Վիկտոր Մնացականյանը հեռանում է Կենտրոնի ղեկավարի պաշտոնից - Mediamax.am

4231 դիտում

Վիկտոր Մնացականյանը հեռանում է Կենտրոնի ղեկավարի պաշտոնից


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարան


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը ներկայացրել է աշխատանքից ազատվելու դիմում:

«Լրացավ մեկ տարին, ինչ ես զբաղեցնում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Այս գործառույթը ստանձնել եմ իմ ընկեր Հայկ Մարությանի առաջարկով, իսկ նպատակը՝ միասնական, թիմային աշխատանքով մեր սիրելի Երեւանը զարգացնելու ազնիվ ցանկությունն է եղել։ Մեկ տարին այնքան էլ մեծ ժամանակ չէր մեր բոլոր նպատակները կյանքի կոչելու համար, բայց բավարար էր Կենտրոնի սպեցիֆիկան ու միայն Կենտրոնին բնորոշ խնդիրները հասկանալու եւ դրանց լուծման ուղղությամբ ճիշտ ռազմավարություն մշակելու համար։ Վերջին մեկ տարում իմ թիմի հետ իրականացրած աշխատանքների ժամանակ հաշվի են առնվել բացառապես այդ առանձնահատկությունները։ Հիմա ուզում եմ հայտարարել, որ ներկայացրել եմ աշխատանքից ազատվելու դիմում:

 

Այս որոշումը կայացրել եմ, քանի որ ցանկանում եմ զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ եւ ուրբանիստիկան մեր ամենօրյա կյանքի անբաժան մասը դարձնելու նպատակով։ Համոզված եմ, որ այդ կերպ կկարողանամ շատ ավելի օգտակար լինել իմ սիրելի քաղաքին եւ երկրին: Այս քայլս ամենեւին չի նշանակում, որ հեռանում եմ այն թիմից, որի մասն եմ եղել ու որի հետ աշխատելու պատիվ եմ ունեցել: Պաշտոնը թողնելու որոշումս չունի քաղաքական դրդապատճառ եւ հանդիսանում է բացառապես անձնական որոշում: Թող ոչ ոք չփորձի շահարկել այն քաղաքական նկատառումներով կամ դրա շուրջ դավադրության տեսություններ հյուսել», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Վիկտոր Մնացականյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին