 3 տարեկան էր, եւ ես ցանկանում էի, որպեսզի նա մեծանա Հայաստանում: Որպես գիտաշխատող ընդունվեցի Գիտությունների ակադեմիայի Համակարգչային կենտրոն, որտեղ 1989թ. պաշտպանեցի թեկնածուական թեզը: 1990թ. գրանտ ստացանք ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Կենսաֆիզիկայի ինստիտուտից՝ կենսաբժշկության ոլորտում ազդանշանների/պատկերների մշակումը զարգացնելու համար: Համակարգչային կենտրոնի գիտնականների խումբն իմ ղեկավարությամբ սկսեց ծրագրերի ամբողջական փաթեթի ստեղծման աշխատանքը վիճակագրական վերլուծության, զտման եւ կենսաբժշկական տվյալների պատկերների ճանաչման ուղղությամբ: Ցավոք, չկարողացանք ավարտել մեր աշխատանքը: 1991թ. Խորհրդային միության փլուզման ժամանակահատվածում ղեկավարությունից ծանուցում ստացանք այն մասին, որ մի քանի շաբաթվա ընթացքում աշխատակիցների աշխատավարձերի համար նախատեսված միջոցները կսպառվեն: Այդ ժամանակ դեռ չէինք պատկերացնում, որ կանգնած ենք իսկապես ծանր ժամանակաշրջանի շեմին, իսկ Ղարաբաղյան պատերազմն արդեն հորիզոնում էր:

Երբ Արթուրը ստիպված լքեց Հայաստանը, նրա որդիները 6 եւ 2 տարեկան էին: Նա ասում է, որ, բարեբախտաբար, ուներ «Ժիգուլի» ավտոմեքենա, որի մեջ հավաքեց իրերն ու տեղափոխվեց Եվրոպա: Ընտանիքը հաստատվեց Բելգրադում, բայց ընդամենը մի քանի ամիս անց Հարավսլավիայում եւս պատերազմ բռնկվեց:
 
Մենք հաստատվեցինք Բելգրադում, որտեղ ես ու կինս աշխատանքի ընդունվեցինք համալսարանում: Մեզ դուր էր գալիս ապրել Բելգրադում, երեխաները սկսեցին սովորել լեզուն եւ դպրոց գնացին: Ցավոք, մի քանի ամիս անց Հարավսլավիայում պատերազմ սկսվեց: Երբ այն հասավ Բոսնիա, ակնհայտ դարձավ, որ այլեւս չենք կարող այնտեղ մնալ: Հայաստանում եւս անորոշության շրջան էր, եւ մենք որոշեցինք շարունակել ճանապարհը դեպի Արեւմուտք՝ Միացյալ Նահանգներ:

Ինձ բախտ վիճակվեց ԱՄՆ-ում համեմատաբար հեշտ գտնել առաջին աշխատանքը: Անգլերեն լեզվի իմացությունս այն ժամանակ բարձր մակարդակի վրա չէր, եւ ես հասկացա, որ դժվար կլինի մաթեմատիկայի գծով աշխատանք ստանալ համալսարանում: Մի քանի ամիս անցկացրի Միչիգանի համալսարանի գրադարանում՝ փորձելով գտնել այն ոլորտը, որտեղ կարող էի օգտագործել ազդանշանների/պատկերների կիրառական վերլուծության ասպարեզում ունեցած իմ հմտություններն ու գիտելիքները: Ցնցված էի այնտեղի ընձեռած հնարավորություններից. կարելի էր միանալ գիտության եւ տեխնիկայի մասին գիտելիքների հսկայական բազային, ինչպես նաեւ որոնել ու գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը ցանցային համակարգիչների օգնությամբ մի քանի րոպեի ընթացքում: Շատ տպավորված էի ԱՄՆ-ում նման հզոր «թվային ենթակառուցվածքի» առկայությամբ: 
  
Ի վերջո, աշխատանք գտա Էն Արբոր քաղաքում գտնվող Միչիգանի համալսարանի ճառագայթաբանության բաժնում (բժշկական լավագույն դպրոցներից մեկը ԱՄՆ-ում). քաղցկեղի վաղ ախտորոշման մաթեմատիկական ալգորիթմների ու ծրագրային ապահովման մշակում թվային մամոգրաֆների վրա:


Կնոջ հետ՝ լեռնադահուկային հանգստավայրում: 
Լուսանկարը՝ Ա.Պետրոսյանի անձնական արխիվից:

Միաժամանակ, շուրջ մեկ տարի կես դրույքով աշխատում էի Օհայոյի Բժշկական քոլեջի նյարդաբանության բաժնում՝ նյարդաբան-բժիշկներին օգնելով յուրացնել ոչ գծային դինամիկայի մեթոդները մարդու ուղեղի ալիքների վերլուծության համար  (էլեկտրոէնցեֆալոգրամ): 1994թ. ինձ հնարավորություն ընձեռվեց այդ աշխատանքը շարունակել որպես ավագ դասախոս Տեխասի տեխնոլոգիական համալսարանում (Texas Tech): Դա կատարյալ հնարավորություն էր իմ ակադեմիական կարիերայի հետագա զարգացման համար Տեխասի համալսարանի առաջարկած միջդիսցիպլինար միջավայրում:

Օգտագործելով իր փորձը կենսաբժշկության եւ ազդանշանների/պատկերների մշակման բնագավառում՝ Արթուրը կարողանում է մշակել նեյրոֆիզիոլոգիական հետազոտությունների մի քանի ակտիվ ծրագրեր, մասնավորապես, էպիլեպսիայի եւ Ալցգեյմերի հիվանդության համար: Նա դրամաշնորհ է ստանում ԱՄՆ-ի Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների դեպարտամենտից եւ Ալցգեյմերի ասոցիացիայից այդ հիվանդության վաղ ախտորոշման ուղղությամբ հետազոտությունների անցկացման համար:  

Ավելի քան 10 տարի առաջ ինձ հրավիրեցին աշխատելու Առողջապահության ազգային ինստիտուտում (National Institutes of Health (NIH)՝ կենսաբժշկական հետազոտությունների ոլորտում աշխարհի խոշորագույն ինստիտուտում:


Տղայի ավարտական միջոցառմանը Սթենֆորդում:
Լուսանկարը՝ Ա.Պետրոսյանի անձնական արխիվից:

2005թ. Արթուրը դառնում է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մասը հանդիսացող Ազգային բժշկական գրադարանի գիտական փորձաքննության գրասենյակի (NLM) ղեկավարը:  

Ներկայումս իմ պարտականությունների մեջ է մտնում NLM փորձագիտական կոմիտեներում փորձագետների նշանակումը, այդ կոմիտեների աշխատանքի համակարգումն ու վերահսկողությունը: Հանդես եմ գալիս որպես փորձագետ, NLM-ի ղեկավար աշխատակիցների եւ Ֆինանսավորվող դրամաշնորհների քննարկման ու գնահատման, պայմանագրային առաջարկների հարցերով Տնօրենների խորհրդի գլխավոր խորհրդական:

Աշխատելով NIH-ում՝ Հայաստանում գործող մի քանի կազմակերպությունների, այդ թվում նաեւ ՀՀ Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամին (ԳԱՏԱՀ) ու Գիտության պետական կոմիտեին, օգնել եմ զարգացնել ու ներդնել վերանայման մրցունակ փորձ գիտական աշխատությունների ու նախագծերի ֆինանսավորման համար:

Արթուրն օգնել է նաեւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային մշակել տվյալների բազայի ու արխիվային համակարգերի կառավարման կենտրոնացված վեբ-պորտալ գիտահետազոտական հաստատությունների եւ առանձին գիտնականների համար (ծրագիրը շարունակվում է մինչ օրս): Արթուրը կարծում է, որ տվյալների նման բազան կդառնա առաջին քայլը Հայաստանում աշխատող գիտնականների ու հետազոտողների համար միասնական կանոնների ստեղծման ուղղությամբ:  

Բացի դրանից, այդ պորտալը ներուժ կունենա հայ հետազոտողներին միավորելու համար ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Ես այդ պորտալի հայեցակարգը ներկայացրել եմ 2007թ. Սան-Ֆրանցիսկոյում անցկացված առաջին ArmTech կոնգրեսում:


Ընտանիքի հետ՝ «Զվարթնոց» օդանավակայանում:
Լուսանկարը՝ Ա.Պետրոսյանի անձնական արխիվից:

Ուշադիր հետեւելով Հայաստանում ընթացող զարգացումներին՝ Արթուրն ասում է, որ հայաստանյան գիտության ապագային նայում է լավատեսությամբ:

Բարեբախտաբար, Հայաստանում միշտ շատ են եղել տաղանդավոր ու ստեղծագործական միտք ունեցող մարդիկ, եւ նոր սերունդը բացառություն չէ: Հիմնվելով ինտերնետի եւ ուսուցողական կայքերի համաշխարհային հասանելիության վրա՝ հայ գիտնականների ու հետազոտողների հաջորդ սերունդն, անկասկած, ունակ է բարձրանալ իր խորհրդային նախնիների մակարդակին:

Արթուրն ասում է, որ չի սիրում կանխատեսումներ անել: Այնուամենայնիվ, ցանկանում է հավատալ, որ մոտ ապագայում կվերադառնա Հայաստան:

Հուսով եմ, որ մոտենում է ժամանակը, երբ ես կարող եմ օգտագործել ԱՄՆ-ում 23-ամյա կարիերայիս ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները, որպեսզի պարտքիս մի մասը վերադարձնեմ այն երկրին, որտեղ ծնվել ու մեծացել եմ: Հայաստանում ապրելը հեշտ չէ, ես հնարավորություն եմ ունենում դրանում համոզվել հայրենիք կատարած ամեն այցից հետո: Բայց յուրաքանչյուրի կյանքում գալիս է մի պահ, հատկապես եթե երեխաներն արդեն մեծացել են եւ անկախ են (երկու որդիներս նախընտրել են իրենց կարիերան զարգացնել համակարգչային գիտությունների ոլորտում՝ Սիլիկոնե հովտում՝ հավատարիմ մնալով իրենց պապիկի գեներին), երբ կյանքի հոգեւոր ասպեկտները շատ ավելի մեծ դեր են կատարում, քան ցանկացած նյութական բարօրություն: Իսկ երբ խոսքը վերաբերում է հոգեւոր կապին, աշխարհում չկա որեւէ երկիր, որի հետ ես ավելի կապված լինեմ, քանի Հայաստանի հետ:


Սանահինում՝ 80-ականների ՄՊՀ-ի ընկերների հետ:
Լուսանկարը՝ Ա.Պետրոսյանի անձնական արխիվից:

Այս ամբողջ ընթացքում ես Հայաստան եմ այցելել առնվազն տարին մեկ անգամ եւ միշտ պահպանել եմ կապը Երեւանում ապրող իմ ընկերների ու հարազատների հետ: Գիտեմ, որ եթե որոշեմ վերադառնալ, հարմարվելու հետ կապված խնդիրներ չեմ ունենա: Հուսով եմ նաեւ, որ ավելի շատ ժամանակ կունենամ նախասիրություններիս համար՝ շախմատ, դահուկ, ինչպես նաեւ Հայաստանում գինեգործության ու գինու սպառման մշակույթի վերականգնմանն ու զարգացմանը նպաստելու համար:

Արթուր Պետրոսյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին