Մի փոքր ցավով և անսովոր կերպով արտասանում եմ տատիկ բառը, հետո հպարտությամբ ու փոքր-ինչ վախով շուրթերս արտաբերում են պապիկ-ը: Հավատացնում եմ, որ իմ այս խճճված և ձեզ համար անիմաստ նախադասությունը շուտով պարզ և հասկանալի կդառնա:
Ցավով եմ նշում, բայց ինձ բախտ չի վիճակվել զգալ «տատիկի գորովանք» ասվածը: Երկու տատիկներս մահացել են, երբ ծնողներս անչափահաս են եղել: Ոչ այդքան արդարացի ճակատագրի բերումով ես զրկվել եմ պապիկներիցս մեկին տեսնելու հնարավորությունից, բայց կյանքը ինձ մատուցել է ﬔծ նվեր, և ինձ բախտ է վիճակվել զգալ, որ ես էլ ինչ-որ մեկի սիրելի թոռնիկն եմ: Եվ հիմա ես ձեզ կպատմեմ աշխարհի ամենաբարի մարդու` պապիկիս մասին:
Եթե դուք հանդիպել եք մեկին, ում աչքերից դեռ աշխուժություն ու բարություն է ճառագում, ում մեջքը վաղուց կորացել է, բայց նա շարունակում է իր ուսերին կրել ծանր ուսապարկը և առավոտյան շտապել անտառ, եթե նրա օրերը իմաստավորվում են իր` այդ օրվա կատարած բարի աշխատանքով, ուրեմն շնորհավորում եմ, դուք հանդիպել եք պապիկիս: Պապիկս բոլորի աչքերի մեջ պատկերված է որպես հեքիաթի բարի հերոս, որովհետև այսօրվա իրականության մեջ դժվար է նման մարդկանց գտնել: Նա ապրում է մարդկանց ինչ-որ բանով օգտակար լինելու համար, թեկուզ հենց առավոտյան հարևաններին սառնորակ ջուր բերելու կամ մանկապարտեզ տանող ճանապարհը մաքուր դարձնելու համար: Նրա համար ձեռքբերումը մարդկանց գոհունակ ժպիտը տեսնելն է այդ ջուրը խմելիս կամ երեխաներին ու մայրերին մաքուր փողոցի վրա քայլելիս: Նա իր աշխատանքի համար ստանում է միայն ժպիտ, և դա համարում է մեծագույն պարգև: Երբ ես նրանից ճիշտ ապրելու խորհուրդ եմ հարցնում, նա պատասխանում է.
«Թոռնի’կս, աշխատի’ր ամեն օրդ իմաստով լցնել: Եթե ես կարողանայի ընդհանդապես չքնել` ես կանեի դա: Մեծ սիրով ինչ-որ լավ գործ կանեի `դրա փոխարեն: Գնահատիր ժամանակդ և ինչքան կարող ես` գործիր միայն լավը: Համբերատար եղիր, սպասիր, երբեմն նաև կուլ տուր, Աստված դա կնկատի»: Դժվար է ապրել պապիկիս խորհուրդ տված կյանքով, բայց փորձում եմ լինել նրան արժանի թոռնիկ: Ես միշտ վախեցել եմ «պաշտել» բառից, բայց ես պաշտում եմ նրան: Առանց նրա բարի ժպիտի և ճահճագույն վառվռուն աչքերի իմ կյանքը կորցնում է իր արևը: Նրան հիշելիս աշխարհը սպիտակ է դառնում ու անբիծ, ինչպես նրա ճերմակ մազերը: Իմ ներսը մաքրվում է, երբ ամեն անգամ հիշում եմ այդ յոթանասունյոթ տարեկան, բայց երեխայի ակտիվություն ունեցող մարդուն: Ես սիրում եմ նրան անսահման, կարծես իմ տատիկների և մյուս պապիկիս սերը, որ չկարողացա տալ, փոխանցվել է այդ միակիս:
Բայց ես երբեք չեմ կարող մոռանալ, թե ինչ տատիկներ ու ինչ պապիկ եմ ունեցել: Նրանք ապրում են իմ մեջ: Այդ հպարտ ու ինքնավստահ կինը, որ քաղաքի լավագույն մանկավարժներից էր, հպարտ կեցվածքով ապրում է իմ մեջ: Այն երիտասարդ, բարի հայացքով կինը, որին այնդքան նման պետք է լինեի ես արտաքնապես, և որը պիտի կոչվեր իմ տատիկը, ապրում է իմ մեջ: Այն կռիվ և աքսոր տեսած տղամարդը, այն մեծ կամքի ուժ ունեցողը, որը կնոջ մահից հետո արժանապատվորեն միայնակ մեծացրեց իր հինգ զավակներին, այո’, նա ապրում է իմ մեջ: Իմ պապիկը, որը դեռ ապրում է այս տարօրինակ աշխարհում, նա էլ հավիտյան կապրի իմ մեջ: Եվ ես` այս փոքրիկս, այս մեծերի թոռնիկը, միթե իրավունք ունեմ ապրելու այնպես, որ շատ ժամանակ հետո իմ թոռը չունենա ոչինչ` ինձնով հպարտանալու: Երբե’ք:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: