Լիլիթ Դեմուրյան. Իմ պապիկը - Mediamax.am

1681 դիտում

Լիլիթ Դեմուրյան. Իմ պապիկը


Լուսանկարը`


...Ես էրեխուն կդիմավորեմ, դու գնա տուն:

 

Համարյա առաջինից մինչև երրորդ դասարան, պապիկս տատիկիս էր ասում այդ նախադասությունը, երբ դպրոցից տուն վերադառնալուս ժամանակն էր գալիս:

 

Տատիկս տուն էր բարձրանում, իսկ պապիկս ու ես տևական ժամանակով «կորում էինք» խանութում կամ սրճարանում, որտեղ կուշտ փորով պաղպաղակ էի ուտում: Ինձ չէր կարելի, ալերգիա ունեի, բայց պապիկս ասում էր. «դու մի լսի ոչ մեկին, ինձ լսի շուտ կլավանաս»: Իրեն շատ էի լսում, երբեք չէինք կռվել իրար հետ:

 

Իմ Ռաֆիկ պապիկի հետ շատ մտերիմ էինք, այնքան շատ էինք միմյանց հետ տարբեր տեղեր գնում` կարուսել նստում, մեր տան մոտակայքի այգու արհեստական լճում, որն այսօր ցամաքել է` նավակ էինք քշում… Շատ էր երես տալիս, բոլոր ցանկություններս կատարում էր, հատկապես, երբ հիվանդ էի լինում:

 

Հիշում եմ, երեկոյան շատ ուշ ժամ էր, ես ել պառկած էի, տաքություն ունեի ու թույլ էի, ոչինչ չէի ուտում: Հարցրեց, թե ամենաշատը սիրտս ի՞նչ է ուզում, պատասխանս էր` խորոված:

 

Անմիջապես զանգեց ծնողներիս. «էրեխեն խորոված ա ուզում, բերեք»: Բոլոր ասածներս կատարում էր:

 

Մանկապարտեզ գնալու տարիներին ապրում էի ծնողներիս հետ, բայց այնտեղից տատիկս էր վերցնում ինձ ու գնում էինք իրենց տուն: Բախտի բերմամբ ես դպրոց գնալու տարիներից սկսեցի ապրել տատիկիս ու պապիկիս հետ, շատ կապված էի նրանց հետ: Մինչև հիմա էլ կապված եմ, բայց արդեն միայն տատիկիս հետ:

 

Մանկապարտեզի տարիներից սկսած` պապիկիս հետ մի տետր ունեինք, որը մինչ օրս էլ կա և հավերժ կպահեմ: Այնտեղ նա գրի էր առնում իմ բոլոր ասածները, որ նրան հետաքրքիր էին թվում, հանդեսների համար սովորած բոլոր երգերն ու բանաստողծությունները: Անգամ իմ ու տատիկիս կռիվն էր գրի առել, որն այսօր կարդում ու ծիծաղում ենք:

 

Մի տետր էլ ունեինք, կոչվում էր «ձախից աջ»: Ես ձախլիկ եմ, ու նա ցանկանում էր ինձ աջով գրել սովորեցնել: Տանջվում էի ինձ համար խորթ ձեռքով գրելիս, բայց հանուն նրա սվորում էի: Ցավոք այդ տետրը կորցրել եմ ու այդ փաստը միայն իմ հուշերում կմնա:

 

Իր նվիրած բոլոր խաղալիքները մինչ օրս պահում եմ ու կպահեմ այն տետրի նման, որ միայն երկուսինս էր:

 

Պապիկս իր չորս թոռներին է տեսել, հիմա հինգն ենք: Հինգերորդը քեռուս որդին է, ով հենց պապիկիս անունն է կրում` Ռաֆայել:

 

Մանկության ամենավառ հուշերից է նաև մեր վերջին միասին ապրած ամառը:

 

Ամառանոցում էինք անցկացնում մեր արձակուրդը: Պապիկս էլ այնտեղ շատ էր սիրում իր օրն անցկացնել, լիարժեք հանգստանում էր: 

 

Մի բան էր սովորեցրել մեզ, որն ամեն օր նրա գալուն պես անգիր ու միահամուռ ուժերով բարձր ասում էինք:

 

Սպասում էինք: Գալիս էր ու սկսվում. «Ո՞վ է աշխարհի ամենալավ պապիկը»: «Ռաֆիկ պապիկը»: 

 

Այս տողերից հետո, որ մենք միշտ առանց զլանալու ասում էինք` սկսում էր բաժանել մեր սպասված նվերները, որոնք մեզ համար մի ամբողջ աշխարհ արժեին:

 

Կարոտում եմ այդ ժամանակները, երբ կարող էի զգալ նրա ջերմությունն ու հոգատարությունը, որ բոլորին էր հերիքում: Նայելով նրա նկարին` զգում եմ իր ջերմությունը, որի պակասը շատ եմ զգում: Ես միշտ իմ մտքում կիսվում եմ իր հետ օրվա անցուդարձով ու զգում եմ, նա ինձ հասկանում է:

 

Այնքան կցանկանայի գրկել նրան ու բղավել, թե որքան շատ ունեմ նրա կարիքը: Գրկել ու զգալ այն ջերմությունը, որ չեմ զգացել արդեն 14 տարի: Գրկել նրան, ձեռքը բռնել ու գնալ իմ մանկության այդ խանութները կամ սրճարան` պաղպաղակ ուտելու:

 

Գրկել նրան ու այլևս բաց չթողնել...

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին