Երեւան, Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ մտադիր է հրաժարվել քաղաքի կառավարման «ֆեոդալական միտումներից»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, քաղաքապետն այդ մասին ասել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում` մեկնաբանելով քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներ մասնավոր կառավարման փոխանցելու իր ծրագրերը:
«Այն ոլորտները, որոնցում կա բիզնես-տրամաբանություն, պետք է փոխանցել մասնավոր ներդրողին»,- ասել է Կարեն Կարապետյանը:
«Կան, իհարկե, այսպիսի ֆեոդալական միտումներ` որքան շատ բնագավառներ, ոլորտներ կամ ընկերություններ ես վերահսկում, ղեկավարում կամ կառավարում, այնքան ուժեղ ես դառնում: Դա բացարձակ այդպես չէ: Ավելին, մենք պատրաստ ենք մասնավոր ընկերությունների կառավարմանը հանձնել մեր 100-տոկոսանոց դուստր ընկերությունները, օրինակ, «Երքաղլույսը»»,- ասել է Երեւանի քաղաքապետը:
«Ես վստահ եմ, որ ուժեղ կառավարչին կամ թիմին, որը վստահ է իր իրավացիության մեջ, չպետք է արհեստականորեն իրավացիություն ապացուցել «մկանները գործադրելու» հաշվին»,- նկատել է Կարեն Կարապետյանը:
Միաժամանակ, խոստովանել է քաղաքապետը, բիզնեսի ներկայացուցիչները դեռեւս «մինչեւ վերջ չեն զգացել, որ մենք անկեղծ ենք եւ մինչեւ վերջ կգնանք մեր այդ մոտեցման մեջ»:
«Բիզնեսի կառավարման դեպքում կոռուպցիոն ռիսկերը նվազում են: Անհրաժեշտ է անպայման ստեղծել մի համակարգ, որում մարդիկ կվաստակեն օրինական հիմունքներով: Կոռուպցիայի դեմ ցանկացած պայքար ենթադրում է հիմնական խնդրի լուծում: Եթե դու դա չես լուծում, կոռուպցիան արմատախիլ չի լինում: Եթե հնարավորություն չես տալիս օրինական աշխատելու, յուրաքանչյուրը որոնում է, թե ինչպես դա ինքնուրույն անի»,- ասել է Կարեն Կարապետյանը:
«Էխո Մոսկվի»-ին Երեւանի քաղաքապետի հարցազրույցի ամբողջական տեքստը հասանելի է այստեղ` http://www.echo.msk.ru/programs/beseda/760973-echo/: