Սյունիքի մարզում խմելու ու ոռոգման ջրի մատակարարման, կանաչ էներգիայի եւ այլն համայնքային ենթակառուցվածքների ստեղծում, ինչպես նաեւ աջակցություն փոքր եւ միջին բիզնեսին. R2D Սյունիք ծրագիրն ակտիվ աշխատանքային փուլում է:
Սյունիքի վերականգնման, դիմակայունության եւ զարգացման ծրագիրն (անգլ.՝ R2D Syunik: Recovery, Resilience, Development for Syunik) իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Ավստրիական զարգացման գործակալության կողմից՝ մի շարք շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ եւ մասնավոր ընկերություններ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Ավստրիական զարգացման համագործակցության ներդրմամբ:
R2D Սյունիք ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի ՓՄՁ-ների բիզնեսների մրցունակության բարձրացմանը եւ օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգնման համար:
Կարիքների գնահատում եւ թիրախային լուծումներ
R2D Սյունիք ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի հունվարից եւ տեւելու է 5 տարի: Ծրագրի ամբողջ բյուջեն 11 մլն եվրո է, որն ուղղվելու է երեք հիմնական ուղղությամբ. ՓՄՁ-ների համար բիզնես միջավայրի բարելավում ու մասնավոր հատվածի մրցունակության բարձրացում, կայուն կանաչ համայնքային ենթակառուցվածքների բարելավում, ինչպես նաեւ մարզում գործունեության ծավալող միջազգային եւ տեղական կազմակերպությունների աշխատանքների համակարգում՝ հանուն Սյունիքի մարզի զարգացման:

Լուսանկարը` EU in Armenia
R2D Սյունիք ծրագրի ղեկավար Յառեկ Զարիխտան եւ ծրագրի թիմը պարբերաբար այցելում են Սյունիքի մարզ, հանդիպում մարզային ու համայնքային ղեկավարներին, զրուցում բնակիչների հետ՝ առկա խնդիրներին ծանոթանալու եւ կենսունակ լուծումներ գտնելու նպատակով:
Ծրագրի մեկնարկային շրջանը միտված էր նախապատրաստական եւ կարիքների բացահայտման հետազոտական աշխատանքներին, իսկ 2024 թվականի վերջից սկսվել է ակտիվ աշխատանքի փուլը:
Բարգավաճող բիզնես էկոհամակարգ՝ փոքրից մինչեւ մեծ
ՓՄՁ-ներին աջակցությանն ուղղված ծրագրերի համար նախատեսված է 3,5 միլիոն եվրո: Այն ներառում է ձեռներեցների պրակտիկ հմտությունների զարգացում ու տեխնիկական աջակցության տրամադրում, ինչպես նաեւ ֆինանսական ու բիզնես խորհրդատվական ծառայությունների հասանելիության բարձրացում: Այս ջանքերը նպատակ ունեն հզորացնելու շահառուներին, որպեսզի նրանք կարողանան ստեղծել կայուն հիմքեր իրենց ձեռնարկությունների համար եւ շարունակեն զարգացումը նաեւ ծրագրի ավարտից հետո:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Մենք աշխատում ենք հարատեւ արդյունքի համար: Ցանկանում ենք ծրագրի ավարտին լուրջ դրական փոփոխություն տեսնել, որը մարդիկ իրապես կզգան: Աջակցելով թե´ փոքր բիզնեսին, թե´ արդեն կայացած ձեռնարկություններին, ստեղծելով ամուր եւ գործող էկոհամակարգ՝ մենք ձգտում ենք օգնել մարդկանց ավելի լավ կյանքով ապրել»,- ասում է Զարիխտան:
Նախնական փուլի հետազոտությունների արդյունքում առանձնացվել է երեք թիրախային ոլորտ՝ գյուղմթերքի մշակում, արտադրություն, զբոսաշրջություն եւ հյուրընկալություն: Զարիխտայի խոսքով՝ ծրագրերը նախատեսված են ամբողջ Սյունիքի համար, սակայն մարզի հյուսիսային շրջանին առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու, քանի որ այնտեղ աջակցության կարիքն ավելի մեծ է:
Առաջադրված հավակնոտ նպատակներին հասնելու համար՝ Ավստրիական զարգացման գործակալությունը Հայաստանում ընտրել է ռազմավարական գործընկերներ, որոնց տեղական փորձը կօգնի հասնել առավելագույն արդյունքի: Ներկայումս նրանք աշխատում են «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի եւ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի հետ, որոնց վերապատվիրակել են կարողությունների զարգացման դասընթացների եւ փոքր դրամաշնորհային մրցույթների իրականացումը: Այժմ ընթանում են նաեւ բանակցություններ երրորդ ռազմավարական գործընկերոջ հետ պայմանագիրը կնքելու համար:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ծրագրի թիրախային մեկ այլ խումբ են կազմում փոքրածավալ, բայց զարգացման պոտենցիալով ձեռնարկությունները, որոնց եւս տրամադրելու են զարգացման համար անհրաժեշտ աջակցություն: Ծրագրի թիրախում չորրորդը ոլորտին աջակցող կազմակերպություններն են, որոնք նպաստում են կայուն տարածաշրջանային աշխատաշուկայի զարգացմանը՝ ժամանակակից մասնագիտական կրթության եւ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի միջոցով, օրինակ՝ տեղական կրթական հաստատություններ եւ դասընթացներ իրականացնող հասարակական կազմակերպություններ: Նրանք եւս աջակցություն կստանան ծրագրից:
Աջակցություն փոքր բիզնեսների մեկնարկին
Ծրագրի ռազմավարական գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող բիզնես հմտությունների զարգացման դասընթացներին մասնակցում են ծրագրի առաջադրած երեք ոլորտներում գործող կամ բիզնես գաղափար ունեցող 18 տարին լրացած Սյունիքի մարզի բնակիչները:

Լուսանկարը` Սյունիքի մարզպետարան
Փորձագետներից գիտելիք ստանալով եւ նրանց խորհրդատվական աջակցությամբ՝ մասնակիցները ձեւավորելու են մրցունակ բիզնես մոդելներ: Դրանից հետո նրանց շրջանում հայտարարվելու է ֆինանսական օժանդակության մրցույթ՝ ամենամրցունակ գաղափարների իրականացմանն օգնելու նպատակով:
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի փոխտնօրեն, տնտեսական զարգացման ծրագրերի կոորդինատոր Լիանա Սարգսյանի խոսքով՝ ներկայումս 99 անձ մասնակցում է բիզնես մոդելի մշակման դասընթացներին:
«Սեպտեմբերին նախատեսում ենք իրականացնել պատրաստի բիզնես մոդելների ներկայացումը, որից հետո մրցութային կարգով ընտրված առնվազն 34 շահառու կստանա ֆինանսական օժանդակություն՝ յուրաքանչյուրն առավելագույնը 4 մլն դրամին համարժեք սարքավորումների եւ մասնագիտական գույքի տեսքով»,- մանրամասնում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ծրագրի մյուս ռազմավարական գործընկեր «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի հայտարարած դասընթացներն էլ կմեկնարկեն հուլիս ամսից: Այս պարագայում թիրախային խումբը միայն կանայք են:
Ոչ թե զուտ ցանկություն, այլեւ իրական կարիք
«Ջինիշյան» հիմնադրամի դասընթացների մասնակիցներից է 25-ամյա Դավիթ Սարգսյանը Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղից: Երեւանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո նա վերադարձել է հայրենի գյուղ՝ ձգտելով իր գիտելիքներն օգտագործել ի նպաստ համայնքի զարգացմանը:
«Վերջին տարիներին զբաղվել եմ ճագարաբուծությամբ, հավաբուծությամբ եւ խոզաբուծությամբ, ինչի շնորհիվ ծանոթացել եմ անասնապահության ոլորտի մի շարք նրբություններին: Հենց այդ ընթացքում էլ ձեւավորվել է բիզնես գաղափար՝ հիմնել համակցված կերերի վերամշակման արտադրություն, որով էլ դիմել եմ R2D Սյունիք ծրագրի շրջանակում հայտարարված մրցույթին»,- պատմում է երիտասարդ գյուղատնտեսը:
Նրա խոսքով՝ դասընթացները շատ արդյունավետ են ընթանում, ծանոթանում են բիզնեսի կառավարման մի շարք նրբություններին, հասկանում՝ ինչից է պետք սկսել, ինչին ուշադրություն դարձնել, ինչպես ձեւավորել մրցակցային արժեքային առաջարկ:

Լուսանկարը` «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ
«Նմանատիպ ծրագրերի անհրաժեշտությունը շատ է հատկապես սահմանամերձ գյուղերում: Ուժերիս առավելագույնն անելու եմ դրամաշնորհը շահելու ու այս գործը սկսելու համար, որպեսզի մյուսներին եւս կարողանամ իմ օրինակով մոտիվացնել»,- ասում է Դավիթը՝ հավելելով, որ ինքն էլ ոգեշնչվում է տարբեր հայտնի գործարարների օրինակներով, որոնք չնայած սկզբնական անհաջողություններին՝ չեն հանձնվել ու շարունակել են փորձել:
«Հիմա գյուղերում գործազրկության մեծ խնդիր կա, գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ էլ, հաճախ, բախվում են արոտավայրերի պակասի խնդրին: Շատ բնակիչների համար դրամաշնորհներ շահելը ոչ թե զուտ ցանկություն է, այլ անհրաժեշտություն»,- ասում է Դավիթ Սարգսյանը:
Վառվող լույսեր, հոսող ջուր եւ աճող դիմակայունություն
R2D Սյունիք ծրագրի երկրորդ ռազմավարական ուղղությունը՝ կայուն, կանաչ համայնքային ենթակառուցվածքների բարելավումը, ներառում է տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն՝ փոքրածավալ ենթակառուցվածքային նախագծերի մշակման եւ իրագործման համար։ Այն իրականացվում է Սյունիքի մարզպետարանի եւ մարզի բոլոր 7 համայնքների հետ համագործակցությամբ։

Լուսանկարը` EU in Armenia
Համագործակցության արդյունքում բացահայտվել են բնակիչների իրական կարիքները, եւ որոշվել են իրականացվելիք գործողությունները: Որոշ ծրագրեր արդեն իսկ արված են, իսկ մյուսներն ընթացքում են: Դրանք հիմնականում վերաբերում են խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման, կանաչ էներգիայի եւ կոյուղու ենթակառուցվածքների բարելավմանը։
Հունիսի 19-ին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ներկա էր Տեղ համայնքում դիմակայունության ամրապնդման ուղղված երկու նշանակալի ենթակառուցվածքային ծրագրերի պաշտոնական բացման արարողությանը։ ԵՄ-ի եւ Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ կառուցվել է 80 կՎտ/ժ հզորությամբ նոր արեւային ֆոտովոլտային կայան, որը նպաստելու է կայուն էներգիայի օգտագործմանը եւ ծառայելու Տեղ համայնքի կարիքներին՝ այդ թվում ապահովելով ժամանակակից ոռոգման համակարգի էներգամատակարարումը: Ծրագրի շրջանակում արեւային ֆոտովոլտային կայան կառուցվել է նաեւ Սիսիանում:

Լուսանկարը` EU in Armenia
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը բարձր է գնահատում մարզում կանաչ էներգիայի եւ ջրամատակարարման ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերը:
«Երբ խոսում ենք Սյունիքի զարգացման առաջնահերթությունների մասին, ջրի խնդիրը՝ թե՛ խմելու, թե՛ ոռոգման, միշտ առաջին տեղում է։ Դա վերաբերում է գրեթե բոլոր գյուղական բնակավայրերին։ Ջրի հասանելիությունը կենսական նշանակություն ունի՝ թե՛ մարդկանց արժանապատիվ կենսապայմանների, թե՛ գյուղատնտեսության զարգացման համար։ Հետեւաբար, ջրամատակարարման բարելավմանը միտված ցանկացած ծրագիր բարձրարժեք է եւ արժանի է գնահատանքի», – նշում է Ռոբերտ Ղուկասյանը։

Լուսանկարը` ADA
Նա նաեւ ընդգծում է, որ իրենց նպատակը ոչ թե պարզապես միջազգային դրամաշնորհով մարզում մեկանգամյա ծրագիր իրականացնելն է, այլ այն, որ դրա ավարտից հետո լինի երկարատեւ, շոշափելի, շարունակական արդյունք, որը ինքնուրույն զարգացում կապրի։
Տեղ համայնքում այժմ իրականացվում է մեկ այլ ենթանախագիծ՝ Տեղ-Քարաշեն ճանապարհի 7,5 կմ երկարությամբ հատվածում փողոցային լուսավորության համակարգի տեղադրում։
«Լուսավորության համակարգերի տեղադրումն առանցքային է հատկապես սահմանամերձ ճանապարհներին, քանի որ այն օգնում է բնակիչներին իրենց ավելի անվտանգ զգալ», – ընդգծում է Զարիխտան։
Թեեւ ի սկզբանե ծրագիրը նախատեսել է 15 համայնքային ենթակառուցվածքի ստեղծում, ծրագրի ղեկավար Յառեկ Զարիխտան հույս ունի, որ բյուջեի արդյունավետ կառավարման շնորհիվ դրանց թիվը կավելացնեն՝ անգամ հասցնելով 20-ի:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ R2D Սյունիքը ներդրում է կատարել նաեւ խոշոր ենթակառուցվածքային նախագծում։ Եվրոպական ներդրումային բանկի (EIB) միջոցով իրականացվող «Դիմակայուն Սյունիք» ծրագրի (RESYP) շրջանակում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը սկսել է Սիսիանում եւ Կապանում գործող չորս մասնագիտական ուսումնական հաստատությունների միավորումը՝ երկու ժամանակակից կենտրոնների ստեղծմամբ՝ մեկը Սիսիանում եւ մյուսը Կապանում: R2D Սյունիք ծրագիրն այս նախաձեռնության մեջ կարեւոր դեր է ստանձնել՝ իրականացնելով կարիքների գնահատում եւ նախնական տեխնիկական փաստաթղթերի մշակում՝ վերականգնման եւ շինարարական աշխատանքների մեկնարկի համար։
«Ես հավատում եմ, որ R2D Սյունիք ծրագիրը իսկապես կօգնի բարելավել մարդկանց կյանքը Սյունիքում, որպեսզի մարդիկ մնան, բիզնես հիմնեն, ապագա տեսնեն իրենց համայնքներում», – ասում է Յառեկ Զարիխտան եւ ամփոփելով հավելում.
«Շատ մեծ տարբերություն կա գումար ծախսելու եւ գումար ներդնելու միջեւ։ Հիմա մենք փորձում ենք անել հնարավոր լավագույն ներդրումը՝ հանուն Սյունիքի երկարաժամկետ դիմակայունության»:
Գայանե Ենոքյան
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Այս հոդվածը հրապարակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես Մեդիամաքսի պատասխանատվությունն է եւ պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: