Պուտինն արձանագրել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ «համակրանքը» - Mediamax.am

2358 դիտում

Պուտինն արձանագրել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ «համակրանքը»


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ «մենք զգում ենք Ադրբեջանի ղեկավարության տրամադրվածությունը՝ կառուցել միջպետական հարաբերությունները փոխադարձ հետաքրքրությունների, անգամ կասեի՝ որոշակի համակրանքի հիման վրա»։

«Այլ կերպ հնարավոր չէ բացատրել 300 դպրոցների առկայությունը, որոնք գործում են Ադրբեջանում ռուսերեն լեզվով։ Ես գիտեմ, որ նախագահ Ալիեւը մեծապես աջակցում է ռուսաց լեզվի ուսումնառությանը։ Դա նշանակում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ելնում է նրանից, որ ռուսաց լեզուն Ադրբեջանի քաղաքացիներին անհրաժեշտ կլինի երկկողմ կապերի զարգացման համար», - ասել է Պուտինը արտասահմանյան լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

 

«Մենք ավելի ու ավելի ենք դիվերսիֆիկացնում մեր հարաբերությունները։ Երկու կողմից էլ այս տրամադրվածության պահպանման դեպքում, իսկ Ռուսաստանում մենք նույն վերաբերմունքն ունենենք, վստահ եմ, որ արդյունքները լավը կլինեն»,- հավելել է Ռուսաստանի նախագահը։

 

Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է նաեւ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակներում երկու երկրների համագործակցության հարցերը։

 

«Նախագահ Ալիեւը աջակցում է այս նախագծին, մենք նրա հետ բազմիցս քննարկել ենք այն։ Դրան աջակցում է նաեւ Իրանի ղեկավարությունը։ Եվ քանի որ այն խոստանում է լինել շատ շահավետ, կան օտարերկրյա ներդրողներ, ովքեր հայտարարել են այս նախագծի նկատմամբ իրենց հետաքրքրության մասին, այդ թվում՝ արաբական ինքնիշխան հիմնադրամները։ Այնտեղ հարցեր կան, որոնք լրացուցիչ հետազոտության կարիք ունեն։ Վա՞րկ է լինելու, թե՞ ուղիղ ֆինանսավորում Ռուսաստանի կողմից։ Այնուհետեւ պետք է ամեն ինչ վերջնական տեսքի բերենք մեր իրանցի գործընկերների հետ. ինչպե՞ս ենք մենք կառուցելու այս երկաթուղին: Արդյո՞ք այն լայն է լինելու, թե՞ նեղ։ Բայց ամենակարեւորն այն է, որ բոլորը տրամադրված իրականացնել։ Հարցն, իհարկե, ժամկետներն ու ծախսերն են, բայց, ընդհանուր առմամբ, դրանք արդեն գրեթե մշակված են»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին