5 որմնանկար. Կյանքը, մահը, հոսող ժամանակն ու դիմակայման նուրբ դիմագծերը - Mediamax.am

exclusive
272 դիտում

5 որմնանկար. Կյանքը, մահը, հոսող ժամանակն ու դիմակայման նուրբ դիմագծերը


Միլլոյի՝ «Քաղաքային էկոհամակարգի վերականգնում» որմնանկարը (Նյու Յորք, 2024 թ.)
Միլլոյի՝ «Քաղաքային էկոհամակարգի վերականգնում» որմնանկարը (Նյու Յորք, 2024 թ.)

Լուսանկարը` Street Art Cities

Միլլոյի աշխատանքը Ուկրաինայում (Կրեմենչուգ, 2017 թ.)
Միլլոյի աշխատանքը Ուկրաինայում (Կրեմենչուգ, 2017 թ.)

Լուսանկարը` millo.biz

Միլլոյի «Երբ մենք մտածեցինք, որ կարող ենք թռչել» որմնանկարը Կոսովոյում (Պրիշտինա, 2023 թ.)
Միլլոյի «Երբ մենք մտածեցինք, որ կարող ենք թռչել» որմնանկարը Կոսովոյում (Պրիշտինա, 2023 թ.)

Լուսանկարը` Street Art Cities

Uri KTHR-ի «Լրաբերը» որմնանկարը Իսպանիայում (Լա Բանեսիա, 2024 թ.)
Uri KTHR-ի «Լրաբերը» որմնանկարը Իսպանիայում (Լա Բանեսիա, 2024 թ.)

Լուսանկարը` Street Art Cities

BubleGum-ի «Օրնամենտալ օցելոտ» որմնանկարը Իսպանիայում (Չեստե, 2024 թ.)
BubleGum-ի «Օրնամենտալ օցելոտ» որմնանկարը Իսպանիայում (Չեստե, 2024 թ.)

Լուսանկարը` Street Art Cities

BubleGum-ի «Վերածնունդ» որմնանկարը Իտալիայում (Սան Պիետրո Մագինզանո, 2024 թ.)
BubleGum-ի «Վերածնունդ» որմնանկարը Իտալիայում (Սան Պիետրո Մագինզանո, 2024 թ.)

Լուսանկարը` Street Art Cities

Ինտիի «Տամառուգու II» որմնանկարը Դանիայում (Օլբորգ, 2024 թ.)
Ինտիի «Տամառուգու II» որմնանկարը Դանիայում (Օլբորգ, 2024 թ.)

Լուսանկարը` Street Art Cities

Լուսանկարը` Street Art Cities

Ալեքս Սեննայի «Մարդկային աշտարակ» որմնանկարը Ավստրիայում (Վիեննա, 2024 թ.)
Ալեքս Սեննայի «Մարդկային աշտարակ» որմնանկարը Ավստրիայում (Վիեննա, 2024 թ.)

Լուսանկարը` alexsenna.com

Ալեքս Սեննայի «Մարդկային աշտարակ» որմնանկարից մի հատված
Ալեքս Սեննայի «Մարդկային աշտարակ» որմնանկարից մի հատված

Լուսանկարը` alexsenna.com


Յուրաքանչյուր տարի աշխարհով մեկ անցկացվում են որմնանկարների եւ փողոցային արվեստի բազմաթիվ փառատոներ, որոնց նպատակն է արվեստի միջոցով նոր շունչ հաղորդել համայնքային միջավայրին՝ արտացոլելով տեղացիների պատմությունները, հույզերը, մտահոգությունները, աշխարհայացքն ու արժեքները:

 

2016 թվականին հիմնադրված Street Art Cities հարթակը փողոցային արվեստի սիրահարներին օգնում է քարտեզի միջոցով գտնել աշխարհի տարբեր բնակավայրերում առկա որմնանկարներն ու ծանոթանալ դրանց պատմությանը:

 

Քարտեզում ներկայացված են շուրջ 69 000 որմնանկարներ 1900 քաղաքներում: Յուրաքանչյուր տարի հարթակն իրականացնում է լավագույն որմնանկարների մրցույթ՝ ինչպես հանրային, այնպես էլ մասնագիտական խմբերի քվեարկության միջոցով: 2024 թվականի լավագույններն արդեն հայտնի են:

 

Մեդիամաքսն իր ընթերցողին է ներկայացնում 2024 թվականին աշխարհի տարբեր քաղաքներում ստեղծված որմնանկարների սեփական ընտրանին:

 

Անուրջներ բետոնի ու ասֆալտի արանքում

 

Մեգապոլիսների խիտ միջավայրում, երբեմն, կարելի է պարզապես խեղդվել. ներքեւում խցանումներ, աղմուկ, գործերով բեռնված այսուայնկողմ վազող մարդիկ, որոնք կարող են անվերջ պտտվող անիվում վազող սկյուռներ հիշեցնել: Հայացքը վերեւ տանելիս էլ բարձր երկնաքերերն են, որոնք երկնքի կապույտը բաժանում են երկրաչափական պատկերների: Բետոնի ու ասֆալտի միջավայրում իտալացի նկարիչ Միլլոյի լայնամասշտաբ որմնանկարներն ասես օդանցք լինեն դեպի բնություն, անդորր ու երկրաչափական պատկերներում չտեղավորվող երազանքներ:

Միլլոյի՝ «Քաղաքային էկոհամակարգի վերականգնում» որմնանկարը (Նյու Յորք, 2024 թ.) Միլլոյի՝ «Քաղաքային էկոհամակարգի վերականգնում» որմնանկարը (Նյու Յորք, 2024 թ.)

Լուսանկարը` Street Art Cities

Արվեստագետի ձեռագիրը ճանաչելը շատ հեշտ է որմնանկարներում հանդիպող նույնատիպ կերպարների շնորհիվ, որոնց միջավայրի հետ երկխոսության գնալու միջոցը վառ գույներն են, մանկության երազանքներն ու բնությունը:

 

Նյու Յորքի ամենախիտ բնակեցված թաղամասերից Մանհեթենի փողոցներից մեկում է իր տեղը գտել Միլլոյի հերթական աշխատանքը, որի մակերեսը շուրջ 1000 քառ. մետր է: Այն նկարվել է տասը օրում:

Միլլոյի աշխատանքը Ուկրաինայում (Կրեմենչուգ, 2017 թ.) Միլլոյի աշխատանքը Ուկրաինայում (Կրեմենչուգ, 2017 թ.)

Լուսանկարը` millo.biz

Երկնաքերերի արանքում հաստաբուն ծառը գրկած հերոսն իր դեմքի խաղաղ արտահայտությամբ հիշեցնում է քաղաքային էկոհամակարգի վերականգնման հրամայականի մասին: Այս աշխատանքը Street Art Mankind հասարակական կազմակերպության նախաձեռնած «Էկոհամակարգի վերականգնման որմնանկարներ» (#EcosystemRestorationMurals) շարքի մաս է:  

 

Միլլոյի որմնանկարները կարելի է տեսել նաեւ Կանադայում, Մեքսիկայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Պաղեստինում, Գերմանիայում, Պորտուգալիայում եւ մի շարք այլ երկրներում: Հեղինակն իր աշխատանքներն այսպես է բնորոշում.

Միլլոյի «Երբ մենք մտածեցինք, որ կարող ենք թռչել» որմնանկարը Կոսովոյում (Պրիշտինա, 2023 թ.) Միլլոյի «Երբ մենք մտածեցինք, որ կարող ենք թռչել» որմնանկարը Կոսովոյում (Պրիշտինա, 2023 թ.)

Լուսանկարը` Street Art Cities

«Նոր օրվա սկզբին անմիջապես նախորդող մի ակնթարթային պահ կա, որում երազները դեռ կենդանի են: Իմ բոլոր նոր աշխատանքները այդտեղից են: Դրանք ասես անգիտակցական զգացմունքներ են, որ անցնում են ստվերի մշուշի միջով մինչեւ լույսի առկայծումը՝ ձեւ տալով նրան, ինչ լուռ է»:

 

Հոսող ժամանակի լրաբերը

 

Իսպանիայի Լա Բանեսիա համայնքի շենքերից մեկի պատից անցորդներին սեւեռուն հայացքով դիտում է «Լրաբերը»՝ հիշեցնելով հոսող ժամանակի մասին:

 

Որմնանկարի հեղինակ Uri KTHR արտիստական անվամբ հանդես եկող նկարիչը Բարսելոնայի Մոլինս դե Ռեյ համայնքից է: Այս աշխատանքի միջոցով նա ցանկանում է երկու կարեւոր ուղերձ փոխանցել:

 

Ավազե ժամացույցը նայողին հիշեցնում է կյանքի եւ մահվան փոխկապակցվածության մասին: Մահվան անխուսափելիության հիշատակումը կարեւոր է կյանքը ճիշտ արժեւորելու, այն չվատնելու համար, իսկ նա, որ ապրում է մահվան մտքի ժխտմամբ կամ առանց դրա ընկալման, իրականում չի ապրում ոչ մի օր:

Uri KTHR-ի «Լրաբերը» որմնանկարը Իսպանիայում (Լա Բանեսիա, 2024 թ.) Uri KTHR-ի «Լրաբերը» որմնանկարը Իսպանիայում (Լա Բանեսիա, 2024 թ.)

Լուսանկարը` Street Art Cities

Որմնանկարի մյուս խորհուրդը բնության հանդեպ մարդկանց վերաբերմունքի մասին է: Ավազե ժամացույցի հոսքը խորհրդանշում է ոչ միայն մարդկանց հոսող կյանքը, այլեւ մարդու կողմից բնությունը հետզհետե սպանելը: Յուրաքանչյուր հաջորդ ակնթարթն ավելի քիչ ժամանակ է թողնում մեզ փոխելու մեր այն ապրելակերպը, որով արագացնում ենք մայր բնության մահը:

 

Դիմակայման նուրբ դիմագծերը

 

2024 թվականի Street Arts Awards-ի «Արտիստի ընտրություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել BubleGum արտիստական անունով հայտնի նկարչի «Օրնամենտալ Օցելոտ» որմնանկարը: Նրա ձեռագիրն առանձնանում է նախշերի ոճով, որը ցանցահյուսազարդ է հիշեցնում:

BubleGum-ի «Օրնամենտալ օցելոտ» որմնանկարը Իսպանիայում (Չեստե, 2024 թ.) BubleGum-ի «Օրնամենտալ օցելոտ» որմնանկարը Իսպանիայում (Չեստե, 2024 թ.)

Լուսանկարը` Street Art Cities

Մեզ համար ավելի հետաքրքրական էր նույն նկարչի 2024 թվականի աշխատանքներից «Վերածնունդ» («Rinascimento») որմնանկարը, որը գտնվում է Իտալիայի Կատանձարո համայնքի գյուղերից մեկում՝ Սան Պիետրո Մագինզանոյում:

 

Նկարչի համար եւս այս որմնանկարն առանձնահատուկ է: «Luce» փառատոնի շրջանակում արվող աշխատանքի համար համապատասխան պատ ընտրելուց հետո արվեստագետն իմացել է, որ այդ տանը բնակվող ընտանիքի դուստրը՝ Իռենը, քաղցկեղի ախտորոշում ունի: Հենց նրա պատկերով էլ արվել է որմնանկարը, որում Իռենի եւ ֆենիքս առասպելական թռչնի յուրահատուկ ձուլմամբ BubleGum-ը ցանկացել է ներկայացնել վերածնունդ եւ հույս, իսկ վառ գույներով ու գեղեցիկ նախշերով հակակշռել ընտանիքի ծանր ապրումները:

BubleGum-ի «Վերածնունդ» որմնանկարը Իտալիայում (Սան Պիետրո Մագինզանո, 2024 թ.) BubleGum-ի «Վերածնունդ» որմնանկարը Իտալիայում (Սան Պիետրո Մագինզանո, 2024 թ.)

Լուսանկարը` Street Art Cities

«Փառատոնի օրերին ես հնարավորություն ունեցա շփվելու Իռենի ու նրա ընտանիքի հետ, եւ զգացի, թե որքան մեծ սրտի տեր մարդ է Իռենը: Ցավոք, որմնանկարի ավարտից ամիսներ անց ստացա նրա մահվան գույժը: Ինձ մնում է միայն հուսալ, որ այդ որմնանկարը կշարունակի նրա ընտանիքին ուժ տալ եւ նրանց հիշողությունում ծառայել որպես լույսի, դրականության եւ դիմակայման փարոս»,- գրել է նկարիչը:

 

Անբարենպաստ պայմաններից ծնվող գեղեցկությունը

 

Չիլիի Ատակամա անապատում աճող էնդեմիկ ծառատեսակներից է տամառուգուն: Այն տեղացիների համար կյանքի ու դիմակայության խորհրդանիշ է, քանի որ դրա գոյատեւման կարողությունը հնագույն ժամանակներից կենսական նշանակություն է ունեցել տեղաբնիկների համար: Չիլլի Վալպարաիսո քաղաքից Ինտի արտիստական անունով հայտնի նկարիչն այս ծառատեսակին ու դրա խորհրդին նվիրված մի աշխատանք ունի Չիլիում, որի շարունակությունն է դարձել Դանիայի Օլբորգ քաղաքի «Տամառուգու II» որմնանկարը:

Ինտիի «Տամառուգու II» որմնանկարը Դանիայում (Օլբորգ, 2024 թ.) Ինտիի «Տամառուգու II» որմնանկարը Դանիայում (Օլբորգ, 2024 թ.)

Լուսանկարը` Street Art Cities

«Այս աշխատանքում ես ցանկացա գարնան փխրուն գեղեցկությանը հակադրել այս ծառի ոչ սովորական գեղեցկությունը, որը կարողանում է գոյատեւել երկրագնդի ամենաչորային վայրերից մեկում»,- գրում է նկարիչը:

Լուսանկարը` Street Art Cities

Այս աշխատանքը «Out in the Open» նախագծի մաս է կազմում, որի նպատակն է լայնամասշտաբ որմնանկարների միջոցով արվեստը դուրս բերել թանգարաններից՝ հասանելի դարձնելով այն բոլոր բնակիչների համար:

 

Մեկս մյուսով դեպի վեր

 

«Համայնքներում տարբեր մարդկանց միավորումն առանցքային նշանակություն ունի համընդհանուր նպատակին հասնելու համար: Այդուհանդերձ, այդ գործընթացը հազվադեպ է պարզ կամ ներդաշնակ լինում: Յուրաքանչյուր անձ կռվում է իր տեղի համար՝ հաճախ ցավ եւ կոնֆլիկտ առաջացնելով: Այս պայքարն արտացոլում է այն հասարակությունը, որում մենք ապրում ենք, որտեղ համագործակցությանը զուգահեռ ընթանում է մրցակցությանը: Նույն հասարակությունը, որը միավորում է նպատակի հետապնդման համար, նաեւ տրոհում է մրցակցությամբ: Այս հակասությունը ցիկլի մասն է, եւ ի վերջո, մենք բոլորս այդ քաոսի պտուղ ենք»:

Ալեքս Սեննայի «Մարդկային աշտարակ» որմնանկարը Ավստրիայում (Վիեննա, 2024 թ.) Ալեքս Սեննայի «Մարդկային աշտարակ» որմնանկարը Ավստրիայում (Վիեննա, 2024 թ.)

Լուսանկարը` alexsenna.com

Այսպես է բնորոշել «Մարդկային աշտարակ» անունը ստացած իր որմնանկարը բրազիլացի նկարիչ Ալեքս Սեննան: Որմնանկարը գտնվում է Վիեննայում եւ ներկայացնում է իրար վրայով մագլցող, երբեմն միմյանց ձեռք մեկնող, երբեմն էլ իրար հրմշտող մարդկանց: Թեեւ տարբեր են նրանց մասնագիտությունները, բնավորությունները, հույզերն ու ապրումները, սակայն բոլորը միասին են ձեւավորում մեկ ընդհանուր աշտարակ:

Ալեքս Սեննայի «Մարդկային աշտարակ» որմնանկարից մի հատված Ալեքս Սեննայի «Մարդկային աշտարակ» որմնանկարից մի հատված

Լուսանկարը` alexsenna.com

Ներդաշնակ հանրության հասնելու համար մեր վեճերը շրջապատող մարդկանց հետ պետք է ունենան մեկ նպատակ, այն է՝ համատեղ ջանքերով հասնել ճշմարտությանը: Հանրության մյուս անդամները մեր հակառակորդները չեն, այլ ուղեկիցները, որոնց հետ միասին ճանապարհ անցնելիս մենք դադարում ենք միայնակ լինեն երկնքի առաջ: Դիմացինի հետ դուելի բռնվելիս մենք նրա դեմ չենք կռվում, անգամ եթե մեզ հաճախ կարող է այդպես թվալ: Մենք մշտապես կռվում ենք սեփական վախերի, սեփական ծուլության, սեփական ամբարտավանության ու անկարողունակության դեմ, իսկ դիմացինը մեր օգնականն է: Այս ընկալմամբ ենք կարողանում արժեւորել մեր կյանք եկող ու գնացող մարդկանց, զարգացնել շնորհակալության զգացումը, հոգատարությունը եւ կարեկցանքը, որոնցով էլ քաոսը սկսում է վերափոխվել ներդաշնակության:

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին